Jump to content

Սուլթան աքլորը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սուլթան աքլորը
Սուլթան աքլորը

— Ծուղ-րու-ղո՛ւ-ղո՛ւ...
Ես շահ Աքլորն եմ,
Ես խան Աքլորն եմ,
Սուլթան Աքլորն եմ,
Ի՜մ հավիկներ, հա՜վ մարիկներ,
Ո՞վ է աշխարհի գեղեցիկը,
Քաջրից քաջը, երգեցիկը,
— Չկա՜, չկա՜, սուլթան ու խան,
Չկա, չկա, պայծառ մեծ շահ
Էս աշխարհում քեզ հավասար:
Դու ես գեղեցիկը, դու ես երգեցիկը,
Դու ես քաջը, — պատասխանեցին Հավերը:

— Ծուղ-րու-ղո՛ւ...
Արծըվի ձեն ո՞վ ունի,
Ուժեղ ոտներ ո՞վ ունի,
Գույն — գույն շորեր ո՞վ ունի:
— Մեր շահի շորերն են գույն-գույն,

Ոտներն են պողպատ ու ձենն է զիլ-զիլ, ոսկի ծիլ-ծիլ:

— Ծուղ-րու-ղու...
Ո՞ւմ թախտն է բարձր,
Ո՞ւմ գլխին թագ կա,
Ո՞վ է ձեր սուլթանը, ո՞վ է ձեր խանը:

— Քո թախտն է բարձր, քո գլխին թագ կա: Դու ես մեր խանը, դու ես սուլթանը:

Բայց... բռնեցին խանին, մորթեցին սուլթանին, փետրեցին շահին, եփեցին նրան, նստեցին կերան:

— Ծուղ-րու-ղու-ղո՛ւ,

Ծուղ-րու- ղու-ղո՛ւ... Աքլորն եմ,

Ծուղ-րու-ղու-ղո՛ւ…Թագվորն եմ,

Մի հավ ունեմ՝ տունը չէ,

Մի հավ ունեմ՝ բունը չէ,

Էս աքլորիս հալն ի՞նչ է...

Մին էլ մի ճուտ վազելով ճտճտաց,

— Բա չես ասի, հայրիկ, տանտիկին Մարոն չալտիկ Վառոյին ծախեց չարչուն, չիթ առավ, նստել է իր քոթոթ Վաչիկի համար չուչիկ է կարում:

Աքլորն իսկույն վազեց տուն, Մարոյի ձեռքից ասեղը խլեց, պապիի ձեռքից կոպալը, դուրս թռավ, որ գնա իր Վառոյին չարչու ձեռքից ազատի: Դռնից դուրս գալիս կատուն հարցրեց,

— Ո՞ւր եք գնում, Ասե՜ղ:

— Կոպալին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Կոպա՜լ:

— Աքլորին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Աքլո՜ր:

— Ծուղ-րու-ղու ղո՛ւ... Աքլորն եմ,

Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Թագվորն եմ,

Մի հավ ունեմ՝ տունը չէ,

Մի հավ ունեմ՝ բունը չէ,

Մինն էլ տարել է չարչին,

Գնամ պատժեմ տան միջին:

— Ես էլ կգամ...

— Լա՜վ, արի, երեք չլինենք, չորս լինենք:

Մի քիչ էլ գնացին, Շունը հարցրեց.

— Ո՞ւր եք գնում, Ա՜սեղ:

— Կոպալին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Կոպա՜լ:

— Կատվին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Կատո՜ւ:

— Աքլորին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Աքլո՜ր:

— Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Աքլորն եմ,

Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Թագվորն եմ,

Մի հավ ունեմ՝ տունը չէ,

Մի հավ ունեմ՝ բունը չէ,

Մինն էլ տարել է չարչին,

Գնամ պատժեմ տան միջին:

— Ես էլ գամ...

— Լա՜վ, չորս չլինենք, հինգ լինենք:

Մի քիչ գնացին՝ ուլիկը հարցրեց.

— Ո՞ւր եք գնում, Ասե՜ղ:

— Կոպալին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Կոպա՜լ:

— Կատվին հարցրու,

— Ո՞ւր եք գնում, Կատո՜ւ:

— Շանը հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Շուն:

— Աքլորին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Աքլոր:

— Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Աքլորն եմ,

Ծուղ-րու-ղո-ղո՛ւ... Թագվորն եմ,

Մի հավ ունեմ՝ տունը չէ,

Մի հավ ունեմ՝ բունը չէ,

Մինն էլ տարել է չարչին,

Գնամ պատժեմ տան միջին:

— Ես էլ գամ:

— Լավ, հինգ չլինենք, վեց լինենք:

Մի քիչ էլ գնացին Իշուկը հարցրեց.

— Ո՞ւր եք գնում, Ասեղ:

— Կոպալին հարցրու:

— Ո՞ւր եք գնամ, Կոպա՜լ:

— Կատվին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Կատո՜ւ:

— Շանը հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Շո՜ւն

— Ուլիկին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Ուլի՜կ:

— Աքլորին հարցրու:

— Ո՞ւր եք գնում, Աքլոր:

— Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Աքլորն եմ,

Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Թագվորն եմ,

Մի հավ ունեմ՝ տունը չէ,

Մի հավ ունեմ՝ բունը չէ,

Մինն էլ տարել է չարչին,

Գնամ պատմեմ տան միջին:

— Ես էլ կգամ:

— Լավ, արի՜, վեցը չլինենք, յոթը լինենք:

Ասեղը, Կոպալը, Կատուն, Շունը, Ուլիկը, Իշուկը և Աքլորը ճամփա ընկան, գնացին, գնացին և կեսգիշերին վրա տվին չարչուն քնած տեղը:

Ասեղը շուլալվեց չարչու դոշակին: Կոպալը կանգնեց դռան ետևը, Կատուն նստեց ոտների տակը, Աքլորը ճրագթաթին, Շունը դռանը պպզեց, Ուլիկը, Իշուկը կտուր բարձրացան: Ասեղն սկսեց ծակծկել չարչու կողերը: Կատուն ճանկռոտեց ոտները, Իշուկը, Ուլիկը վազվզեցին և դղրդացրին կտուրը:

Չարչփն խիստ վախեցավ, ելավ որ ճրագ անի՝ Աքլորը թևերը թափահարեց, վազեց որ դռնից փախչի՝ Կոպալը կոպալտեց, եկավ որ թոնիրը մտնի՝ Կատուն ճանկռտեց: Խեղճի ճարը կտրվեց, վեր կացավ ու մի քանի կոպալ ուտելով, լեղապատառ դռնիցը դուրս փախավ: Դռանը Շունը կծեց, կտուրից Ուլիկն ու Իշուկը կանչեցին.

— Բռնեցե՛ք, հա՛, բռնեցե՛ք:

Չարչին փախավ: Է՜ն փախչելն է, որ փախչում է:

Կատուն մտավ, հավանոցից Հավին դուրս բերավ, Աքլորը նստեց Իշուկի վրա, Հավը իր առաջը նստեցրեց, Կոպալի գլխին խփեց Ասեղը և դրեց իր ուսին:

Մյուս ընկերները՝ Կատուն, Շունը, Ուլիկը շրջապատեցին Իշուկին և այնպես մլավելով, հաչելով, մկկալով և զռալով, ծուղ-րու-ղո՛ւ կանչելով, լուսաբացին գյուղ մտան:

Աքլորը Իշուկի վրայից թռավ կտուրը և հպարտ-հպարտ երգեց.

— Ծուղ-րու-ղու-ղու...
Աքլորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունն է,
Մի հավ ունեմ՝ բունն է,
Մինն էլ տարել էր չարչին,
Դուռ ու դրկից ժողովեցի,
Մութ գիշերով գնացի,
Չարչուն տան մեջ պատժեցի,
Վառոս տարել էր գերի,
Գնացի ու ետ բերի.
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Թագվորն եմ,
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ... Աքլորն եմ: