Սմբատ Շահազիզի թաղումը
3.ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻ ԹԱՂՈՒՄԸ
Այսօր Մոսկվայի հայ հասարակությունը հողին հանձնեց ամսիս 24֊ին հանկարծամահ եղած հայտնի բանաստեղծ֊հրապարակախոս Սմբատ Շահազիզի մարմինը։
Եկեղեցին լի էր խուռն բազմությամբ։
Դեռ մի քանի օր սրանից առաջ մի շարք ժողովներ կայացան, ուր որոշեցին շուքով թաղել հանգուցյալին, և այդ նպատակով հատկացվեց մի գումար, իսկ թաղման կազմակերպումը հանձնվեց մի մասնաժողովի։
Չնայած որ հանգուցյալն իր ծանոթներից և բարեկամներից շատերին կենդանության ժամանակ քանիցս անգամ հայտնել էր իր ցանկությունը՝ անշուք ու պարզ թաղված լինելու, այնուամենայնիվ հասարակությունը կամեցավ «իր հարգանքը մատուցանել նրան՝ ի նշան իր երախտագիտության հանգուցյալի գրական-հասարակական գործունեության համար»։
Պատարագից հետո որոշված կարգով խոսեցին։ Հոգևորականության կողմից Եմ. ք. Նազարյան, Մոսկվայի հասարակության կողմից՝ Գր. Խալաթյան, ուսանողության կողմից՝ ուսանող Եդիգարյան, Լազարյան ճեմարանի աշակերտության կողմից՝ նույն ճեմարանի աշակերտ Մխիթարյան, ապա Ալ. Ծատուրյանը կարդաց հանգուցյալի մի անտիպ բանաստեղծությունը (այդ բանաստեղծության միայն մի մասն է տպված եղել այն ժամանակվա ցենզուրական պայմանների պատճառով)։
Դագաղը վերցրին Լազարյան ճեմարանի բարձր դասարանների աշակերտները (հանգուցյալը 35 տարի այդ դպրոցում ուսուցիչ է եղել). նույն դպրոցի փոքր աշակերտները եկեղեցու բակում կենդանի ծաղիկներով էին պսակում հանգուցյալի դագաղը։ Գերեզմանատնում խոսեց հայտնի Յուրի Վեսելովսկին՝ բնորոշելով Շահազիզին որպես մարդու և բարեկամի։ Ապա խոսեցին՝ Աբելյան, ուսանող Շահխաթունյան («Վտակ»-ի ներկայացուցիչ) և ուրիշները:
Ստացված էին բազմաթիվ հեռագրեր՝ ցավակցական բովանդակությամբ։ Ի միջի այլոց՝ Լեոյից, Օրմանյան պատրիարքից, Աբամելիք-Լազրևից, Թիֆլիսի առաջնորդից, Ներսես արքեպիսկոպոսից, Թիֆլիսի Դրամատիկական ընկերությունից, Բարեգործական ընկերությունից, Կուլտուրական միության դրամատիկական սեկցիայից, Հաշտարխանի, Արմավիրի, Աշտարակի, Հին ու Նոր Նախիջևանների հասարակություններից և այլն (ցավակցական հեռագրերի թիվը հարյուրից ավելի էր):
Մոսկվայի հայ հասարակության կողմից դագաղին դրած էր մի արծաթյա պսակ, Հաշտարխանի հասարակության կողմից՝ կենդանի ծաղիկներից մի պսակ, կային պսակներ Լազարյան ճեմարանի, հայ ուսանողների կողմից և այլն։
Թաղմանը ներկա էին պրոֆ. Ալեքսեյ Վեսելովսկի, Յուրի Վեսելովսկի, պրոֆ. Կիզեվետեր (II Դումայի անդամ), Լազարյան ճեմարանի ռուս ուսուցիչներից մի քանիսը, 2-րդ և 3֊րդ Պետ. Դումայի անդամ՝ Մ. Աճեմյան, պրոֆ. Միլլեր և ուրիշները:
Թաղմանը հանգուցյալի ազգականներից ներկա էր Երվանդ Շահազիգյանը (Նախիջևանի թեմական դպրոցի տեսուչ), որը շնորհակալություն հայտնեց հասարակությանը իր հռչակավոր ազգականին մատուցած հարգանքի համար։
Չնայած թաղման հանդիսավորությանը, զգալի էր, որ հողին է հանձնված մի մարդ, որ վաղուց մեռած է եղել թե՝ գրականության, թե հասարակական կյանքի համար։
Ես հիշում եմ այդ մարդուն հանդարտ շրջելիս մտախոհ ու տրտում ։
Այո՛, նա սիրում էր սրախոսել, բայց նրա դեմքին ընկել էր մահվան ստվերը, ինչպես նրա կյանքի վրա առաջ ընթացող հասարակական կյանքը նետել էր մի կիսամոռացության ստվեր:
Դա ավելի շուտ հիշողությունների վերաթաղումն էր։
Չկար խորին զգացումի արտահայտություն, այլ միայն պաշտոնական մի տխուր պարտականություն։
Տխո՜ւր թաղումն էր դա կյանքից կտրված մի մարդու, հեռավոր անցյալում փայլատակած ու գունատված մի աստղի: