Վայելուչ խոսակցություն պարոն Ա. Եզեկյանի հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վայելուչ խոսակցություն պարոն Ա. Եզեկյանի հետ

Հովհաննես Թումանյան

[ 299 ] սկսում կամ ավելի ճիշտը, բռնում է Հ. Առաքելյանին, շատ շուտով բանն այնտեղ է հասնում, որ այս ու այն կողմից սկսում են բողոքել, թե՝ այս ինչ է, միայն հայհոյանքներ ենք լսում։ Հարկավ, ուրիշների հետ բանակռվելիս էլ է պատահում, բայց սակավ, իսկ դրա հետ միշտ հայհոյանքով է վերջանում, ընչի մասին ուզում է լինի և ով ուզում է լինի։ Թե ինչո՞ւ է այս այսպես, Ձեզ եմ թողնում սրա լուծումը, քանի որ Դուք նրա զինակիցն եք նույն թերթի մեջ և անշուշտ լավ եք ճանաչում, բայց փաստը փաստ է, որ նրա հետ բանակռվելիս, ընթերցողն սկսում է բողոքել։ Ծիծաղն այն է, որ այդպիսի ժամանակները պարկեշտ մարդու կեղծամ են հագնում ու ծանր-ծանր հրապարակ իջնում վայելչության դասեր տալու և հայհոյանքի դեմ բողոքելու, նույնիսկ, շատ այնպիսի մարդիկ, որ բացի սուտն ու հայհոյանքը էլ ուրիշ ոչինչ չունեն տված աշխարհքին, և այս երեվույթն այնքան է ավելի զզվելի, որ մարդ ակամայից բացականչում է, թե էլի ողորմի Հ․ Առաքելյանի հորը, նա միայն սուտ է խոսում ու հայհոյում, իսկ սրանք և՛ սուտ են խոսում, և՛ հայհոյում, և՛ պարկեշտ ձևանում, փարիսեցիություն են անում։

Դուք գիտեք, որ այս տեսակի մարդկանց մասին խոսելիս, ես Ձեզ չունեմ ի նկատի և չի կարող պատահել, որ այդպես լինի։ Ձեզ սազում է, որ խոսում եք վայելչության մասին, բայց այդ խոսքը, որ ասվում է որոշ ժամանակ, մի կոնկրետ դեպքի առիթով, չի կարող մնալ չեզոք ու անպատասխանատու, որպես մի ակադեմիական ճառ «հաղագս վայելչության» և ահա այդ պատճառով Ձեզ էլ այսպես եմ ասում։

Պ<արոն> Ա. Եզեկյան, եթե սիրում եք ճշմարտությունն ու վայելչությունը, ինչպես է, որ այդ առաքինությունների վրա ճառելով հանդերձ, Դուք միշտ մնում եք կանգնած Հ․ Առաքելյանի կողքին, մի մարդու, որի նման ստախոս ու հայհոյիչ դեռ չի ստեղծել հայի հողը, մի մարդու, որի ստերը քանի՜-քանի անգամ մերկացրել են հայ մամուլի մեջ, որի անվայել ոճի ու հայհոյիչ բնավորության դեմ քանի՜-քանի անգամ բողոքել են ամեն կողմից, և, ասում եմ, այդ [ 300 ] մարդու դեմ Դուք մինչև այսօր բերան չեք բաց արել։ Ի՞նչ կասեք սրան, եթե Դուք սիրում եք ճշմարտությունն ու վայելչությունը։

Հեռու չգնանք։ Դուք ճշմարտության ու վայելչության չափ գրեթե սիրում եք մեր Ղազարոսին, Աղայանին։ Անցյալները երբ այդ մարդիկ տոնում էին պ. Ա. Քալանթարի հոբելյանը, «Մշակի» մեջ տպեցին իրենց աշխատակցի կոչը, թե պետք է ուշադրություն դարձնել նյութականի վրա, մինչև անգամ, որքան հիշում եմ, մի տեղից էլ փող ստացան ու տպեցին, բայց թե ինչո՞ւ — չգիտեմ, ընշթացք չառավ, գլուխ չեկավ։ Այն ժամանակ հրատարակեցին, թե մինչև այսօր կատարված հոբելյանների մեջ միայն Արծրունու և Քալանթարի հոբելյաններն էին գաղափարական ու պատվավոր, և անպատվության խոսքեր շպրտեցին մնացած հոբելյաններին ու հոբելյարներին։ Մինչդեռ միանգամայն սուտ էր. Արծրունու հոբելյանին կոչ են արել ու փող հավաքել ամբողջ աշխարհի առաջ, իսկ Քալանթարի հոբելյանին կոչ արին ու չհաջողվեց։ Իհարկե, սրա դեմ չբողոքեց այն հասարակությունը, որ կատարել է Գ. Քաթիպայի, Րաֆֆու, Պռոշյանի, Աղայանի ու Լեոյի հոբելյանները, և թողեց, որ ինքը Ղ․ Աղայանը դուրս գա ստախոսի դեմ։ Սակայն ստախոսը միայն ստախոս չէր, այլև անզուսպ հայհոյիչ, և ահա ստի ետևից եկավ հայհոյանքը։ Դուք ի՞նչ ասիք այն ժամանակ այդ ձեր զինակից Հ. Ա.-ին, պ. Եզեկյան, Դուք, որ սիրում եք և՛ ճշմարտությունը, և՛ վայելչությունը, և՛ Ղ․ Աղայանին։

Եվ ահա այսօր էլ գնացինք Էջմիածին ու ետ եկանք։ Նստել է ստեր է պատմում աշխարհին։ Ես, որ ուրիշ անգամ էլ բողոքել եմ նրա ստախոսության դեմ և, լավ ճանաչելով դրանց, գիտեմ, որ միայն փաստն է, որով պետք է դրանց բռնել ու կանգնեցնել, ոչ թե խոսքը, ինչ տեսակ խոսք ուզում է լինի, բռնում եմ այդ փաստն ու դնում ձեր առաջը։ Ասում եմ՝ նա դիտմամբ խեղաթյուրում է ուրիշների ասածները, վկաներ եմ ցույց տալիս, ասում եմ՝ նա սուտ հեռագիր է տվել այն ժողովին, ուր չի եղել, այն օրվանից, երբ այնտեղ չի եղել, վերջապես, եթե չեք հավատում Թիֆլիսի քաղաքագլուխ Խատիսյանին, Բարեգործական խորհրդի [ 301 ] նախագահ Ս. Հարությունյանին, «Մշակի» աշխատակից բժ. Արծրունուն և շատ ուրիշներին, որոնց հետ նա եկել է Թիֆլիս ու չի եղել Էջմիածին ամսի 20-ի ժողովին, եթե չեք հավատում ամբողջ ժողովին, որ կվկայի, թե նա ներկա չի եղել ու սուտ, խեղաթյուրած հեռագիր է տպում, գոնե հավատացեք իրեն, որ իր դեկտ<եմբերի> 20-ի հեռագիրը 22-ի №-ում տպելուց, Կարապետ եպիս<կոպոսի> հրաժարականն ու մասնաժողովի զեկուցումը պատմելուց, ժողովի որոշումը հայտնելուց հետո, ուղիղ վեց օր հետո, դեկտ<եմբերի> 26-ին «Մշակում», 2 երեսի, 4 սյունակում հենց այն ինքն է ասում, թե «հասնելով Թիֆլիս, իմացանք, որ պատգամավորների մի մասը մնացել է, շարունակել ժողովը, լսել է մասնաժողովի զեկուցումը, կարդացել է Կարապետ եպիսկոպոսի հրաժարականի պատճենը» և այլն, և այլն։ Բայց մի՞թե Դուք լսում եք պ. Եզեկյան, և մի՞թե ձեզ հետ լսում են այն մարդիկ, որոնք ականատես են եղած այս ամենին, կամ այն մարդիկ, որ կարդում են այդ թերթը, և այս բոլորից հետո այն հայհոյանքները, որ իբրե թե չեն սիրում։ Ոչ, պ. Եզեկյան, դժբախտաբար, մեր աշխարհքում և՛ սուտ են սիրում, և՛ հայհոյանքը, և՛ այն բողոքները, որ լսում ենք իբրև թե հայհոյանքների դեմ, մեծ մասամբ փարիսեցիություններ են, սակավ դեպքում, Ձեր և Ձեզ նման մի երկուսի բերանում դատարկ, ակադեմիական ճառեր։ Այլապես Դուք և Ձեզ նման ճշմարտություն ու վայելչություն սիրողները պետք է անպատճառ ատեն ստախոսությունն ու անվայելչությունը և իրենց դիրքը որոշեն ստախոս ու անվայելուչ մարդկանց դեմ։

Դուք ի՞նչ եք արել մինչև այսօր և ի՞նչ եք անում այսօր։ Ճա՞ռ եք ասում։ Ո՞ւմ դեմ։ Ոչ ոքի՞։

Բայց դա ի՞նչ բան է։ Մի՞թե այդպես են պաշտում ու պաշտպանում ճշմարտությունն ու վայելչությունը։ Դուք ընտրված եք դատավոր Հ․ Առաքելյանի կողմից։ Ավելի լավ կանեիք գոնե շտապեցնեիք և շուտ տեսնեիք մեր դատը, քան «Մշակի» էջերից այդպիսի ճառեր կարդայիք, առանց նկատելու, թե որքան քիչ վայելչություն կա այդ վայելչության ճառերի մեջ։