Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները

Արա Պապյան

1923թ. հուլիսի 24-ին կնքվել է Լոզանի պայմանագիրը: Այս պայմանագրով, ըստ էության, Քեմալ Աթաթուրքն արեց այն, ինչ տարիներ հետո պիտի աներ Ադոլֆ Հիտլերը՝ վերատեսության ենթարկեց Առաջին համաշխարհային պատերազմի որոշ արդյունքներ:[1] Այսուհանդերձ, Լոզանի պայմանագրի նշանակությունը գերագնահատվում է. այն փոփոխության չի ենթարկել, մինչևիսկ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդյունքները, այլ միայն Լոզանի պայմանագիրը ստորագրած որոշ երկրների հետ վերատեսության է ենթարկել Սևրի պայմանագրի մի շարք դրույթներ:
Թեև Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին: Ուստի քննենք Լոզանի պայմանագիրն ու նրա իրավական փոխհարաբերությունները Սևրի պայմանագրի հետ՝ ըստ միջազգային իրավունքի:

Իրավական տեսանկյունից Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր փաստաթղթեր են՝ տարբեր ոչ միայն մասնակիցների շրջանակով ու հարցերի ընդգրկումով, այլև, ամենակարևորը՝ էությամբ ու նպատակներով: Սևրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Լոզանի պայմանագիրը՝ 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական գործողություններին:

Այսպես, եթե Սևրի պայմանագրի առաջնային նպատակը մի կողմից Գլխավոր դաշնակից ուժերի[2] (Principal Allied Powers) և Դաշնակից ուժերի[3] (Allied Powers), իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ տալն էր և նրա փոխարինումը կայուն, արդար ու տևական խաղաղությամբ (by a firm, just and durable peace), ապա Լոզանի պայմանագրի նպատակն ընդամենը Բարձր պայմանավորվող կողմերի[4] (High Contracting Parties) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության (The Government of the Grand National Assembly of Turkey), և ոչ թե՝ Թուրքիայի կառավարության, միջև սոսկ պատերազմական իրավիճակի դադարեցումն էր: Վերոհիշյալից ակնհայտ է, որ Լոզանի պայմանագրում խոսքը չի գնում օրինապես հայտարարված պատերազմը, ինչպիսին էր, օրինակ, Առաջին համաշխարհայինը, խաղաղությամբ փոխարինելու մասին, այլ սոսկ տարածաշրջանում 1914թ.-ից առկա պատերազմական իրավիճակին վերջ տալու մասին (...to bring to a final close the state of war which has existed in the East since 1914...): Այսինքն, Լոզանի պայմանագիրը վերաբերում է Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարող քեմալականների անօրինական ռազմական գործողությունները դադարեցնելուն: Սա փաստվում է նաև Լոզանի պայմանագրի 1-ին հոդվածով, որը խոսում է խաղաղության ոչ թե հաստատման, այլ վերահաստատման մասին (...the state of peace will be definitely re-established...):

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ միջազգային իրավունքը հստակորեն տարբերակում է պատերազմ (war) և պատերազմական իրավիճակ (state of war) հասկացությունները: Միայն ինքնիշխան երկրներն իրավունք ունեն մղելու պատերազմ. մնացած զինված բախումների (armed conflicts) դեպքում այն բնորոշվում է որպես պատերազմական իրավիճակ:[5] Լոզանի պայմանագրի մեջ Բարձր պայմանավորվող կողմերը հստակորեն արտահայտել են իրենց քաղաքական կամքն առ քեմալականները. վերջիններս չեն ճանաչվել որպես պետության օրինական ներկայացուցիչներ, այլ նրանց շնորհվել է միայն կռվող կողմ լինելու կարգավիճակը (recognition of belligerency):

Ուրիշ բան, որ Լոզանի պայմանագիրը վերատեսության է ենթարկել 1919-1922թթ. ռազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակից մի շարք երկրներին առնչվող դրույթներ, որոնց անդրադարձել էր նաև Սևրի պայմանագիրը: Միջազգային իրավունքը չի արգելում նոր պայմանագրի կնքումը նախկինում կնքված պայմանագրի դրույթների փոփոխմամբ կամ բազմակողմ պայմանագրի նորափոխումը (modification) պայմանագրին մաս կազմող 2 և ավելի կողմերի անունից: Սակայն միանշանակ է, որ նոր պայմանագիրը, ինչպես ամեն մի պայմանագիր, կարող է վերաբերել միմիայն տվյալ պայմանագրին մաս կազմող կողմերին,[6] իսկ պայմանագրի նորափոխումները կարող են վերաբերել միայն նորափոխումների մասնակիցներին և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այլ երկրների իրավունքների և պարտավորությունների վրա:[7]

Դեռևս XIX դ. կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության: Լոնդոնի կոնֆերանսի Առաջին արձանագրության առդիր Հռչակագիրը (13 մարտի, 1871թ.) (The Declaration annexed to the First Protocol of the London Conference, 13 March 1871), որին մաս են կազմել 7 երկիր,[8] այդ թվում նաև Թուրքիան, միանշանակորեն հռչակում է. «Ազգերի իրավունքի էական սկզբունքն է, որ ոչ մի երկիր իրեն չի կարող ձերբազատել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի բոլոր մասնակիցների բարեհաճ համաձայնությունը»:[9]

Այսու, Հայաստանի Հանրապետությունը, բռնազավթված լինելու պատճառով, չի մասնակցել Լոզանի կոնֆերանսին և չի ստորագրել այդ պայմանագիրը: Ըստ այդմ, Լոզանի պայմանագիրը որևէ իրավական պարտավորություն չի ստեղծել և չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը:

Մյուս հարցը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, այն մոլորությունն է՝ իբր Լոզանի պայմանագիրը չեղյալ է հայտարարել Սևրի պայմանագիրը: Քննություն չբռնող և միանգամայն հիմնազուրկ տեսակետ: Վիեննայի Պայմանագրերի մասին կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969), որի մեջ ամրագրված է դարեր ի վեր միջազգային իրավունքում գործող ընթացակարգը, շատ հստակ է պայմանագրերի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ: Մասնավորապես, նշյալ կոնվենցիայի 59-րդ հոդվածի 2-րդ կետը միանշանակորեն ամրագրում է. «Ավելի վաղ կնքված պայմանագրի գործունեությունը կհամարվի դադարեցված միայն այն դեպքում, եթե դա ակնհայտ է ավելի ուշ կնքված պայմանագրից կամ մեկ այլ ձևով հավաստվում է, որ այդպիսին է եղել կողմերի մտադրությունը»:

Լոզանի պայմանագրից ոչ միայն ակնհայտ չէ, որ կողմերը մտադիր էին չեղյալ հայտարարել Սևրի պայմանագիրը, այլև Լոզանի պայմանագրում ընդհանրապես հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին: Ավելի պարզ ասած՝ պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել ոչ այլ կերպ, եթե ոչ պայմանագիրը կնքած կողմերի, անհրաժեշտ է շեշտել՝ բոլոր կողմերի,[10] դրա մասին միանշանակ հայտարարումով: Միջազգային իրավունքի էական սկզբունքներից է, որ ոչ մի պետություն չի կարող ձերբազատվել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի մյուս պայմանավորվող բոլոր կողմերի հստակ համաձայնությունը:[11]


Բերենք մի պարզ, բայց խոսուն օրինակ: Մյունխենի (1938թ.) պայմանագրով Սուդեթը (Sudetenland) Չեխոսլովակիայից անցել էր Գերմանիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուդեթը վերադարձվել էր Չեխոսլովակիային: Սակայն, չնայած պարտված Գերմանիայի կնքած բազմաթիվ ու բազմաբնույթ պայմանագրերին, Մյունխենի պայմանագիրը չեղյալ չէր հայտարարվել և, հետևաբար, այն մնում էր ուժի մեջ: Եւ միայն 1973թ. դեկտեմբերին Արևմտյան Գերմանիան, որպես Երրորդ Ռայխի իրավահաջորդ, պայմանագիր կնքեց Չեխոսլովակիայի հետ, որով կողմերը չեղյալ հայտարարեցին իրենց 1938թ. կնքած պայմանագիրը:[12]

Թեև, Սևրի պայմանագրի առումով մենք չեն կարող ասել, որ այն ուժի մեջ է, քանի որ վավերացման գործընթացի թերի մնալու պատճառով այն ի սկզբանե չի մտել ուժի մեջ, այսուհանդերձ սխալ է նաև այն պնդումը, որ Լոզանը չեղյալ է հայտարարել Սևրը: Լոզանը չէր կարող դա անել, քանի որ նշյալ պայմանագիրը և՛ իր բնույթով, և՛ ստորագրողների շրջանակով էապես տարբերվում է Սևրի պայմանագրից: Այսինքն, ներկայումս Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի վավերական փաստաթուղթ է, որը բանակցվել և ստորագրվել է օրինական ընթացակարգի համաձայն, սակայն ուժի մեջ չի մտել (valid but not in force): Եթե պատկերացնենք անհնարինը, ասենք՝ Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները վավերացնեն այն, ապա այն օրինապես կմտնի ուժի մեջ:

Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Սևրի պայմանագրի անկատար լինելը (unperfected treaty), ինչպես միջազգային իրավունքում կոչվում են չվավերացված պայմանագրերը,[13] չի խաթարում ՀՀ իրավունքները, քանի որ Թուրքիայի պարտավորությունները ՀՀ նկատմամբ բխում են ոչ թե Սևրի պայմանագրից, այլ այդ պայմանագրից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից (22 նոյեմբերի, 1920թ.):[14]

Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն 2 առումով առնչվում է մեզ: Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին: Ընդ որում, փոքրամասնություններին վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն: Սա մի առանձին հոդվածի նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Հայաստանի երկրորդ աղերսը Լոզանի պայմանագրի հետ ի հայտ է գալիս Թուրքիայի ստեղծվելիք հանրապետության տարածքի իրավական ձևակերպման առնչությամբ: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը հռչակում է. «Այսու Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքների ու կղզիների տիտղոսից և դրանց նկատմամբ իր բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են սույն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառյալ նրանց, որոնց նկատմամբ սույն պայմանագրով ճանաչվել է նրա ինքնիշխանությունը: Այդ տարածքների և կղզիների ապագան լուծել են կամ կլուծեն շահագրգիռ կողմերը»:

Քանի որ Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա:

Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին: Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (22 նոյեմբերի, 1920թ.): Քանի որ իրավարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լոզանի պայմանագրով ներառված չեն հետագայում (29 հոկտեմբերի, 1923թ.-ից) որպես Թուրքիայի Հանրապետություն ճանաչված երկրի սահմաններից ներս, ուստի Լոզանում Թուրքիայի անունից հանդես եկող պատվիրակությունը 16-րդ հոդվածով[15] հրաժարվել է դրա տիտղոսից և դրա նկատմամբ իրավունքներից: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը վերահաստատում է այդ իրողությունը. «Սույն հոդվածի դրույթները չեն ներազդում բարիդրացիական հարաբերություններից բխող այն հատուկ պայմանավորվածությունների վրա, որոնք կայացել են կամ կարող են կայանալ Թուրքիայի և սահմանակից երկրներից որևէ մեկի միջև»:

Պետք է ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքի վրա, որ 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը խոսում է սահմանները հստակեցնող ոչ թե պայմանագրի կամ համաձայնագրի, այլ «հատուկ պայմանավորվածությունների» (special arrangements) մասին, որոնց թվին է պատկանում նաև իրավարար վճիռը:

Այսպիսով, Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը վերահաստատել է Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

  • Սևրի և Լոզանի պայմանագրերը իրավական երկու տարբեր փաստաթղթեր են:
  • Լոզանի պայմանագիրն իրավասու չէր և չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը:
  • Լոզանի պայմանագիրը, հիմնական օրենքի կարգավիճակով, ամրագրել է ոչ-մուսուլման փոքրամասնությունների իրավունքները:
  • Լոզանի պայմանագիրը վերահաստատել է Թուրքիայի հրաժարումը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված տարածքների տիտղոսից և իրավունքից:

Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. Hudson G.F. Turkey, Greece and the Eastern Mediterranean. Oxford, 1939, p. 16.
  2. Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա:
  3. Հայաստան, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբ-Խորվաթ-Սլովենական պետություն, Չեխոսլովակիա և Հեջազ (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա) (վերջինս չի ստորագրել պայմանագիրը):
  4. Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հունաստան, Ռումինիա, Սերբ-Խորվաթ-Սլովենական պետություն (վերջինս չի ստորագրել պայմանագիրը):
  5. Armed Conflict. In: Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 250.
  6. Vienna Convention (1969), Article 34. “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”.
  7. Vienna Convention (1969), Article 41. “Two or more of the parties to a multilateral treaty may conclude an agreement to modify the treaty as between themselves alone if: (b) the modification in question is not prohibited by the treaty and: (b) (i) does not affect the enjoyment by the other parties of their rights under the treaty or the performance of their obligations”.
  8. Արձանագրությունը ստորագրած մյուս երկրներն էին՝ Ավստրո-Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա և Ռուսաստան:
  9. McNair (Lord). Law of Treaties. Oxford, 1961, p. 230.
  10. Տե՛ս՝ Վիեննայի կոնվենցիայի (1969թ.) 59-րդ հոդվածի 1-ին կետը:
  11. McNair (Lord), Ibid, p. 230.
  12. Huth P.K. Standing Your Ground, Territorial Disputes and International Conflict. Detroit, 1996, p. 207-8.
  13. Չվավերացված պայմանագրերի իրավական կարգավիճակի մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Reisman W.M. Unratified Treaties and Other Unperfected Acts in International Law: Constitutional Functions. Vanderbilt J Transnat Law 2002;35(3):729.
  14. Վիլսոնի իրավարար վճռի մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ. Ազգ, 28 դեկ 2006, էջ 3; Պապյան Ա. Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Հայկական հարցը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. Ազգ, 28 փետ 2007, էջ 5:
  15. Ուշագրավ զուգադիպությամբ միջազգային պայմանագրերում Հայկական հարցին առնչվող և՛ առաջին (տե՛ս՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, 3.III.1878), և՛ վերջին հոդվածը (տե՛ս՝ Լոզանի պայմանագիրը, 24.VII.1923) կրում են միևնույն՝ 16 թիվը:


առաջին անգամ տպագրվել է FRANCE-ARMENIE ամսագրում,
№ 300, 16-31 հուլիսի, 2007թ., էջ 19-21