Jump to content

Սև փողերի տոկոսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սև փողերի տոկոսը
Ընդգրկված է «Մեր թաղը» պատմվածաշարի մեջ։

Նոր էր մթնել, որ պառավ Մարանը պատրաստվեց քնելու, թեև գիտեր, որ մինչև կեսգիշեր շուռումուռ պիտի գար անկողնում լվաներից և պառավական անքնությունից։ Դեռ բավական լույս էր, որ գցել էր տեղաշորը։ Միշտ այդպես էր անում, որ գիշերվա մթան մեջ նեղություն չտա իրեն։ Նավթ չուներ, որ վառեր։

Պառկելուց առաջ մոտեցավ խրճիթի պուճախին, ձեռքով շոշափեց և տեսավ, որ հավերը նստած են թառին, թեև շատ լավ գիտեր, որ նրանք ամբողջ օրը հարևան հավերի և աքլորների հետ ամբողջ թաղը տակնուվրա անելուց հետո երեկոյան, սովորական ժամին, եկել թառել էին իրենց տեղը։ Երբեք չէր կարող հանգիստ տեղաշոր մտնել, մինչև որ չստուգեր հավերի ներկայությունը, որովհետև նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն ու հույսը այդ երկու հատիկ հավն էր, որոնց սիրում և խնամում էր իր աչքի լույսի պես։ Հավերը ձու էին ածում, պառավ Մարանն այդ ձվերը տանում էր թաղի մանրավաճառի մոտ և փոխում հացի կամ կուտի հետ։ Այդպիսով հավերը համ իրենց էին պահում, համ պառավ Մարանին։

Հավերը նրա ձեռքի շոշափումից շարժվեցին և կռկռոց արձակեցին։ Այնուհետև պառավը կատարեց իր սովորական աղոթքը, երեսն անկանոն կերպով խաչակնքելով՝ երեք անգամ ծունր դրեց խրճիթի խորդուբորդ հատակի վրա, ինչ-որ մռմռալով քթի տակ, հետո հանվեց և պառկեց։ Խոնավ անկողինը մի անախորժ սարսուռ ազդեց նրա ցամաքած մարմնին. նա կուչ եկավ և վերմակը քաշեց գլխին։ Ու մտածմունքները՝ տխուր ու անմխիթարական, նորից պաշարեցին նրան։

Մենակ, մեն-մենակ էր ապրում պառավ Մարանն այդ կիսախարխուլ խրճիթում, որ մարդուց մնացած միակ հարստությունն էր։ Վաղուց, շատ վաղուց էր մեռել մարդը, որ մի հարբեցող խարազ էր։ Մեռել էր շատ հիմար կերպով, մի անգամ գիշերով լավ կոնծած, բայաթի երգելով տուն գալիս ընկել էր փողոցում գլխի ծածկը փլած արտաքնոցի հորը և մինչև հանելը խեղդամահ եղել գազերից։ Չնայելով, որ կինը շատ քիչ լավ օր էր տեսել նրա ձեռքին, բայց և այնպես երկար ժամանակ սուգ էր անում նրա համար և այժմ էլ առանց խոր հոգոց հանելու չէր կարողանում հիշել նրան, ախր ինչ էլ որ լիներ, էլի այն ժամանակ մի կենդանի շունչ կար մոտը, թեև ծեծ ու հայհոյանքով — բայց պահող-պահպանող ուներ։

Ճիշտ է, այժմ ուներ մի որդի, բայց նա էլ փուճ-փճանալու մեկն էր, գող ու ջիբգիր, որ օրերով ու շաբաթներով տան երես չէր տեսնում, մորը չէր նայում, այնպես որ եղած-չեղած մեկ էր։

Որդու փճությունը թունավորել էր պառավ Մարանի առանց այն էլ թշվառ կյանքը։ Քանի-քանի անգամ արցունքն աչքերին փորձ էր արել խրատելու Արտեմին, որ հեռանա վատ ճանապարհից, մի գործի կպչի, պսակվի, օրինավոր տունուտեղ դնի, օրինակ էր բերում հարևան Օսանի տղա՝ թաբախ ման ածող Ցականին, որ նրա հասակակիցն էր և կարգին ընտանիք էր պահում, բայց հենց առաջին խոսքի վրա Արտեմն այնպես չռել էր նրա վրա իր ահարկու աչքերը, այնպես բղավել նրա վրա, որ խեղճ պառավն իսկույն ձայնը փորն էր գցել։

«Ա՛խ, որդի, որդի... — հառաչեց պառավ Մարանը և շուռ եկավ մյուս կողքի վրա, — էս հավերն էլ որ չունենամ, յարաբ ի՞նչ կըլի իմ չարեն»։

Օրամեջ կամ երկու օրը մի անգամ վերցնում էր հավերի ածած ձուն և գնում թաղի մանրավաճառի մոտ, որը զանազան մանրուքի և մրգեղենի հետ հաց էլ էր ծախում, օգտվելով այն հանգամանքից, որ թաղում հացթուխ չկար։

— Բաղդո ջան, էրկու ձվի հաց տա՛ս, — ասում էր նա խնդրական եղանակով։

Մանրավաճառը ձվերը մեկ-մեկ շարժում էր ականջի մոտ։

— Էս մեկը լակ ա, Մարան նանի, — ասում էր նա կատակով։

— Վո՜ւյ, չէ, Բաղդո ջան, ըսօր են ածել։ Ես ըսկի լակ ձու կունենա՞մ։

— Մարան նանի, ի՞նչ կանես, որ հավերիդ ձվամանը չորանա, — շարունակում էր կատակ անել մանրավաճառը, մի ֆունտ հաց կշռելով։

— Վո՛ւյ, մի՛ ասի, Բաղդո ջան։ Աստոձ, ոչ անի, էլ իմ պահողն ո՞վ կըլի։

— Բա տղեդ։

— Տղիս էրեսը սևանա, ըսկի տեսնում ե՞մ, որ։

Սակայն, իհարկե, տարին տասներկու ամիս երկու հավի ձվով ապրել չէր կարելի։ Աշխարհը չէր չորացել, կային բարի հարևաններ, որոնք երբեմն-երբեմն չէին խնայում իբենց տաք կերակրից նրան էլ բաժին հանելու, կամ ուրիշ բանով օգնելու։ Ինքն էլ, որքան ներում էին ուժերը, բուրդ էր մանում, առավոտից մինչև երեկո ածխավաճառի խանութում նստած՝ ածուխի մրոտ, ծակծկած տոպրակներ կարկատում։ Հավերից մեկը շարժվեց և քնաթաթախ մի խուլ կռկռոց արձակեց։

— Ջա՛ն, ջա՛ն, մատաղ, ջա՛ն, — արտասանեց պառավ Մարանը և հորանջեց։

* * *

Կեսգիշերից բավական անցել էր։

Երկար տանջվելուց հետո Մարանը նոր էր խոր քնի մեջ ընկել, երբ հանկարծ ինչ-որ դրնգդրնգոց արթնացրեց նրան։ Վախեցած բարձրացրեց գլուխը և նայեց մթության մեջ։

Դուռը ծեծում էին, ըստ երևույթին, բռունցքով ու ոտով, և այնպես պինդ, որ դռան հետ խրճիթն էլ ամբողջ շարժվում էր տեղից։

— Ո՞վ ա, — կանչեց պառավը լեղապատառ։

— Զահրումար ու չոռ ա, բաց արա, էլի՜ — լսվեց տղամարդու մի հուժկու ձայն, և խրճիթը նորից դրնգաց դռանն իջեցրած ոտի մի կատաղի հարվածից։

— Արտե՞մ... Ա՜յ քու սիրտը չմեռնի, լեղիս ճաքեց, — ասաց պառավը, վեր կացավ, մթության մեջ խարխափելով մոտեցավ դռանը և, հազիվ գտնելով սողնակը, բաց արավ։

Գարնանային պարզ գիշեր էր։ Դռան առջև կանգնած էր մի պարթև երիտասարդ, գդակը ձեռին։

— Էսքան թրխկթրխկացնում եմ, չես իմանո՞ւմ, — գոռաց նա մոր վրա։

— Քնով ի անցել, Արտեմ ջան, — խեղճ-խեղճ պատասխանեց մայրը։

— Այ, ընենց քնով անցնես, որ էլ վեր չկենաս, — ասաց Արտեմը և, լայն շեք տալով, ներս մտավ։ — Ճրագ վառի, — հրամայեց նա։

— Նավթ չունենք, Արտեմ ջան։

— Բա մթնումն ես նստո՞ւմ։

— Բա ի՞նչ։

— Գիժ ա անտեր մունդռիկը՞։ Տո, էրկու գրոշի նավթն ի՞նչ ա, որ չես առնում։

— Էրկու գրոշի տվողն էլ դու ես, որ չես տալի ո՞րդիան առնեմ, — վրա բերեց պառավը մի քիչ վրդովված։

— Հավերդ սատկել ե՞ն, էլ ձու չեն ածո՞ւմ։

Պառավը հանկարծ վառվեց։

— Եքա տեղդ ըտեղ սարի պես կանգնած, անխոս թռչունքին ես ասո՞ւմ, — կանչեց նա զայրագին։ — Մերդ եմ, հալից-ջանից ընկած, տարի ա անց կենում, էրեսիս մտիկ չես տալի, էլի մենձ սրտովը դու ե՞ս։ Ամոթ էլ ա քաշի, է։ Հավերս ինձ հաց են տալի, դո՞ւ ինչ ես տալի, որ հըլա սատկացնում էլ ես։

— Դե, շատ մի՛ ճղճղա, թե չէ, որ, — սպառնաց Արտեմը և մոտեցավ նրան։

Որդին հասակով բարձր էր մորից գրեթե կրկնակի։ Պառավն իր գլխի վերև տեսավ մթության մեջ փայլող երկու ահարկու աչքեր և օդի մեջ քարացած մի բռունցք։ Միևնույն ժամանակ նրա քթովը դիպավ գինու ծանր հոտը։

— Դե, ի՞նչ անեմ, Արտեմ ջան, — ասաց նա նորից խեղճացած։ — Սիրտս մղկտաց, որ...

— Սա՛սդ, — գոռաց նորից Արտեմը։ — Գնա տեղաշորս գցի։

Պառավը սուս ու փուս շտապեց նրա հրամանը կատարելու։ Մթության մեջ խարխափելով և տնքտնքալով մի կերպ գցեց Արտեմի անկողինը։

Արտեմը ձեռաց հանվեց և պառկեց։ Պառկելուն պես սկսեց խռմփացնել։

— Էէ՛, ես էլ կասեմ որդի ունեմ ու ապրում եմ, է՛լի, աշխարքի երեսին։ Վայ իմ օրին, վա՛յ, — հառաչեց Մարանը և նորից մտավ անկողին։

Ծեգը հեռու չէր։ Փոքրիկ պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել։

Հավերը շարժվեցին թառի վրա, մեկը մյուսի հետևից բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը, սկսեցին կտուցներով քորել թևերի և կրծքի տակ, հետո վզներն երկարացրին դեպի ներքև, նայեցին դեսուդեն, ցնցելով մսեղ, կարմիր կատարները, և հանկարծ ահագին կռկռոցով ցած թռան, օդի մեջ ցանելով իրենց թափվող փետուրները։

Պառավը, որ լուսադեմին նորից քնով էր անցել, աչքերը բաց արեց, տնքտնքալով վեր կացավ և հագավ իր սև լաթերը։

Հավերը մոտեցան նրան և սկսեցին ավելի բարձր կռկռալ։

— Հա՜, հա՜, ձեր աչքն էլ կարեմ, էս ա, տալիս եմ, — փնթփնթաց պառավը և ուզում էր մոտենալ կուտի տոպրակին, բայց հանկարծ կողմնակի մի հայացք ձգելով քնած որդու վրա, տեսավ վերմակը մի կողմ է ընկել և նրա մազոտ կուրծքը բաց է մնացել։ Մոտեցավ և զգուշորեն վերմակի ծայրը քաշեց նրա կրծքին։

Չնայելով հավերի բարձրաձայն կռկռոցին, Արտեմը խոր քնած էր։

Մի քանի րոպեից հետո հավերը, կուտն արդեն կերած, ջուր խմած, ուզում էին դուրս գալ։ Պառավը մեկ-մեկ տապ-տապ արեց, ճկռացրեց և վերցրեց տեսնելու՝ ձու ունե՞ն, թե ոչ։ Այնուհետև դուռը բաց արեց և դուրս թողեց նրանց։

Օրն արդեն ճաշ էր դառել, որ Արտեմը զարթնեց։ Անկողնի մեջ նստած նա դեռ ճմլկոտաց, ճրթճրթացնելով թիկունքի և մեջքի ոսկորները, մատների խաղերը կոտրատեց, հետո ոտները կախեց թախտից և սկսեց ծանր ու բարակ հագնվել, անդադար հորանջելով։

— Չայ չունե՛նք, — հարցրեց մորը, որը դուրսը դռան շեմքին նստած, ինչ-որ լաթ էր կարկատում։

— Հա, ոնց չէ, — հեգնեց պառավը, — հրեդ սամավարը քլթքլթում ա, չայ-շաքար էլ որ ղրկել էիր, հրեն փտում ա թարեքումը։

Արտեմը ծիծաղեց։

— Բա որ ըտենց ա, նանի, ես, էս ա, գնում եմ մի գրվանքա չայ առնեմ, մի գլուխ էլ շաքար, թե գործլի էլ չունես, մի բեռ էլ գործլի։

— Տնազը քու գլխին գցի, քու, — պատասխանեց պառավը։

— Առավոտը հրեն Մարգարանք ին կանչել, որ մի թաս չայ խմեմ։ Որ ամոթ չես քաշում, ի՞նչ ասեմ։

Արտեմը հոնքերը կիտեց, վեր կացավ, նախ մի, հետո մյուս ոտը դրեց թախտի վրա, խնամքով դարսեց երկարաճիտ չուստերի ծալերը, հետո վերցրեց խելադան և սկսեց երեսը լվանալ ուղղակի հատակի վրա, ոտներն իրարից հեռու դարսած։ Երեսը գրպանի աղլուխով սրբելուց հետո, գրպանից հանեց մի կոտրած սանր, սանրեց մազերը, առանձին խնամքով ոլորեց ճակատի վրա թողած երկար խոպոպիկը, հետո առավ գդակը, թափ տվեց ձեռքով, ծուռ դրեց ծոծրակին և դիմեց դեպի դուռը։ Դռան մոտ կանգ առավ հանկարծ և նայեց կարկատանի վրա կռացած մոր մեջքին։ Ու նորից տրամադրվեց կատակ անելու։

— Լավ, նանի, չայ խո չտվի՞ր, — ասաց։

— Գնա հրեն տրախտիրը՝ չայ էլ կխմես, արաղ էլ, — պատասխանեց պառավը, առանց գլուխը կարկատանից բարձրացնելու։

— Վա՜յ, նանի, նանի, գրողը քեզ տանի, — կանչեց Արտեմը ծիծաղելով, լայն շեք տվեց մոր վրայով և դուրս գնաց։ — Հը, ի՞նչ ես քիթ ու մռութդ հավաքել, — ասաց, հանկարծ կանգնելով մոր առջև. — ուզո՞ւմ ես, լոթիանա փող բախշեմ։

— Փող ունես, տար արգանով քեփ արա, ինձ խի՞ կտաս, — քրթմնջաց պառավը միշտ գլուխը կախ կարկատանի վրա։

— Հայ գիդի, նանի, աչքդ ոնց վախեցել ա։ Այ թե չեմ տա։ — Արտեմը ձեռքը կոխեց սև սատինի արխալուղի գրպանը և սկսեց դրամները չխկչխկացնել գրպանի մեջ, պառավի՝ ախորժակը գրգռելու համար։ — Հը, տա՞մ։

Դրամների չխկչխկոցը, հիրավի, իր մոգական ազդեցությունն ունեցավ պառավի վրա։ Նա կարկատանը մի կողմ դրեց և ձեռքերն աղերսագին մեկնեց դեպի որդին.

— Վույ, տու, տու, Արտեմ ջան, քեզ մատաղ ըլի նանը։ Արտեմը մի բուռ սև ու սպիտակ դրամներ հանեց գրպանից և այս անգամ սկսեց չխկչխկացնել բռան մեջ։

— Տա՞մ, ասում ես։

Պառավը մի քիչ բարձրացավ նստած տեղից՝ ձեռքերը միշտ պարզած դեպի որդին.

— Արտեմ ջան, արևիդ մեռնի նանը, հենց իմանաս ժամի դռանը նստած մի աղքատ եմ։

— Լավ, որ տամ, ի՞նչ կանես։

Պառավը շտապով վեր կացավ։

— Ա՛յ ինչ կանեմ, Արտեմ ջան։ Առաջ մի քիչ բուրդ կառնեմ, թել կմանեմ, գուլպա կգործեմ քեզ հմար էլ, ինձ հմար էլ։ Եննա սապուն կառնեմ, կլվանամ քու փոխնորդն էլ, իմն էլ։ Եննա նավթ կառնեմ, որ գիշերը գաս՝ վառեմ։ Եննա չայ-շաքար կառնեմ, մի քիչ էլ գործլի, որ առավոտը վեր կենաս, չայ խմացնեմ։ Եննա...

— Վա՛-վա՛, է՜, չհատա՞վ, — բացականչեց Արտեմը։

— Ո՞նց հատնի, Արտեմ ջան, քիչ պակասություն ունե՞նք, — ասաց պառավը։ — Հըլա հավերի կուտը չասեցի։ Բա պանիրը, քանի վախտ ա սրտով պանիր եմ ուզում։

— Պանիր չէ, հա՛, բիշկեթ-կատլետ չես ուզի՞, — ասաց Արտեմն այս անգամ արդեն առանց կատակի։ — Անտեր մունդռիկ, ղորթ խո փող չեմ կտրում։ Դե, փեշդ բաց արա ու ընչ որ կտամ, ձեն չհանես, թե չէ...

Պառավը մի քայլ մոտեցավ որդուն և փեշը դեմ արեց աչքերն անհամբեր տնկած նրա ձեռքին։

Արտեմը բաց արեց բուռը, մեկ-մեկ ջոկեց սպիտակ դրամները, գրպանն ածեց և մնացած սև փողերը թափեց մոր փեշը։

— Հը՛, էլ չասես, թե փիս տղա ունես։

— Վո՜ւյ, չէ՜, չէ՜, լավն ես, լավը, Արտեմ ջան։ Վո՛ւյ, արևդ ապրի, Արտեմ ջան։ Վույ, խնդաս ու մխիթարվես, Արտեմ ջան։

Պառավը նորից նստեց դռան շեմքին, գոգը բաց արեց և սկսեց համրել դրամները։ Ուրախությունից ձեռքերը դողում էին։

Արտեմն ինքն ուրախացել էր նրա ուրախության վրա։ Նա պպզեց մոր առջև և ժպտերես նայեց նրա դեմքին։

— Հը՛, տվի՞, թե չէ, — հարցրեց։

— Տվի՜ր, տվի՜ր, Արտեմ ջան։ Վո՜ւյ, դու շատ ուրախանաս, ոնց որ ինձ ուրախացրիր։

Արտեմը ծիծաղեց, թեթևակի խփեց մոր ծնկանը, վեր թռավ պպզած տեղից և հեռացավ լայն ու չափավոր քայլերով, որի ժամանակ նրա շալի չուխայի ծանր փեշերը ծափ էին տալիս երկարաճիտ չուստերին։

* * *

Անցավ մոտ երկու շաբաթ։

Պառավ Մարանն ապրում էր էլի այնպես, ինչպես առաջ։ Արտեմի տված փողերն ինչքան էլ որ խնայողաբար էր ծախսել, էլի շատ շուտ էին հատել։ Պառավը զարմանում էր, որ այդ փողերով ոչ մի փոփոխություն չէր կատարվել իր կենցաղի մեջ։ Նրա ստացած միակ շոշափելի օգուտն այն էր, որ այդ ժամանակամիջոցում տասը — տասնհինգ ձու էր ետ գցել թուխս նստեցնելու համար։

Մի օր Արտեմը կրկին եկավ։ Սովորաբար, երբ տունը միտն էր գցում, գալիս էր կեսգիշերից անց, շատ անգամ լուսադեմին, բայց այս անգամ այնքան վաղ եկավ, որ պառավ Մարանը դեռ անկողին չէր մտել։ Այդ բանը խիստ զարմացրեց պառավին։

— Արտեմ ջան, հիվանդ խո չե՞ս, — հարցրեց նա անհանգստացած։

Արտեմը չպատասխանեց։

Մարանը խրճիթի կիսախավարի մեջ աշխատեց լավ դիտել որդու դեմքը, բայց ոչինչ չկարողացավ տեսնել, բացի այդ դեմքի խավար ուրվագծից։ Շտապեց լամպը վառել։ Հետո մոտեցավ որդուն։

Արտեմը երեսնիվեր պառկել էր թախտի վրա, ձեռները գլխի տակ դրած։

Պառավը խոնարհվեց նրա դեմքի վրա և վախեցավ։ Արտեմի դեմքը սաստիկ մռայլ էր, աչքերը պլպլում էին. երևում էր, որ խիստ վատ տրամադրության մեջ էր։

— Արտեմ ջա՞ն, — շշնջաց մայրը։

— Հը՛, — հանկարծ մռնչաց Արտեմն իր հուժկու ձայնով և աչքերը ոլորեց մոր վրա։

— Ընչի ես ըտենց, — հարցրեց պառավը երկյուղով։

— Մի՛ խոսացնի, թե չէ՝ էս ջգրած սրտովս մի քացի կտամ, որ տեղնուտեղդ բանհոգի կըլես, — արտասանեց Արտեմը հանդարտ, բայց սարսափ ազդող ձայնով և նույնիսկ բարձրացրեց ոտը։

Մայրը կծկվեց և սուս ու փուս հեռացավ։

Տիրեց երկարատև լռություն։

Ճրագի լույսից և խոսակցության ձայներից հավերը զարթել էին։ Թառի վրա նստած, պլզել էին իրենց կլորիկ աչքերը և ըստ երևույթին, հետաքրքրված ճրագի անսովոր լույսից, դեսուդեն էին նայում։

Պառավը, թախտի ծայրին կուչ եկած, մտածում էր, թե ի՞նչ էր պատահել Արտեմին։ Հիշեց անցյալից մի դեպք, երբ որդին նույն տրամադրությամբ տուն էր եկել, բայց այն ժամանակ պատճառը չծածկեց, ասաց, որ ղումար խաղալիս շատ փող էր տարվել։ Երևի հիմա էլ այդպիսի մի բան կար, — մտածեց պառավը և ուզեց մխիթարել որդուն։

— Արտեմ ջան, նավթը քու բաշխած փողովն եմ առել, ա՜յ, — ասաց նա, տեսնելով, որ որդին մտածմունքի մեջ խորասուզված, մռայլ հայացքով անթարթ նայում է լամպին։ Արտեմը ձայն չհանեց։

— Քանի՛ վախտ ա առել եմ, հա՛, քեզ հմար էի պահում, որ գաս՝ վառեմ, — ավելացրեց պառավը։

Արտեմը դարձյալ լուռ մնաց։

— Քիչ չայ-շաքար էլ եմ առել, առավոտը չայ կխմացնեմ, — նորից խոսեց պառավը։

Արտեմն անշարժ պառկած էր միշտ միևնույն դրության մեջ։ Կարծես չէր էլ լսում մորը։

Պառավի սրտին դիպավ, որ որդին ոչ մի ուշադրություն չի դարձնում իր խոսքերին։

— Թ՝ե քունդ տանում ա, ասա տեղաշորդ գցեմ, — ասաց նա նեղացած, երկար լռությունից հետո։

Արտեմը պատասխանելու տեղ մութաքան քաշեց գլխի տակ, կուռը գցեց երեսի վրա, և մի քանի րոպեից հետո լսվեց նրա խռմփոցը։

Մարանը հին, կեղտոտ մթելով ծածկեց նրան զգուշորեն, որ քունը չխանգարի, լամպը հանգցրեց, կատարեց իր սովորական աղոթքը և անկողին մտավ։

«Էդ ա, փողերն էլի տանուլ ա տվել», — վճռեց սա մտքումը դարդակալած։ Այնինչ՝ հույս ուներ, թե որդին առավոտյան նախորդ անգամվա պես փող կտա իրեն։

Ծեգը նոր էր բացվում, փոքրիկ պատուհանի մութ ապակիները նոր-նոր սկսել էին պարզվել, երբ հավերի օտարոտի կռկռոցը հանկարծ զարթեցրեց պառավին։ Նա գլուխն արագ բարձրացրեց և նայեց թառի կողմը, այնտեղ մթնշաղի մեջ նրա քնաթաթախ աչքերին հազիվհազ նշմարելի եղավ մարդու մի սև ուրվագիծ։

— Էդ ո՞վ ես, — աղաղակեց պառավը սաստիկ վախեցած և մեքենաբար նստեց անկողնում։

Մարդու ուրվագիծը շարժվեց դեպի դուռը լսվեց սողնակի չրխկոցը։ Դուռը բացվեց։ Մարդու ուրվագիծը մի վայրկյան երևաց վաղորդյան դալուկ լույսի մեջ և չքացավ։ Դուռը բաց մնաց։ Հավերի կռկռոցը լսվեց դրսից և հանկարծ լռեց։

Պառավին թվաց, թե երազի մեջ է, նա վրա ընկավ և ղողդողացող ձեռքերով սկսեց շոշափել Արտեմի պառկած տեղը թախտի վրա։ Տեղը դատարկ էր։ Խելագարի պես թռավ թախտից և վազեց դեպի թառը։ Թառը նույնպես դատարկ էր։ — Վա՜յ, քու սիրտը չմեռնի, Արտե՛մ, էս ի՛նչ արիր, — ճչաց պառավը և, շտապով դերիան գցելով գլխին, դուրս ընկավ։

Ու հևալով, անդադար սայթաքելով սկսեց վազել ամայի փողոցի երկարությամբ, առանց զգալու, որ սուր-սուր խճաքարերը ծակում են իր չորիկ-մորիկ մերկ ոտները։ Հետո, այլևս չկարողանալով շունչը ետ բերել, կանգ առավ, նստեց հենց այնտեղ, փողոցի մեջտեղը, և սկսեց թակել ծնկներն ու լալ առանց արտասուքների։ Արտեմը չքացել էր։

1890