Jump to content

Սուրբ ոսկերք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սուրբ ոսկերք

Անապատ, անշեն, դաշտ էր ընդհանուր,
Ուր թափառում եմ մտահույզ, տխուր,
Ուր ավերակաց տրտում տեսարան
Բերե անախորժ զգացմունք իմ վերան:
Ադամա որդվոց չէր լսվում աստ շունչ,
Այլ բուի ճչյուն, աղվիսաց մռունչ,
Միակ հիշատակ աստ հին մարդկության
Ներկայանում է ցուրտ դամբանարան:
Անգութ ժամանակ, — կռովն ծերունին,
Ստեղծագործության այդ հին թշնամին,
Մարդկանց մարմիններ փոշի դարձրել ողջ,
Մի կառափ միայն մնացել էր ամբողջ:
Անապատի մեջ, թեև դուզնաքյա,
Վաղամեռ մարդու այդ մնացորդը
Ինձ շատ գրավեց, վեր առա նորան,
Դրած նայում եմ, իմ ծնկի վերան:
Երանի՛ վերին գրոց սրբազան,
Լինեի դպիր, և տառք զանազան
Ես բացատրեի այդ լայն ճակատին,
Թե ո՞վ էր արդյոք մարդու այդ որդին:
Արդյո՞ք արքայի դա գլուխ թագազարդ,
Որ յուր գահույից մահվան սուր գեղարդ
Զարկեց, կործանեց, տարավ հողի տակ,
Կորավ նորա փառք, մարգարտյա պսակ:
Արդյո՞ք մի աղքատ, քրքրված մուրացիկ,
Որո կենաց թել սովո կտրեց ժանիք,
Եվ բարի մարդիկ նորա մեռած դին
Բերին թաղեցին մեջ այդ ցուրտ հողին:
Արդյո՞ք ծերունի մի սուրբ րաբուն,
Քարոզող փրկչի կտակ և անուն,
Վարվարաց ձեռքից խմավ դառն բաժակ,
Հիսուսի սիրուն եղավ նահատակ:
Ասա՜, ո՜վ վերին գողտրիկ Զվարթուն,
Որ պահպանում ես այդ փթած աճյուն,
Ո ՞ւմ կըպատկանի փշրած այդ կառափ,
Որ բերե գաղտնի ինձ վերա սարսափ:
Հանկարծ լսելի եղավ մի հնչյուն,
Որպես զեփյուռի հեզիկ շշնջյուն.
Եվ նորա միջից որոշ այդ ձայներ,
Ինձ զմայլանաց բերին հիացում:
«Դա էր քաջ Վարդանն՝ այն հայ տղամարդ,
Շավարշան դաշտում մարտնչեց յուր մարտ,
Կրոնի, հայրենյաց և ազգի համար
Նա թափեց արյուն, եղավ զոհ արդար:
Դա սպարապետ էր Հայոց զորքին,
Սիրող հայրենյաց, սիրող յուր ազգին,
Որ մինչև կենաց յուր վերջին վայրկյան
Եղավ յուր ազգին շահավետ անդամ:
Աներևույթ ձայն ազդեց իմ սրտին,
Ես սուրբ նշխարքը դրեցի գետին.
Եվ նորա առջև ծունկ իջա շուտով,
Երկրպագեցի երկյուղած սրտով:
Ինձ տիրեց սարսափ: Կոչեմ սաստկագին. —
―Դա ազգասերի գլուխ է անգին,
Դա մեր հերոսի գանգն է քաջազեն,
Որ փրկեց կրոն զենտի կրակեն:
―Քեզ, ո՜վ սուրբ ոսկերք, ես պիտի պաշտեմ,
Ոսկի, արծաթի սափորում կամփոփեմ,
―Կըշինեմ մատուռ, տաճար, սուրբ սեղան,
Կըկանգնեմ քեզի մի անմահ արձան:
―Առավոտյան շուտ ես քո առջևը,
Եվ երեկոյան ծնկներու վերա,
Կըլամ, կըվերուղղեմ աղոթք ջերմաջերմ,
Դու իմ բարեխոս, ես քեզ կաղերսեմ:
— Երբ որ դավ դնե անգութ թշնամին,
Եվ պատժել պետք էր այն անզգամին,
Ես կըռվի դաշտում, սուրբ իմ ձեռքում, —
Կըխնդրեմ միայն քեզնից օգնություն:
— Ծովի միջումն, երբ տանջե մրրիկ,
Ինձ տակով անեն լեռնացյալ ալիք,
Երբ կըսպառնա ինձ մահ և սարսափ
Անապատի մեջ մի Բետով-արաբ. —
— Ամեն տեղ, ամեն փորձանքում
Քո անուն կըհիշեմ, քեզնից օգնություն,
Քեզնից փրկություն ես միշտ կըխնդրեմ,
Դու ես մեր Փրկիչ, ես քեզ կը պաշտեմ: