Jump to content

Սոցիալիստական անասնապահության համար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սոցիալիստական անասնապահության համար

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Անասնապահության վրա մինչև այժմ քիչ ուշադրություն է դարձված, հատկապես Հայաստանում։

Հացի պրոբլեմը հաջողությամբ լուծելուց հետո կուսակցությունը մարտական խնդիր է համարում անասնապահության արագ վերելքը՝ մսով, յուղով և կաթնամթերքներով ապահովելու զարգացող քաղաքները, բանվորական կենտրոնները և կոլխոզների լայն զանգվածները։

Ոչ մի կասկած, որ բոլշևիկյան վճռականությամբ և նույնպիսի հաջողությամբ, ինչպես հացի մթերման ճակատում, մենք կլուծենք և անասնապահության խնդիրները։

Մենք առաջադրում ենք սոցիալիստական անասնաբուծություն։ Մանր տնտեսությունները երբեք ի վիճակի չեն բավարարելու բարձր տեմպերով աճող սոցիալիստական արդյունաբերության պահանջները։

Սոցիալիստական անասնապահության միակ ուղին խորհրդային տնտեսություններն ու անասնապահական կոլխոզներն են, որով մենք կարող ենք «աստիճանաբար վերացնել ներկայիս մանր գյուղացիական անասնաբուծության տեխնիկական և տնտեսական հիմքը», ինչպես ասել է ընկ. Ստալինը։

Այս տարի անասնապահական սովխոզներն իրենց անասունների թիվը պիտի հասցնեն 2,8 միլիոն մեծատավարի, 4,4 միլ. ոչխարի և 2 միլ․ խոզի։ Խորհուրդների համամիութենական համագումարը[1] հատուկ որոշումներ է հանել, որ ապահովում են այդ տնտեսությունների արագ աճումն։

Մեր անասնաբուծությունը

Իսկ ի՞նչ դրություն է մեզանում։

Պարզ պետք է ասենք, որ անասնաբուծության ընդհանուր արտադրանքի տոկոսը վերջին տարիներս բարձրանալու փոխարեն իջնում է։

Գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի հետ համեմատած՝ անասնաբուծության արտադրանքը կազմում էր 1929 թ. 40,4 տոկոս, 30 թ.՝ 37,8, իսկ այս 31 թվին, նախագծված է հասցնել 32,2 տոկոսի։

Ճիշտ է, մեր անասնապահությունը ընդհանուր առմամբ զարգանում է, բայց գյուղատնտեսության մյուս ճյուղերը, մանավանդ տեխնիկական բույսերը և հացահատիկները, այնպիսի թափով են զարգանում, որ անասնապահության արտադրանքի տոկոսը ո՛չ միայն նրանց զուգընթաց չի բարձրանում, այլև տարեցտարի ընկնում է։

Անասնապահության ասպարիզում ևս դասակարգային թշնամին, առաջին հերթին կուլակը, գործադրում է բոլոր միջոցները՝ վիժեցնելու մեր պլանները, քանդելու անասնապահական կոլխոզները, դեզերը վառելով, անասունները մորթելով և հազարումի կուլակային պրոպագանդի ձևերով։

Ինչպես հացի պրոբլեմը լուծելիս կուսակցությունը փշրեց կուլակի և նրա դաշնակիցների աջ ու «ձախ» օպորտունիստների դիմադրությունը, այնպես էլ այս ասպարիզում բոլշևիկյան տոկունությամբ մենք կհասնենք պլանի կատարման բարձր տոկոսների։

Մեր բամբակացան գյուղացին գիտե, որ այս տարի ցանելու է 25 հազար հեկտար բամբակ։ Նրան հայտնի է և բամբակի միջին բերքը՝ մի հեկտարից 11 ցենտներ։

Իսկ անասնապահը, դժբախտաբար, մինչև այսօր չգիտե, թե ի՞նչ չափի պիտի հասցնի կովի կաթնատվությունը, ո՞րը պիտի զարգացնի, մեր ռայոններից ո՞րը անասնապահության ի՞նչ ճյուղը պիտի զարգացնի և այլն։

