Jump to content

Սպասում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍՊԱՍՈՒՄ


Հովտում բացվում է անծանոթ երգը,
շուրթերիս վրա ծաղիկն է հնչում,
սուրբ երազներ են վառվում աստղերում -
ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,
թող բարի աստղին ու ժամին լինի։

Մի ջինջ աղջիկ է թռչում երկնքով,
կտցահարում է օրս մի թռչուն,
սերն իմ հայացքում հյուսում է բույնն իր -
ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,
թող բարի աստղին ու ժամին լինի։

Իմ ձայնը ինձնից մեծ է դարերով,
այնպես հնչեղ է ու մաքուր այնպես,
պահերս վառ են դրսից ու ներսից -
ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,
թող բարի աստղին ու ժամին լինի։

Հավաքել եմ ես լեռները գլխիս,
խորհուրդն իր ներսում երկինքներ ունի,
աչքս ճրագ է վառել ճամփեքին -
ինձ հեռվից մեկը այցի պիտի գա,
թող բարի աստղին ու ժամին լինի։