Jump to content

Սուրայի սովդաքյարի որթու հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ժամանակով մի շատ մենձ սովդաքյար կար. էրկու հատ տղա ուներ, տղեքը ջահել ին, մենձը շատ խելոք էր, պուճուրը խելքից պակաս էր։ Սովդաքյարը մեռավ, համա շատ շատերին հացի տեր, չրազ էր արել։ Էտ սովդաքյարի ունեցածը ում ձեռն ընկավ՝ կերան, զատ չթողացին. կնիկը նեղութենի մեչ ընկավ, էթում էր, հաց կիտում[1], բերըմ տղեքանցը պահըմ։

Իմ միսը կտրողը հ՚առաչ լենութուն չտեհած ըլի, ետո նեղութուն։ Մի օր մերը հաց կիտելուց չարչարված էկավ տուն. — Օ՜ֆ, — ասեց,— էրնակ թե աստված իմ հոքին առնի, ըսդար տանջանք չի ըլի, որ ես տանջվըմ եմ:

Մենձ տղեն ասեց. — Մե՛ր, տվող աստվածը էլի կտա, հ՚առավոտենց վե կկենամ, կէթամ մի սովդաքյարի փեշ կբռնեմ, կէթամ, աստված մի կտոր հաց կտա։

Հ՚առավոտենց վե կացավ, մի ճոթ հաց կար սալումը՝ թրջեց, աղլխի մեջ դրուց, մեչքը կապեց ու գնաց, նի էլավ մի պուճուր կոնդի գլուխ՝ տեհավ ղաթրների զնկզնկոցը գալիս ա. նստեց, լաց էլավ։

— Հե՜յ վախ, — ասեց, — Իմ հերն էլ մի ժամանակ սովդաքյար էր։

Տեհավ մի սովդաքյար էկավ, բարև տվուց ու կաննեց, ասեց. — Տղա՛, ի՞նչ տղա ես։ Տղեն ասեց. — Սուրայի սովդաքյարի տղեն եմ:

— Հը՛, — ասեց, — ես քու հոր չրաղն եմ. էտ ի՞նչ ա պատահել, բոյիդ ղուրբան։

— Անցել ա, էլ քու տեհածը չկա:

— Ափսո՜ս, հազար ափսո՜ս, էլ զատ չունե՞ք։ Վա՜յ, վա՜յ, վա՜յ, էրնակ քոռացած ըլեի, ես տենեի ոչ մորդ հաց կիտելը: Վեր հ՚արի, էթանք ձեր տունը, քու մոր հետ խոսենք, քեզ վեր ունեմ տանեմ հետս, մի կտոր հացի տեր անեմ։

Վե կացան էկան տուն, բեռները գնացին։ Էկան տուն, մորը որ տեհավ՝ հ՚աշկերը դուս էկավ, էլ կարաց ոչ խոսալ։ Մի քիչ ետո հանեց ջիբիցը մի քանի ոսկի տվուց մորը, ասեց. — Նանի ջա՛ն, ես քու տղեն հետս կտանեմ, հոքուս պարտքը ըլի, որ մի կտոր հացի տեր անեմ, ձեր ամակը իմ վրին շատ ա:

— Դու գիտես, որթի, ամանաթ, ամանաթ, իմ տղեն քեզ ամանաթ։

Գնացին, հասան բեռներին, հ՚անցան գնացին մի քաղաք։ Մի քանի օր ընտեղ առուտուր արին։ Տեհավ սովդաքյարը, որ տղի խելքը հ՚ամեն բանի հասնըմ ա, շատ հ՚ուրախացավ, ասեց. — Աստծով ես սրան մի կտոր հացի տեր կանեմ։

Սովդաքյարի տղեն տեհավ, որ թե էս քաղաքըմը մի համբալ ըլի՝ բոլ փող կաշխատի։ Էկավ մուննաթ արուց սովդաքյարին, որ հ՚իրենց կացած օթախը էրկու տարի ժամանակի քրեհի տա հ՚իրեն, հինքը մնա էդ քաղաքըմը՝ փող աշխատի։

Սովդաքյարն ասեց. — Հ՚արի ինձ լսա, ինձ հետ էթանք, ես քեզ մի կտոր հացի տեր կանեմ։

Տղեն ասեց. — Ես խնթրըմ եմ, ինձ թող ըստեղ։

Տղին թողուց ընտեղ, հ՚ինքը բեռները բարցեց, գնաց։

Սովդաքյարի տղեն ասեց. — Էս քաղաքըմը ինձ մարթ ճանանչըմ չի, ես որ համբալութուն անեմ, ո՞վ ա ասելու թե Սուրայի սովդաքյարի տղեն ա, տսըլ[2] իմ տեղն ա։ — Գնաց մի փալան կարել տվուց, հ՚անց կացրուց մեչքը, գնաց ղանթարի[3] տակը կաննեց։

Մի ջհուդ էկավ ասեց. — Ա՛յ տղա, մի աբրշըմի թայ ունեմ, ի՜նչ տամ՝ տանես մեր դուքանը։ — Էրկու մաջիթյա[4]:

— Լա՛վ, — ասեց, — տար:

Առավ շալակը, ջհուդը ընկավ հ՚առաչը, տղեն եննուցը. ջահել վախտը, ուժը վրեն, թռցրուց։

Մըն էլ տեհավ էն դհիցը մի մարթ էկավ, ասեց. — Ջհո՛ւդ, մեր հաշիվը ընչանք ե՞փ մնա։

Խոսքը հ՚իրար հասավ, տվին ջհըդին սըպանեցին, հ՚իրար խառնըվեցին, թայը մնաց տղի շալակին. վե կալավ բերուց հ՚իրա օթախը:

Ըտենց հ՚ամեն օր միալար բանըմ էր էտ տղեն, օրական մի երկու մաջիթյա առնըմ։

Հ՚արի տես, որ էտ քաղաքի թաքավորին մի հատ ախչիկ ուներ, քառասուն հատ էլ ջառյա ուներ։ Հ՚արի տես, որ հա՛մ նազրի հ՚աշկն էր էտ ախչկա վրեն, հա՛մ վազրի։ Նազիրը գնաց մի անաստված պառավ քթավ, ասեց. — Վազիրը կուզի թաքավորի ախչիկը առնի հ՚իր տղին, ի՞նչ կուզես՝ կտամ, որ քանդես, իմ տղին առնի։

Պառավն ասեց. — Ես ընչանք հ՚իրիկուն ման եմ գալիս շինած բան քանդելու հըմար, էտ իմ բանն ա։ Դե գնա ինձ հըմար մի ձեռք շոր առ, մի քյահրպար տերողորմյա առ, առնեմ ձեռս, էթամ։

Նազիրը գնաց մի ձեռք շոր առավ, մի երկար քյահրպար տերողորմյա առավ, բերուց տվուց պառավին, պառավը հաքավ, տերողորմեն առավ ձեռը, գնաց թաքավորի բալկոնի տակը, կաննեց, ասեց. — Ա՜խ, թաքավո՛ր, իմ հ՚աշկերը դուս գա, որ դու բանից խաբար չես։

Թաքավորը տեհավ, որ մի պառավ կնիկ բալկոնի տակը հ՚իրան-հ՚իրան խոսում ա, կանչեց վիրև, ասեց. — Էտ ի՞նչ ախ ու վախ էր։

Ասեց. — Թաքավո՜ր, յարաբ բանից խաբա՞ր ես:

— Ի՜նչ ա էլել, նանի ջա՛ն։

— Քու ախչիկը օրը հազար տղի հետ նստըմ ա կաննըմ, բա դու ի՞նչ թավուր նամուս ունես, որ թողըմ ես։

— Ի՞նչ ես ասըմ, նա՛նի։

— Արդար եմ ասըմ, իմ նամուսը վեր չի կալնըմ, էկա քեզ հ՚իմաց տվի, ինչ ուզըմ ես արա՝ դու գիտես, ես էլ ծեր կնիկ եմ, իմ հոքին կորցնիլ չեմ։ Գիտե՞ս ինչե՜ր ա անըմ, ընլե՜ր ա անըմ:

— Նազի՛ր, ըստեղ հ՚արի, — ասեց թաքավորը, — կէթաս մի հատ ղութիկ շինել կտաս՝ մի մարթու բոյի, վե կունես, կգաս։

Նազիրը գնաց բերուց, դրուց օթախը, դուռը շինեց, բալնիքը բերուց, տվուց թաքավորին։

Հ՚առավոտենց լիսը բացվեց, վեզիրն էկավ, թաքավորն ասեց. — Ղութին վե կա՛լ, տար ախչկանս տուն, մազերիցը բռնա դի ղութու մեչ, վե կալ բեր։ Վազիրը գնաց թաքավորի ախչկան դրուց ղութու մեչ, ճվճվալով բերուց թաքավորի կուշտը։ Ղրկեց մի համբալ բերուց, ասեց. — Ա՛յ տղա, ա՛ռ թեզ մի ոսկի, էս ղութին տար քցա Սև ծովն ու հ՚արի։

Համբալը ղութին շալակեց, վե կալավ գնաց։ Հասավ ծովի ղրաղը, վե դրուց ղութին, ասեց. — Մի բան որ հ՚իրեք օրվա հախը առել եմ, ասսու փառքը շատ ըլի, գլուխս դնեմ ղութու վրին քնեմ, ետո կքցեմ ծովը, կէթամ տուն։ — Գլուխը դրուց ղութու վրա, տեհավ որ ղաթրի զանգակի ձեն ա գալի, վե կացավ նստեց: Ասեց. — Չըլի՛ իմ բերող սովդաքյարը ըլի, ամոթ ա իմ հըմար՝ վե կենամ, իմ փալանը պըհեմ: — Վե կացավ, հ՚իրա փալանը պըհեց, էկավ տեհավ՝ էկողը հ՚իրան բերող սովդաքյարն էր։

— Ա՛յ տղա, ըստի ի՞նչ ես անըմ։

— Ոտիդ մեռնեմ, մի քանի շահի[5] փող եմ աշխատել, ըստեղ նստել ի, որ ճամփին մարթ պատահի, տամ տանի հասցնի մորս, լավ էլավ որ դու պատահեցիր, առ էս մի քանի ոսկին, մըն էլ էս ղութին, անարատ տանես տաս մորս, ձեռ չտաս։

Սովդաքյարը դրուց ղաթրի բեռի մեչն ու քշեց գնաց, տարավ տվուց սովդաքյարի կնկանը։ Պառավը բաց արուց ղութիկը, տեհավ մի սիրուն ախչիկ, վե կացավ կաննեց։

— Ախչիկ ջա՛ն, ի՞նչ ախչիկ ես։

— Ես թաքավորի ախչիկն եմ, քու հարսը, ինձ առել ա քու տղեն, էս էրկու օրն էլ կգա։

Պառավը տարավ հ՚իրեն օթախները շանց տվուց, պատմեց թե հ՚առաչ հ՚իրանք մենձ սովդաքյար են էլել, հըմի կարոտութենի մեջ են, համա ասսով էլի կտենեն լավ օրեր: Հարսն ասեց. — Նանի ջա՛ն, մի քանի ոսկի ունեմ, ա՛ռ տար խուրդա, ինձ հըմար մի ձեռք տղամարթի շոր առ, բեր։

Պառավը գնաց տղամարթի շոր առավ բերուց, հարսը հաքավ, մազերը կոլոլեց կոխեց փափախի մեչը, դառավ տղամարթ, դուս էկավ քաղաքի մեչ ման էկավ, ուստա, ֆահլա բռնեց, մի ձեռք լավ տներ շինեց, հ՚ամեն բան հազրեց, նստեց, ապրեց։

Օրվա մի օրը անխելք ախպերը մտածեց, թե իմ ախպերը պըտի գար՝ չէկավ, հլա էս ա ինձ հըմար ա ղրկել էտ ախչիկը, էթամ կշտին քնեմ։

Գնաց մտավ օթախը, ասեց. — Բարի հ՚իրիկուն, ախչի։

— Ասսու բարին, ախպեր ջա՛ն, — ասեց հարսն ու տեղիցը կաննեց։

— Գիտե՞ս ինչ կա, ախպորիցս գիր ա էկել, որ էտ ախչիկը քեզ հըմար ի ղրկել, քշերը կշտին կքնես, ցերեկը կէթաս քու բանիդ։

— Ամո՛թ ա, ախպեր ջա՛ն, ամո՛թ ա, իմ ախպերն ես, ամո՛թ ա:

Իլլաճը կտրվեց հարսի, տեհավ որ միտքը ուրիշ ա, կռնիցը բռնեց, քաշեց դըբա բալկոնը, տեհավ բաց չի թողնըմ, վե կալավ ու քցեց նարդըվանի տակը։ Տղեն որ օյանմիշ էլավ՝ տեհավ որ արնի մեչը մկրտվել, քիթ, պռունգ ջարթվել ա։

Գնաց հ՚էրես-մերեսը լվաց, գնաց մորը ասեց. — Ա՛յ մեր, մի գիր եմ ստացել ախպորիցս, շատ նեղըմը հիվանդ ա, ինձ փող տուր՝ էթամ հասնեմ ախպորս, տենեմ մեռել ա՝ թաղեմ, սաղ ա՝ բերեմ։

Մերը հանեց փող տվուց, նի էլավ ձին գնաց։ Հասավ էտ քաղաքը, հարց ու փորց արեց, քթավ ախպորը։

— Ա՛յ տղա, խի՞ ես էկել. խեր ըլի, ի՞նչ խաբար ա։

— Խերն էլ գլխովդ դիպչի, շառն էլ:

— Ի՞նչ ա ըլել, ա՛յ տղա։

— Էլ ի՞նչ պըտի ըլի, մեր հոր անըմը կորավ. յա գնա էն ղախպին սըպանա՝ ազատվենք, յա դուս արա։ Ընդար լրփութուն ա արել, որ տներ ա շինել, փող կիտել, զարթարանք առել: Ջհանդամ, մեր տների տեղը շինած չըլներ, էլի ցավ չէր։

Տղեն ետո իմացել էր, որ էտ ղութու մեչ թաքավորի ախչըկանն ին դրել, տվին իրան, որ տանի ջուր քցի։ Ախպերը որ ընենց խոսաց հավատաց. ախպորը թողուց ըտեղ, խանչալն առավ, էկավ։ Ձմեռ էլ ժամանակ էր, ձինն էկել գետինը ծածկել էր։ Էկավ տեհավ, որ հ՚իրենց տան տեղը ընենց մի տուն կա, որ թաքավորի պալատ ըլեր կասես: Ձիուցր վեր էկավ, ձին կապեց դրսև, հ՚ինքը նի էլավ վիրև: Դուռը բաց արուց, նի մտավ ախչկա կուշտը, ասեց. — Լի՛րփ, անզգամ, ընչանք ե՜փ լրփութուն անես, հորդ անըմը խայտառակեցիր, էկար ըստեղ իմ հոր անըմն էլ խայտառակե՜ս:

Խանչալը խրեց էս կողքին, էն կողքին, մազերիցը բռնեց բալկոնից քցեց ներքև, վեր էկավ, ձին նի էլավ՝ գնաց։ Ախչիկը մնաց ըտեղ, ձնի վրա արնաքամ էլած։

Դու մի ասիլ մի սովդաքյարի կնիկ մեռել ա՝ կնկա ա ման գալի ղզղուն. տեհավ մի ախչիկ, ձնի վրա ընկած, կիսամահ էլած։

— Տղե՛ք, – ասեց, — կաննեցրե՛ք բեռները։

Բերուց էտ ախչկա արընները սրփեց, բամբակի մեչ դրուց, բարցեց ղաթրին, գնաց։ Տարավ մի թաքավորանիստ քաղաք, հարցրուց թե. – Ըստեղ լավ Լոխման կա՞:

Ասեցին. — Կա:

Կանչել տվուց, էտ յարեքը տասն օրվա մեչ լավացրուց: Էկավ ամառը, էրկու չադիր տվուց, մինը հ՚ինքն էր նստըմ, մինը թաքավորի ախչիկը։

Մի քշեր միտքը փոխվեց, ասեց.— Քսան բեռը հում աբրշըմ ծախեցի տվի Լոխմանին՝ անջաղ դրա յարեքը սաղացրի, էթամ կուշտը. թուշն էլ ա պաչեմ՝ սիրտս էլ ա հովանա։

Նի մտավ չադիրը։

— Հը՛, ա՛յ տղա, խի՞ ես էկել, խե՛ր ըլի, ի՞նչ ա պատահել։

— Ըսկի՛, էկել եմ մի քիչ քեֆ անենք։

— Ամո՛թ քեզ հըմար, մարթ էլ իրա վարձքը կտա՞ գեննովը, ամո՛թ քեզ հըմար. հըմի կէթանք ձեր տունը, կպսակվենք, կըլնենք մարթ ու կնիկ։

Սովդաքյարը ամանչեց, ետ դառավ էկավ իրա չադիրը։

Լիսը բաց էլավ, թաքավորի ախչիկը վե կացավ գնաց դըբա ծովի ղրաղը, որ հ՚էրեսը լվանա։ Մի գյամչի ապրանքը թափել էր. պըտի ետ դառնար։

— Ա՛յ տղա, — ասեց, — որ հետդ գամ, կտանե՞ս ինձ։

— Խի՞ չեմ տանիլ, ուրախութունով։ Ա՛յ ասսու աչողութուն, ա՛յ ասսու աչողութուն, աստված որ տա՝ հ՚իրա ոտովը կգա։

Ախչիկը նի էլավ գյամին, գնացին։ Համա ի՜նչ թավուր ա քշըմ գյամին, դու պրծա՜ր։ Գյամին հասավ ծովի կեսը, գյամչու միտքը փոխվեց. էկավ դըբա ախչիկը:

— Ի՞նչ կա գյամչի:

— Օխտը տարի ա կնիկս մեռել ա, կնկա կարոտ եմ մնացել, հ՚արի՛ մի թիչ քեֆ անենք:

— Ամոթ քեզ հըմար, գյամչի, մարթ է՞լ արեն ծովի միչին էտ թավուր բան կանի. էն ա որ ես քեզ պըտի առնեմ, կէթանք ձեր տուն, կկանչես մարթիկ, կպսակվենք:

Գյամչին ամանչեց, տազ արուց։

— Ի՞նչ ունես ըսկի, գյամչի, — ասեց ախչիկը։

— Քեզ նման մի հատ ախչիկ ունեմ հասած, ա՜յ ախչիկ ա հա՛, ա՛յ ախչիկ ա հա՛:

Էկան ծովի ղրաղը դուս էկան, ախչիկն ասեց ղայըղչուն. — Գնա ախչկանդ վե կալ բե իմ կուշտը, դու գնա՛ տերտերին հ՚իմաց տու, գա պսակվենք:

Ղայըղչին գնաց հ՚իրա ախչիկը բերուց, դրեց թաքավորի ախչկա կուշտն ու հ՚ինքը ետ դառավ, գնաց դըբա տերտերին։

Թաքավորի ախչիկն ասեց. — Ախչիկ ջա՛ն, ըսկի գայմի քշել գիտե՜ս։

— Էտ իմ գործն ա, շատ վախտ ես եմ քշըմ։

— Դե հ՚արի էթանք մի քիչ ման գանք՝ գանք։

Ելքանը[6] սարքեցին, դըբա գլխավիրևը գնաց գյամին։

Գյամչին տեհավ, որ ո՛չ ախլիկ կա, ո՛չ կնիկ, ո՛չ էլ գյամի: Էտ գյամին գնաց կաննեց թաքավորի սընըռըմը դուս էկավ։ Գյամին կաննացրին։ Կայեն թաքավորը եռեսունութը ախչիկ ուներ, էրկուսը պակաս էր. Որ քառասունը թամամեր, որ էթար պսակվեր։ Ուրախացան, ասեցին էրկուսն էլ աստված ղրկեց։ Էկան, որ տանեին թաքավորի կուշտը՝ թաքավորի ախչիկն ասեց. — Մենք ծովի ախչկերք ենք, էկել ենք թաքավորի հըմար, գնացեք թաքավորի 38 ախիկն էլ բերեք, մի քիչ ծովի վրա ման գանք, ետո գանք էթանք պսակվենք։

Գնացին թաքավորի եռեսունըութ ախչիկը բերին. մտան գյամին, թաքավորի ախչիկը քշեց գյամին։ Գյամին գնաց դեմ առավ մի մեշի: Գյամին կապեցին, վեր էկան: Թաքավորի ախչիկն հ՚առաչ ընկավ՝ գնացին: Գնացին տեհան, որ մեշի մեչտեղը մի ձեռք տուն կա, նի մտան որ հրե՛ս՝ քառասուն ձեռք յորղան-դոշակ ա քցած, ախչկերանց հրամայեց, ու տունն ավլեն, ջրջրհանեն, յորղան-դոշակը վերնեն թափ տան, էլեդ քցեն: Սարքեցին, հ՚ամեն մեկը մի յորղան-դոշակի վրա նստեցին, ինքն էլ նստեց հ՚ամենալավ յորղան–դոշակի վրա: Մութն ընկավ. քառսուն հարամի նի մտան, տեհան քառսուն ախչիկ քառսուն յորղան-դոշակի վրա նստած, սուփրեն քցած՝ հազրած: Արմացան-զարմացան: Որ աստված տա՝ ըսենց կտա: Վրա պրծան ախչկերանցը:

Թաքավորի ախչիկն ասեց. — Ձեր հարամբաշին ո՞րըդ եք. հ՚առաչ եկեք:

Հ՚առաչ էկավ հարամբաշին, ասեց. — Ի՞նչ կա, սիրունիկ ջա՛ն:

Թաքավորի ախչիկն ասեց. – Դուք էս ի՞նչ շուռա մարթ եք, մենք ծովեղեն ախչիկ ենք, էկել ենք ձեզ առնելու, հ՚էքուց քշերով վի կկենաք, էրկու ձիավոր կղրկես քաղաք հ՚ամեն բան կբերի, հարսանիք կանենք, հ՚ամեն մեկս մեկիդ հետ կպսակվենք, կըլնենք մարթ ու կնիկ, կարքին կապրենք։

Հարամբաշին տեհավ, որ խելոք ա խոսըմ, ասեց. — Հ՚ամեն մարթ հ՚իրա յափընջին վեր ունի, էթա ձիու կշտին քնի, ես էլ եմ գալի։

Հարամիքը հ՚իրանց յափընջիքը վե կալան դուս էկան, ախչկերքը դուռը եննուց շինեցին, հ՚արխեին թեք ընկան քնեցին։

Հ՚առավոտը շատ թեզ վե կացրուց թաքավորի ախչիկը. — Դե թե՛զ տուն ու դուռ թամղացրեք, հ՚ամեն բան սարքեցեք, որ է՛սա կգան։

Հարամբաշին էրկու հարամի ղրկեց քաղաք, հ՚ամեն բան, բոլ գինի բերել տվուց։ Սուփրեն քցեցին, հ՚ամեն հարամի մի ախչկա կշտին նստեց։ Թաքավորի ախչիկն էկավ հարամբաշու կշտին, նստեց, սկսեցին ուտել-խմելը։ Եփ որ գլխները մի քիչ տաքացան, թաքավորի ախչիկը վե կալավ տասնէրկու ստաքան՝ դրուց մի բոդնոցի մեչ, գինի ածեց, տվուց հարամբաշուն, ասեց. — Դե՛, խմեցե՛ք էս իմ սիպտակ ծծերի խալի հըմար։ — Ասեց ու ծծերը շանց տվուց ու ծածկեց։ Հարամիքը գժվածի պես տասներկու ստաքան հ՚ամեն մինը խմեցին։ Թաքավորի ախչիկը էլի տասներկու ստաքան լցրուց տվուց հարամբաշուն, ասեց. — Էս էլ իմ քառսուն հուսանի մազերի խաթեր խմեցե՛ք, — ասեց ու հուսերը բաց արուց։

Հարամըքանց խելքը գնաց, խմեցին, վեր ընկան։

Թաքավորի ախչիկն ասեց. — Դե՛, ախչըկերք, հ՚ամեն մարթ հ՚իրա մարթի շորերը հանի՝ հ՚ինքը հաքնի։ — Հ՚ինքն էլ հանեց հարամբաշու շորերը՝ հաքավ, հ՚ինքն էլ հ՚իրա շորերը հարամու կողքին դրուց:

— Դե, — ասեց, — վե՛ր կացեք, էթանք։ — Գնացին ձիերը քաշեցին, նի՚լան ու գնացին:

Գնացին հասան մի քաղաք։ Տեհան քաղաքը շատ խառնված ա: Ասեցին. — Էս ի՞նչ ա էլել։

— Բա՛ չես ասի, — ասեց օդաբաշին, — մեր թաքավորը մեռել ա, թաքավորական ղուշը քցըմ են, ում գլխին վեր էկավ նա կըլի թաքավոր։

Մեկ էլ տեհավ, էդ ղուշը էկավ հ՚իրա՝ ախչկա գլխին վեր էկավ:

Ժողովուրթը մնացին զարմացած, ասեցին. — Մենք օտարական թաքավոր չենք սիրում, թազա քցեցեք ղուշը։

Ախչկանը տարան մի օթախի մեչ պահեցին, ղուշը մըն էլ քցեցին։ Ղուշն էկավ, բուխարու երթկովը մտավ էլի էտ ախչկա գլխին վեր էկավ։

Ժողովուրթը մաթալ մնաց, ասեցին, որ. — Մեր թաքավորը սա ա, որ սա ա։ — Հանձնեցին թախտը հ՚իրան։

Թաքավորի ախչիկը դուս էկավ, տեհավ որ քաղաքը շատ անկարք քաղաք ա, բերուց կարքեր դրուց՝ ընենց որ մարթ չէր կարալ եռալ, օրական տասը մարթ տարաղաջի էր քաշըմ[7]։ Հ՚իրա նազիր–վազիրը բիրաղի դուս արուց, հ՚իրա կշտի ախչկերանցը դրուց, որ հ՚իրա սեկրետը[8] մարթ չիմանա։ Ետո դուս էկավ ման գալու, տեհավ քաղաքի գլխին մի շատ լավ հ՚ախպուր կա, բերուց հ՚իր շիքիլը, ախչկա շորերով, քաշել տվուց, դրուց հ՚ախպրի կուշտը, մի հատ էլ ղարավուլ դրուց, որ ով որ գա ըտեղ ջուր խմի, տենի էտ պատկերը, «ա՜խ» քաշի՝ բռնեն բերեն հ՚իրա կուշտը:

Մի քանի օրից ետը մի մարդ ու կնիկ էկան նստեցին, էտ հ՚ախպրի գլխին, ջուր խմեցին, դինջացան, դինջացան, տեհան էտ պատկերը, «ա՜խ» քաշեցին, լաց էլան։ Ղարավուլը դրանց բռնեց բերուց թաքավորի կուշտը:

Թաքավորը դրանց տեհավ՝ հ՚աշկերը լքցվեց, գնաց էն օթախը, ասեց. — Տարեք էտ մարթկանց կարքին պհեցեք:

Էտ մարթիկը ուրախ էլան, կնիկն ասեց. — Գլուխ քա՛ր, հ՚ամեն օր կէթամ էտ պատկերը կըտենեմ, կմխիթարվեմ:

Մի էրկու օր հ՚անց կացավ՝ մի ջահել տղա էկավ էլի էտ հ՚ախպրի կուշտը, ջուր խմեց, տեհավ պատկերը, «ա՜խ» քաշեց: Ղարավուլը դրան էլ բռնեց, բերուց թաքավորի կուշտը: Թաքավորը հրամայեց, որ դրան էլ մի լավ օթախ տան:

Օրերի մի օրը մի սովդաքյար էկավ, էլի «ա՜խ» քաշեց, դրան էլ բռնեցին, բերին թաքավորի կուշտը, դրան էլ մի օթախ տվին՝ կացավ։

Շատ չքաշեց մի գյամչի էկավ, էլի «ախ» քաշեց, բռնեցին բերին թաքավորի կուշտը։ Դրան էլ մի օթախ տվին։

Էկավ Կայեն թաքավորը, տեհավ պատկերը, ասեց. — Էս լավ էլավ, քթա իմ կորուստը:

Սրան էլ տարան դրին մի օթախի մեչ:

Մի վախտ էլ հ՚անց կացավ՝ մի հարամբաշի էկավ, ջուր խմեց, տեհավ էտ պատկերը, ասեց. — Ա՜խ, մի քթնեմ դրան՝ ծծերը կոտորեմ, իմ ջանը դինջանա:

Դրան էլ տարան թաքավորի կուշտը։

Թաքավորը հրամայեց, որ իժդար որ բանական ու անբան կա՝ գա, որ թաքավորը մենձ վճիռ ունի։

Աշխարքն էկավ թոփ էլավ:

Բերուց բռնված մարթկանց սրով կաննացրուց։ Հ՚ինքը կարմիր շորերը հաքավ, թագը դրուց գլխին, գավազանն առավ ձեռը էկավ թախտի վրա բազմեց, ասեց. — Ղասաբը, միլչին[9] գա կշտիս կաննի։ — Էկան կաննեցին:

Թաքավորը կանչեց էն մարթ ու կնկանն, ասեց. — Ասեք տենեմ, դուք խի՞ «ա՜խ» քաշեցիք՝ եփ որ հ՚ախպրի գլխի ախչկա պատկերը տեհաք։

— Թաքավորն ապրած կենա, — ասեց մարթը, — ինձ ըսենց մի հատ ախչիկ ունեի, ջոկ տեղ ապրըմ էր. օրերի մի օրը պառավ կնիկ էկավ ինձ ասեց, որ ախչիկդ էս վարք ու բարքը ունի, ես էլ բարկացա, դե ծնող ի, մի ղութու մեչ դնել տվի, տարան քցեցին ծովը։

Ետո հ՚իմացանք, որ անարատ էր մեր ախչիկը, մերն հ՚ամեն օր գնըմ էր ծովի ղրաղը, լաց ըլըմ, էրեսը քսըմ ավազին, արնոտըմ, վե կենըմ գալի տուն։ Տեհա չէ , դրա հ՚առաչն առնել չի ըլիլ, ասեցի. «Կնիկ, լավն էն ա, էթանք ման գանք, բալքի քթնենք, մինը հանած կըլի ծովից»։ Էրկու ջուխտ էրկաթե տրեխ ենք հաքել, արար աշխար ման ենք էկել, հասել ըստեղ, պատկերը որ տեհանք հ՚ախպրի գլխին, «ա՜խ» քաշեցինք, դե կորուստ ունեցողը ըտենց կըլի, թաքավո՛ր. բռնեցին բերին քու կուշտը։

— Ժողովուրթ, — ասեց թաքավորը,— հ՚իմացա՞ք որ դրա ախչիկը անարատ էր:

— Հ՚իմացա՛նք, թաքավոր, հ՚իմացա՛նք, — ասեցին։

— Դե դուք ղրաղ քաշվեցեք։ Դու, սովդաքյարի տղա, հ՚արի հ՚առաչ, ասա՛ տենեմ՝ դու խի՞ «ա՜խ» քաշեցիր:

— Թաքավորն ապրած կենա։ Ես էտ թաքավորի քաղաքըմը համբալ ի, ինձ կանչեցին, էտ ղութին տվին ինձ, թե տար քցա՛ Սև ծովը։ Վե կալա տարա Սև ծովի ղրաղը. ինձ բերող սովդաքյարը կար, տեհա էկավ, ղութին տվի հիրան, թե տար մեր տունը, տուր մորս։ Ետո մի վախտ քաշեց, տեհա մի անխելք ախպեր ունեի, էկավ։ Հարցրի. «Խի՞ ես էկել, ա՜յ տղա»։ Ասեց. «Էտ ղրկած ախչիկդ հազարների հետ նստըմ ա կաննըմ», ես էլ նամուսի տեր, ասեցի. «Ախպե՛ր, դու իմ տանը կաց, ես հըմի կգամ»։ Վե կացա նի՚լա ձին, գնացի հասա մեր տունը, տեհա մեր տան տեղը մի ընենց տուն կա, որ թաքավորն էլ չունի էտ տներից, մտա նեքսև, խանչալս քաշեցի, ըստի-ընդի ծակեցի, մազերից բռնեցի՝ բալկոնից քցեցի ներքև. վեր էկա, ձիս նի էլա, էկա ախպորս կուշտը։ Որ գործից պրծա, վե կացա էկա մեր տունը, մորիցս հարցըրի, թե. «Էն ախչկա վարքն ու բարքը ի՜նչ թավուր էր», մերս ասեց, որ անարատ էր։ Խիղջս ինձ տանջեց, վե կացա աշխարքե աշխարք ման գալով էկա հասա էս քաղաքը։

— Հ՚իմացա՞ր, քու ղրկած ախչիկը անարա՞տ էր, — հարցրուց ախչիկը։

— Անարատ էր, թաքավո՛ր:

— Ժողովո՛ւրթ, հ՚իմացեք, որ անարատ էր։ — Ա՛յ սովդաքյար, հ՚առաչ հ՚արի, դու խի՞ «ա՜խ» քաշեցիր, ըտեղ ի՞նչ ա պատահել:

— Ես էլ, թաքավոր, բեռներս բարցած էթըմ ի, տեհա էտ ախչիկը արնի միչին մկրտված ընկած ա բալկոնի հ՚առաչ, ես էլ կնիկ չունեի, վե կալա էտ ախչիկը, դրի բամբակի մեչ, վե կալա տարա մի քաղաք: Գնացի դըբա Լոխմանը, Լոխմանն էկավ էտ ախչըկան լավացրուց: Օրերի մի օրը, դե մարթ ի՝ գնացի ախչկա չադիրը, ընենց մի բան ասեց, որ մնացի մոլորած: Հ՚էքսի օրը վե կացա, տեհա որ չադրի միչին ախչիկ չկա: Ես էլ ման եմ գալիս, տենեմ ես ի՜նչ ի արել դրան, որ նեղացավ գնաց։

— Է՛, բան ու ման է՞լավ ըսկի, — ասեց թաքավորը։

— Չէ՛, չէ՛, հոքիս վկա, չէ՛։

— Ժողովո՛ւրթ, հ՚իմացեք, որ էտ ախչիկը անարատ ա:

Կանչեց գյամչուն։ Գյամչին էկավ կաննեց։

— Գյամչի՛, դու խի՞ «ախ» քաշեցիր։

— Էտ ախչիկը ինձ պատահեց, թաքավոր, վե կալա գյամով բերի ղրաղը. Ինձ էլ մի շատ լավ ախչիկ ունեի հասած։ Ինձ՝ թե, «Դու գնա ախչիկդ բե իմ կուշտը, դու գնա տերտերի, որ գա պսակի մեզ»։ Գնացի ախչիկս բերի, դրի դրա կուշտը, ես գնացի տերտերին, տերտերը բերի տուն, ետ դառա, տեհա ո՛չ ախչիկ կա, ո՛չ գյամի։

— Որ նի մտաք գյամին, բան ու ման էլա՞վ։

— Չէ՛, թաքավոր, չէ՛:

— Դե՛ դու էլ ըտի կաննի:

Կանչեց Կայեն թաքավորին, ասեց. — Կայեն թաքավոր, դո՛՞ւ խի՞ «ա՜խ» քաշեցիր։

Ասեց. — Ա՛յ քու տունը շինվի, իմ եռեսունըութ ախչիկն ա տարել էտ տնաշենը, ես չման գամ, ո՛վ ման գա։

— Ղասա՛բ, — կանչեց թաքավորը, — կտրիր էս թաքավորի շլինքը. եռեսունըութ ախչկանով դու չէիր ռազի ըլնըմ, հըլա էրկուսն էլ իր ուզըմ։

Ղասաբը Կայենի շլինքը կտրեց, ջանդակը տարան քցեցին ասլան-ղափլանին:

Կանչեց հարամբաշուն։

— Հարամբաշի՛, դու խի՞ «ա՜խ» քաշեցիր։

— Էտ քառասուն ախչըկերքը ինձ ըռաստ էկան, մեզ հարփացրին, մեր շորերը հանեցին, հաքան, փախան։ Հըմի ես ման եմ գալի, որ դրա ծծերը կոտորեմ, իմ ջանը դինջանա։

— Ղասա՛բ,— ասեց թաքավորը,— դրա գլուխն էլ կտրա։

Գլուխը կտրեցին, ջանդակը տարան քցեցին ասլան-ղափլանի հ՚առաչը։

Թաքավորը կաննեց տեղիցը, կանչեց գյամչուն, ասեց.— Էս քու ախչիկն ա, վե կալ։ Էս մի ախչիկն էլ քեզ՝ կնիկ, գյամիդ էլ ֆլան տեղը կապած ա, նի՚լ գնա քու բանին։

Կանչեց սովդաքյարին.

— Սովդաքյար, կնիկ առե՞լ ես թե որփըվերի ես:

— Որփըվերի եմ։

— Էս մի ախչիկն էլ տվի քեզ, վե կալ տար, էս էլ քու տասներկու բեռ աբրշմի փողը։

Կանչեց հորը, ասեց.— Թաքավոր, որ էս տղեն էն ղութին տաներ քցեր ծովը, ի՞նչ կանեիր։

— Հեչ բան, որթի՛։

— Որ ըտենց ա, էտ տղի վարձքը քոմմեքից շատ ա,— թագը վե դրուց գլխիցը,— ես եմ քու ախչիկը, էտ տղին կհասնեմ։

Ժողովուրթը մնաց մաթալ։ Դառավ ժողովրթին, ասեց.— Իժդար հըմի որ ես ձեր թաքավորն ի, ինձնի՛ց մի պակասութուն տեհա՞ք։

— Չէ՛, թաքավոր, չէ՛, չէ՛, չէ՛։

— Ես հանձնըմ եմ էս տղին, թե կուզեք իմ մարթին թաքավոր դնեք՝ մենք կկենանք, թե չեք ուզիլ՝ ես իմ մարթը վե կունեմ, կէթամ իմ տունը։

Ժողովուրթն ասեց.— Որ կնիկը ըդդար խելք ուներ, մարթն իժդար կունենա, մեր թաքավորն ա ու մեր թաքավո՛րը:

Բերին օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչկանը պսակեցին, դրին թաքավոր։ Հերն ու մերը մխիթարվեցին, գնացին հ՚իրանց թաքավորութան վրա։ Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողին։


  1. Մուրում, (ծանոթ. բանահավաքի):
  2. Իսկական, (ծանոթ. կազմողի):
  3. Հասարակական կշեռք, (ծանոթ. բանահավաքի):
  4. Արծաթյա դրամ, 1 ռ. 80 կ. արժեքով, (ծանոթ. կազմողի)
  5. Պղնձի դրամ 5 կոպ. արժեքով, (ծանոթ. կազմողի):
  6. Առագաստ, (ծանոթ. բանահավաքի):
  7. Կախում էր, (ծանոթ. բանահավաքի):
  8. Գաղտնիքը, (ծանոթ. բանահավաքի):
  9. Աչք հանող, (ծանոթ. բանահավաքի):