Այս հարցերով թե՛ Հողժողկոմատը և թե՛ Կոլխոզկենտրոնը մասամբ են զբաղվել։ Մինչև այժմ նրանց ուշադրության կենտրոնը եղել է բամբակագործությունն ու հացահատիկները։ Իհարկե, այս չի նշանակում, թե բամբակը կամ մյուս տեխնիկական բույսերն ու հացահատիկները նվազ ուշադրության պիտի արժանանան այսուհետև։ Բնավ ո՛չ․ անասնապահությունը և նրա հետ կապված խնդիրները ևս դառնում են ամենօրյա ուշադրության և համառ աշխատանքի առարկա։

Բամբակացան կոլխոզնիկի նման, անասնաբույծ կոլխոզնիկը, խորհրդային անասնապահական տնտեսության աշխատողը, անհատ անասնապահը պետք է լավ գիտենա, որ այս՝ 31 թվին կովի կաթնատվության չափը խորհրդային տնտեսություններում պիտի հասցնել 15 ցենտների մի կովից, կոլխոզում՝ 8,3 ցենտների, և անհատ տնտեսությունում՝ 6,6 ցենտների։


Մենք ստեղծում ենք սոցիալիստական անասնաթուծություն

Գյուղատնտեսության ոչ մի ճյուղ այնքան արագ չի վերադարձնում իր ծախքերը, որքան անասնապահությունը։ Կովը 24 ժամում կարող է կրկնապատկել կաթի չափը, եթե նրան ինչպես պետքն է կերակրենք: Նույնիսկ աննշան բարեփոխումները, որ մեզանում կատարում են անասունի խնամքի համար, ազդում է բերքի բարձրացման վրա։ Մաքուր, լուսավոր և տաք գոմը, ժամանակին ջրելը, նույնիսկ կովին փաղաքշելը, միջոցներ են կաթի բարձրացման համար։

Բայց այդ բոլորը անհատական, մանր տնտեսություններում չեն կարող տալ այն ամբողջ արդյունքը, ինչ որ տալիս են անասնապահական կոլեկտիվում:

Միայն խոշոր, տեխնիկայի վերջին խոսքով պատրաստված գոմը, որտեղ մեքենայացված է կեր բերելը, գոմը մաքրելը, լուսավորությունը, միայն կոլեկտիվ կերպով սիլոսի հորեր և աշտարակներ կառուցելն է կամ կաթի գործարանային վերամշակումը, որ մյուս միջոցների հետ հնարավոր է դարձնում նույնիսկ մեր տեղական կովից կրկնակի չափով կաթ ստանալ։

Իսկ այդ միջոցները մատչելի է դարձնում միայն կոլեկտիվը։ Միայն խոշոր և սոցիալիստական անասնապահությունն է, որ հնարավորություն է տալիս գործադրելու բոլոր միջոցները՝ ռացիոնալ կերակրումից մինչև էլեկտրական կիթը։ Մեր կոլխոզներն արդեն մեծ հաջողություններ ունեն։ Նոր կառուցված գոմը, որտեղ խնամում են կովերը, բարձրացնում է կաթնատվությունը։ Պետք է բոլոր միջոցները գործադրել ո՛չ միայն ավելի շատ, այլև աժան կաթ ստանալու։

Իսկ մեր շատ կոլեկտիվներ դեռ այդ հաջողությունը չունեն, որովհետև աշխատանքը լավ չի կազմակերպված։ Նոր են մտցնում գործարքային սիստեմը, հաշվառումը կանոնավոր չի, որակյալ անասնապահների կադրեր չունենալու հետևանքով թույլ է անասունների պահպանման, խնամքի գործը։

Կերի խնդիրն ուշադրության կենտրոնում

«Կովի կաթը լեզվի վրա է»,— ասում է առածը։ Այսինքն՝ ինչպես կերակրես, այնպես էլ կաթ կստանաս։ Իհարկե, կովի ցեղը և կաթ տալու հատկությունն էլ նշանակություն ունի, բայց կովը սնունդ պիտի ստանա, որպեսզի և՛ կաթ տա, և՛ մարմնի քաշը չպակասի։

