Jump to content

Վանեցի գեղջուկի տաղը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վանեցի գեղջուկի տաղը
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 113
ծ. և տ. ― էջ 289-290
ՎԱՆԵՑԻ ԳԵՂՋՈՒԿԻ ՏԱՂԸ


   Աղոթարանը բացվեցավ, ժամանակ է զարթելու.
Էրթամ ախոռ, գոմշուկներըս լըծեմ՝ գութան վարելու։
Դ՜եհ, գոմշուկներ, ելե՛ք, ելե՛ք, արտը էրթանք աշխատինք.
Հարկ ու խարճի վատեն մոտ է. վոթենք արուն ու քըրտինք։

   5 Հայի գութա՜ն, հայի գութա՜ն, որի՞ համար կը ջանաս,
Ո՜վ քեզիմով կը տանջըվի, որի՞ն դու կուշտ հաց կուտաս։
Այն օր, երբ քեզ ձեոքըս առի՝ ազատ օրըս կորուցի,
Անվախ սիրտըս վըհատեցավ, հոգիս թուրքին մատնեցի:

    Բա՛վ է, գութան, մեր տանջանքը, համբերությունն վերջ ունի,
10 Դուն տեսա՞ր, որ մեր դուշմանը ամոթ, խելք ու գութ չունի։
Արի՛ փըշըեմ ես քու խոփը, տանք դարբինին կռելու,
Կըռենք-կոփենք սուր ու սուսեր՝ դուշմանի դեմ կռվելու։

    Եղբարք հայեր, առե՛ք խոփը, տվե՛ք դարբինին կըռելու.
Կըռել-կոփել սուր ու սուսեր՝ Հայաստանը փըրկելու։