Jump to content

Սուրիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍՈՒՐԻԱ

Սուրիա,
Արևախանձ ավազն անապատներուդ
Այրեր է իմ ալ ոտքերս բոպիկ։
Բրոնզադեմ պետվիններուդ հետ հաճախ
Ես ալ նստեր եմ ճաշի,
Ու պարզունակ ու հուժկու
Կուրծքերուն տակ այդ մարդոց
Զգացեր եմ բաբախելը սրտերու՝
Այնքան բարի,
Որքան ծիծղուն մայրությունը
Քու բերրի հողերուդ։

Սուրիա,
Սարսափն ահավոր արևմուտքի խուժումին
Զգացեր եմ ես ալ իմ ջիղերովս բոլոր։
Արևելքի քառուղիին վյրա նստած՝
Դուն՝ հոգիով սպիտակ, իմ թխադեմ սիրելի
Ներե ինձ, որ երբեմն
Հյուր եմ կարծեր ինքզինքս,
Ու երբեմն խորթ զավակ,
Երբ ժպտած ես միշտ ինձի
Մայրիկիս պես հարազատ։
Ներե՛ դարձյալ,
Որ հինավուրց բառբառովդ սլացիկ
Չեմ կրնար ես զարթնող ներկադ գովերգել։


Սուրիա, ինչպես չսիրեմ քեզ,
Երբ հայրենիքս սիրել երկնքիդ տակ սորվեցա
Ինչպես չսիրեմ քեզ հիմա,
Երբ գաղթական իմ եղբայրներս բոլոր
Կապույտիդ տակ ուռճացան,
Ու կը մեծնան քեզի հետ։

Հալեպ