Արդեն գարուն է, գոմից դուրս է գալու մաշված, ոսկորները դուրս ցցված նախիրը, որ ամբողջ ձմեռը չոր դարմանի է եղել և խոտի, այն էլ ո՛չ միշտ։

Իսկ բազմաթիվ փորձեր հաստատել են, որ մեր տեղական կովերը թեև փոքր են կազմով, բայց լավ կերակրելուց ոչ միայն ավելացնում են օրական կաթի չափը, այլև երկարեցնում կաթնատվության սեզոնը։

Շատ քիչ դեպքերում են կովին բազուկ, գազար կամ թեփ, քուսպ և նման կեր տալիս։ Սննդի հիմնականը դարմանն ու խոտն է։

Այնինչ, հենց մեր գյուղերում շատ անգամ է փորձով հաստատված, որ բազուկը և նման սնունդը և՛ ավելացնում է կաթի քանակը, և՛ աժան է նստում կաթի գինը։

Անցյալ տարվանից ձեռնարկեցինք սիլոսի պատրաստմանը։ Գործը ամեն տեղ հաջող չգնաց, որովհետև մի տեղ բյուրոկրատական վերաբերմունք ցույց տվին, մի ուրիշ տեղ սիլոսին դեմ արտահայտվեցին և ամենևին չկատարեցին եղած հրահանգը։ Իսկ գլխավոր թերությունն այն էր, որ սիլոս պատրաստելու համար բույսեր չկային։

Այս տարի մենք անցյալ աշնան սխալը չպիտի կրկնենք։ Գարնանացանն սկսելուց՝ անասնապահական կոլխոզը առաջին հերթին պիտի հոգ տանի խոտ, պալարապտուղ, արմատապտուղ և սիլոսային բույսեր (օրինակ՝ եգիպտացորեն) ցանելու, որպեսզի տավարը կեր ունենա, մանավանդ ձմեռվա ամիսներին։

Իսկ սիլոսն առանց դժվարության կարող է պատրաստել միայն կոլեկտիվը։ Սիլոսը տալիս է էժան և օգտակար կեր։ Սիլոսի պատրաստելը պահանջում է կոլեկտիվ աշխատանք, իսկ, իր հերթին, սիլոսը հեշտացնում է ձմեռային կերի խնդիրը։

Մեր տավարը մինչև այժմ էլ, գարնանից մինչև աշուն, կերակրվում է արոտների բնական խոտով։ Ձյունը հալվելուց՝ նախիրը մի քանի ժամանակ արածում է գյուղի մոտիկ խամերում, հարոսներում, մինչև լայլաների բացվելը։ Եվ ապա մինչև աշուն մնում է սարերում։

Կերի հարցը մինչև այժմ այս ձևով ենք լուծել։

Բայց արոտները ծանրաբեռնված են։ Այնպիսի արոտատեղ կա, որ մի հեկտարի վրա արածում է մինչև 8 տավար, այնինչ նորման երկուսից ավելի չէ։ Կան և արոտատեղեր, որոնք հեռու լինելու պատճառով կամ հարմար ճանապարհ չունենալով՝ չեն օգտագործվում։

Սակայն այսպիսի արոտները քիչ են։ Մեծ մասը տարեցտարի փչանում է։ Անկանոն օգտագործելու հետևանքով խոտը պակասում է, փուշ և կանգառ է բուսնում, հողը լերկանում է, անձրևն ու ձյունաջուրն արմատահան են անում խոտերը, հողը սրբում, մերկացնում լերկ ապառաժները։

Եղել են արոտներ, որտեղ, ինչպես ասում են, ձին ձիավորի հետ թաղվում էր, այնքան բարձր էր խոտը, իսկ հիմա ոչխարի և այծի համար էլ բան չի բուսնում։

Արոտների օգտագործումն էլ անկանոն էր. շատ տավարատեր կուլակը իր «համգյալով» զավթում էր արոտի խոտոտ և ջրառատ տեղը, վրանները խփում, իսկ մի կովատերը չէր էլ կարողանում սարը բարձրանալ։

