Jump to content

Սոխակին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍՈԽԱԿԻՆ

Ո՞ւզում ես դու, սիրուն սոխա՛կ,
Տեսնել եդեմ ծաղկավառ,
Շնչել վարդի բույրն անուշակ —
Թռի՛ր դեպի հայ աշխարհ։

Ուզո՞ւմ ես դու հնչել անվախ
Երգըդ անկեղծ ու ազատ,
Երգել սիրո ժամեր խաղաղ —
Թռի՛ր դեպի Այրարատ։

Այնտեղ պայծա՜ռ, այնտեղ անո՜ւշ
Քեզ կըժպտի ճոխ գարուն.
Այնտեղ վարդի ծոցում քնքուշ
Դու կըգտնես սեր անհուն։

Այնտեղ երկինքն է կապուտակ,
Պայծառ արև ու աստղեր.
Այնտեղ ծիծաղ, ժըպիտ, բերկրանք.
Այնտեղ կյանքն է անվերջ սեր։

Թռի՛ր, սոխա՛կ, դու հարազատ
Երգիչ սիրո զգացման.
Թո՛ղ բիրտ երկրում ագռավն ազատ
Հնչե սիրով յուր ղաղան…
1889, 20 մարտի
        Մոսկվա