Jump to content

Վայր ընկնող աստղեր (Միքայել Նալբանդյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վայր ընկնող աստղեր

Միքայել Նալբանդյանի թարգմանությամբ

«Հայրիկ, ասաց դուստրը հորը,
Կապույտ երկնքի վերա
Ո՞րքան աստղեր փայլում են վառ,
Ասես համար, թիվ չըկա․
Ասում են որ ամենայն մարդ
Աստղիկ ունի երկնքում․
Ճշմարի՞տ է, ասա՛, հայրիկ,
Իմը ո՞րտեղ է փայլում»։

— Այո՛, դստրիկ, այդ աստղերը
Ունին հաշիվ ու համար,
Եվ մեզանից յուրաքանչյուր
Մի աստղ ունի յուր համար։

«Հայրիկ, տես, տես, աստղը թռավ
Հետքից պայծառ, գիծ թողեց․
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։

― Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ կացիր,
Դա մեծատան մի աստղ էր,
Որ յուր օրում, յուր կյանքումը
Խիղճ ասածը չը գիտեր․
Աղքատները նորա դռնից
Գիշեր ցերեկ հալածված․
Մի մարդ չը կար նորան ծանոթ,
Որ չը լիներ վշտացած։

«Հայրիկ, տես, տես, աստղ թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։

— Ով իմ զավակ, մի՛ վրդովվիր,
Դա աղջկա մի աստղ էր,
Որ յուր հոր ու մորը խոսքը
Յուր կյանքումը հարգած չէր․
Նա փախել էր յուրյանց տնից․․․
Մուր էր քսել տան վերա․․․
Յուր ծնողքը լացուցել էր,
Ինչքը վատնել անխնա։

«Հայրիկ, դարձյալ թռավ մի աստղ,
Վայր ընկավ նա երկնքից․
Հայրիկ, ովի՞ աստղն էր արդյոք,
Որ զրկվեցավ յուր տեղից»։

— Ո՛հ, դստրիկս, հանգիստ կացիր,
Կեղծավորի դա աստղ էր,
Որ յուր օրում ուղիղ մի խոսք
Մարդու երբեք ասած չէր․
Փարիսական յուր ձևերով
Աշխարհք խաբեց, զարմացուց,
Այդ պատճառով աստված նորա
Աստղի լույսը խավարցուց։

«Հայրիկ, տես, տես, մյուս աստղ թռավ
Եվ գիծ անգամ չը թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։

— Ո՛հ, սիրական, խաղաղ մնա,
Բռնակալի դա աստղ էր,
Որ աշխարհը յուրյան գերի
Ծնած օրեց կարծել էր,
Շատ հալածանք, շատ նեղություն
Պատճառեց նա յուր կյանքում․
Շատ տուն քանդեց, շատ մարդ զրկեց,
Գութ չունեցավ յուր սրտում։

«Ապա այն ի՛նչ աստղ է, հայրիկ,
Որ այնպես պարզ վառվում է,
Նորա մաքուր պայծառ լույսը
Չորս կողմը բակ բռնել է»։

— Ո՛հ, իմ դստրիկ, աղո՛թք արա,
Դա ծերունու մի աստղ է,
Որ յուր կյանքում ոչինչ մարդու
Ոչինչ վնաս տված չէ․
Այն լուսավոր բակն է նորա
Առաքինի գործքերը․
Աղոթք արա, որ երկարվին
Նորա կյանքի թելերը։

Շատ օր չանցավ, երկնքիցը
Մի այլ վառ աստղ պակասեց․
Ովի՞ աստղիկն էր որ ընկավ,
Բան հարցանող չերևեց։
Մինչ դեռ լուսինն արծաթափայլ
Լույս էր տալիս գիշերին,
Խորհրդավոր մինչ տիրել էր
Անվրդով խոր լռություն․
Մի սրտաթափ, մազերն արձակ
Վազեց աղջիկ սգավոր
Դեպի գեղի գերեզմանքը,
Ծունկ չոքեց մի շիրմի մոտ։
«Հայրի՛կ, աստղիկդ չէ փայլում,
Դու հավիտյան քնեցիր․
Ա՛ռ ինձ քո մոտ, քո ծոց, քո գիրկ,
Ինչո՛ւ անտեր թողեցիր։
Իմ աստղկին ասա՛ նույնպես,
Որ չը փայլի․ հերի՛ք է․
Այս աշխարհը ինձ առանց քեզ
Մութն ու խավար մի բանտ է»։

Մի մարդ չը կար, որ նկատեր,
Որ հետևյալ գիշերին
Պակասեցավ երկնքիցը
Մի պայծառ աստղ խնդագին։
Երրորդ օրը շատ սգավորք
Փորեցին մի գերեզման,
Ուր թաղվեցավ յուր հոր մոտին
Մարմինը խեղճ աղջկան։

«Հայրիկ, տես, տես, աստղը թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց․․․»