Այդ դրությանը վերջ կտանք միայն անասնապահական կոլեկտիվներ ստեղծելով։ Միայն կոլխոզը կարող է խնամել արոտը, արածացնել այն կարգով, ինչպես պահանջում է զոոտեխնիկան, այսինքն՝ անասնապահական գիտությունները։

Արոտների մի մասը կոլեկտիվը պետք է խոտհարք դարձնի. ինչքան շատ, այնքան լավ։ Պետք է արոտները պարարտացնել այնպես, ինչպես մեր դաշտերն ենք պարարտացնում, քարերը հավաքել, կառուցել ջրամբարներ, վերջապես՝ կռվել վնասակար խոտերի դեմ, որոնք գրավում են ահագին տարածություններ։

Այս վիթխարի շինարարությունը կարող է անել միայն անասնապահական կոլեկտիվը։

Մսի, յուղի, կաթի խնդիրը

Հիմնականում հացահատիկների խնդիրը լուծելով մենք նույնպիսի վճռականությամբ պիտի լուծենք մսի, յուղի, կաթի խնդիրը։

Մեր կոլխոզները, վիթխարի սովխոզները դառնում են հացի, բամբակի և այլ բույսերի հսկայական ֆաբրիկաներ, որոնց նմանը աշխարհը չի տեսել։ Մենք լեռնային շրջաններում էլ անասնապահական կոլեկտիվները հզորացնելով՝ պիտի դարձնենք կաթի, յուղի, մսի, պանրի վիթխարի ֆաբրիկաներ, որոնք արտադրելու են հազարավոր և հարյուր հազարավոր ցենտներ մթերք։

Հարկավոր է, որ անասնապահական կոլխոզներն ու սովխոզները արագ վերակազմեն իրենց աշխատանքները, կարգավորեն հաշվառումը սոցմրցությամբ և հարվածայնությամբ կատարեն և գերակատարեն իրենց պլանը։

Դաշտավարության մեջ տրակտորը, կոմբայնը, մյուս մեքենաները, պարարտացումը չտեսնված հեղաշրջում են կատարում բերքը բարձրացնելու համար։ Սիլոսը, օրինակելի գոմը, կաթի և յուղի գործարանները, մեքենաների գործադրումը անասնապահության մեջ պիտի կատարեն և կկատարեն նույնպիսի հեղաշրջում։

Քիչ չեն այն կոլեկտիվները, որոնք ստանում են երկու հասկ այն հողից, որից անհատական տնտեսությունը ստանում էր մի լղար հասկ։

Մեր անասնապահական կոլեկտիվները պիտի ապացուցեն, որ կովը կոլեկտիվի գոմում կաթը չի պակասեցնում, ինչպես պրովոկացիա է անում կուլակը, և այդ բանը «նախատեսում են» աջ ու «ձախ» օպորտունիստները, նա պիտի ապացուցի, որ կերի խնդրի միակ ճշմարիտ և արագ լուծումը կարող է տալ կոլեկտիվացման վերելքը։

«Կոլխոզնիկն»[2] այս համարից տեղավորելու է մի շարք հոդվածներ անասնապահության զանազան ճյուղերի վերաբերյալ։ Կովի, ձիու, ոչխարի, ընտանի թռչունների, խոզի, ճագարի պահելը, խնամելը պիտի լուսաբանենք շատ մանրամասն։ Տպագրվելու են հոդվածներ անասունների ցեղն ազնվացնելու, կերի խնդիրը լուծելու, կաթի և մյուս մթերքները վերամշակելու մասին։

Անհրաժեշտ է, որ մեր ժուռնալի ընթերցող կոլխոզնիկ անասնապահները, կոլեկտիվի նախագահից և անասնաբույծից սկսած մինչև կով պահողները, կիթ անողները՝ իրենց դիտողություններն ուղարկեն, պատմեն ձեռք բերած հաջողությունները, թերությունները մատնացույց անեն, որպեսզի արագ տեմպերով ստեղծենք սոցիալիստական անասնապահություն։

  1. 1
  2. 2