Վալերի Բրյուսովին (Եղիշե Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վալերի Բրյուսովին

Եղիշե Չարենց

Սառն ու հմուտ էիր, խոր ու գիտուն,
Պատմությունն էր անհուն քո Մուսագետը,—
Եվ դու եղար մեզ հետ, երբ ահավոր աղետը
Մոլեգնությամբ իր բիրտ մտավ մեր տուն։—

Այն օրերում մեր տունը չկար խնդում,
Կորնչում էր միգում մեր արահետը,—
Եվ մեր հանճարը հին, կոփված անդուլ
Սերունդների ջանքով — դեռ անծանոթ մի գետ էր։

Դու սուզվեցիր, վարպե՛տ, անեզրական այդ ծովը,
Եվ շլացած անծիր մեր գանձերի փայլից —
Ելար, ինչպես նավազ1, որ գյուտերից գինով է...

Եվ աշխարհի առջև, որ դեռ ահով էր լի,
Դու բացեցիր ոգու մեր գանձարանն անհուն—
Եվ մեզ համար դարձար — անմարելի անուն։