Jump to content

Ստամբուլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոմունարների պատը Փարիզում
Ալեքսանդր Մյասնիկյանի հիշատակին

I

Լեգենդ է,
Բայց, խո՛ր ու հատու։

Ձին,
Բարձած արծաթե թամբով՝
Քշե՛լ է սուլթան Ֆաթին
Ու հասել է այստեղ—
Ստամբուլ։
Քշել է հուր ձին դեպի դարը,
Մտել է Այա Սոֆիա՛,
Ինչպես մահը՝ դաժան ու ահեղ,
Ինչպես մահը՝ միակ։

Զարկել է սուրը մարմարին—
Ճեղքել է սյունը։
Եվ—
Նայի՛ր։
Անցել են դարե՜ր, դարե՜ր,
Իսկ իր կամքը դեռ խոսում ու հուզում է։

Կռացել է սուլթան Ֆաթին,
Թաթախել է ձեռքը արյան մեջ—
Ու խփե՛լ է մարմարե պատին՝
Տե՛ս։—

Անացել է հետքը ձեռքի
Եվ ահա—
Դարե՜ր, դարե՜ր—
Հեծում է— ամբո՛ղջ մի երկիր,
Եվ ո՛չ թե լոկ մի պատ մարմարե։

Անցել են այն օրից դարեր,
Բայց դեռ հետքը սուլթանի ձեռքի
Մնացել է պատին այս քարե—
Ու մռայլ ճակատին Երկրի...

II

Դու ապրո՜ւմ ես դեռ, սուլթան Ֆաթի՛հ,
Ես տեսնում եմ հետքը ձեռքիդ
Ու ո՛չ թե այս մեռած պատին,
Այլ դեղին, որբ ճակատին,
Այս մռայլ, այս անտեր երկրի:

Դու մեռել ես, սուլթան Ֆաթի՛հ
Բայց դարե՜ր շարունակ,
Մինչև օրըս
Կենդանի՛ է, սերած քո կաթից—
Քո դաժան,
Ժանտ թոռանթոռը։

Նստել է այսօր էլ նա այստեղ,
Այս սունկի պես ուռած Ստամբոլում,
Ու չի ընդունում նա քեզ թե—
Բայց ոչինչ
Ժառանգդ է հլու։

Իհարկե, այլ է Պերան,
Ու այլ է հիմա Գալաթան.
Բայց նստած է Ստամբոլի վրա
Դեռ շռինդը,
Հռինդը քո տան։

Իհարկե, չկա էլ մեչետ[1],
Որին տա ժողովուրդը տուրք.
Իհարկե, սուլթան Մեճիտի
Սարայները[2] դատարկ են, թափուր.
Եվ գերի երկիրը հիմա
Դարձել է՝
«Ռեպյուբլիկ թուրք»։

Այս բոլորը ճիշտ է, իհա՛րկե,
Այս բոլորը հզոր է ու նոր,
Բայց նո՛ւյնն է հղփացած այս քաղաքը,
Որ կոչվում է Պոլիս,
Ստամբոլ։

Մի ոտքը մեկնած Եվրոպա,
Մի ոտքը Ասիո մեջքին՝
Նստելով Ստամբոլը հպարտ,
Ինչպես դու, կամ սուլթան Մեճիտ։

Նստել է այստեղ, ինչպես դուք,
Ծծում է հուր ու քրտինք.
Պայքարո՛ւմ է ժողովուրդը թուրք—
Իսկ ինքը— դի՛նջ։

Այնտեղ—
Էնկյուրից Էրզըրում—
Պայքար է՝
Հաղթանակ կամ մահ,—
Իսկ ինքը—
Լողում է լույսերում,
Ու պարում է,
Ու խնդում հիմա։

Վառել է վարիյեթե[3], սինեմա,
Վիթրիններ, թեաթր ու օթել,
Հրճվո՜ւմ է պոռնիկի նման
Կոկետ։

Պարում է ֆոկստրոտ,
Տանգո,
Հագել է—
Ֆրենչ ու ֆրաք։
Նազում է—
ալաֆրանգա։
Ա՜խ։

— Զարգացե՜լ է, Ֆաթի՛հ, քո Պոլիսը.
Դու նրան դժվա՛ր թե ճանաչես։
Բայց—
Կարծում ես՝ հեռո՞ւ է գնացել
Քեզանից—
— Չէ՛։

Փոխվել է միայն— արտաքինը։
Թե առաջ մի կին էր ոսկրոտ—
Նա հիմա—
զարգացած մի տիկին է։
Սիրում է— մայոնեզ[4] ու սինե.
Ու պարում է—ֆոկստրոտ...

III

Ստամբոլը պարում է— ֆոկստրոտ։
Պարում է— իհարկե Պերան։
Ու խնդում է—
իհա՛րկե փոստով—
Մուստաֆա Քեմալի վրա։

Ընթերցո՛ղ,
Մտնում ենք Պերա։
Ահա Թոքատլյանը։
Այստեղ—
Ահա «Restaurant Splendid»։

Մտի՛ր,
Թե կուզես տեսնել,
Թե ո՞նց է հրճվում էֆենդին։

Մի հնդիկ կառնի պալտոդ։
Մի խափշիկ[5] — գլխարկդ, թե կուզես։
Կմտնես։
Երկնային մի հոտ
Զմայլած հոգիդ կուզե։

Կոտի— լորիգան է այդ հոտը.
Բայց դա հեչ։
Գիտե՞ս դա դու հո։
Կցնցե ջղերդ— ֆոկստրոտը.
— Թավջութակ,
Սրինգ—
ու դհոլ։

Հասկանում ես՝ այստեղ վիոլոնը
Խառնված թմբուկ-դհոլին՝
Երգում է —
քնքո՜ւշ պոլոնեզ...
Աստվածային օյին։

Զարկում է թմբուկը թաք-թաք,
Նվում է կողքին վիոլոնը։
Ու պարում են այդ հեշտին տակտով
Պոլոնեզ։

Իսկ կինե՜րը...
Կինե՜րը...
Օ կինե՜րը...
Հպվում են՝ այնքա՜ն մոտիկ...

Հրա՜շք են։
Շիք։
Հոգինե՜ր են։
Կամ Լորիգան-Կոտի...

Ու հոսում են շոգ շշուկները.
Խոսում են.
Լսո՞ւմ ես.
Իմացի՛ր.
Շրշում են շորերը,
Կոշիկները...
Համաձա՞յն եք...
— Անշուշտ...
— Հիմա ձեր...
— Շրթունքները...
— Փաշա՛...
— Կմաշե՞ն...
— Ուզում եք հիսո՞ւն...
— Չէ, շա՛տ...
— Օ ձեր ձայնը...
— Ձեր կոնքը...
— Ձեր կաշին...
— Փաշա՛...

Պարում է փաշան։ Հեշտավետ
Ջազբանդը[6] քանդում է հոգին։
Ուզում է.
Բայց ինչո՞ւ շտապել...
Այնքան շա՛տ են.
Դեռ փաշան —
կջոկի՛։
Իսկ փաշի կողքին— էֆենդին։
Ապա սիրը,
Մուսյոն[7].
Ու սինյորը...
Այստեղ կա թե՛ չին, թե՛ հնդիկ.
Էֆենդին միայն— գուցե նոր է։
Ու կինե՜րը,
Կինե՛րը...
Ռի՛ժ կիները...
Ռուս կիները՝ բոլո՛րը պրինցուհի։
Թեկուզ թանկ են... գները,
Բայց արյունը— կապույտ է ու հին։

Օ, եթե տեսնեի՜ն նրանք,
Որ աչքե՛րը շինած
սվին—
Անկյունից նայում է իրանց
Մի կարմիր—
իսկական բայլշևի՜կ։

Բայց հանգիստ են։
Դուրսը,
Դռանը—
Կանգնած է ոստիկանը։
Հլու՝
Ղրկել է Մուստաֆա Քեմալը
Էֆենդու հանգիստը հսկելու։

(Նա արդեն կարգադրել է,
Որ հսկե ոստիկանը խիստ։
Որպեսզի—
բարեկիրթ այդ տները
Չմտնեն պոռնիկ ու... կոմունիստ)

Ու պարում են սիր ու մուսյո1,
Էֆենդի, հեռ ու փաշա։
Հարբե՛լ են հարբեցնող մսով.
Միսը շա՜տ։

Ու հոսում են շոգ շշուկները։
Խոսում են։
Առնում ու ծախում։
Հպվել են իրարու
ու շիկնել են։
Լսո՞ւմ ես.
— Ո՛ղջը ծախու։

Ծախվում է ամեն ինչ այստեղ։
Ծախում է—
ով ինչ ունի։
Համոզում է ֆոկստրոտը հեշտին,
Որ ծախեն ամենքը.—
Ի՞նչ...

Կինը—
Մարմինը,
Մինիստրը— հոգին։
Գի՞նը.
— Չնչի՜ն է.
Ջոկի՛։

Չխաբվե՛ս։
Մի գի՛ն է այստեղ։
(Այդպես է օրենքը Ստամբոլի)—
Մի գին են վերցնում այստեղ—
Թե՛ պոռնիկ,
Թե՛ փաշա,
Թե՛— միտրոպոլիտ[8]։

Զարմանո՞ւմ ես, ի՞նչ է, Չարե՛նց։
Օ գլխարկդ հանիր։
Պարո՛ն,
Հասկանո՞ւմ ես՝
Նայի՛ր՝
Դա իրենց
«Հիմնական օրենքն» է պարում։

Պարում է Հիմնական Սկզբունքը,
Որ կոչվում է Մասնավոր-Սեփական։
Պարում է՝ աչքեր ու հոնքեր
Ու մարմին ու սմոկինգ[9] հագած։

Խոնարհի՛ր գլխարկդ,
Կռացի՛ր։
Օրե՛նքն է պարում սրահում։
Ջազբա՜նդն է նրանց,—
Ինտերնացիոնալը։
Նրանց հիմնը կյանքի
Ու մահու։

Ջազբանդը։
Նա դարձել է դեվիզ։
Լոնդոնից Նյու Ցորք ու Բեռլին
Ջազբանդ են պարում երևի
Ամեն մի Կուլիջ ու Չեմբերլեն։

