Jump to content

Վաղը մարտի 8-ն է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՎԱՂԸ ՄԱՐՏԻ 8-Ն Է

Մարանենց հին տունն այդ օրը անճանաչելի էր դարձել։

Մգլոտած օճորքը սրբել, մաքրել էին, գետինը լավ ավլել, պատերի ճեղքերը թղթով կալել ու շարվեշար կախ արել նկարներ, կարմիր շորով նկարների չորս կողմը սարքել։ Եվ այնքան վա՜ռ էր երևում պատերի վրա կարմիր գույնը։

Երբ Մարանենց պառավը շեմքից ներս մտավ, զարմացած մնաց։

— Ախչի, էս հո հարսանքա՞տուն եք շինել մեր ղարադամը։

— Մինա՛ հորքիր, դու էգուց արի, հարսանիքն էգուց կտեսնես,— ձայն տվեց Աննան, որ քթոցի վրա բարձրացած աշխատում էր կարպետի մի ծայրը հագցնել սեպին։

— Բա էդ ի՞նչ ա,— հարցրեց պառավ Մինան, մի քիչ առաջանալով։

— Էս բեմ ա, բեմ... էգուց թատրոն ենք տալու,— պատասխանեց կինը և կարպետի ծայրը սեպին հագցնելուց հետո քթոցը մոտեցրեց մյուս պատին, վաղվա ներկայացման համար կարպետից վարագույր սարքելու։

Պառավ Մինան մոտեցավ մի ուրիշ կնոջ, որ թղթեր էր խմորում ու փակցնում պատերին։ Հարցրեց նրան, թե ինչ թղթեր են, գլուխն օրորեց ու, իրեն–իրեն խոսելով, դուրս գնաց։ Կանանցից մեկը նրա ետևից չանչ արեց, մյուսը նախատեց չանչ անողին։

— Ի՞նչ է հասկանում խեղճը, որ չանչ ես անում...

— Է՞ն չի հասկանում։ Գիտե՞ս ինչ սատանան ա։ Ասենք հիմա յա խեղճացել։ Մարանենց Մինան մի ժամանա՜կ ուներ որ…

— Ձեռքովը գա, հիմա էլ կանի,— ձայնեց մի ուրիշ կին, որ օգնում էր Աննային՝ բեմը սարքելու։

— Ասում են հարսին գերեզման գցողը սա է եղել... Էնքան թուք ու մուր է տվել երեսին, ծեծել... Հիմա եկել ու քաղցր զրույց ա ուզում անի մեզ հետ։ Էգուց տես ինչեր ա պատմելու մեր մասին...

Աննան և սարքում էր բեմը, և կիսականջ լսում ընկերների խոսք ու զրույցը Մարանենց պառավի մասին։ Եվ երբ բեմից իջավ, որ հեռվից նայի պատերից կախ կարպետներին, հանկարծ աչքն ընկավ սեղանին ու սեղանի վրա դրած շալին։ Աչքն ընկավ, ու մի վայրկյան աչքը սառած մնաց։

— Հը՞, զարմացա՞ր։ Տես ինչ շալ եմ առել,— ասաց շալի տերը, նկատելով Աննայի սառած հայացքը։

— Չէ, էնպես աչքս ընկավ... Ախչի, մի տեսեք բեմը պակաս տեղ հո չունի՞... —Ու մինչդեռ այս ու այն կողմից ձայն էին տալիս, մեկը՝ թե կարպետը ծուռն է կախած, մյուսը՝ որ բեմը լավ է սարքած,— Աննայի աչքը շալին էր։ Կամաց–կամաց դեմքի արտահայտությունը փոխվեց, զգաց, որ հոգնել է ու նստեց տախտակի վրա...

Այդպիսի շալ ուներ և քույրը։ Փաթաթվում էր միջին, երևում էր միայն աչքն ու ունքը։ Այնքա՜ն սիրուն էր Փառանձեմը ծաղկանկար շալով։ Նստում էին տան առաջ, թթենու տակ, խաղեր էին անում, Փառանձեմը տիկնիկներ էր շինում, տալիս իրեն։ Եվ իսկույն Աննան պիտի վազեր հարևանի աղջիկներին ցույց տալու իր նոր տիկնիկը։

Աննայի միտն ընկավ, թե ինչպես մի անգամ տեսավ քարերի վրա ընկած բարակ, երկար, պսպղուն կտոր... Ուրախացած մոտ վազեց, որ վերցնի, Փառանձեմը տեսավ ու ծկըլթաց։ Քարերի վրա գարնան արևի տակ տաքացող օձը կամացուկ շուլալվեց ու պահվեց քարերի արանքում։

Աննան ժպտում էր։

– Էն ո՞ւր փախավ կտորը...

— Էն օձ էր, օձ...Որ բռնեիր, ձեռքդ կկծեր,— ասաց Փառանձեմը ու գրկեց նրան։ Նստում էին թթենու տակ, ու եթե տանը մարդ չէր լինում, Փառանձեմն Աննային ուղարկում էր հարևանի աղջկան կանչելու։ Ծնողներն անհաշտ էին իրար, գնալ-գալ չունեին։ Իսկ Փառանձեմն ու հարևանի տղջիկր մոտ ընկերներ էին։ Եվ հենց որ տանն էլ ուրիշ մարդ չլիներ, Փառանձեմը կասեր…

— Աննա, գնա Սրբուհուն կանչիր... Համա լեզուդ կկտրեմ, որ ուրիշին ասել ես։ Էլ տիկնիկ չեմ շինի քեզ համար։

—Ինչի ես նստել, Աննա,— ձայն տվավ սեղանի վրա թուղթ խմորող կինը,— վե'ր, գործ արա։ Էգուց մարտի 8-ը լինի, դու պարապ նստելս...

Աննան ցնցվեց, սթափվեց։ Ձեռքերը մազերին տարավ, երեսի վրա կախ ընկած մազերը ետ քաշեց, մոտեցավ սեղանին։ Մի կին պատմություն էր անում։ Աննան խմորը մատով քսում էր թղթին, դեն դնում։ Մի ուրիշը խմորած թղթերը փակցնում էր ծխից սևացած, հարյուր տարվա պատերին։

Մի անգամ էլ բակում նստել, միամիտ խաղում էին։ Հանկարծ դուռը բացվեց, մայրը ներս մտավ ու Փաոանձեմին ասաց․

— Գնա մազերդ սանրի... էն կապույտ դեյրադ էլ հագի։ Տունը մարդ ա գալու։

— Բա ե՞ս…— հարցրեց Աննան։ Մայրը չպատասխանեց, ավելն առավ և սկսեց արագ–արագ ավլել սրահը, գետնին խսիր փռել։ Փառանձեմը նայեց, շատ նայեց Աննային, ու երբ մայրը մի անգամ էլ կանչեց, վեր կացավ ու ներս մտավ տուն։

Մի քիչ հետո Մարանենց պառավն եկավ։ Ու դեռ չէին քչփչացել իրար հետ մայրն ու Մարանենց Մինան, երբ ներս մտան հայրն ու մի ուրիշ երկար հասակով մարդ, որ կռանալիս գլուխը դռանը զարկեց ու թոնթորաց։

— Ափի, էլի մեր եզը պիտի ծախե՞ս,— հորը հարցրեց Աննան։ Ի՜նչ ցուրտ էին այն մարդու մատները, երբ նա ձեռքը մեկնեց և Աննայի թշերից բռնեց։ Գոմում մի պառավ եզ կար։ Ամեն գարնան հայրը մտադրվում էր ծախելու, առնողները գալիս-գնում էին, ու եզը մնում էր գոմումը։ Այդպես էլ մնաց, մինչև որ մի առավոտ գոմում անշնչացած տեսան։

Թե ինչ կատարվեց այդ և հետագա օրերում, Աննան չէր կարող հասկանալ։ Ու մի օր էլ շատ միս բերին, Փառանձեմի համար նոր շորեր առան, եկան հարևան ու բարեկամ, բակում կրակներ վառեցին ու մեծ կաթսաները դրին կրակի վրա։

Փառանձեմը լաց էր լինում։ Աննան հենց որ հեռանում էր նրա մոտից, ուրախ-ուրախ թռչկոտում էր։ Եկողները նրան միրգ էին տալիս։ Բայց երբ մոտենում էր Փառանձեմին, ուրախությունը կորչում էր...

Մութը ընկնելուց' Փառանձեմը Աննայի հետ կամացուկ տնից դուրս եկավ։ Նա տան ետևին պահվեց, Աննան վազեց Սրբուհու մոտ։ Այն իրիկուն նրանք քիչ խոսեցին։ Հանկարծ մայրն երևաց։ Փառանձեմը աղաչեց, լաց եղավ։

— Ջան, էլ չեմ անի։ Սիրտս ուզեց։

Մայրն էլ լաց եղավ Սրբուհու հետ։ Հետո բաժանվեցին։ Տան կողմը ծռվելիս, Փառանձեմը ետ նայեց։ Սրբուհին էլ էր կանգնել իր տեղում։ Եվ երբ տուն մտան, Աննան կամացուկ քրոջը հարցրեց.

— Բա Սրբուհին գիշերս բոստա՞նում պիտի քնի...

Փառանձեմը կռացավ, համբուրեց Աննային. արցունքները կաթեցին նրա աչքերից։

Զուռնի ձայնը երբ լսվեց, Աննան դուրս թռավ։ Դարպասը բաց արին, ինչ֊որ մարդիկ հարայ-հրոցով, զուռնա-դհոլով բակը մտան։ Պարում էին բակում, ծափ էին տալիս։ Մեկը բարձր կանչում էր։ Դհոլի ձայնից դրմբում էր տունը։ Գնում- գալիս էին, մեկը թե'

— Ախչի, կորի' է", ոտնատակ կլինես...

Աննան ետ եկավ քրոջը պատմելու, թե բակում ինչ լավ են պարում, ինչքան շատ մարդ է եկել։

Փառանձեմին հագցնում էին։ Մրսում էր։ Ծաղկանկար շալը գցել էր ուսին, լուռ կանգնել։ Բարեկամ կանայք շորերն էին շտկում, սիրտ տալիս։ Ինչո՞ւ էին մոմ դրել Փառանձե մի ձեռքին։ Մոմը դողում էր, կրակը թրթռում էր։ Բարակ քող էին գցել Փառանձեմի գլխին, և մոմի լույսի տակ, քողի արանքից, նրա դեմքը սփրթնած էր երևում։

Մյուս առավոտ Աննան զարթնեց, զարմացած նայեց չորս կողմը։ Իր տեղաշորում չէր քնել, շորերը հագին էր։ Փառանձեմր չկար։ Մայրը ուռած ու կարմրած աչքերով ներս ու դուրս էր անում, հավաքում ամանները, կարպետները։ Աննան նըստեց տեղաշորում, աչքերը տրորեց, հետո նայեց մորը։ Մայրը մոտեցավ, կռացավ ու նրան համբուրեց։ Արցունքներն ասես մոր համբույրին էին սպասում, որ ծլլան։ Երազի պես թվաց Փառանձեմի դեմքը լուսադեմին։ Ականջին ինչ–որ բան ասաց, պինդ համբուրեց։ Իսկ Աննան տրտնջում էր, որ քունը տանում է։

Նույն օրն էլ գնաց քրոջը տեսնելու։ Ուրիշ տուն էր, ուրիշ մարդիկ, և ույդ ուրիշների մեջ լուռ ու անխոս Փառանձեմը։ Երկար հասակով մարդը գրկեց Աննային, ուզեց համբուրի։ Բայց Աննան դուրս թռավ նրա գրկից, վազեց քրոջ մոտ։ Բեղերն այնպե՜ս էին ծակում, և այնպես վատ հոտ էր գալիս նրա բերնից։

Այդ տանը մնաց մինչև իրիկուն։ Բաժանվելիս Փառանձեմը նրան միրգ տվեց, կանչեց մի անկյուն և ասաց․

— Սրբուհուն կասես, որ կիրակի օրը մեր բոստանում ինձ տեսնի։ Համա տես, որ ուրիշին ասել ես, էլ քեզ տիկնիկ...

Լացը խեղդեց, չկարողացավ խոսքը վերջացնի։

— Էստեղ լավ չի, արի գնանք մեր տուն,— ասաց Աննան։ Փառանձեմը ժպտաց։

— Դե, մութն ընկնում ա, գնա' բալիկ։ Նանին հիմա մենակ ա։ Խելոք կաց...

Գնում էր գալիս։ Մի քանի անգամ Փառանձեմը եկավ իրենց տուն։ Առաջվանը չէր։ Աննան ուզում էր, որ նստեին թթենու տակ, հավաքում էր գույնզգույն կտորներ, բայց Փառանձեմն էլ' առաջվա պես սիրուն տիկնիկներ չէր սարքում։

— էլ հերիք ա, Աննա. Մարանենց պատերը սաղ թղթեցինք,— ասաց կինը, որը Աննայի խմորած թղթերը փակցնում էր պատերին։

Կինն իր պատմությունը դեռ չէր վերջացրել։ Աննան լավ չէր լսել նրա պատմածը... Երկու ձիավոր էին... Կարճլիկ մարդը հենց նրանց տեսավ թե չէ… Այդ ժամանակ Մարանենց պառավը դեռ ջահել աղջիկ է լինում...

— Աննա, համ զրուցին ականջ արա, համ էլ սրանից մի հատ գրի, բեմից կախ տանք,— ասաց պատմություն անող կինը, Աննային մեկնելով թղթի մի կտոր և ապա բաց գիրքը։

Աննան գրքից պիտի արտագրեր մի քանի խոսք։ Փորձեց, լավ դուրս չեկավ... Տառերը խառնվում էին իրար, շաղվում։ Թուղթը շուռ տվավ մյուս երեսի վրա…

Ու մի օր էլ Աննան գնաց, Փառանձեմին անկողնում պառկած տեսավ։ Գնացել էր կորեկ քաղելու, թռել էր առվի վրայով, ճմացել էր ոտքը, թաթի խաղը դուրս էր ընկել։ Մինչև իրիկուն աշխատել էր արտում, երեկոյան կաղալով տուն էր եկել։ Մյուս օրն անկողնուց վեր չէր կացել։

Փառանձեմը Աննային երբ տեսավ, ասես սիրտը բացվեց։ Վերմակի մի տուտը բարձրացրեց։ Աննան թեք ընկավ նրա կողքին։ Մի կին տաք մոխիր էր լցնում պարկերի մեջ և շուտ–շուտ մոխրով լի պարկերը դնում Փառանձեմի ուռած ոտքի վրա։ Քույրը ցավից տնքում էր, կինը սիրտ էր տալիս։

Այդ օրը մայրն էլ եկավ։ Աննան անչափ ուրախ էր։ Նրան թվում էր, թե ուրիշի տանը չեն, այլ իրենց, Փառանձեմը սուտ է պառկել, ոտքը չի էլ ցավում։ Այնպես էր ուզում գլորվել ու խաղալ նրա վերմակի վրա, ինչպես առաջ, երբ միատեղ էին քնում։

Մյուս օրը Մարանենց Մինան եկավ։ Սպասում էին դալլաք Սիմոնին։ Փառանձեմը մաշվել, դեղնել էր։ Գիշերը քունը չէր տարել։ Երբեմն տնքում էր, բայց և ոչ մի խոսք չէր ասում։ Դալլաք Սիմոնն եկավ. վերմակը վեր քաշեցին, և Աննան տե- սավ քրոջ ուռած ու սպիտակ ոտքը։ Իրեն դուրս տարան։

Բակում ուրիշ երեխաներ էին խաղում։ Աննան կանգնել էր ու նայում էր նրանց, երբ հանկարծ ականջովն ընկավ քրոջ ճիչը։ Վազեց դեպի դուռը, հրեց, դուռը ներսից փակել էին։ Փառանձեմը ցավից ծկլթում էր, բարձր կանչում։ Աննան դռան մոտ լաց էր լինում, ուսով դուռը հրում, բռունցքներով զարկում։ Ներսից ոտնաձայն էր լսվում, գնում էին, գալիս, ամանների շրխկոցի ձայն էր լսվում։

Դուռը հանկարծ բացվեց։ Մի կին արնով լի տաշտը դուրս էր տանում։ Աննան ներս վազելիս, կպավ տաշտին, քիչ մնաց տաշտն ընկներ կնոջ ձեռքից։

Փառանձեմն աչքերը բաց ու խուփ էր անում։ Սպիտակել էր երեսը, շրթունքները կապտել էին։ Աննան զարմացավ, թե ինչու Փառանձեմը նայում է ու իրեն ոչինչ չի ասում, չի կանչում՝ կողքին նստեցնում։ Դալլաք Սիմոնը արնոտ ածելին վերմակի ծայրին էր քսում և հույս էր տալիս, որ երկու օրից ուռուցքը կքաշի։

Մայրն անխոս էր։ Կռացել էր, երբեմն ձեռքով սրբում էր Փառանձեմի ճակատի քրտինքը։ Միայն Մարանենց Մինան էր, որ դալլաքի հետ զրուցում էր և մի պատմություն անում, թե ինչպես տարիներ առաջ մի ուրիշի գլխին էլ այդպիսի փորձանք է պատահել և թե ինչպես էր նա առողջացել։

— Փորձանք ա, կպատահի... Մարդս որ կա, մի անգիտուն հեյվան ա... Միայն տերը կարող ա փորձանքը իմանա։

Սակայն օրեցօր ուռուցքը շատացավ, վերքը թարախոտեց։ Փառանձեմը դժվար էր շնչում, չէր կարողանում տեղում շարժվել։ Ոչ ուտում էր, ոչ խմում և ոչ էլ խոսում։ Երբեմն աչքերը բաց էր անում, նայում սրան նրան, շրթունքները շարժում, բայց ձայնը չէր լսվում, թեկուզ կռանում էլ էին և ականջները մոտեցնում բերանին։

Ու մի անգամ մայրը նայեց աղջկա դեմքին, շարժվող շրթունքներին, Աննային ասաց․

— Սրբուհուն ա ուզում, Աննա, գնա կանչի...

Երբ Սրբուհին ներս մտավ, Փառանձեմը ժպտաց։ Չկարողացավ ոչ մի խոսք ասել։

Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին աչքերը սրբելով, դուրս եկավ սենյակից, մի անգամ էլ ետ նայեց բաց դռնով և նրան կանչեց։

–Գիշերս գնանք մեզ մոտ, Աննա, նանիդ ու հերդ էստեղ են մնալու։

Առավոտ կանուխ, երբ Սրբուհու հետ միասին Աննան մոտեցավ Փառանձեմենց բակին, ներսից վայնասունի ձայն լսեցին։ Սրբուհին թողեց Աննայի ձեռքը, և, մազերը քանդելով, ներս վազեց։ Փառանձեմը մեռել էր…

— Ի՞նչ եղավ, Աննա, հը՞, էդ ինչ է, աչքերդ ջրակալած են,— հարցրեց կինը, որ պատմությունն արդեն վերջացրել ու նայում էր, թե ինչպես է Աննան շուռ ու մուռ տալիս թուղթը։

Աննան փղձկաց, արցունքները թափվեցին սպիտակ թղթի վրա։

— Ինչո՞ւ ես լալիս, Աննա... Գիժ հո չե՞ս…, էգուց մարտի 8-ն է, դու ճառ ես ասելու... — Հեչ, միտս եկավ մեր Փառանձեմը,— ասաց Աննան և արցունքները սրբեց։ Տիրեց լռություն։

— Թե ողջ մնար, հիմա մեր միջի առաջավորը կլիներ...

— Էնքան էդպես անտերունչ ու անխոս մե՜ռել են... Ի՞նչ էր մեր հալր, կարո՞ղ են հիմա զոռով պսակեն, դալլաք Սիմոնին կթողնեի՞նք, որ նշտարեր...

Աննան ունքերն իրար հավաքեց, մոտեցրեց թանաքամանն ու փետուրի ծայրով թղթի վրա մեծ տառերով գրեց.

խորհրդային իշխանությունը մեզ ազատություն բերեց, կեցցե մարտի 8–ի տոնը


Հետո վեր կացավ, գրածը կախեց բեմի ճակատից, մի քիչ նայեց ու թեթևություն զգաց։

Մութ էր, երբ կին ու աղջիկ ցրվեցին գյուղի ծուռ ու նեղլիկ փողոցներով։ Ու հեռվից իրար կանչում էին.

— Աղջկերք, էգուց կանուխ կգաք, մարդ շատ կլինի, բոլորին իմաց կանեք...

Աննան քայլում էր մյուսների հետ։ Վճռական և ուրախ շեշտ կար նրա ձայնի մեջ, երբ ընկերներից բաժանվելուց հետո գյուղի խաղաղ փողոցում բարձր կանչեց.

— Աղջիկներ, վաղր մարտի 8֊ն է...