Սոնետ (Ալեքսանդր Ծատուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սոնետ

Ալեքսանդր Ծատուրյան

ՍՈՆԵՏ

Թո՛ղ քեզ աշխարհը այս ունայնասեր
Ծաղրե կուրորեն, նազելի՛ ընկեր,
Որ դու քո շքեղ այդ փարթամ կյանքում
Միայն իմ անզարդ երգն ես դու սիրում։

Թո՛ղ սերն անարգող մարդիկ անզգա
Քեզ կոչեն «անփորձ, անմիտ երեխա»,
Եվ մատաղ սըրտիդ թախիծն ու հրճվանք
Համարեն հիվանդ հոգու զառանցանք։

Անվերջ չէ փայլը շըլացնոդ ոսկու—
Վաղ-ուշ սև ժանգն է նորան պատելու,
Բայց անշահ սերը, որպես վառ արև,
Պայծառ կըշողա անվերջ, հարատև։

Եվ քո անունը, մանո՛ւկ աննման,
Իմ պարզ երգերում կապրի հավիտյան։
1886, 3 դեկտեմբերի