Իսկ Ստամբո՞լը.
Ստամբոլը, դե—
Ինչպես հոլը՝ նետված այնտեղից։
Քանի դեռ նստած է այստեղ
Բարեկիրթ էֆենդին այս դեղին։

Էֆենդի՛,
Ֆրա՛ք եք հագել դուք։
Միայն ֆեսն է ձեր այդ, որ հնից է։
Բայց գիտե՞ք—
Սուլթան Ֆաթուն
Դուք մի փոքր, մի քիչ... արնակից եք։

Ստամբոլ։
Դու պարում ես ջազբանդ։
Դու ուտում ես բար-մայոնեզ։
Նետում եմ ես ահա, հուզված,
Իմ քնքուշ կոմպլիմենտը—
քե՛զ։—

Ինչքան էլ մի պրոլետ-Համբո
Այս խոսքիս նախատինք խառնի—
Մի անո՛ւն դու ունես, Ստամբոլ.—
Միջազգային պոռնիկ։

IV

Հենց այսպես,
Ինչպես այսօր։
Ճի՜շտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն
Մի փայտյա բարկասի[10] վրա։

Իհա՛րկե,
Բանկետ է եղել,
Պերայում եղել է կերուխում—
Երբ այնտեղ հրեշ մի դեղին
Խեղդել է արխադաշ Սուբխուն։

Հրճվել է Թագսիմի սինեման,
Թոքատլյանը, Սպլենդիդը եռուն—
Իսկ այնտեղ քսան խեղդամահ
Օրորվել են սև ջրերում...

Ինչ հեշտ է բարձրացել այդ օրը
Էֆենդու «պա»–ն ֆոկստրոտում։
Երկնային մյուզիկ է ու օրոր է
Օրորել նստուկը օդում։

Իր հոգին այն օրը, օ այն օ՜րը
Ինչ քա՜ղցր հույզեր է հինել...
Կարծես շեկ, մի շեկ Էլիենո՛րա
Տարել է
Իրեն
...Սինե։
Հե՛նց այսպես,
Ինչպես այսօր։
Ճիշտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն...
Բայց—
Լսո՞ւմ եք.
— Նրանք կա՛ն։
— Չմեռա՛ն

Լսո՞ւմ եք, էֆենդի՛, փաշա՛։
Գոռում եմ էստեղից Բիթլիս.—
— Դեռ կգա կարմիր ռեվա՛նշը։
— Դեռ կգա— արխադաշ Սուբխին։

Հասկանո՞ւմ եք՝ նա, որ երեկ
Այստեղից քշեց Անտանտին—
Այսօր չէ էգուց—
Համբերե՛ք—
Ձեզ է՛լ կքշի, էֆենդի՛։

Կարծո՞ւմ եք՝ նա Անտանտին
Իզմիրից թռցրեց Վոսփոր—
Որ այստեղ դուք, էֆենդի՛,
Հղփանաք ու պարեք ֆոկստրո՞տ։

Կպարե՜ն դեռ կակուղ ձեր մսերը,
Որ լողում են հիմա ֆոկստրոտում։
Դեռ կզգան մեր գգվանքը
ու սերը—
Մեր սրի համբույրը հատու։

Դեռ կգա Ալին նավաստի,
Դեռ կանցնի այս ցոփ Ստամբոլով,
Որ ուռած ձեր բկին նստի՝
Հաստատի կենցաղը նոր։

Կհնձե՜ նա հունձը ձեր բերքի,
Կհարթե,
Որ տեղում ցանի նո՛րը։
Ու հետքը սուլթանի ձեռքի
Արնաթոր ճակատից երկրի
Կքերե—
Թուրք կոմսոմոլը...

1924


  1. մեչետ, մեչիդ, մեչիթ — մզկիթ` մահմեդականների աղոթատուն:
  2. սարայ — տանը կից շինություն` սայլեր, գործիքներ ևն պահելու համար` առանց պատերի ծածկավոր կառուցվածք` նույնպիսի նպատակների համար. բակ:
  3. վարիյեթե, վարիետե — արտսհմ. թեթև ժանրի էստրադային թատրոն:
  4. մայոնեզ — բուսական յուղից, ձվի դեղնուցից, քացախից, մանանեխից ու զանազան համեմունքներից պատրաստվող սոուս, ձկան, թռչնի մսի կամ բանջարեղենի սառեցրած կերակուր` վրան այդպիսի սոուս լցրած:
  5. խափշիկ — հաբեշ, եթովպացի, աֆրիկյան սևամորթ, նեգր:
  6. ջազբանդ — հնցծ. նույնն է ջազ:
  7. մուսյո — պարոն:
  8. միտրոպոլիտ — ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու բարձրագույն կոչումը, ինչպես և այդ կոչումը կրող անձը:
  9. սմոկինգ — բաց կրծքով ու երկար` մետաքսով կարված լանջեզրերով սև մահուդի պիջակ:
  10. բարկաս — թիակավոր մեծ նավ. նավահանգստային փոքրիկ շոգենավ: