Վանքը
Վանքը
(Վարդապետի մը օրագիրը)
Մուտք
հանձնեց ինձ թուղթերու այն ծրարը, որ 99-ի
տխուր օրերուն՝ Ազգին Տան մեջ մեռնող
երիտասարդ վարդապետի մը կտակած միակ
հարստությունն էր եղած:
Դասավորելով այդ էջերը, զանոնք
հրատարակության կուտամ «Վանքը»
Ա
Երկու շաբաթ է, որ հոս եմ: Առաջին օրերու ծանր տպավորություններս մեղմիլ սկսան ու վարդապետի գրեթե շա՜տ միօրինակ, մենավոր կյանքս գտավ իր սովորական ընթացքը:
Բայց ինչո՞ւ տեղափոխություն մը ասանկ հուզեր զիս. չեմ կրնար ծածկել օրագիր մը մտերիմ թուղթերեն, առաջին օրերու ձանձրույթովն ու անստուգությամբ բավական տառապեցա:
Ապրած էի մենարանի կյանքը իբրև Արմաշի աշակերտ. հետո զայն լիությամբ ճաշակած՝ սարկավագությանս փորձի օրերուն, ճանչնալով կամավոր զրկման ազնիվ, այլ տրտում զգայությունը, ամայի խուցերու մերկության մեջ՝ ստվերիս հետ մտերմացած այն ատեն՝ երբ ապաշխարանքի պասուքը իմ սիրտս կլցներ հաղթության երազներով, որովհետև կկարծեի, թե նվիրապետական բարձրացումը ինձի պիտի հետևեր, տիրացնելով զիս ծաղկյալ, ոսկեհուռ հանդերձանքի, մատանիներու և լանջախաչի մը, որոնցմով մեր տգետ ու զառամ եպիսկոպոսները կծանրաբեռնվի: Ինչո՞ւ հիմա ալ չհուսամ, քանի որ քսանվեց տարեկան եմ, դեռ երիտասարդ: Երբ Պոլիս ինկա, կարծեցի թե վանականի օրերուս հրաժեշտն էր ալ կսկսեր քաղաքին ժխորալի, հևիհև կյանքը, զոր երազած էի երկար տարիներ և ուրե հիմա հաճելի հիշատակներ ունիմ. շատ երիտասարդ, գրեթե երկչոտ պատանի, երկրորդական թաղի մը քարոզիչ կըլլայի Հազիվ ցանցառ հարաբերություններ հաստատած, ընտանեկան ջերմին մթնոլորտը վայելած, ահա կնետվիմ գավառի մը անկյուն` այս վանքը, քաղաքեն հեռու, մենավոր բնության մը գրկին մեջ:
Առաջին օրերը, մանավանդ գիշերներս լի եղան մթագին տպավորությամբ, ինձ այնպես կթվեր, թե չպիտի կրնայի հանդուրժել վանական նոր մթնոլորտին: Պոլիսը, շքեղ տեսարանը, իր փողոցներն, ուր կպտտեցնեի իմ սև ստվերս անայլայլ երևույթով, սակայն աշխարհիկ տենչանքներուն հույզովը լի, խուցս, բարեկամներս կկանչեին զիս: Ջո՜ւր կոչում ըրի պարտականությանս զգացման, որովհետև նվիրական գործ մը կծանրանա վրաս. հոս ղրկված եմ այս նորաբաց Որբանոցին տեսուչ, իբր հայր բյուրավոր որբեր են մեկ-երկու տասնյակին, որոնք, անագորյուն ջարդերու զոհ, պիտի գան այս հովանավոր հարկին տակ պատսպարվիլ:
Գոնե այդ մտածումը հանդարտեցնելու հանգամանքն ուներ, բայց չեմ գիտեր ինչո՞ւ անզգա կմնայի. կարծեմ քանի մը գիշեր ալ լացի: Արդեն տեղե տեղ փոփոխությունը միշտ ճնշած է վրաս, տղայությանս օրն ալ ունեի այս դյուրազգացությունը:
Բայց առաջին շաբաթեն հետո, համրաբար գտա պաղարյունս և հիմա համոզված եմ վանքին վարժվելու գաղափարին, ու թերևս օր մը սիրեմ զինք. կարծածիս նման ամայի չէ, օրեօր նոր դեմքերու կհանդիպիմ:
Վանահոր հետ արդեն բարեկամացանք: Մարդ մը, որ վաթսունը մագլցած ըլլալու է, եթե ցատկած չէ. խաչի սփռոցի մը նման կարմիր դեմքին վրա, մեղրագույն և յուղոտ աչքերը հազիվ կփայլին, սև մորուքը ալևորիլ սկսած է. գոմեշի անայլայլ կերպարանք մը՝ մեկ խոսքով: Անդամները, իրանը գիրուկ են. ե՞ս ալ արդյոք օր մը իրեն նման պիտի ըլլամ, պարարտ անասուն մը և կյանքս անփառունակ այս վախճա՞նը պիտի գտնե վանքի մը լերկ որմերուն ետին: Բնա՜վ, ծայրագունությունը, որով կպարծենա այս մարդը, չի գոհացներ զիս:
Թերևս շատ փառասեր եմ, բայց իմ երախտավոր և բանիմաց ուսուցիչներես Օրումյանը կկրկներ միշտ. «Փառասիրությունը մեղքերուն էն ներելին է»:
Սակայն ատելի մարդ մը չերևիր վանահայրը. իր ընդունելութենեն գոհ եմ. զվարճախոս է: Զարմանալի է, որ ազգային աղետեն չէ ազդված ու հույս չունի որբանոցին հաջողության. տեսակ մը չկամություն ալ կցուցնե: Հոգ չէ՛, իրմե ավելին ուզել անհարմար է, կյանքի մեջ դաստիարակված կերևա, քան՝ դպրոցին, և առաջին պարագան անանկ փայլուն վկայական մը չէ: Շատ ալ տգետ է, չունի հայրենագիտության մասին մեր նոր լույսերը, պատմաքննական մեկ-երկու կողմնակի հարցերուս Խորենացին իր մեծագույն աղբյուրը եղավ. ծիծաղելի գլուխ սա Խորենացին. կարծեմ «Հանդես Ամսօրեա»-ի մեջ կարդացի քննադատական հոդված մը իր մասին, սա վերնագրով «Պատմութիվն Ստոյն Մովսեսի Խորենացվո». այդ մարդը ավելի վեպ մըն է գրած, քան պատմության գիրք:
Ինչ որ է, կհուսամ, թե պիտի կրնամ վարվիլ վանահայր Վարդանին հետ: Անունն ալ իրեն պես կարճուկ:
Բ
Երկու օր առաջ ավելի հաջող գյուտ մը ըրի. արքենի հասակով տարեց անձի մը հանդիպեցի վանական բակին մեջ. հազիվ խնդուքս կրցա զսպել. ալեկոծության բռնված նավու մը կայմին պես երերալով՝ գավազանի մը օգնությամբ կերթար. հովիվ չէր կրնար ըլլալ, քանի որ հնամաշ արևմտյան տարազ մը կկրեր. թերևս վերակացու մը՝ մտածեցի, սակայն դաժան դեմք չուներ: Զիս երկբայնքի մեջ ձգեց տատամսելով մոտեցա իրեն:
— Բարև, եղբա՛յր...
— Բարև, հայր սուրբ:
Այսքանը բավեց: Նստելով բակին մեջ կանգնող զանգակատան աստիճաններեն միույն վրա, ծանոթացնող քանի մը հարցումներե վերջ, մեր խոսակցությունը սկսավ հածիլ խնդիրներու շուրջ:
Նախ վանքին վրա անդրադարձանք, ու մինչ ընկերակիցս զիս տեղեկություններով կհարստացներ, ես կդիտեի իր դեմքը: Անիկա պատկառելի էր առանց այն խստության, զոր տարիքը, տառապանքն ու ծերության հոռետեսությունը կրնան դնել դեմքի մը վրա: Երկար մազերուն և բոցաձև մորուսին դեղնոտած սպիտակության մեջտեղ, իր ցայտուն գիծերով դեմքը տկարորեն խորշոմած էր և թուխ, արծվային քիթ մը զգալիորեն կորանալով՝ կհակեր դեպի բերնին սև գիծը: Այդ կորովի դեմքը տարորեն կմեղմանար աչքերովը, որոնց կապույտ քաղցրությունը տակավին մարած չէր կայծը, որ ինչպես հասկացա հետո, կհոսի անոնց մեջ խելանի և հետաքննին բանականութենե մը:
Աշնանային, որովհետև այդ եղանակին մեջ ենք, գաղջ արև մը մեզ կողողե, խտղտացնելով մեր կողերը գոհունակ սարսուռով և հոսելով մեր ծոծրակներեն վար: Մենե քանի մը քայլ անդին տատրակներու խումբեր զվարթորեն գետինը կկտցահատեին, երբեմն հանելով մրմունջ մը, որ եկեղեցվույն սյունակապ և կամարավոր դռան ու բակը շրջանակող շինություններու քվանկյուներեն կստանար իր պատասխանը:
Գյուտեր կընեի այդ մարդու մեջ. ունկեդրելու հաճույքը քիչ անգամ ինձ համար այսքան ըղձալի եղած էր, իմ դառնությանս վերջին հետքերը կմեկնեին իր իմասուն և հայրական խոսքերով: Ուրեմն կգտնեի ընկեր մը, որ շատ կարդացած էր, կյանք տեսած, անոր համին տեղյակ. իր հանդարտ, կշռված մարդու դատողությունները ինե ներս կանցնեին, ինչպես միջօրեի անուշ արևին ճաճանչները:
Մեր խոսակցությունն ընդգրկեց նաև ազգային Աղետը, որուն անսահման տրտմությամբ մասնակից կերևար,քանի որ աչքերը մեկնե ավելի անգամ լեցվեցան. բայց վստահ էր մեր ապագային վրա: Չի բացատրեց, թե այդ լավատեսությունը ուրկե կուգար. ապահովված կխոսեր. թերևս մարգարեական հայտնասեսությամբ:
Չէ՛, ես նվազ փորձ, անհույս եմ հայուն ապագայի մասին. մեր աշխատանքը զուր է, քանի որ մեծ շահերու մեջ հածող պզտիկ շահ մըն ենք, ասով միասին չպիտի ջլատվիմ, ատիկա հատուկ է ծեր և հարուստ վարդապետին, եպիսկոպոսներու, որոնք ազգեն վշտացած և անկե քեն ըրած ըլլալու երևույթը կառնեն`զայն կեղեքելե վերջ: Երիտասարդ եմ,ապագա ունիմ, գոնե անանկ խոհած եմ հաճախ, ու մանավանդ մասնակցելով ազգիս տառապանքին` անոր ծառայած ըլլալու գոհունակությունը կունենամ:
Անդրադարձա նոր հաստատվելիք որբանոցին վրա. պարզեցի իրեն ծրագիրներս. շինել վարժարան մը թեմական դրամահավաքությամբ, որ կատարված է կիսովին, ուսուցիչներ գործի հրավիրել` ու շրջանին համար սերունդ մը ստեղծել` որ լուսամիտ և չարքաշ ըլլա, քահանաներ կամ կուսակրոններ պատրաստելու միտք չունիմ, որովհետև շատ են:
— Հետո` մեր շահերը... կվտանգվին, — ըսի:
Ժպտեցավ:
Իբր ամենուն երաշխիք` կարելի էր վանքին ընդարձակ հողերը մշակել տալ, բազմացնել դուարը, մեղվաբուծությունը զարգացնել ու նաև արտասահմանեն բարերարներ ճարել:
—Դժվար է հոս որբանոց մը պահել, — վրա բերավ խոակիցս,— բայց ժամանակ մը կրնան պատսպարվիլ այդ խեղճերը. վանահայրը ծույլ է և թշնամի ատանկ ձեռնարկներու. միայն թե` հուսահատելու չէ՛, զավակս... «Զավակես» բառը՝ իմ վեղարավորի արժանապտվությունս կրնար վիրավորել, բայց այս մարդուն կողմե ըսված՝ զիս որդիական սիրով կլցնե. իրա՛վ մանկան մը սիրտը կկրեմ, երկչոտ, զգայուն՝ այլ փառասեր տղու մը: Պատիվներ չեն ասոնք ինձի համար, հարկավ օր մը պիտի փոխվիմ բոլորովին։
Խոսակցության թելը խզեցի, հեռացնելու համար ծերունիին տրտմալիր հարաբերությունը՝ անցյալ մեկ–երկու տարիներու արյունոտ օրերեն․ հանկարծ հարցուցի՝
— Վանքին մեջ շատ ձեռագիրներ կա՞ն։
Խոսքս հազիվ կրցա վերջացնել․ տեսա, որ այս հակած ծերունին՝ շտկեց իրանը, ժպտեցավ ու, շփոթությունս տեսնելով, վստահացուց զիս զվարթորեն․
— Ձեռագիրները ընկերներս են, ընտանիքիս ու զավակներս։ Ընտանիք մը, որ մեկ քանի հարյուր անդամներ ունի…
Տասնվեց տարի առաջ կորսնցուցի կինս ու զավակներս․ հետո արկածի մը հետևանքով ոտքս կաղացավ․ այս տեղն ընկա իբր անկար վարժապետ մը՝ օգնելու համար վանահոր։ Ամիսներով տանջվեցա մենության ու կարոտի արցունքներով․ վանքը ժխորի վարժ ուսուցչի մը տեղը չէ, վարդապե՜տ։
Օր մը, ատիկա իմ սրտիս հարության օրը պիտի ըլլար, ժամուն՝ պահարաններեն մեկուն մեջ քանի մը սնդուկ գտա։ Բացի. խառնիխուռն, փոշոտ ու քայքայված գիրքեր էին․ հետաքրքրվելով մաքրեցի զանոնք, անոնց պարունակությունն ալ փորձեց զիս, համակրանքը չուշացավ, և ի վերջո անոնց խորին սիրովը լեցվեցա։
Գեղազարդված ձեռագիրներ էին, մագաղաթյա սաղմոսարաններ, աղվեսագրքեր, բժշկարաններ, աշուղական սիրո տաղարաններ։ Պրպտումներս առաջ տանելով գտա նաև նկարներ՝ հազվագյուտ գեղեցկությամբ, ու մինչև հիմա ալ վանքը խուզարկություններուս ապերախտ չէ գտնված։ Ասոնց հանդեպ իմ բուռն զգացումս չեմ կրկնար բացատրել․ թուղթի մագաղաթի այդ կտորներուն համար ունեցածս ճշմարիտ սիրահարություն մըն է…
Բայց զուր չէ ատիկա․ կհիշեմ՝ որ մանկությանս խորին հիացմամբ և ակնածանքով կնայեի մեր Անդրեաս պատվելիի գծած ծաղկյա գիրերուն․ ժամերով կհառեի անոնց, փորձելով ընդօրինակել․ անհաջողությունս բարկության և ամոթի լացով հազիվ կգոհանար։
Վանական այս խեղճ կյանքին մեջ, այդ գանձերուն հավատարիմ պահապանի ունայն դերը պիտի կատարեմ մինչև, մահս՝ գոհունակ սրտով, միշտ կարդալով հիներուն իմաստությունն ու սիրո գոհարները և աչքերս անհագորեն հառելով ձեռագրերու նկարազարդ էջին ու նկարի մը պարզ, այլ զգայուն երանգներու: Չեմ հուսար, որ հագենամ օր մը:
Տատրակներու թռիչին ծափը կասեցուց իր խանդավառությունը, ելավ գետեզրը երթալու:
-Տակավին շատ անգամ պիտի տեսնվինք,-ըսավ,- լա՜վ բարեկամներ կրնանք ըլլալ:Ես ալ ազնիվ հոգիի մը կարոտը ունեի:
Մխիթարված՝ ձգեցի զինքը. օրագրի այս էջերը անկեղծությանս արձագանքն ըլլալու են. կխորհիմ, որ այս անձը թանկագին է ինձ համար. ընկեր մը, նույնիսկ մայր մըն է, ես ալ սիրած եմ արվեստը, թեև շատ բան մը չեմ հասկնար անկե:
Ա՜հ... անո՞ւնը... այո. Եղիազար էր, մինչդեռ իմինս Արտակ է, ըսի իրեն:
Գ
Մեկ քանի օրեն որբերը պիտի հասնին, հետևաբար զբաղվել պետք էր: Իրավ ալ մաքրել տվի ամբողջ թաղ մը. անհրաժեշտ եղածը տեղավորեցին, նորեն ամեն վայրկյան լրացնելու պակաս մը կա: Աղքատ մնացած վանք մը և ժողովուրդը կրնա՞ն ավելի տալ: Քաղաքեն և շրջակա թեմերեն օգնության կհասցնեն հուզիչ անձնվիրությամբ. երիտասարդներ կերտթևեկեն քաղաքեն վանք, բերելով ինչ-որ տնանկ ժողովրդի մը ազնիվ սիրտը կընծայե իբրև նվեր՝ վերմակներ, անկողին, սրբիչ, գուլպաներ, հին զգեստ, երբեմն նպարեղեն և ափ մը պտուղ. ո՞վ գիտե ո՛ր զառամ այրեն տրված՝ անդարձ հիշատակի մը իբր հարգանք:
Պ. Եղիազարը, բավական խորհեցա պատվանուն մը գտնել բարեկամիս, պարոնը հարմարագույնն է, հետս է միշտ: Աշխատությունս իր ներկայությամբ կթեթևնա. երկու տնտեսուհիներն ալ հրահանգներս կկատարեն և կաշխատին հուզիչ հլությամբ մը. մին դժգույն, հիվանդկախ ու կքած պառավ մըն է, որ մեղմ ձայնով մը կխոսի ու բարի ժպիտ մը կա դեմքին վրա, մյուսը նվազ տարեց, համարձակ ու աշխույժ. գավառի մեջ ապրած կին մը չերևիթ:
Ես ալ, ամեն կրոնավորի նման, քիչ մը հնազանդությունը կսիրեմ: Իրենց հաճոյակատարությունը անձս իմ աչքերուս վեր կբռնե: «Մայրիկ» կրսեմ մեկուն, մյուսին՝ «քույրս» ատով իրենց գոհունակությունն ալ կզգամ:
Առաջի օր չարաճճի աղջկան մը ամոթխած և թաքուն ժպիտը նշմարեցի «քույրս» բառին վրա. ո՞վ էր այդ օրիորդը: Նոր կտեսնեի զինք. հետաքրքրությունս գոհացավ վեջապես: — Տնտեսուհիներեն՝ Անուշի միակ զավակն է, որ հոս՝ վանքին մեջ կմնան, —ըսավ պարոն Եղիազարը։
Այս կարճ բացատրությունը զվարթ տրամադրություն մը արթնցուց մեջս։
Շուշա՝ն, ին՞չ աղվոր անուն աղջկան մը համար, վանքը կմնա միշտ. ինձի ին՞չ. չեմ գիտեր, բայց չեմ ալ կրնար արգիլել, որ ատով չի զվարթանամ: Հոս տեսակ մը ընտանիք կազմելու է, ուր որբերուն հետ ես ալ գտնեի խանդաղատանքի բաժինս:
Ալ միշտ կհանդիպիմ Շուշանին, բակը, վանքին մեծ դռան առջև տարածվող գերեզմանատան շիրիմներեն միուն վրա նստած կամ ժամուն դռան ստվերին մեջ։ Ժպտուն աղջիկ մը կերևի, թեև զինք տրտում ալ կտեսնեմ երբեմն․ ինչ բանի վրա կմտածե, սիրո՞ մը, որո՞ւ վրա կրնա խորհիլ… Բայց իրավ որ գեղեցիկ է խարտիշահեր աղջիկը, առույգ, ներդաշնակ մարմնով, սպիտակ ձվաձև դեմքի մը վրան խաժ աչքերով, երազի հակամետ, որոնց ուղակի չեմ կրնար նայիլ․ ինչպես որ անոնք իմ վրաս ալ ինկած չեն տակավին, սակայն անոնց անմեղ անուշությունը կտեսնեմ, երբ մորը նայի։ Տասնութը տարեկան մը պետք է ըլլա․արբունքի տարիք, թեև այդ բառին ճշգրիտ իմաստը չեմ գիտեր․ ինչ կզգան աղջիկները այդ տարիներուն մեջ․ տարտամ՝ այլ բաղձալի է այդ բառին իմաստը ինձ համար։
Իրա՛վ գեղանի է Շուշանը․ ես դյուրահավան մը չեմ, գեղեցկության մասին իմ վերապահումներս ունիմ ու թեև վարդապետ՝ սակայն Պոլիս քարոզչությանս միջոցին երբեք անտարբեր եղած չեմ կիներու աղվորության։
Կան վարդապետներ, որոնք հարաբերություն կմշակեն կիներու հետ․ աղտո՛տ և ցանկալի բան։ Բայց իրա՛վ կպատահին ատանկ բաներ, քանի որ անոնց արձագանքը մեր ուսանողության շրջանին իսկ Արմաշի վանքեն ներս սպրդած էր։
Երկչոտ ու ամոթխած՝ ես գոհացած եմ աչքերու հառումով ու այն սարսուռով, զոր իգական մոտավորությունը շատ անգամ տված է ինձի։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Այսպես՝ երբ լրացնեմ կազմակերպելու աշխատանքս, հետաքրքրությունը կմղե զիս դեպի դուրս։ Վաղը զբաղաց պիտի ըլլամ, հետևաբար կօգտվիմ աշնանային օդերու աղվորութենեն։ Պոլսո մեջ՝ աշնան, մայիսի գորովագին մթնոլորտը վայելած եմ հաճախ, հոն զարմանալի չէ, բայց, վանահոր ասածին պես, իմ բախտես է, որ տակավին ձյունի օրերը սկսած չեն։
Կես օրերեն վերջ՝ երբեմն կիջնեմ գետեզր։Իրական գետ մը չէ, ջուրի ստվար սահանք մը, որ դաշտերուն մեջ կոլորվի ու կանհետի հորիզոնին վրա: Ջուրը եղերող ուռիները արդեն տերևաթափ են, հմայքե զուրկ, ու հիմա խարաղանի մը լարերուն նման հակող ճյուղերնին կօրովի մանր հովերեն իսկ. ցավագին է իրենց տեսքը:
Չեմ գիտեր ինչու՞ երկարորեն կդեգերիմ այս գետակին ափունքը՝ դիտելով հոսանուտին խաղերը, գալարումներն, փրփուրներու անօրինակ եռումն ու մարիլը:
Շարժելու, վազելու, երթալու այս անիմաստ հավերժությունը հոդիս իրեն կկապե. թերևս լա՛վ է ջուրերու նման ազա՛տ ըլլալ, արկածիլ հեռավոր ափերու վրան կամ անհետիլ կապտաջեզ ծովերուն գիրկը:
Ինչո՞ւ վարդապետի մը կյանքը կայուն է, լճացած:Հաճախ կարելիության մը վրա խորհած եմ ու մեզի սահմանված անձուկ կյանքին ի տես՝ տխրած:
Ի՞նչ է այս սև պերճանքին բռնությունը բնության անեզր ազատության դեմ: Կսխալիմ կամ զո՛ւր է մտածելը: Վարդապետներս ավելի ապահովված ենք աշխարհին դեմ. մեր կյանքը չի նմանիր դասատուի մը զրկրված գոյության: Եկեղեցին մեր հովանին է, և եթե անկարելիություններ կան, մոռնալու չէ, որ առավելություններ են ատոնք: Ըստ բախտի՝ գետնեն առնված գավազանով մը գետափի շարժուն ջուրերը ծեծելով` կհետևիմ անոնց ընթացքին:
Հոսող ջուրը արևին ճերմակ ցոլքերը կանդրադարձնե աչքերուս, մինչև որ մերկ ծառաստաններեն հասնիմ ամայի ու լերկ դաշտերն, ուր տեղ-տեղ կալի դեղնություններ կան, և հարդերը`ոսկեգույն, դեղնորակ` նախ կետի մը, ապա լայն շրջանակի վրա մանրիկ, դյուրահաս, ժպտուն պար մը կդառնա:
Տարածություններ` որոնց վրա ծառերու այրած տերևներ անօգուտ կդեգերեն` հովերու քմայքին անզնատուր, մինչև հետամնաց սաղարթներ, ճյուղերուն վրա կոծելով, թափառելով օդին մեջ` կիյնան վար ու հրելով դիրար` կհավաքվին անկյուններ հոս-հոն:
Աշունն է աս` որ ձմռան թախիծը կհագնի ու արդեն ուրվային, վերասլաց բարդիներու կատարին վրա կուլա իր հրաժեշտի երգը:
Դշտորեն ընդարզակ է. ակնարկդ հազիվ կրնա հորիզոնը չափել. ժամերով կրնայիր պտտիլ, առանց այս հողերու սահմաններն ընդգրկելու:
Լքված են, կամ անանկ կերևին այս ամենը, պետք է շահագործել հողերը եվրոպական միջոցներով: Հիմա մասամբ կհավատամ հախուռն երիտասարդներուն, որոնք կդատապարտեն մեզ իբր վանքերու հավն ու հավկիթը ուտող, ինքզինք պարարտացնել զատ բան չի խորհող: Պտտցնելով քայլերս անդերու կորդ ու խոպան հողերուն վրա,կարծես կլսեմ գետնի տրտունջը, հողը ինձ կխոսի բարիքների մասին, զորս իր արվանդ ծոցը կպահե: Թող շնորհյուս վանքը ծաղկյալ օրեր տեսնի, որովհետև ափ մը հող անմծակ պիտի չմնա Արտակի տևսչության օրով:
Խորհելով այսպես՝ գավազանովս կխցեմ բավական խոշոր սև ծակեր, որոնք գետնին մակերես, մաղված հողերու փոքր կույտի մը քով սև աշքերու կնմանին: Խլուրդները բացած ըլլալու են, իրեց մասին խոսված է մեզի դպրոցական օրերուն. տարօրինակ կենդանիներ են, ինքնատիպ ու կարճատես. մեր մանկության ընկերներեն մեկուն պատվանունն էր խլուրդը: Հողին տակ անհամար փակուղիներ կբանա ու, ի վերջո, մշակությանց արմատները կփչացնեն. քիչ մը մեզի կնմանին իրենց գույնովն ու գործունեությամբ, մենք ալ անոնց պես՝ ընկերության առաջ բերած արդյունքով կապռինք ու կսիրենք գաղտագողի գործել:
Երբեմն ասանկ հիմար բաներ ըսելու սովոր եմ, ի վերջո մերժելու այդ տարօրինակ հղացումները: Հոգ չէ, երբ մինակ եմ, կրնամ ասանկ անհամար ճշմարտություններ որոճալ, բայց երբ շրջանակը պաշտոնական դառնա, խնդիրը կտարբերի, և դուն, Արտակ, բնավ հիմար պիտի չըլաս աշխարհականներու մեջ, նույնիսկ կատակի համար, ըսելու անպատվող բան մը դասակարգիդ համար:
Մինչ գավազանս կգործե գետնի այդ բացվածքներուն մոտ, խիղճս ալ վրդովիլ կսկսի՝. թերևս կենդանիները կմեռնին հողին տակ: Գավազանիս հետ վեր կառնեմ գլուխս ալ: Տեսարանները նոր են ինձ համար, այս դաշտավայրը հենած է համրորեն կորնթարդող բլրակներու. անոնցմե միուն քղանցքին վրա կերևի վանքին մեծամարմին մութ զանգվածը, որուն շրջապատ պարսպին մեջեն կկանգնի ժամուն գմբեթը, կանաչ մամուռի բիծերով՝ հնամենի, կարմիր որմերու վրա՝ որոնց մեջ նեղ պատուհաներ աղեղնաձև հանքերու տակ կապաստանին, ու մանավանդ գեղեցիկ է զանգակատուները՝ իր ցած և նուրբ սյուներու կամարներուն վրա հեծած:
Ի՞նչ ոճ է այս, փակեղի նմանող այդ գմբեթները որու՞ ձեռքով շինված են:
Լա՜վ հիմնված է այս վանքը.Նույնիսկ գեղեցիկ է՝ պիտի ըսեմ: Կըսեն թե Հայաստանի մյուս վնքերը հաճախ միօրինակ տեսք մը ունին, իրենց գորշ զանգվածը անփառունակ երևույթ մը կուտա անոնց:
Վանքին, իր առաջ փռվող տերևաթափ պարտեզներու ու շիրմաստանին ետև բլուրները լերկ են հիմա. վիպագիր մը զանոնք կրնա նմանեցնել սպասավոր ու ծունր դրած ուղտերու: Կնայիմ այդ դեղնամույն, սևոարակ բարձրությանց. հյուծյալ կանչի մը բիծերը կկրեն ուռուցիկ ուսերուն վրա, խրամատվող բացվածքներ կերևին մարդոց և կենդանիներու ոտքին ստեղծած արահետներուն կից, որոնք խարդախ դարձվածներով անհետելե վերջ փոսերու գիրկը, նորեն գլուխ կուտան, կդառնան ու կմարին զառիվերի մը մեկ անկյունը:
Անհրապույր, լերկ բլուրներ, որոնց վրա ուրուրի մը ստվերը կպտուտքի երբեմն, կաս-կապույտ երկինքին տակ:
Վանքը հաճոյության տեղ մը չէ. այսքանեն ալ գոհ եմ, ինչպես ըսի գեղեցկուրթյուն իսկ կտեսնեմ այս բոլորին վրա: Գեղեցկությունը վարդապետի մը հոգվյուն մեջ պետք է ապրի, ինչպես սուրբ նախահայրերու սիրտը անով սնավ, Հոգևորականը հետին թշվառության մեջն իսկ մխիթարություն պետք է որոնե, և մխիթարությունը գեղեցիկ գործի մը գոհունակութենեն կծագի:
Երբ մեծ արահետը կիյնամ, ցամաք առուի մը կավոտ, կծկված անկողնեն անցնելով, կհանդիպիմ եզներե և գոմեշներե լծված խոշոր սայլերու, որոնք խար կկրեն. չոր խոտի բրգացած կույտեր անոնցմե դուրս կհորդին, և անոսր թեյի բույրը կհագեցնե իրիկնամուտի մթնոլորտը. կշնչեմ, ու նիհար կուրծքս կբարձրանա հաճույքով: Ասիկա գեղջկական բան մըն է, որ մանկությունս կհիշեցնե ինձի:
Սայլերը համրորեն կթավալին խորդուբորդ արահետներեն, մինչ անիվներուն երկարորեն միօրինակ ձայնը երաժշտության մը պես կլեցնե հոգիս. բուրումը և երաժտություն ներդաշնակություն մը կկազմեն, ու այս ներդաշնակությունը համաձայն է աստվածային կամաց, որովհետև մաքուր է իր տարրերուն մեջ:
Ընկերանալով հեզ ու տրտմական անասուններուն, մինչ անոնք կկենան գոմերուն մոտ, ես կբարձրանամ վանքին մեծ դռան առաջ փռվող գերեզմանատունը:
Գետակի կամրջակեն անդին, մեծ ուղին վրա, ոսկեզօծ փոշիներու մեջ թավալող հեծյալներ, հետիներ, սայլեր կնշմարեմ, չեմ գիտեր՝ ո՞ւր կերթան. սակայն երանի՜ իրենց...
Իրիկունը եկած կըլլա արդեն. հեռո՜ւն մանիշակի խիտ երանգի մը վրան հորիզոնը կարմիր է միշտ, կաթկթող արյունի կարմրությամբ, անկե վեր ոսկեգույնն ու ծիրանին կթռվռան, մինչ զենիթին վրա լուրթ կապույտը դժգունած է...
Լեռանց ու ծովերու վրա պերճ վերջալույսեր տեսեր եմ, հիմա դաշտայինը կվայելեմ. ինքնատիպ չէ, բայց շատ թարմություն կա ասոր մեջ, զով երանգներ վառ գույներու կհաջորդեն, և տափաստանները մշուշին տակ համրորեն անորոշիլ կսկսին: Բարոյախոս, մեծահմուտ Տուրինյանը տարակույսը մշուշին կնմանեցներ, կըմբռնեմ հիմա, որ ուսուցիչս լիորեն իրավունք ունի: Ամեն բան այս տարօրինակ վարշամակին ներքև իր Էութենեն բան մը վրա կուտա, տարակուսելի կդառնա: Լավ չէ՞ աշխարհի բաներուն վրա նայիլ մշուշի մը ընդմեջեն, ու, տարակույսի երկբայանքին մատնելով ամեն բան՝ ժպտիլ ամեն իրերու խորին, անտարբեր, այլ ազնիվ հեգնանքով. այսպես կըներ երախտավոր ուսուցիչս՝ Տուրինյանը…
Կսկսի մթնել, քանի մը աստղ մայրամուտի հորիզոնին վերև աչուկ կընեն: Պահապան շուներու խռպոտ և ընդհատ հաչյուններեն կսթափիմ, գոմի բակին մեջ, մակակող անասուներու քանի մը զիլերը դեռ կհնչեն:
Կմտնեմ կամարակապ մթին դռնեն վանք. դեպի բակ տանող անցքեն ելած պահուս՝ նեղ պատուհանե կնշմարեմ ժամուն մեջ հսկող միակ կանթեղը, որ խավարին մեջ աղոտ ճառագայթներու ոստայն մը կսարսռացնե:
Գիշերը կերթամ խուցիս մենությունը ապավինիլ, նվիրվելու համար Նարեկի աստվածային էջերուն:
Դ
Ասիկա ուրախության է ինձ համար, բայց նաև մտատանջությամբ և տրտմության առիթ մը: Ինչո՞ւ այս կրկնակ զգացումները. կսպասեի այդ անժառանգներուն, իրեցմով լեցված տեսնելու համար վանքին ամայությանը, կխորհեի, թե անոնց խոսքերն ու քրքիջը կրնային տաքցնել վանքին մթնոլորտը: Հավանաբար այդպես էլ պիտի ըլլա:
Զգացումներուս երկրորդ աղետին անողորմ չարութենեն կծնի, իրավ այդ ափ մը տղոց, տասնևհինգ որբերը մերկ կարավանը ազգային բոլոր, թշվառության ամփոփումն է: Ամեն օր գրեթե հետերնին եմ, իրենցմով կզբաղիմ. բայց շռայլած գուրգուրանքներուս հետ տեսակ մը ցավ և պժգանք ալ կզգամ: Ա՞յս պիտի ըլլար խոստովանությունս. բայց անհնար է զորավոր զգացում մը պարտկել:
Ցնցոտիներով եկան, գլուխնին բաց, գրեթե բոկոտն: Երկար, գծավոր աղտոտ էնթարիներ հագած էին, որոնց քղանցքները կարմիր գոտիով մը բռնված էր մեջքերնուն վրա, ուրկե աղտոտ թաշկինակի մը ծայրը կկախվեր վար: Հագվածքի այս այլանդակությունը կրնա դարմանվիլ, սակայն ինչպե՞ս դարմանել վիրոտած, քոսոտ գլուխները: Բացի սիրունիկ տղերկե մը, այ բորոտներու կնմանին, աղտեն կեղ կապած է մարմինին: Ուրիշներ կան ցավոտ աչքերով թարախոտած կոպերով: Բայց գոնե մարմիննեին առույգ է, զարմանալի է, որ անբավարար սնունդը այտերին ներկած չէ դժգունությամբ:
— Աղջիկներու նման ամչկոտ են, օտարոտի և անվարժ շարժվածքնին ատ ցույց կուտա: Իրարու հետ կխոսվըտին լեզվով մը, որ կոկորդային ու քիչ մըն ալ երաժշտական է: Տեր աստված, Հայաստանի մեջ որչա՜փ գավառաբարբառ կա:
Կղերականերուս համար կըսեն, թե քարասիրտ ենք, թերևս ասիկա տերտերներուն և կարգ մը վարդապետներու համար ճիշտ ըլլա, ինձի համար՝ երբե՛ք: Ես չեմ կրնար տոկալ այս բոլորին, խառնվածքս չի ներեր: Կհիշեմ, որ մանկությանս կարեկից գտնված եմ դռան մոտ կայնող խեղանդամներուն. հաճախ հեծկլտալով լացած եմ խավարումի գիշերը գլուխս գրակալի շապիկին տակ ծածկած, երևակայելով Քրիստոսի չարչարանքները:
Բոլորն ալ սև պատմություններ ունին, զորս քաշելով իրենց դյուղերեն՝ հետերնին բերած են: Հետաքրքրվելու է ամենուն ալ կյանքով, որովհետև ներելի չէ մեկուն մտադիր ըլլա ու մյուսներում մերժել պատմելու նույն մխիթարությոնը: Բարեբախտաբար պարզորեն կպատմեմ, առանց հուզումի, իբրև շատ բնական և սովորական բան մը: Պատմությունները տարբեր սկիզբ՝ նույն վերջավորությունն ունին, միշտ նույն ոճրական վախճանը: Մեկուն հայրը փողոտած են, ուրիշներունը կացինով սապանված կամ թոպամահ ըրած:
Մանրամասնություններ կան, որոնց բանականությունը հազիվ կրնա հանդուրժել, չի կրնար հանդուրժել, և մեր եկեղեցվույն ինձ ներշնցած ներողությունն իսկ կընդզի:
Ինչո՞ւ կողոպտել, այրացավեր դարձնել երկիր մը, տարբեր գործիով ու ձևերով բյուր վերքեր ասեղծել մարդկային միսին վրա, հողին նետել հարյուր հազարավոր կտրիճ կյանքեր: Ինչո՞ւ չընել այս ամենը՝ պիտի ըսեր այլազգը ... Աստվարծային կամքը այս ոճիրներուն ինչե՞ս կհանդուրժե: Անհավատները իրավունք կստանան և թե մեր ժաղովրդին մեջ օր-օրի նվազող հավատքը այդ վիճակեն կծնի:
Հանդուգն մտածումներ են ասոնք, հանդուգն վարդապետի մը համար, որ կուրորեն հավատալու է շատ անգամ, որովհետև հավատքը ուրիշ բան չէ, այլ անբացատրելի բաներու հանդեպ տարեբային պաշտամունք մը: Ի՞նչ ըրնեմ չամ կրնա արգելել այս մտածմունքները:
Երբեմն դիտմամբ սարեր ձորեր կխոսիմ, զվարթ ակնարկություններ, սրախոսություններ կընեմ խոսակցության նյութերը հեռացնելու համար: սպանդի օրերեն: Անօգուտ կըլլա. մի՛շտ նույն ցավատանջ վերջավորությունը, նույն արյունի նագարաթն է, աղեխարշ անցյալ օրերու արձագանքը:
Հետո ավելի հուզիչ բան մը կա: Անցյալ տարվան նախճիրը վերջակետը դրած է իրենց մանկական շնորհալի ու թերևս երջանիկ հիշատակներուն: Դեպքեն ասդին կսկսի կյանքերնին. անցյալին կնային իբրև առասպելներու շփոթ աշխարհի մը, շատ անգամ չեն հիշեր իսկ զայն, իբր թե երեկ ծնած ըլլային:
Առաջին գիշերները խաղաղ անցան, քանի որ ննջարանները այցելելով կլսեի իրենց խոր և հանդարտ շնչառությունը. իսկ հիմա, երբ իրենց գիշերային տրտունջներն ու գաղտ հառաչները կլսեմ, կըմբռնեմ, թե երկարատև ճամփորդության մը հոգնության արդյունքն էր նախկին մեկ-երկու օրերու անդորրությունը:
Ամենեն փոքրը, խաչերը, արթուն կտեսնեմ միշտ. ինչո՞ւ չի կրնար քնանալ այդ փոքրակազմ տղան. միակն է, որ լավ հագված ու հիվանդութենե զուրկ էր. Ան ի՞նչ սիրուն դժգույն դեմք մը, գորշ-կանաչ մեծ աչքերով, որ ազնվական ու մեղմ շարժումներուն հետ հոգնած ու թախծալի արտահայտություն մը կուտա իրեն: Իմ փայփայանքներուս կպատասխանե լռին՝ այլ արտասվալիր ակնարկներովը, անգամ մը միայն պնդումներուս տեղի տալով պատասխանեց, թե մորը վրա կխորհի: Ընկերները ըսին, թե Կ... քաղաքի մեծագույն հարուստն էր հայրը. տանը պարտեզին մեջ իր թուրք ծառաները սպանեցին, գլուխը հոր մը նետելով, իսկ մարմինը՝ ավազանին մեջ: Խաչեր ինքն ալ կհիշե այս մանրամասնությունները:
.......................................................................................
Բարեբախտաբար որբերու հասնելեն քիչ վերջ եկավ մեր ուսուցիչը: Շաբաթ իրիկուն եկեղեցիեն վարադարձիս տեսա զինք շփոթած, հարցական դեմքով մը: Ներկայացույց իր հանձնարարագրերը, և ծանոթացանք իրարու:
Քառասունին մոտ անձ մը, միջակ հասակով, խիստ դիմագծերով. դեպի թարթիչներն հակող թուխ հոնքերուն տակեն շեշտակի կնային իր սև ու այրած աչքերը: Խե՛ղճ ուսուցիչ, շատ տառապած կերևս, և ո՞վ չի տարապեցավ այս երկրին մեջ: Հակառակ խիստ երևույթին՝ ձայնը մեղմ է, վեհերոտ ելևէջով մը, որուն մեջեն թերևս հանդուգն այլ ազնիվ հոգի մը կխոսի:
Զարմանալի չէ՞, առաջին հանդիպած բոլոր անձներու մեջ տեսնել կկարծեմ ունեցած երազներուս իրականացումը ու գրեթե միշտ ալ սխալած եմ: Դյուրախաբ սրտի մը հարածուփ կյանքն է իմինս. համակրանքն ու ատելությունը շուտով բույն կդնեն հոգվույս մեջ, շուտ ալ կմարին: Կրնա ըլլալ որ սխալիմ ուսուցչին մեջ տեսնելով ազնիվ բաներ. հոգ չէ, լավ է խաբվիլ, ապրելու մեծագույն անհրաժեշտությունն է ան թերևս...
Երեկոյին իսկ պարոն Ալեքսանդրը վանահոր տարի: Վեհարանեն մեր ներս մտած միջոցին հայր Վարդանը զբաղված էր զույգ մը ծիրանեգույն տատրակներուն կեր տալով: Զարմանալի ու զվարճալի է այս մարդը. կամ իր իսկ ձեռքով զտած օղին կխմե, կամ կզբոսնու տատրակներովը:
Եկեղեցիով քիչ կհետաքրքրվի, թեև աղոթելու կուգա շաբաթ երեկոները: Զվարթ տրամադրությամբ ընդունեց մեզ: Երբ խոսքը ազգային հարցերուն շուրջ դառնալ կսկսեր, կրկին իր տգիտությունը երևան կբերեր: Այս մարդը ամեն բան կարհամարհե՝ սկսպտիկ ծիծաղի մը հետ ուսերը ցնցելով: Խրիմյանին վրա կխնդա: — Ես անոր հետ տասը տարի ապրած եմ, ինչ ըլլալը գիտեմ...հետո բոլոր հեղափոխականները հիմար ու ազգավեր են, — կկրկներ:
Գիշերը երկարորեն խոսեցա պարոն Ալեքսանդրին հետ. բնիկ մշեցի է, ուսուցչական պաշտոնով շատ մը գավառներ պտտած: Դեպքին, կորսնցնելով ամեն բան, ծնողք, եղբայրն ու քույրերը, իբր ամուրի և մենավոր աշխարհի վրա՝ լավ սեպած է վանքին մեջ պաշտոն առնել՝ նվիրվելու համար որբերուն: Կյանքը խոհեմ դարձուցած է զինք, շատ չի խոսիր, հարգալիր է ինձ հանդեպ, չունի Պոլստ շիք երիտասարդներուն անպատկառությունը:
Գավառի ուսուցչին տիպարն է իր հնոտի և կարճցած հագուստներով, աղտոտ շապիկի մը վրա առկախ, հավետ ծուռ, վեր հլած փողկապովը, սակայն ինչ որ կելլե անոր ներքին էութենեն՝ ջինջ կերևի: Հայերենը շատ մաքուր է, գաղափարները հասուն են, նույնիսկ, երբեմն հանդգնության կհասնի քողարկված բառերուն ետևեն:
Խոսեցանք նաև որբերուն մասին, ճշմարիտ կարեկցություն մը ցույց կուտա անոնց հանդեպ. ես թեթևացած կզգամ ինքզինքս, բաժնված տեսնելով հոգածության բեռը:
Ե
Եղիազարին ալ տարի պարոն Ալեքսանդրը: Քարե սանդուղներե վեր բարձրանալով անցանք աղյուսով սալարկված ու դեպի բակը նայող կամարավոր նրբանցքեն, որ իր խցիկին կհանգեր:
Երբ ներս մտանք, կաշեկաղմ ձեռագիրներու դեզի մը մեջտեղ նստած հին ավետարան մը կթղթատեր: Սենյակը շատ փոքր է, վանքին հնօրյա կամարակապ խուցերեն մեկը, թանձր որմի մը մեջեն բացված լուսամուտ մը հազիվ կփարատե տիրող ստվերը. պատառ մը կապույտ կերևա չոր բլուրներու վրայեն ու քանի մը գերեզմանաքարեր կնշմարվին:
Անկյուն մը՝ գետնեն քիչ մը բարձր է անկողինը, որուն դեմ օջախին խոռոչը կբացվի սև երախով. անոր քովն է սեղանը ձեռագրով, կաշեկազմ գրքերով, բոլորված մագաղաթներով ու քանի մը փոքր նկարներով ծանրաբեռն. անոնց առջև երկու ողորահյուս ցածուկ աթոռներ:
Որմերուն վրա կիսալույսին մեջ հազիվ կզգացվեին վիշապաքաղ սուրբ Գևորգ մը, աստվածամայր մը նուրբ և հառած ակնարկով, անոր դեմ մռայլ խաչելություն մը:
Ճշմարիտ մենակյացի մը խցիկը, կիսալույս, պարզ, անկարգ, հնավուրց իրերու չոր, բայց հոգնած բույրովը լեցուն:
Մեզ տեսնելով ցատկեց. ուսուցիչը ներկայացուցի, վարանումի ակնարկներե վերջ վաղեմի ծանոթներ ելան:
— Չէ՞ որ միասին պաշտոնավարեցինք Մ-ի դպրոցին մեջ երկու տարի:
— Ա՜հ, այո՛, այո՛, պարոն Ալեքսանդր, կհիշեմ, այն ատեն շատ երիտասարդ էիր:
— Ձեզի ալ շատ ծերացած կգտնեմ հիմա, պարոն Եղիազար…
— Է՜, կյանքը կծերացնե մարդս…
Եղիազարը կազդուրվեցավ կարծես, երիտասարդ օրերու հատուկ խանդով մը սկսավ խոսիլ. հին հիշատակներ քրքրվեցան՝ անեկդոտներով համեմված, որոնք այնքան զվարթ ալ չէին:
Քիչ վերջ, երբ խոսակցության թելը ընդհատեցավ, ձեռագրերու մանրանկարներն ու երփներանգները ցուցնել սկսավ մեզի:
Ես նկարչութենե, գծագրի արվեստեն մեծ բաներ չեմ հասկնար: Արմաշի մեջ գտնվող նմանօրինակ ձեռագիրներն և նկարները մեր ծիծաղին կամ հեգնանքին կարժանանային, որովհետև մեր անցյալը հետաքրքրության արժանի շատ քիչ բան տված է, ամեն բան նորեն շինել պետք է:
Հակառակ պարոն Եղիազարի հավաստումներուն ու սքանչացման, մեր հին արվեստի մասին հիմա ալ կարծիքս նույնն է: Պարոն Ալեքսանդր ավելի երջանիկ երևնալու դեմք չուներ: Բայց լավ էր ուշով հետևիլ Եղիազարի ցուցումներուն, շահեկան բաներ ալ կպատմեր ու կերևա թե կհասկնա հնու թյուներն ու անոնց արվեստը: Ան կշոյեր բոլոր արտակարգ, միամիտ կամ չարաճճի դեմքով Հիսուսներու, ս. Կույսերու, սրբոց պատկերները, կհամբուրեր երկյուղած ուրախությամբ անոնցմե մեկ քանին, հետո կուտար անուններ, որոնք հեղինակներունը պիտի ըլլային անշուշտ, արվեստին դատումը կըներ՝ գնահատելով գույներուն փայլը, տոկունությունն ու բաղադրությունը:
Ցույց տվավ շատ փոքր, կրծված, քայքայված ձեռագիր մը, որուն վերջին էջին վրա գույների բաղադրությանն ու խառնուրդին մասին ծանոթություններ կային, ու մենք ապշահար սա անծանոթ նորահնչյուն անունները կլսեինք, զառիկ, դեղնախունկ, կռեզ, զաֆրան, որդան...
— Մեր նախնիք տասներորդ դարեն առաջ սովորություն չունեին ոսկեջուր գործածելու, Բյուզանդիոնեն առնված է անոր գործածությունը, Կիլիկյան շրջանին. ես ունիմ հազվագյուտ զարդագիր մը, որուն մեջ Հիսուսի լուսեղեն պսակը բնական դեղինով մը հորինված է, բայց անանկ դեղինով մը, որ ոսկեփոշիի պատրանքը կուտա, հոտ էր մեր նախնյաց ճարտարությունը՝ գույներով մետաղին փայլը կեղծել:
Պահ մը լռել է և մեզ դիտել է հետո ավելցուց.
—Ես ալ առաջին օրերուն բան մը չէի հասկնար ասոնցմե, որովհետև տգետ էի, տգետ մը, որ խորունկ սեր ունեցած է գծված ամեն բանի ու ներկի ճարտարության: Հետզհետե մտերմանալով անոնց, սկսա համր լեզվի մը հմտանալ, որովհետև սիրելու համար հասկնալ, բացատրել պետք է, անանկ չէ՞, վարդապետ: Տեսեք սա կարմիրն ու կանաչը. ինչպե՛ս դաշնավորեր է զանոնք Պիծակի ձեռքը. հապա սա արագի՞լը, որ կկտցահարե գալարված օձ մը, ավելի բնական կրնա՞ գծվիլ օձին շարժումն ու հուզումը:
Մեր նախնիք գիտուններ, հանճարեղ արվեստագետներ, սուրբեր էին:
Իրենց գործերը հաճախ այնքան իրական ու կենդանի են, որ ուրախութենես կսկսիմ պարել: Ծերունի հիմարի մը քմահաճույքը համարեք թերևս գովեստներս ու գնահատումս. այդպես չէ, մենք փառավոր անցյալ մը ունեցած ենք, վկա մեր տաճարներն ու անոնց մեջ նիրհող արվեստը:
Մենք չենք ճանչնար պիտանին, կենսականը, մեծը՝ Հայ Արեվեստը, և զայն խավարին մեջ թաղված ենք, բորբոսող մութին մեջ լույսի գանձեր ունինք. ո՞վ պիտի հաներ զանոնք մեջտեղ, կղերականությու՞նը, որ պաշտոնի, հացի, դիրքի, անբարոյականության անելին մեջ զիրար կբզկտե ու կմատնե. մտավորականոթյո՞ւնը, որ բռնության տակ կհյուծի ու վատասերիլ կսկսի:
Գիտեմ ի՜նչ ոճիրներ կգործվին վանքերուն մեջ ամեն օր, ի՜նչ գլուխգործոցներ կփճանան: Բայց ալ բավ է, կարծեմ շատ առաջ գացի…
Նշանակելի լռություն մը պահեցի, կարծես զգացնելու համար Եղիազարին, թե իր ակնարկություններն առնված էի. բայց այդպես չէ, կսիրեմ անկեղծության չափազանցություններն իսկ ու ո՞վ գիտե թե իրավացի չեն այս ծերուկին ըսածները…
Եղիազարը կրկին ձեռք առած էր Սաղմոսարան մը, որուն մեղմորեն ծխոտած, առույգ և ողորկ թերթերուն կարմիր գլխատառերով տողերեն, սև երկաթագրերու պարզ, անկեղծ խստությունը կցայտեր:
Բայց իրոք՝ հիմար մը չէ՞ այս մարդը, խորհեցա:
Կչափազանցեմ նորեն: Ամեն մարդ կիրք մը ունի. Եղիազարինը մագաղաթի սերն է, երիտասարդինը՝ աղջկան մը. միշտ այս սեր բառը հառաչ մը կարթնցնե կուրծքիս տակ: Սերը լայն առում ունի: Իր բյուրավոր ձևերեն միուն կարելիությունը եթե կպակսի ինե, մյուսները հոս են, կապված այս սև վերարկուին և նվիրական պաշտոնիս:
- Այո՛, այո,- կրկնեցի մտովի, - Եղիազարը ազնիվ մարդ է, իր կիրքը անմեղ, արդար կիրք մը, կիրքերուն է՛ն գեղեցիկը թերևս, արվեստի սերը… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Վերադարձին, երբ բակեն կանցնեինք, տեսա Շուշանը, իր ժպիտը անմեղ ու տրտում երևաց ինձ, մեկ-երկու հարցումներ ըրի իրեն, երբ հեռացա քովեն, տեսա որ դեպի խոհանոց կվազեր, խուճապ ձգելով տատրակներուն մեջ. ասիկա սովորական պատկեր մը միտքս բերավ ու կրկնեցի.
— Ահա տատրակ մը, որ խուճապի կմատնե տատրակները:
Գոհացա գյուտովս, որովհետև գրականությունը կսիրեմ. շատ անգամ օրաթերթերու մեջ հաճույքով կարդացված են կեղծանունով գրած նկարագրականներս ու հայ եկեղեցվո բարեկարգության քննադատական հոդվածներս:
Զ
Դեկտեմբեր…
Շարաթե մը ի վեր կձյունե:
Ցուրտ հովերու կամքին անձնատուր սահմանավոր գորշ միջոցին վրա, ճերմակ մասնիկներ հիմարներու պարը կդառնան: Երկար մնամ պատուհանին առաջ, դիտելու համար մթնոլորտը լեցնող այս եռուզեռը: Թերևս գեշ է ասանկ հաճոյանալ, զվարթություն գտնել բանի մը մեջ, որ ուրիշներուն թշվառությունն է. ի՞նչ կընեն հիմա բյուրավոր անտուն և մերկ հայերը: Այս մտածումը լուրջ բան մըն է, բայց ես անգիտակից հրճվանքով մը, կրկին անձնատուր կըլլամ ձյունամրրիկներուն վայելքին: Ձյունը՝ պահ մը խոշոր հատերով, տատմսումով, խաղաղորեն կթափի, բայց ահա մեծ խուճապ մը կլեցվի մթնոլորտին մեջ, հովը ապակիներուն կզարնե ապտակ մը իր սպիտակ ափերով. տեսությունս այն ատեն կկասի, կմարին տեսարանները, մինչև որ ձյուները հալին ու արցունքներուն պես վար սահին, այն ատեն նորեն ծայր կուտան մասնիկներու անակնկալ, չարաճճի թափառումները, վազքն ու գահավիժումը:
Իրա՛վ որ շարժումը գերազանց բան մըն է. թեև նախասոկրատյան իմաստուններեն ոմանք կուրանային զայն:
Այդ հարաշարժ սպիտակ քողին մեջեն մայր բնությունը կերևի անհույզ, սպոյիկի մը պես կրելով մոռացումի և մահվան պատանքը: Վանքին պարտեզը, գետեզրի ուռիները, առվակներու վերև ցցվող ուրվամարմին բարդիները, քանի մը որմերու սև կողեր չեն կրնար դաշտորեին մերկությունը մեղմել:
Մե՜րկ, մե՜րկ կուսակրոնի մը սրտին պես, իմ սրտիս պես... փույթ չէ այս տեսարանը լավ տրամադրությամբ կլեցնե զիս և երգելու պետքը կզգամ:
Հիմա օրվան գործերս և երկու ամսվան վարժությունը վանքը հաճելի ըրած են ինձի: Որբերուն վիճակը բարելավված է, առաջին օրերու ցնցոտիներուն տեղ քիչ թե շատ կանոնավոր հագուստ շինված, մակաբույծերու, աղտին ու վերքերու տակ բորբոսող իրենց մարմինները՝ շնորհիվ կոնավոր խնամքերու, մաքրված են:
Այս բոլորը իրագործվեցան իմ և պաշտոնյաներուս անձվեր ջանքովը:
Պ. Ալեքսանդրը տղոց հետ է միշտ: Դասի ժամերեն դուրս օրը քանի մը անգամ ես ալ կայցելեմ որբերուն հարկաբաժինը: Այն սենյակը, ուր իբր դասարան կնստին, փոքր է, վառարանին ու տղոց արտաշնչությունը գեշ կերպով կապականե օդը, անանկ որ ներս մտնելուդ աչքերդ կմթագնին: Ասիկա առողջապահիկ չէ անշունշտ, բայց ի՞նչ ընել, ուրիշ հարմարագույն պատսպարան մը կա. հետո գրասեղան ալ չունին, կնստին բազմոցներու վրա, որոնք փոշիի կայաններ են: Վանահայրը կմերժե գրասեղաններ շինել տալ: Ա՜խ, պարարտ խոզ, որ նույնիսկ ծայրագունության աստիճան ալ ունի, մինչ ես տակավին պարզ վարդապետ մըն եմ:
Հակառակ այս բոլորին, վանքը որբերուն ապահոված է վիճակ մը, որ չի կրնար համեմատիլ իրենց հին կյանքին հետ. միայն չեմ հասկանար, թե ինչ՞ու այս տղաք զվարթ չեն ընդհանրապես, կասկածանքով կնային մեզի, ատիկա պ. Ալեքսանդրն ալ կհաստատե. բացսիրտ չեն, զգացման ղեղումի մը ականատես չեղանք տակավին: Կարոն ու Մանասեն ուրախ տղաք են, սակայն այս անմիտներուն խոսքը չըլլար:
Այս առտու Ալեքսանդրը ինձ կըսեր.
—Հայր սուրբ, զարմանալի են այս տղաքը, օրերով տխուր, լուռ ու մունջ կնստին, ասիկա իմ հուսահատությունս է, իրենց վիճակակից կընեն զիս ալ: Չեմ ըսեր, թե ծույլ են, ընդհանրապես գոհ եմ իրենց դասերեն, բայց կա բան մը, որ կնեղե ղիրենք:Հետո կռվարար են, երբեմն հազիվ թե իրենց սենյակեն կհեռանամ՝ ահա նախ խնդալու նոպայե մը կբռնվին, հետո ձեռք կառնեն իրենց բազմոցները, կսկսի գզվռտուքը. աղմուկեն ներս կվազեմ, փոքրիկ դասարանը փոշիներու մշուշի մեջ կկորսվի, մինչ մեծ ու փոքր գիրկընդխառն գետնին վրա կքաշկռտվին, ոմանք արտասվալից ճիչերով, ուրիշներ քրքջալիր և շնչասպառ:
Միայն Խաչերն է, որ այդ ամենուն անմասն կմնա, լուռ կերպով այդ փոքրը կհյուծի, եկած օրերս զինք ավելի գեր գտած էի, հիմա գունատեր է ու նիհարած ալ է. ափ մը մարմին. բայց սիրուն տղա չէ՜, Հայր սուրբ, պիտի ուզեի ատանկ մանչ մը ունենալ: Դաս չի պատրաստեր, խաղալու հետամուտ չէ, քիչ կխոսի ու խիստ նայվածքն մը աչքերը կլեցվին: Գիշերները շատ անգամ գլուխը վերմակին տակ քաշած կհեծկլտա, պատճառը կհարցնեմ, չի խոսիր, կշոյեմ իր այրող գլուխը երկարորեն, մինչև որ քնանա. անգամ մը միայն ըսավ թե՝ «կվախնամ»:
Վաղը չէ՜ միայն, մտածելով սա եզրակացության հասա: Այս տղաքը հայր, մայր ունեին, թեթևս ալ բարեկեցիկ էին. երբ հայրերնին մեռավ՝ գոնե մայր մը կար, որ կրնար ժպտիլ. Հոս բույնե զրկված թռչնիկներու կնմանին, ընտանեզուրկ, աշխարհի կյանքեն խզված, նետված կետի մը վրա, ուր վանականն ու մենակյացը անգամ տագնապի, ձանձրույթի պահեր կանցնեն:
—Ես վանքի որբանոցներուն մասին լավ կարծիք չեմ ունեցած:
—Ինչ՞ու, պ. Ալեքսանդր,- հարցուցի հեգնությամբ:
—Որովհետև վնասակար հաստատություններ են: Ին՜չ կուզե պատրաստել վանքի որբանոց մը, մարդիկ՝ աշխարհի համար, բայց տղաքը ու՞ր պիտի ճանչնան աշխարհը, որուն մեջ պիտի նետվին հաց ճարելու համար: Վանքը քիչ կամ շատ ուսում կուտա տղուն, անոր մեջեն խլելով ինչ որ պիտի տային տունը, փողոցը, շուկան, հարաբերական կյանք ըսվածը վերջապես: Վանքը՝ տղան հաղորդակցութենեն զրկելով, կվայրենացնե, կխեղդե բարի ժպիտը արթնացնելով խոհանքի և տրտմության ընդունակությունը, մինչ եսը անհունորեն կընդլյանի սնունդի նյութ գտնելով միայն ինքզինքը: Մեր բոլոր գուրգուրանքը, մայրական կամ քրոջ մը ապտակին հաճույքը չեն կրնար տալ:
—Պարոն Ալեքսանդր, —ըսի, — թերևս ճշմարիտ են ձեր դիտողությունները, բայց առանց այս վանքերուն ի՞նչ վիճակի մեջ պիտի իյնային բյուրավոր որբերը, բոլոր Հայաստան դիակնարան մըն է, իսկ մեր երկրին ցուրտը գիտես, ի՞նչ պիտի ընեին այս մերկ տղաքը...
—Թերևս ավելի աղեկ ըլլային...քանի մը տարիեն ամեն բան կանհետի... մեր ժողովուրդը չի մեռնիր, վարդապետ...
Առաջին անգամն է, որ վարդապետ բառը կգործածեր. դժգոություն մը զգացի. վարժության հետևանք է, մտերմացանք Ալեքսանդրին հետ, և մտերմության մեջ ներելի են ասանկ ազաություններ, պայմանով, որ հանրության մեջ երևան չիգան:
Ալեքսանդրը կըսե, թե որբերը զոհ պիտի ըլլան վանական ցամաք կյանքին, իրավացի է. մի՞թե ես ալ անոր չեմ:
Կհիշեմ շփոթությունս ու ձախավերությունս, երբ առաջին անգամ Պոլիս գացի. մինչև այսօր ալ նույն անվարժությունը ունիմ, մարդոց ներկայությունը կամչցնե զիս, և սուրճ առնելու գործը հոգ մըն է ինձի համար:
Այսպես խորհելով անցա ձյունածածկ բակեն, ուր տատրակներու հևքը կտիրեր միշտ և որ հեզորեն ու մեծափաթիլ իյնող ձյունեն կասած էր:
Գոմը իջա. առաջին անգամ է, որ կայցելեի վանքին անասուներուն. և հանդիսավոր բան մը եղավ ատիկա ինձ համար, կարծես թանգարան կերթայի. առույգ, սակայն տգեղ հովիվ մը զիս ներս հրեց ցածուկ դռնեն, երեսս տաքությամբ ծածկվեցավ, այդ ջերմին մթնոլորտը զգալի, շոշափելի, իրական էր կարծես, զայն դիմակի մը նման կկրեի դեմքիս վրա: Կիսախավարին մեջ կենդանիները հազիվ նշմարեցի. տապալած և հանդարտորեն որոճացող քանի մը գոմեշ զվարթացուցին զիս, որովհետև հիշևցի վանահոր մասին ըրած գյուտս. եզները կանգնած էին, իրեն լեզուն մարագի ոսկեգույն հարդին մեջ կնետեին անընդհատ ու լայն ռունգերնեն ելլող առատ շունչը խուճապի կմատներ դարմանը. անոնց քով էին կաթնատու, նիհար և սև կովերը, անոնց տամուկ դունչը ձեռներս հոտոտեցին: Ոչխարներու փարախը փայտորով մը զատված է, հոն անցա. ձեռքերս մխրճելով անոնց կակուղ բուրդին մեջ շոյեցի գլուխնին. ոչխարները մելամաղձոտ երևացած են ինձի, մտամոլոր իմաստուններու կնմանին ու անոնց նման ալ ծիծաղելի են: Ուզեցի այծ մըն ալ չի ղրկել շոյանքես, սակայն հանկարծ ուստում մը ըրավ, ու ահա բոլոր փա Վախին մեջ խուճապը տարածվեցավ, մյուս այծերն իրենց ընկերոջ հետեվեցան ու ոչխարներն ալ:
Շվարած էի, կիսախավարին մեջ սև ու ճերմակ հերձանք մը կպտուտքեր, կենդանիները կհարվածեին զիրար, կընդոտնեին, կցատկեին համառ լռությամբ մը, զայրանա՞լ թե ծիծաղել:
Հովիվը հազիվ հանդարտեցուց այս վրդովված անասուններուն խիղճը՝ գավազանով զայն ի կարգ հրավիրելով. եթե գիտնայի՜ն, որ իրենց քով եղողն ալ հովիվ մըն է, որ իր կարգին ոչխարներ կհովվե... թերևս ավելի հարգալի ըլլային:
Տարիներե ի վեր զրկված եմ այս գեղջկական տպավորութենեն. օրս շատ լավ ավարտեցի:
Կսիրեմ խոտերուն, հարդին, կենդանական աղբին համաձուլ հոտը, որ գոմի մթնոլորտն է: Ատիիկա իմ գյուղիս, խեղճ ու լքված Սպեր, սաքուները կհիշեցնե, ուր մեր մանկության ձմեռ գիշերներն, օջախին ճարճատուն կրակին դեմ, մամիկներու առասպելին սարսափովը կլցվեինք, կամ մխացող անոսր լույսին սահմանեն անդին աշուղի մը վեպեն վառված, մեր երևակայությունը կտեսներ ճերմակ, կարմիր, սև նժույգներն իրենց ոսկեսար թամբերով, անոնց վրա աշտանակող շեկ, հրաշվի և կարմրազգեստ դյուցազուններուն հեր:
Վեհարան ելած միջոցիս Շուշանին հանդիպեցա, ժպտեցավ ինձի...
Աղվո՜ր աղջիկ, որքա՜ն պիտի ուզեի իրեն նման կին մը ունենալ... եթե աշխարհական ըլլայի:
է
Դեկտեմբեր...
Գիշերը խույս քաշվեցա. Նարեկեն հատվացներ կկարդամ:
Այլուր երբեք այսքան ըմբռնելի և վսեմ երևցած չէր ինձի այդ աստվածային գործը: Հիմա կհասկնամ Նարեկի ճգնարանին արժեքը: Մարդկային ձեռքերե դիտմամբ դուրս նետված մենավոր և կորսված կետի մը վրա է, որ հոգին կրնա գտնել անաշխարհիկ մտածումը ու երկնային ներշնչման անձնատուր կըլլա:
Կյանքի ձևերեն զուրկ այս մենարանը՝գիշերներու անսփոփ խավարին մեջ, ձյունի գթությանն ու հողմերու պահպանությանը հանձնված, սրտիս մեջ կարթնեցնե երկյուղածության կայծը, ու խռովելե հետո հոգիս՝ անոր վրա սպեղանիներու նման կծավալե իրերու իդեական և անշահախնդիր վայելումը: Իրա՛վ Նարեկեն առաջին անգամ ըլլալով գերբնականին ճաշակը կընդունիմ, նման մեղապարտի մը, որ ոսկյա սկիհեն կստանա, ծիրանի գինիով օծուն հաղորդության մասնիկը:
Այս հոգեկան վայելումներս քիչ կտևեն սակայն, կպատահի, որ գիրքը գոցելևս անմիջապես վերջ՝ օրվան հոգերով բևռնավորվիմ կամ թե սիրո մը զորավոր հրապույրն զգամ:
Ինչպե՞ս մեղմել կիրքը երիտասարդի մը, ըլլա՜ կղերական, կարմիր արյունին մեջ, ինչպե՞ս սպանել մտածումը, որ երակներուն ջերմին սարսուռեն կարթննա և կըղձա բաներուն է՛ն ամոթալին, այլ անո՜ւշը՝ կինը: Նարեկացին չտառապեցա՞վ արդյոք կուսական մարմնին կարոտով: Աղթամարի մեջ հայտնվող աստվածամարը իր երազին կինը չէ՞ր արդյոք: Ապաշավի այդքան հզոր աղաղակներ հանելու համար մեղքերու նույնքան ուժգին խածատումը զգալու է մարդ:
Ամոթալի՜ բաներ կըսես, Արտակ, ամոթալի՜...
Չեմ կրցած հաշտեցնել մատղաշ տարիքն ու պարտքը, զոր եկեղեցին դրած է մեր վիզին անուրի մը նման: Իրա՛վ Նարեկն ու զբաղումներս կմոռցնեն շատ անգամ կիրքը, բայց սպաննել չեն կրնար, անհուսալի րոպեի մը այնպես կելլե նստեոլու մեջս, որ ես անոր ստացվածը կըլլամ: Պետքը կզգամ բաներու, զորոնք վայելած չեմ, բայց համով ըլլալու են սիրվիլ, շոյանք ստանալ...
Ես ձախավեր մը եղած եմ, միշտ ըսեր եմ ասիկա, ամչկոտ մեկը, չեմ կրցած ընել այն, որուն արդեն տեր են վարդապետներու մեծ մասը: Պոլսո վարդապետներեն շատեր սիրուհիներ կպահեն, ու քանի մը եպիսկոպոսի զավկներուն վրա կխոսվեր:
Այս գիշեր նույն չարչարանքը այցելեց ինձի, քունը չի մոտեցավ աչքերուս: Կիսովին հագված գացի որբերու հարկաբաժինը: Բարձրանալով սանդուղներեն ու մութ նրբանցքեն անցնելով՝ գտա ինքզինքս ննջասենյակներուն մոտ: Լռության մեջ շնչառություններու ալյակը կփռվեր մեղմին այլ հարատև կոծումով:
Գետնին վրա ձգված երկու շարք անկողիններու մեջ թեթև քայլերով պտտեցա՝ քանի մը վերմակներ ուղղելով: Ոմանք իրարու հետ պառկեր էին, երկու վերմակ ունենալու համար: Լա՛վ չէ այդ բանը, սակայն ցուրտն ալ անողոք է, այնքան անողոք, որ քիվերեն սառի սլաքներ կառկախվին ու ամեն առտու քանի մը սափոր ճաթած կգտնենք...
Իմ սարսուռս ալ նվազ չէր. ապակիները սառեր էին՝ ծածկված եղյամի հաստ խավով մը. հովը կուգար անընդհատ քերվտիլ անոնց վրա, հեռավոր աղաղակներու՝ իր ծեծվող կողերուն զայրույթը խառնելով:
Լռությունը կսիրեմ, սակայն եթե շատ երկար տևե՝ վախով կլեցվիմ: Ան մեջս կարթնեցնե միստիկական բան մը ու գութով կողողե էությունս:
Բավական պտտելե վերջ այդ վախը զգացի. խորհեցա լուսամուտներուն առջև, ձյունակույտերու տակ պառկած պաղ դամբարաններուն ու անոնց մեջ քայքավող մարմիններու վրա: Մանկության օրերես ի վեր հավատացած եմ չար ոգիներու գոյության. դեռ տղա՝ ամեն գիշեր ուրվականներ կտեսնի. որոնք զիս կգրկեին վեր բարձրացնելով ու կձգեին պարապին մեջ մեծ քրքիջներ արձակելով. ահաբեկ լաց մը կձգեին և ծնողքըս հազիվ կրնայեն սփոփել զիս:
Եբեմնի այդ նախապաշարումներն իրենց հետքը ձգած են վրաս, հիմա ալ թափուր վայրերու երկյուղով կսնիմ…
Ու իրավ, ի՞չ է վանք մը գիշեր ատեն, մանավանդ ասանկ ձմեռ գիշեր մը. դամբարան ափ մը մարդոց: Տեսակ մը կղզի է ան, զոր կարգելափակեն բնության անողոք օրենքներն, ձյունն ու հովը:
Այցելող չկա, չկա ուղտավոր, ուղևոր մը անգամ՝ օրվան լույսով իր մոտեն չանցնիր:
Շաբաթներե ի վեր ճերմակ մասնիկներ կարշավեն միահերթ տարածության մը վրան, մռայլ երկնքի մը տակ, իբր թե ալ արևուն լույսը հուսալ երազ մի ըլլար, ու կյանքին դառնալ՝ պատրանք... Սակայն գյուղեր, քաղաքներ կան, ուր որչափ ալ դժբախտ ըլլան մարդիկ, գիշերվա սա պահուն կրնան հանգիստ քնանալ կամ նստիլ, կրնան խոսիլ բարեկամի մը, զավակներու, հարսի մը հետ. և մանավանդ այս պահուն է, որ կինե շրթները կբանա հեշտանցին, ինչպես ծաղիկ մը իր՝ բաժակը արևի շողին:
Պահ մը մեջս մարած վրդովիչ սիրո զգացումով՝ նորեն լեցվեցա:
Պոլիս քարոզչությանս միջոցին ալ կտառապեի, բայց կերևի գոհացում գտած էի. գոնե աչքերս ու ձեռքերս զրկված չէին. մին կտեսներ ու մյուսը կզգար շրթներու տաքությունը:
Հոս զրկված եմ բոլորովին: Կմոռոնամ, մեկը կա, շնորհալի աղջիկ մը, այլ որուն երեսը չեմ կրնար համարձակորեն նայիլ, հայրենի վանքի մը մթնոլորտը այնքան աններող է:
Մտածումներու այս կարգին մեջ՝ երբ կխորհեի մեկնիլ, ետիս դարձա վերմակի մը շարժիլը տեսնելով:
—Օ՜... Խաչե՛ր, չե՞ս քնանար, արթո՞ւն ես... բա՞րձր կխոսեի արդյոք, տղաս... բան մը իմացա՞ր... ըսե՛...
—Ո՛չ...ի՞նչ բան...
Ապահովված նստա իր բարձին մոտ, հարցումներ ընելով:
—Չե՞ս քնանար... ինչո՞ւ եկած միջոցիս ձայբ չի հանեցիր. կմսի՞ս, ըսե՛, տղաս, բանի մը կխորհի՞ս, ինչո՞ւ ասանկ նիհարցած կտեսնամ քեզի... Ու իրավ գունատ լույսի մը տակ՝ Խաչերի դեմքը դժգույն ու հյուծած կերևար:
— Բան մը չունիմ, հայր սուրբ…
Անկողնին մեջ պզտիկ տեղ մըն էր գրաված Խաչերը, ասիկա ինձի կրկին խորհիլ տվավ անոր ազազուն մարմնին վրա, ու գթությամբ լցվեցա:
Բոլոր հարցումներս, պնդումս, աղապատանքս անօգուն անցան. ի վերջո սկսավ արտասվել լիորեն, ու ես բեկյալ կդիտեի արտասուքներուն կոպերեն ծագիլը, տարածվիլը սառնենիին և բիբերուն վրա, հետո այտերեն մեղմորեն հոսելով բարձի ստվերին մեջ անհետիլը:
Չեմ գիտեր ո՞ր վեպին մեջ ասանկ հյուծող փոքրիկի մը նկարագրությունը կարդացած եմ… կարծեմ ի վերջո մեռած ալ է:
—Մայրիկիդ վրա՞ կխորհիս, Խաչեր… Ձեր տունի՞ն վրա…
Չի խոսեցավ: Հակառակ անտանելի ցուրտին՝ երկարորեն նստա մանուկին քով, շոյելով անոր քրտնաթոր ճակատը, մինչև որ քնացավ ու իր թրջված դեմքը ստացավ ժպտուն այլ պատրաստած խաղաղության մը:
Վեհարանի սանդուղքի տակ, դիտելով տնտեսուհիներու սենյակը, ինձ թվաց թե՝ կլսեմ Շուշանի հեզ ձայնը. կանգ առի՝ հետո իր լուսագիծ հասակը տեսա դռան սևության մեջ… երա՜զ…
Հանցավորի սոսկումով վազեցի սենյակս…
Ը
Երբ լուսավոր ու տաքուկ Վեհարանեն ներս մտան՝ մեկեն այլափոխվեցավ իրենց սովորաբար ցուրտ դեմքը:
Տասնհինգն ալ ընդարձակ սենյակին լռության մեջ ավելի արագ և աղմկալի կշնչեին, անձկությամբ դիտելով բոլորի սեղանին վրա դիզված գույնզգույն ծրարներ, որոնց երանգը ձեղունեն կախված մեծ լամբարին լույսով կսաստկանար:
Առաջին գոհունակ տպավորության մեղմանալն վերջ կսկսԵր զարմացման և հետաքրքրության շրջանը: Իրավ որ շատ տարբերություն կա որբերու հարկաբաժնին ու վեհարանին միջև: Ծիծաղելի է սա վեհարան պատվանունը, չես գիտեր ո՞ր հիմարը դրեր է. իբր թե կաթողիկոսի մը սրահը եղած ըլլար այս քառակուսի, մեծ սենյակը:
Տղաք կդիտեին որմերուն վրա գտնվող քանի մը պատկերները, որոնց յուրաքանչյուրը հավանության և հիացման զուսպ աղաղակի մը տեղի կուտար: Ամենեն առաջին աակնարկները հայրիկին վրա կիյնեին, որ գլուխը բաց, լայնաճակատ, մորվեղ, իր խոր աչքերով կտիրե սենյակին, հետո՝ Գևորգ Դ. կատողիկոսին վրա՝ լրջադեմ ու երկայնամորուս, որուն գորշությունը կեղծեն երկու ճերմակ սահանքներ, ի վերջո սևեռելով սև վեղարին տակեն ծաղկող գեղանի ու շենշող դեմքի մը՝ Եսայի Պատրիարքին: Երկարորեն զննեցին Մայր Հայաստանին, առանց շրջանակի նկար մը՝ դռան հանդիպակած պատին վրա գամված: Վարսերը թափած, ավերակներու մեջտեղ նստած աղջիկ մըն էր ան, որ բան մը չէր արտահայտեր, բայց իր անունեն կարելի էր ամբողջ ողբերգություն մը հանել և զգալ: Տղաք ալ այդպես կընեին երևի. երկարորեն վիճեցան ու բացատրություններ տվին, ի վերջո աչքերնին իջեցնլու համար կարմիր կերպասե վարագույներուն ու թավիշե բազմոցներուն:
Այս ամենը նոր էին իրենց համար. մանավանդ հախճապակիե ջերմոցը ուր դեղին բոցը կճարճատեր:
Հիմա տեղավորվիլ կսկսեին. այդ պահուն իրենց անհանգստությունը ակներև էր, միջավայրին նորութենեն ազդված՝ ինքզինքնին անոր օտար կզգային, քանի որ կջանային ձեռքերովնին ծածկել իրենց զբեստներուն պատռվածքները:
Այս առաջին անգամն էր, որ մեր թաղին մեջ տղոց այցելությունը կընդունեինք, և չեմ գիտեր ինչու՞ շատ հարգելի հյուրերու տպավորությունը կընեին վրաս: Բայց ո՞վ պիտի խզեր տիրող այդ անախորժ լռությունը: — Է՛, տղք, բարի հրամեցիք, բարով, հազար բարով, դուք ալ այս կողմերը կուգայի՞ք... Վանահոր կատակին վրա ծիծաղն ընդհանուր եղավ: Տաքուկ էր սրահը, ու մանավանդ Վարդան հայր սուրբը տաքցուցած էր ստամոքսն ալ. ի՞նչ պահեմ մեղքս,երբեմն ես ալ մասնակից կըլլամ իր գինարբուքին:
Սկսանք հրացումներու, ծիծաղելի խոսքերու, ու արդեն քիչ վերջ վեհարանին մթնոլորտը հրճվալի աղմուկով լեցված էր: Տղաք ընտանի և համարձակ դարձան, կերգեին հայերենական պարերգեր, որոնց չափով մեկ քանիները պարեցին, հաճույքով կհետևի իրենց ոտքի խոհեմ շարժումներուն, հետո անոնց երագությանն ու խանդին:
Պարերեն վերջ Հայաստանի, հերոսական երգերու շարքը սկսավ տարտամ ու երկարաձիգ շեշտերով: Շատ լսած եմ այդ երգերը, բայց անոնք չեմ գիտեր ինչո՞ւ լեցուցին զիս խոր հուզումով, նույն հուզումը կզգայի ամենուն քով ալ: —Ամեն հույս մարեցա՞վ ուրեմն, կրկնեցի Եղիզարին դառնալով:
—Ո՛չ, հայր սուրբ, օր մը մեր ցեղը հսկայի մը նման պիտի վերականգնի անիրավ աշխարհին առաջ։
Երգերուն տպավորությունը պարոն Ալեքսանդրի սարքած խաղերով անհետացավ. այդ միջոցին վանահայրը վաղեմի ճարտարություններ կկենդանացներ անասունի ձայներ կեղծելով.
Միա՜վ, միա՜վ… հա՛ֆ,հա՛ֆ…ֆը՛…ֆը՛…ը՛ֆ…
Տղաք տեղերնուն կցատկեին, իրարու վրա իյնալու աստիճան խնդալ են կջարդվեին, հոգնաբեկ մեջքերնին կբռնեին, մինչ իրենց աչքերեն արցունք կվազեր։
Ի վերջո վանահոր տաղանդը սովորական դարձավ։ Կարգը զվարճալի անեկդոտներունն էր։ Բոլորն ալ մեկ-մեկ բան պատմեցին, բայց Եղիազարին մնաց հաղթանակը, իր պատմության ամեն մեկ բառը քրքիշ կխլեր։
Վանքին բնակչությունը հոն էր՝ վեհարանին մեջ. իմ հաճույքս կկրկնապատկվեր՝ տեսնելով Շուշանը Խաչերին քով նստած, այտերը վարդագույն ու աչքերը կապույտ կայծերով լեցուն։ Քով քովի էին Շուշանին մայրն ու ծերուկ տնտեսուհին, որբերուն զվարթության իրենք ալ մասնակից, դռան առջև կայնած էին հոտաղներն ու ծառաներ։ Տարին անգամ մը կարժե քրիստոնեական հավասարությունը իրագործել զանազան դասակարգերուն մեջ, խորհեցա։
Դուրսը ձյունամրրիկ կար, անոր շունչը կուգար շոգեծածկ ապակիներուն չիմացված եղանակներ ըսել. բավական մը ունկդրեցի ձմեռ գիշերներու վրդովված սրտին շփոթ տրոփյուններուն. ինե զատ մեկը ուշադիր չէր անոնց և չեմ գիտեր ինչու՞ հպարտությամբ լեցվեցա:
Դուրսի աղաղակները փոխեցին տրամադրությունս ու նույնիսկ բաժնված նվերներուն բերած ծիծաղը չի կրցավ հանել հուսահատությունը, որ հոն էր սրտիս մեջ։ Ինչո՜ւ ասանկ շուտ կփոխվին տրամադրություններս. կերևի բանաստեղծ մը կապրի մեջս, զգայուն այլ հավետ անծանոթ ապրելու սահմանված բանաստեղծ մը։
Քաղաքեն քանի մը երիտասարդներ կաղանդի առթիվ, գուրգուրանքի փափուկ զգացումով մը, հակառակ ձյունին-բուքին՝ իբր համեստ նվեը՝ բերած էին գունավոր թղթածրարներ, լի գույնզգույն շաքարով։
Ծրարները բացվելով՝ անակնկալներ իրարու հաջորդեցին, մեկուն փոքր ջրաներկի տուփ մը կելլեր սատափե գրիչ մը ափին մեջ կխաղացներ ուրիշ մը, մեկ քանի հոգի կզմայլեին գրչատուփի մը կազմածին վրա, մինչ փոքրերը թմբիկներ կդափեին կանաչ, կարմիր լուրթ կապույտ սրնգափողերու վրա փչելով յուրահատուկ հրճվանքի մը թելադրած եղանակները: Վեհարանը անտանելի քրքիջներով, աղաղակներով կլեցվեր, մինչ կեսգիշեր էր արդեն:
Թերևս որմերուն վրա հանգչող այդ անտարբեր հայրպետները՝ երբեք ասանկ եռուզեռի մը ականատես եղած չէին. բայց ընդհանուր հոգնոթյուն մը զգալի կդառնար:
Վանահայրը կսկսեր մրափել, Եղյազարը քիչ վերջ մեկնացավ. մնացինք ես և պ. Ալեքսանդրը: Յուրանքաչյուրը իր նվերին վրա հիանալե հետո կուգար մեզի ցուցանել. կասկածոտները կքաջալերեինք ու դժգոհները գոհացնել կուզեինք: Հետո ամեն մեկը խնդրական ժպիտով մը կբերեր մեզի ընծայելու իր շաքարեն մաս մը. ատիկա փաղաքշիչ էր, մանավանդ որ Շուշանն ալ ընծաներու տարափին տակ կծածկեին, ու ես կտեսնեի անոր. երջանիկ ժպիտը գեղեցիկ դեմքին վրա:
Հրապուրի՜չ և հրեշտակայի՜ն էակ, հիմա կհասկանամ, թե ուրկե կուգա իր շնորհներուն մեկ մասը. բավական ատեն Պոլիս ապրած են. անցյալ օր մայրը պատմեց ինձ իրենց արկածալից ու աստանդական կյանքին դրվագները:
Խաչերը այլափոխվեր էր, սովորական տղան չէր, կվազեր, կոստոստեր ու գիրկե գիրկ կիյնար. այտերը կվառվեին ու բոլորս ալ՝ Շուշանեն սկսյալ, համբույրներո՜վ կողողեինք իր դեմքը, ուշադիր կըլլայի Շուշանի շրթներուն, հոն, ուր իր համբույրները կհպեին՝ իմիններս ալ եղբայր կուտայի անոնց և կարծես կզգայի ջերմությունն ու բուրումը կենսառույգ աղջկան: Կաղանդ գիշերով ասիկա պիղծ բան մըն էր. բայց հրայրքս չի կրցա զսպել:
Ժամը ութը կանցներ, երբ մեկնեցան որբերն ու Շուշանը՝ իրեններուն՝ հետ:
Ես երկար մնացի վեհարանին մեջ. ընկղմված բազմոցի մը անկյունը՝ կծծեի սենյակին տաք այլ ապականած մթնոլորտը: Որբերը տակավին ատեն մը շարունակեցին աղմկել ու երգել իրենց ննջարաններուն մեջ, ու երբ լռությունը իջավ վանքի վրա, այն ատեն դուրսի գիշերին արհավիրքով լեցվեցավ ամեն բան:
Ինչո՞ւ հանդիսություններե վերջ կտխրիմ, չեմ կրցած բացատրել, միայն թե մենությունն ալ զիս կընկճե. փառքը, երջանկությունը, հույսերը անարժեք են, երբ մարդ չի կրնար անոնց հաղորդակից ընել սիրելի մը... հապա ինչպե՜ս կրել այս բոլոր բեռը վանականի իմ խեղճ ու նկուն մարմնովս...
Հովը ավելի ուժգնությամբ կզարնվեր ապակիներուն. կցնցեր պատերն ու վանքին բոլոր անկյուններուն մեջ ապաստան փնտրելե հուսահատ դուրսի բակին մեջ կպուտուտքեր, սահանք կըլլար ու ծովու մը կոհակներուն պես կուգար որմերու վրան փռվիլ կատաղի շառաչով: Երկա՛ր ունկնդրի այդ շառաչին, կարելի՞ է բացատրել տարբերուն խոսքը:
Լա՛վ էր այդպես, միշտ ուզած եմ կաղանդը ձյունամրրիկով տոնել: Ձյունը իմ հայերենի հողիս մեծագույն հարստությունն է:
Հիշելով, և ո՞ր մոռացկոտ, ապերախտ պանդուխտն իսկ չպիտի հիշեր այդ գիշեր: Սպերը՝ գացի հոն. ի՞նչ կընեին գյուղացիք, ազգականներս. հայր, մայր չունիմ, որբ մնացած եմ կանուխեն: Հիմա կհսկե՞ն մինչև հավախոս՝ օջախին առաջ, արշալույսին աղբյուր վազելով՝ ջուրերուն մեջ գարի թափելու համար:
Դարերե ի վեր ո՞վ արդյոք ոսկեծոր աղբյուր մը գտավ. թերևս այդ ոսկին հայ ժողովրդին հավատքն է ինքնաբուխ ու տևական:
Մնացի՞ն մեր օրերու նահապետական սովորություններն: Ջարդն ու ավերումը մեր վրա ինկան ու ինձ չար բնազդում մը կըսե թե՝ երբեմնի կենդանությունը շիրիմի վերածված է՝ ծածկվելով ձյունին սառնությամբ:
Տաքուկ անկյուն մը փռված, հագեցած ստամոքսով՝ կեղբայրանալի կաղանդի բարիքին զո՜ւր սպասող հայրենի գյուղիս ու մեր արյունոտ երկրին մերկությանն ու ցավերուն: Թող չըսեն, թե վարդապետ մը վրան առնեոլով սև վերարկուն՝ կմերկանա մարդկային էն ազնիվ հույզերը, անշուշտ սկեպտիկներ ալ կան, բայց ես ակնարկե մը կառնվիմ, և այդ կաղանդի գիշերով վանքին շրջակա ձյունադաշտերուն մեջ, մթին պարիսպներուն շուրջը՝ կհավաքեի իմ ժողովուրդիս լալահառաչ մերկությունը:
Կմերժեմ վարդապետի երկար խորհրդածությունները, զորս կծամծըմե մեր պաշտոնակիցներուն ուղեղը տարեմուտին՝ քարոզի մը նյութ հայթայթելու համար. չի խորհեցա ծնող տարիին վրա և ո՛չ ալ անցնողին, որ այնքան սև հոգիով կերթար…
Երկարորեն մնացի ուրիշներու ցավին մեջ և քանի մը անգամներ, գաղափարներուն ի՜նչ շարահարությամբ՝ չեմ գիտեր, Շուշանին գեղանի հասակը եկավ կանգնիլ աչքերուս դեմ՝ ստեղծագործ ժպիտով մը…
Թ
Անփառունակ ծնունդ մը:
Այսօր, երբ եկեղեցիները լույսով, խունկով կողողվին ու կլեցվին հավատացյալներու հոծությամբը, հոս թափուր է ամեն բան:
Ինձի համար սակայն խորհրդավոր է այս առտուն, հարյուրավոր տարիներ առաջ կատարված մարդեղության դրվագնեերը կարծես անգամ մըն ալ պիտի կրկնվին իրենց հնամենի իսկությամբ. կկարծեմ լսել քերոբեներու թևին մեղմ թափահարումը, դաշտն ալելուներու հետ:
Մանկությանս օրերեն ի վեր սպասված եմ ծիրանազգեստ ու թանկ քարերու տակ պսպղուն ալևոր մոգերուն, բայց կա՞ լուսավոր մը, որ զիրենք հոս առաջնորդե. մեր երկինքը մութ է միշտ…
Ծնունդը կյանքի կայծ մը կհարհրե մեջս, և երբ ներս մտա եկեղեցիեն՝ հակառակ ցրտասառույց մթնոլորտին ու ամայության, հրապույր մը, վերածնված բան մը գտա հոն:
Սեղանի նկարը, որ Հիսուսի ծնունդը կներկայացնե, խանդաղատանք տվավ ինձ. կարծեցի թե իր խանձարուրքին մեջ աստվածորդվույն մերկ այլ գրգալի մարմինը ջերմություն կշնչեր ու մայրը՝ մեղմորեն վայրահակ, նրբորեն կժպտեր իր կապույտ սավանին տակեն: Անոնց ետև էր Հովսեփը՝ ճաղատ, տառապագին ու խոր դիմագծերով: Հոն գառնուկ մը դունչը կերակրեր մանկական ոտքերուն ու եզի մը լայն ռունգերը խանձարուրը կհոտոտեին: Հեռուն, անհրապույր արահետի մը մեջեն՝ լեղակագույն երկնքի մը դեղնալույս աստղը կառաջնորդեր մոգերը:
Երկարորեն դիտեցի անծանոթ վարպետին այդ նախնական գործը: Թերևս հաջող նկար մը չէ, գույնի նվազություն կա կարծեմ, գծագրությունն ալ գեշ, բայց զգացումը կատարյալ է: Հետո արվեստագետին գործը կամբողջանար իմ իսկ զգացումներուս թելադրությամբ, որովհետև օրվան ներշնչումները սաստիկ էին:
Բավական ատեն հառած մնացի: Մեկեն ծավալող բույրի մը ազդեցության տակ դարձա դեպի ուրիշ նկարներու, ծխացող բուրվառ չիկար տաճարին մեջ, զգայության պատրանք մըն էր ունեցածս: Նստա, քիչ հետո լռության մեջ միտքս կարծարծեր սա բառերը.
—Ծնա՜վ նոր արքա... Ու ես անկամ սուզվեցա սա մտածման մեջ, ե՞րբ պիտի գա Ծնունդը մարդկային բարօրանքին, ու մանավանդ ո՞ւր էր մեր Ծնունդը: Դարեր առաջ՝ երկրի վրա խաղաղությունը կիջներ, մարդոց մեջ հաճություն. այլ չի դադրեցան պատերազմներուն ավերը, ոխությանց անսանձ թափը. երակներու մեջ արյուն չի մնար, ու գերիվար ազդերուն առջև կցցվի միշտ սուսերամերկ բռնությունը, վայրագ հրոսակներու թուքը տակավին կաղարտե վաստակավորին ճակատը, ու ինչո՞ւ հայուն տառապանքը ասանկ հավերժացավ:
Ըմբոստ էին այս մտածումները, գիտեմ, ու անհարմար դիրքիս, ինչպես միջավայրին, բայց արգիլել չի կրցա:
Երբ համառոտ արարողությունը լրացուց եկեղեցին, վանքին ցանցառ բնակչությունը մեկնեցավ: Ամենեն վերջ Շուշանը ու իր մայրը դուրս ելան. Գիտեցի անոնց հեռանալը, ու հոռետես խորհրդածություններուս մեջ՝ այդ աղջկան տևսիլը սփոփեց զիս...
Եկեղեցվույն դռան առջև կանգ առի դիտելու համար տատրակներուն կերակրվիլը. ծառաներեն մին փշրանք կնետեր ձյունին վրա ու մինչ անասնիկներուն տոտիկը աստղաձև ծաղիկներ կհորիներ սպիտակության մեջ, ես ձեռքիս գավազանով՝ անզգլաբար շարժեր եմ կակուղ ձյունը:
Երբ անդրադարձա շարժումիս՝ ապաշավոր տեսա, թե Շուշան գրեր էի, Անսպասելի էր ատիկա, խառնեցի ձյունը, աճապարանքով սենյակ ելա. տրտմությունս սովորականեն ծանր թվեցավ ինձ. վիճելու, կռվելու, ձեռքս անցածները գետին զարնելու անսովոր փափագի մը անձնատուր եղա...
Քիչ հետո որբերը կերգեին.
Գարուն կուգա՝ վարդեր բացվին
Դաշտերու մեջ՝ ի ծոց հովտին:
. . . . . . . .
Այսոր Ծնունդ է:
Այս տողեը գրած պահուս նորեն որբերը կերգեն. կարծեմ միշտ նույն երգն է... Դուրսը մրրիկ կա. ամեն կողմ սառնամանիքը կիշխե, անշուշտ գարունը պիտի գա. այլ ե՞րբ պիտի գա գարունը քեզի իր վարդերովն, Արտակ...
Ժ
Հունվար...
Երեկ իրիկվան դեմ պ. Եղիազարն գացի:
Զվարթ ինչ զբաղում գտնել այս մենաստանին մեջ. ինչպե՞ս վանել ձանձրույթն ու տրտմությունը. մին տևական կյանքն է վանքին, զայն չեն կրնար վանել զբաղումներն ու ընթերցումը, իսկ տրտմությունը խառնվածնքին հարակից՝ կսաստկանա ձանձրույթին հաճախումով:
Ըսած եմ, որ նկարչութենեն շատ բան չեմ հասկնար, ինչպես ձեռագիրներու արվեստն ալ այնքան չի խանդավառեր զիս, սակայն, հաճույքով կերթամ Եղիազարին սենյակը: Ամեն մասնագետներու նման ձանձրալի է, բայց այնքան եռանդ, հիցում կա իր մեջ, որ անզգալաբար կտարվիմ ես ալ: Հետո՝ որքան ալ հնօրյա մագաղթներու, նկարներու արվեստին անձնատուր եղած ըլլա՝ Եղիազարը անգետ չէ կյանքի մեջ հուզվող խնդիրներուն ու կպատահի, որ մտերմական ջերմին խոսակցության մը անձնատուռ կըլլանք:
Երբ խուցը մտա, օջախին ճարճատուղ բոցերուն դեմ ծալլապատիկ նստած՝ ձեռագիր մը կզններ. նարնջագույնով ողողված կիսադեմքը ստվերին մեջ կիյնար հանկարծ՝ լուսավոր խորքի մը վրա ցայտեցնելով քիթին մեղմիկ կորնթարդը, այտերուն ողորկ ցցվածքներն ու սպիտակ, սարսռուն մորուքը:
Իր ետին՝ որմերում առկախ քանի մը փոքր նկարները, լույսի և ստվերի նույն բացխփիկ վարանքին մատնված էին:
Չեմ գիտեր ինչո՞ւ լավ տպագրվեցա: Եղիազարը չի նշմարեց մուտքս. խորասուզված էր սկզբնազարդի մը գիծերու անելին մեջ, ինքնագոհ ու բերկրալից: Սթափվելով՝ զարմանքի աղաղակ մը հանեց:
—Օ՜, վարդապե՛տ, հո՞ս ես, ե՞րբ մտար, որ չի նշմարեցի:
— Հրճվանքդ կվայելեի, անպատճառ նոր բան մը գտած ես:
Զիս իր մոտ քաշեց՝ աթոռակ մը երկարելով:
—Իրա՛վ, ծիրանեգույն մագաղաթ մը գտա, աննման սկզբնազարդով մը. քանի մը տեսակ են մագաղաթները, բայց լավագույնը ծիրանագույնն է, տե՛ս, ողորկ է փղոսկրի մը նման:
Կըսեն թե մեր երանելի նախնիք, իրենց երփներանգությունները երբեմն հղկված, շատ նուրբ փղոսկրի էջերու վրա կհորինեին. կերևա որ ես արժանի պիտի չլլամ հատ մը ունենալու: Չեմ հիշեր՝ ո՞ր պադգամին մեջ կարդացած եմ, որ Կիլիկիո մեծագործ Լևոն Բ չորս Ավետարանները նվեր ընդունած էր փղոսկրե էջերու վրա: Մեկը գտա՞ծ է այդ գանձը, թե խուժերու ապերախտ ձեռքովը փչացած է, ո՞վ գիտե... Երկու նոր թռչնագիր գտա, քիչ վարպետ ասանկ հղացում մը կրցած է ունենալ: Տես ինչպե՞ս արագիլը շնորհալիորեն վիզը կորացնելով դեպի իր ճանկերը, կուզե կկտցահարել անոնց մեջ սեղմված ցորենի շյուղ մը: Ատիկա Չ գիրն է: Նուն ավելի ծիծաղելի է. զայն կազմող թռչունը ծաղկի բաժակե մը ելլելով՝ գլուխը հետ ձգած կկտցահարե իր նախորդ Ի գիրը, որ գլխահակ թռչուն մըն է ուրուրի մը մագիլներուն մեջ:
Օջախի մեջ քանի մը ճյուղեր նետելով շարունակեց:
—Մեր նախնիք ժիր և տաղանդավոր մարդիկ էին, դիտելով ձեռակետերը, կհիանամ իրենց հմտությանն ու ճաշակի վրա: Բնութենեն առած են ամեն մեկ օրինակ, արդեն չե՞ն ըսած, թե բնությունը մայրն է ամեն գեղեցկության.
Տեսած եմ քանի մը վարպետներ ուսուցչությանս միջոցին. համբավով նկարիչ մը. որ աղոթքով կպատրաստեր իր ներկերու խառնուրդն՝ որուն գաղտնիքին ինք տեղյակ էր միայն: Այն ատեն աշխատությունները ինձի գերիվեր բաներ մը կերևային, բայց հավատա, որ ասոնց քով տղու գործ անգամ չեն, ոչնչություննե՜ր, որովհետև հասկցա, որ դիտել չէր գիտեր, չէր տեսներ իրերուն ու կենդանյաց շարժումն ու շարժման գեղեցկկագույն վայրկյանը՝ զոր անմհացուցաձ են մեր վարպետներեն աննման Պիծակը: Գիրգոր Դպիրը, Նաղաշ Մկրտիչն և ուրիշներ:
Հին վարպետները խոր կերպով սերտած են թրչուններու, ծաղկաց, ձուկերու և պտուղներու կազմվածքը, անանկ որ կրնաս իրարմե զանազնել անոց ազգերն ու տեսակները, հապա անոց գուներուն տոկունությունն ու իրականությունը: Այս բոլորի հետ հոգի մըն ալ իրեցմե դրաց են, ստեղեծելով առնչություններ իր հաջորդող գրերուն մեջ, անանկ որ, երբ կկարդաս բառն ու նախադասությունը, զարմանքդ մեծ կըլլա՝նշմարելով գիրերու նկարչութենեն ելլող ընդհանրապես զվարճալի պատմվածքի մը, առակի մը, ավանդության մը մասին ակնարկություններ:
Կերևա որ հայուն մեջ աշխարհիկ ոգին միշտ մեծ տեղ գրաված է ու վանական խստամբեր կյանքն անգամ չէ բավեր մեռցնելու անոր բնական զվարճախոսությունները: Գիտեմ Ս գիր մը, որ կազմված է երկու ձեռք ձեռքի տված և խնդալով գլուխնին իրարու զարնող հտպիտներե, իսկ Ե մը ունիմ, որ գինովե մը ու ձեռքը բռնած սազեն կազմված է:
Մինչև հիմա, վարդապետս, հարյուր տեսակ զարդագրեր գտած եմ. թռչնագիր, պտղագիր, ձկնագիր, ծաղկագիր՝ ամենն ալ, հարկավ ուրիշ վանքերու և եկեղեցիներու մեջ ալ հարյուրավոր կան՝ անծանոթ ձեռագրերու մեջ:
Արդյոք ինչպե՞ս նետված են կողմ մը, անազնիվ սրբապղծություն գիտեմ, անոնք կոտնահարվին կոպիտ լուսարարե մը կամ տմարդի ու տգետ քահանաներու և վարդապետներու մեջ վարդապետներու կողմե անպատկառ թղթաատումե մը վերջ կրակ կնետվին
Չառնվի՛ս, այս տեսակետով դատապարտելի են մեր վարդապետները, որ չէ թե միյան չեն դնահատեր ու խնամեր՝ այլ թանկարժեք կտորներ օտարներուն կնվիրեն կամ կծախեն չնչին գինով: Միայն երկու վանք կա, որ կհարգեն այս գործերը ու զանոնք կփնտրեն, վենետիկցի ու վիեննացի վարդապետները իրենց գործ ըրած են զանոք հավաքելը:
-Էջմիածնի մեջ ալ լավ գրադարան մը ու գրչագրեր կան, կըսեր Տուրինյան սրբազանը, Արմաշի մեջ ալ անխնամ չեն,— վրա բերի:
-Կրան ըլլալ, ամմեն պարագայի մեջ Վենետիկի միաբաններեն հայր Կ., երբ չորս տարի առաջ ասկե անցավ, ինձ հավաստեց, թե մեծ խնամք կտանին հնության ավանդներուն. նույն միաբանը, որ ամբողջ Հայաստանը պտտած էր, եկեղեցիի հրաշալի ավերակներու վրա կխոսեր ու կըսեր, թե օր մը գեղեցիկ արվեստի պատմության մեջ մեծ տեղ բռնելու սահմանված է այդ ճարտարապետությունը, որ հայուն հատուկ է։
Անիկա անհավատալի բաներ ըսավ ձեռագիրներու ու նկարի ճակատագրերուն մասին։ Գյուղացի տղաք տեսեր է, որոնք մագաղաթյա երփնագրված Ավետարանի մը էջերովն փողեր շինած՝ ժամուն բակը իշխանգերի կխաղային։ Անգամ մըն ալ Քաղցրահայաց վանքի մարապաններեն տասը թանկագին ձեռագիր ու երկու փոքր նկար գներ է տասը ղրուշով, ասոնք գնվելի՞ք բաներ են, դրամը գին ունի՞ մագաղաթին քով…
Ըսածներուն ճշմարտությունը կասկածելի չէր, բայց մեկեն դառնություն մը արթնցավ մեջս Մխիթարյան վարդապետին դեմ․ խորհեցա թե կաթոլիկ վարդապետները անպատճառ բան մը կգնեն մեզ պախարակելու համար և թե բնավ առիթ չեն վրիպեցներ մեր տգիտությունը ձաղկելու։
– Պարոն Եղիազար, – ըսի, –ատ վարդապետները միշտ սուտեր կգլորեն, ատով մենե տեսավ մը վրեժ լուծելու համար… հանուն հավատքի։ – Այս խնդիրին մեջ գոնե ատանկ բան չիկա։
Ճիշտ կխոսեր․ իմ ընդդիմախոսությունս ավելի ներքին հակառակութենե մը կբխեր, որ իրեն հիմա ուներ կաթոլիկ ու լուսավորչական եկեղեցիներու դարավոր ոսոխությունը։
Լա՛վ է, որ ասանկ լայնախոհ եմ, կրոնական անձկամտությունը անտանելի է, անիկա երկար ատեն աղետ ու արյուն ցրվեց բոլոր քրիստոնյաներուն վրա։
Վերջացնելու համար ըսի․
—Չե՞ս կարծեր, պարոն Եղիազար, որ Մխիթարյան վարդապետները քիչ մը կեղծավոր են…
–Կյանքիս մեջ քանի մը հատ տեսած եմ, բայց տպավորությունս ան եղած է, որ գոնե ազգասեր–կեղծավորներ են, կաթոլիկ եկեղեցական դրությունը ատանկ ըլլալու ստիպած է զիրենք…
Այսպես խոսելով՝ հասանք կաթոլիկ միաբանություններու կազմությանն ու գործունեությանը․ իրեն ըսի այն ամենը, զորս Օրումյան սրբազանի հմտալից ակնարկներեն ուսած էի․ հպտակող, անձնուրաց և հուժկու կազմակերպություններ են, գլխավորաբար ճիզմիթներու ճիգովն էր, որ Լուտերի և ընկերներուն վերանորոգության գործը ամբողջ Եվրոպայի վրա չի տարածվեցավ, ու այդ միաբանությանց Ափրիկեի, Ասիո մեջ ներկայությունը ճշմարիտ բարիք մըն էր տեղացիներուն համար, որոնց հավատքի հետ ուսում, դարման ու երբեմն սնունդ կուտան։
Պարոն Եղիազարն ալ թրափիսոներու բոկոտն կարգին վրա հետաքրքրա կան բաներ պատմեց: Երուսաղեմի ճամփուն վրա այցելեր է անոնց վանքերեն մին:
Մութը իջեր էր. ստվար որմին մեջ փորված լուսամուտը գրեթե կկուրանար. լռեցինք, ու մինչ Եղիազարը նորեն կզններ մանրանկար մը, ակնոցը քթին զետեղած, ես շատ կզվարճանայի օջախին մեջ կյանք առնող բոցերուն հազար խաղերով. անոնք սև քարերը կլիզեին՝ առաձգորեն երերալով, կոլորվեին ու մեկեն դուրս կխիզախեին, կարծես սենյակի մեջ պտույտ ընելու դիտումով. երբեմն հրաշեկ կոճղ մը փլչելով՝ իր կրակները կտարածեր կռուփով կոտրվոծ նռան մը հատիկներուն նման: Օջախին շառագույն լույսն ալ հարատև բռնվուք մը կխաղար սենյակի ստվերին հետ, որմերուն վրա. դիտելով լույսի այս քմահաճ պարերը՝ կհիշեի մանկական խաղերս:
Դեռ փոքր՝ հալածելու կելլեի փախստական ստվերներն, ու մայրս ինչպե՜ս կժպտեր՝ հետևելով քայլերուս. ա՜հ ազնվական ու տառապագին մա՛յր, կհիշեմ գուրգուրալի դեմքդ, երբ կհասկանեիր չարաճճիություններս, քու երբեմնի պարմանուհի երազուն օրերդ հիշելով:
Հայրս ամուսնացած էր՝ մորս նման սիրուն աղջիկ մը ընտրելով, ինչու՞ զավակը հանձն առավ ամուրիության տաժանքը: Շուշանը հիշեցի…
Եղիազարը դառնալով հանկարծ ինձի, ըսավ.
—Վարդպե՛տ, չե՞ս կարծեր որ կղերականությունը վնասակար բան է. հավատքը միջնորդի չի կարոտիր. գալով կուսակրոնության, անիրավություն մըն է ան. ինչու՞ փչացնել, կամ անբարոյության գաղտ ոճիրներուն մատնել առույգ, կենսալից երիտասարդներ…
Հաճելի հայտնություն մըն էր ասիկա. կեղծ լրջությամբ ըսի. —Կուսակրոնություն ընտրողները ազատ կամքով ընտրած են այդ բանը. իսկ զարմանալի է, որ եկեղեցականությունը վնասակար կհամարիք…
— Ձգենք հիմա այս խնդիրները, — վրա բերավ,— ուրիշ օր մը կտեսնվինք:
Երբ դուրս ելա, խավարը վանքին վրա նստած էր, ու իր շունչը մահվան քամիեն սաստիկ թվեցավ ինձի. եկեղեցվույն ճակատը անորոշ խոհանքի մը տակ կմռայլեր, մինչ անոր առջև տարածվող բակը ձյուներու ցոլացումեն կհագվեր աղոտ կիսալույս մը:
Կձյուներ անընդհատ. հովը երբեմն կծեծեր զանգակատան կողերն ու ծածկույթի թիթեղները, մեկ-երկու աղավնիներ հագեցած մնջյուն մը կարձակեին այս ցրտին ու հողմակոծ միջոցին մեջ:
Սրտովին գոհ էի. հիմա ալ անտարբեր չեմ Եղիազարի գովաբանած արվեստին, իր տեսությունները հարգելի ու ճիշտ կերևային ինձի: Այսպես՝ անպատճառ մեկը պիտի բանա մեր աչքերը ուրացված գեղեցկություններու վրա, որպեսզի հաճինք հետաքրքրվիլ ու գնահատել զանոնք:
Հետո իր վերջին խոսքերն ալ իմաստալից էին, կուսակընոությունը անիմաստ է թերևս… բայց ի՞նչ օգուտ կրնա բերել ինձի անոր անիմաստությամբն ու վնասով զբաղիլս, ատանկ խորդածություններ կորստյան պիտի տանին զիս, նվիրական համարված կոչումի մը անսաստելով: Ես կուսակրոն եմ. կնմանիմ մարդուն, տխուր հանգստություն, որ տղմուտի մը մեջ խորասուզված է, պետք է հոն մնամ, սպասելով վախճանիս...
ԺԱ
Հունվար...
Օրերը դանդաղորեն կանցնին. աշխատությունն է, որ գոհունակաության մը հետ՝ երբեմն անզգալի կդարձնե մենության հարուցած ձանձրույթը:
Ժամերով կզբաղիմ որբերուն հետ: Ազգային պատմութենեն զատ ստանձնած եմ բարոյախոսության և երաժշտության դասերը. անօգուտ չեն անցնիր ժամերս, հաճախ դասախոսության ատեն խանդավառություն մը կգունավորե սովորաբար տմույն և անկարեկիր դեմքս:
Իրավ, չի խաբեմ ինքզինքս, առանց սև, թնճուկ մորուքիս, դեմքս ափ մը անգամ չէ և մոխրականաչ մորթս զիս չի ճանչցողներուն վրա լավ տպավորություն չըներ:
Կերևի բացառություն մըն եմ վարդապետներուն մեձ, որոնք ընդհանրապես գեղահասակ ու գեղադեմ են. փո՜ւյթս, հոգիս իր գեղեցկություններն ունի և միտքս՝ շնորհները:
Խանդի վայրկյաններուս կմոռանամ աշակերտներու քով գտնվիլս ու երկարորեն կխոսիմ. իմ վտիտ կուրծքիս համար վատնում մըն է ըրածս, բայց երկար ատենե ի վեր հոծ հավատացյալներու ներկայության քարոզելու հաճույքեն զրկված եմ: Պոլիս ամեն քարոզիս՝ գովևստի տարափներով կշրջապատվեի ու կիրակիներս կանցնեի այն տեսակ մի գինովության մեջ, որ աշխարհը կգեղեցկացներ աչքերուս, տենդալի սիրտս բարի կրներ, լցնելով զայն նույնիսկ չնչին բաներու սիրով:
Կհասկնա՜ն ղիս հոս. կըմբռնե՜ն տեսությունները, որոնցով մեզ մարզեց Տուրինյան սրբազանը: Ինչ որ ալ ըլլա, եթե բոլորովին ալ չի հասկանան զիս, իմ եռանդս իրենց կրնա հաղորդել իմաստներուս մեկ մասը. կտեսնեմ խելահասներուն համակրական և ուշիմ նայվածքը, հափշտակությունը փոքրերուն: Այսպես կիյնան մարդիկ․ լավագույն միջավայրի մը մեջ կարողության մշակումն ու քննադատությունը զիրենք պիտի բարձրացներ, մինչ գոհացող, մտավորապես աղքատ շրջանակի մը հիացումը զանոնք կկասեցնե, ձգելով ինքնագոհ անփութության մեջ, որ անհատին մահն է։
Խե՜ղճ Արտակ, թերևս քեզի ալ վերապահված է նմանօրինակ ապագա մը․ վանքի մը անկյուն որբերու, գեղջուկներու և քաղքենի ուխտավոր տափակությանց մեջ պիտի քավես մեղքը, զոր գործեցիր՝ ընդունելով այս ապերախտ պաշտոնը․ ու օր մը, երբ ազազուն անդամներդ պարարտանալե վերջ կթոտին, երբ ծերությունը ձյունե մազերուդ և մորուսիդ ալ վրա՝ այն ատեն պիտի խորհիս, թե ընկերներեդ նվազ օժտվածներն իսկ քենե ընտրյալ եղան, բարձրանալով դիրքի ու աստիճաններու։
Հեգնող է բախտը, կրնա հասնիլ օրը, երբ թափորի մը մեջ դողահար հետևիս անոնց փառաշուք հանդերձանքին ու քալերուն,նվաստության ու ամոթի խարանը ճակատիդ։ Այն ատեն պիտի հասկանաս թե ի՞նչ ըրավ վանքը քեզի․ ահա հոս է վանահոր օրինակը։
Զափազանություն այս բոլորը․ հոս երկար չեմ կրնար մնալ, պիտի հետևիմ ձգտումներուս, կարողությանս թելադրանքին, սրտիս՝ որ փառասեր է ու կըսե․ «Նվիրապետության աստիճանները կրնան բացվիլ առջևդ»։
Արդյոք ինչպե՜ս պիտի տայի անդրանիկ քարոզ մը պատրիարքությանս առաջին կիրակին։ Սիրտս կտրոփե։ Ծովածավալ բազմություն մը ժամուն մեջ, ուր ձայնս կամարներուն տակ թև կառներ և պայթեր ալեծածան զանգվածներուն վրա։
Կսիրեմ Տուրինյանի խոսքին խորությունը, բայց կնախընտրեմ Օրումյանի պարթև ձայնն ու հռետորին շարժուձևը։ Ձայնը, շարժումը ու մտածումի արգավանդ հոսումը պետք է զիրար լրացնեն։
Այս որքա՜ն ծիծաղելի եմ ես ինքս իր մեջ․ թերևս ամեն վարդապետ ալ այնպես է,կամ նույնիսկ ամեն մարդ։
Ափիոնամոլներու կնմանիմ, որ ցնցոտիներու վրա երկարած ծիրանի կհագնին ու սովահար ստամոքսով կկարծեն բզմիլ համադամներու առջև։
Երաժշտության դասերն ալ նվազ սիրելի չեն ինձի համար․ միջակ ձայն մը ունիմ, բայց ձայնագրությունը հղկած է զայն։ Կսիրեմ երգել. անընդհատ շարունակի մը, երգի մը նագարաթը կամ սկիզբը կծամեմ։ Երգը ուրախություն չի տար ինձ, նույնիսկ տխրության պատճառ մըն է, կամ թե ավելի լավ պիտի ըլլար ըսել, թե որքան ալ անիմաստ, հիմար ըլլա անոր դարձվածքը, ինձ բնական եղող տխուր հոգիե մը կարձագանքվի։
Իմ երգս կնմանի քիչ մը փապարներե ծորող ջուրին, որ թորևս հստակ է, սակայն զինք շրջապատող տարրերու թխրությունը հագած: Որբերը կսիրեն երգերս լսել. անցյալ օր սանդուղին գլուխը կարծես տեսա Շուշանը, իր մայրը, Անուշն ու մյուս տնտեսուհին, երևի հաճույք կզգան:Պ. Ալեքսանդրն ալ հայտնեց, թե լավ կերգեմ:
Երգելը գոհացում է ինձ համար, տրտմագրությանս համեմատ կփոխվին երգերս. կսիրեմ մելամաղձոտ եղանակները մանավանդ երբ սիրո կարոտը իր գիրգ ափերով կխտղտացնե սիիրտս:
Դասերն ավարտելե վերջ կերթամ վանքի մեջ հոս հոն դեգերիլ կմտնեմ փռատուն՝ վայելելու ծխաշունչ հացերու թթվաշ այլ մեղրալի բուրումը. հետո խոհանոցը կանցնիմ, բավական մը խոսակցելու համար Շուշանին Անուշին ու հոտաղներու հետ, հողագործները մեկնած են իրենց գյուղերն գարնան վերադառնալու համար. ազնիվ ու տխուր մարդիկ էին:
Արդյոք կնշմարեն, թե Շուշանին հոն չի գտնված ժամանակ աճպարանքով կմեկնիմ: Ի վերջո, բակեն անցնելով կերթաս վանքին մեծ դռան առջև, ուրկե ձյունին անբծությունը կերկարի մինչև հեռավոր գորշ ու ցածուկ հորիզոնը: Քիվերեն սայրասուր սառի նիզակներ գետնին կսպառնան: Անանկ ամեն շարժում, ձև, գույն դադրած, կորած մարած է որ, մարմինս պրկող սարսուռներուն ազդեցության տակ վեր կաճապարեմ, խորհելով թե կյանքը ի կորուստ դիմաց է անվերադարձ կերպով:
ԺԲ
Հունվար...
Կեսօրեն հետ որբերը տնական աշխատություններ կընեն: Կդիտեմ որ այս զբաղումները կնախտըրեն. իրավունք ալ ունին, անտանելի է իրենց դասարանին ապականած ու փոշելից մթնոլորտը: Մենք կսպանենք զիրենք:
Տեսնելու բան է՝ ինչ ժրությամբ կավլեն նրբանցներուն հողե գետինը, փոշշի ամպի մը ետև կծածկվեն ու կխնդան փոխանակ տրտնջալու.ուրիշներ խոնավ լաթերով սառած ապակիները կմաքրեն, մինչ ննջարաններու սառ մթնոլորտին մեջ սավաններ կթոթվեն, կփոխվեն բարձի երեսները, վերմակները կարգի բերելու կաշխատին: Տեսակ մը տաժանակիր աշխատանք է աքսորանքի այս բերդին մեջ որբերուն կատարածը. ու իրավ շա՜տ կնմանին ցմահ դատապարտված աքսորականներուն իրենց կնտված, լերկ գլուխներուվ, մաշված ,գունատ զգեստներով:
Միայն Խաչերը գործի չի մասնակցիր մեկ-երկու աշխատանքե փախ տված ծույլերու հետ: Կկենա պատուհանի մը առջև կծկտած, սարսռահար, կաս - կապույտ դեմքով մը դիտելով միջոցը, ուրկե կապույտը վտարված է ամիսներե ի վեր: Թերևս պարզ երկնքի մը վրայեն սահող ոսկեգեղմ ամպի մը երազին անձնատուր կըլլան:
Ի՞նչ գիտնամ. հապա ինչո՞ւ դիտել այս միօրինակ, ձանձրալիորեն սպիտակ ու սառ միջոցը. կարելի է նաև վանքեն մեկնող ու հեռավոր տեղեր տանող ազատ ճամփաները որոնել ձյունին տակ…
Կան որ կնախանձին Խաչերին անգործությանը. չեմ հուսար, որ գործին ծանրությունն ըլլա ատոր պատճառը: Մանասեն կպոռար այսօր.
—Դուն ինչո՞ւ չես աշխատիր…
—Քեզի ի՞նչ…
—Ի՞նչ ըսել է, վերի արտի ցորե՞նն ես… մեզի պես մեկը…
Հակոբ, այն որ շատակեր է արտակարգորեն ու կնիհարնա, կավելցներ.
—Հարուստի տղա՛ է… քիպի՛ր…
—Հիմա ամենիս ալ հավասար եղանք… ան հարստությունը հորին մեջ ինկավ… առ սա ավելը, հա՛, սանկ… ասոր քիչ մը երես կուտան.— վրա կբերեր փոշիներու ետևեն հասնող ձայն մը:
Զիս տեսնելով լռեցին. այդ միջոցին պարոն Ալեքսանդրն ալ եկավ:
—Պ. Ալեքսանդր, կերևի որբանոցի կյանքը չար կդարձնե տղաքը:
—Եթե կարենայի՝ քակել կուտայի ասանկ հաստատությունները. լա՛վ է բոպիկ, քաղցած իրենց ծնողքին քով մնային, քան վանքերուն, կամ որբանոցին մեջ քայքայվեին:
Հետո պատմեց այն ամենը, որոնց ականատես կըլլար. տղաքը վատուժ էին, բարոյապես անմխիթար. հայհոյանքը բերնի ծամոց ըրած կոպտության հակած, վիճասիրությունն ու քինախնդրությունը օրեօր աճելու վրա:
Իրենց մեջ կմեծանար այն որդը, որ մարդը ձեռքն ինկածը խածելու, ծռելու, քանդելու հաճույքին կղմե: Տղոց մեջ կտարածվին նաև գաղտնի մոլությունները, զորս ձանձրույթն ու միօրինակությունը կրնան ստեղծել:
—Աշխարհքեն վրեժ պիտի լուծեն այս որբերը՝ օր մը անոր մեջ իյանալով:
Խաչերին վրա ալ անդրադարձանք:
Առաջին օրերու հեզ տղան չէ ալ, ստել սկսած է. դասերը չի պատրաստեր, գրքերը, քանի՞ հատ ունի որ, կորսնցուցած պատրվակելով: Շաբաթ մը առաջ պատռած էր տետրակները ու գացեր էր Ալեքսանդրին բողոքելու. իսկ գիրքը տախտակամածին կոտրվածքեն ներս սահեցուցեր էր տակավին երեկ:
—Մինչև վերջ պնդեց, թե Արամը, իր խաղնկերն էր նետած, — ավելցուց ուսուցիչն: —Ամենեն սիրական զբաղումնին,— հարեց պ. Ալեքսանդրը, — հայրենիքի վրա խոսիլն է: Պարապուրդի ատեն, գիշերները քնանալե առաջ. անպատճառ հայրենի հիշատակ մը կքրքրեն:
Այն ատեն է, որ կհանգչին, քաղցր ու մարդկային կըլլան. գուրգուրալի բառերով կորակեն զիրար:
—Չէ՞, աղբարիկ. խաղողը հավանք եղած քուրսուին վրա կկախեին բերնիս ջուրերը կվազեր…
—Մեր պարտե՞զը, Երվանդս, թութի ծառե՜րը հապա. վարեն գետին ձայնը կուգար…
—Մեր տան ճամփուն վրա փշատները գարնան անուշ կհոտեին, ճերմակ ուլ մը ունեինք, կհիշե՞ս … — կավելցնե ուրիշը:
—Ծնուդի գիշերվան պտույտնի՞ս, թաղե թաղ…
—Խենթ Ակո՞բը, տղա՛ք:
—Ինչպե՜ս ետևնուս քար կհասցներ, խոսք չէ…
—Քյուրդերը լեռան ճամփով եկան…
—Եկեղեցին այրեցին… հայրս ան ատեն ձեռքը ծունկներուն զարկավ…
Բոլոր անշունչ իրերուն վրա կխոսեին, բայց չեն խոսիր մոր, քրոջ, եղբայրներու վրա՝ զանոնք երազելով կգոհանան:
Վանքի մը առանձնության մեջ ամոթալի պիտի ըլլար անոնց անունը տալ:
Այսպես ժամերով անկողինե անկողին կձգվի հուշերի տրտում հյուսքը, մինչև որ հուզվին ու քնանան: Առտուն երազնին կպատմեն, տան կապված երազներ ընդանրապես:
Ասոնք աղեկ նշաններ չէին. մեկնեցա հուսաբեկ տրամադրութենե մը տարված. այս կյանքը հոռետես ու վայրի կընե հոգին, ես ալ թերևս քիչ ատենեն պիտի զգամ իր ծածուկ ավերները իմ վրաս...
Վեհարան տանող սանդուղին վրա գտա վանահայրը, որ ծառային հետ կատակելով կխնդար, երանելի՛ ապուշ: Միասին սենյակ մտանք. գաղջ մթնոլորտը մեղմեց սարսուռս, տալով գոհունականությունը մարդու մը, որ ծանր տաղտուկներե կազատի:
Վանահայրը, զբաղելով զույգ տատրակներուն հետ, զվարճալի խոսակցության մը ձեռնարկեց: Խորունկ մը կշնչեր, կֆշշար, կհազար փոխնիփոխ ու կթքներ մեծածավալ թաշկինակին մեջ:
Մինչ ան կխոսեր, նյութն անգամ չեմ հիշեր, այնքան չէի զբաղեր իր խոսքերով, ես կդիտեի հրաշալի անասնիկները. անոնց մութ կարմիր թավշյա աղվափետուրներեն հարատև ծփանք մը կանցներ, և խոր, այլ կարծես հեռավոր իրենց մնչրունի կընկերանար շնորհալի գլուխներու ճոճումը, այդ շարժումով տատրակներուն ցայտուն կուրծքը կհագներ ղմրյութի, ամեթովսի երանգները:
Անոնց տեսքը ինձի հիշեցուց տաճիկ այն հոյակապ հանմները, որոնք Պոլսո կամուրջեն կքալեն աստվածուհիի վայելչությամբ:
Տե՜ր աստված, սնոտի խոսքերու ի՜նչ առատություն այս մարդուն քով, ու միշտ նույն լեցված կուրծքի խժուքը, նույն սուլող հևքը, նույն շառաչուն հազն ու թուքը բառերուն ընդմեջ:
Չեմ գիտեր ուրկե ու՞ր, մեկեն Խրիմյանի վրա խոսք բացավ:
Սա մարդը անիծեց ազգին խերը, — ու հաստ ցուցամատը երկարեց Հայրիկի պատկերին:
—Ինչու՞,— հարցուցի զարմացմամբ:
—Ան էր, որ հերիսան երկաթե շերեփով խառնել սորվեցուց հայ ազգին… հետևա՜նքը…
— Հեղափոխությա՞ն կակնարկիք, հայր Վարդան: — Հրամե՛ր ես... — Հեղափոխություն անհրաժեշտ էր, եղավ: — Ատոնք նորահասներու բերնին ծամոց խոսքեր են: — Հիներն ալ հին միտքով կդատեն:
— Մեր ազգը թուրքին հողին վրա կապրի. անոր հպատակ, ծառա է: Առած մը կա, վարդապետ, հիները ըսած են. «Ան փեռքը որ կտրել չես կարող, պագ ու ճակատիդ տար»:
— Ազգերն առանց հեղափոխության չեն կրնար ազատիլ. ազատությունը նվեր չի տրվիր, կառնվի, ըմբոստությունը նվիրական բան է:
—Հայրը անկարող ազգ է, տկար է, Քեռիին ազգական չէ, ուժ չունեցողը տեղը կնստի…
—Ազգը ստիպված էր ընկնելու, ինչ որ ըրավ…
— Հիմա ալ միջոց թող գտնե որբերը պահելու, անոնց տարտը մենք կքաշենք: Ինչ որ է՝ թող ողորմիս տան մեռելներուդ, Վարդան. ես փրկեցի աս վանքն ու քաղաքը թալանե: «Չի կտրվելիք ձեռքը համբուրելու է», ես ատանկ կընեմ, այսչափ հերիսային շերեփով մեր գլուխը կոտրեցին… Դուն ալ հիմա ձեռքդ գլուխդ կզարնես: Մկրտիչ, բայց անօգուտ…
Հասկացա, թե ինչ եսական տեսակետե մը կդատեր այս բոլորը: Քաշվեցա խուցս:
Գիշերը մութին մեջ, մենության հետ դեմ առ դեմ, վերամակին տակ թաղված, երկարորեն անդրադարձա վանահոր խոսքերուն վրա:
Վանահայրը իրավու՞նք ունի արդյոք, հեղափոխությունը պետք չէ՞ր փորձեր հայերու հոգին: Բայց բռնությունը գիտակից մարդուն մեջ ըմբոստություն միայն կրնա հանել: Հետո ակնարկություն ըրավ պ. Ալեքսանդրի մասին ալ, կերևա անոր դասախոսությունները կլրտեսե. զգացնեմ իրեն որ խոհեմ ըլլա: Պոլիսեն լավ լուրեր չեն գար. նամակե մը կիմանամ, թե լրտեսությունը, հետապնդումները, կապանքն ու գաղտնի մահացումները չափ չունին: Ա՜հ, դժոխային երկիր, ուր սիրտը երբեք պիտի չտեսնե արդար զգացումներու ծիլն ու միտքը՝ ինք իր մեջ անգամ, ազնիվ ու ազատ բաներու հակելու երկյուղը պիտի ունենա:
Ես կսոսկամ տաճիկեն ու մանավանդ իր արդարութենեն…
Վանքի գիշերներու դագաղին մեջ, ուր մենությունն ու լռությունը դիակի մը նման կիշխեն, ցուրտին հետ ես կդողամ այս մտածումներով: Երբեք քաջ չեմ եղած արդեն:
Լքելով այս վրդովիչ գաղափարները, գոցեցի լայն բացած աչքերս և ընդհուպ կարմրագույն տատրակները տեսա. հետո կամուրջեն թրքուհիներ կանցնեին. խորհեցա Շուշանին վրա… ջերմություն մը ազդրերուս երկայնքին խաղաց, ու հեշտության բուռն զգայությունովը ցնցվեցա:
Միշտ ավելի և ավելի մինակ կզգամ ինքզինքս…
ԺԳ
Մարտ…
Հազիվ չորս օրե ի վեր ելած եմ անկողինես, ուր կողապատը զգետնած էր զիս ամիսե մը ի վեր: Բարեբախտաբար կարելի եղավ բժիշկը կանչել քաղաքեն: Իր հայտարարությանը համեմատ հիվանդությունը թեթև էր. բայց ճղճիմ կազմվածքս ուժգնորեն ցնցվեցավ անկե: Հիմա պետք է զգուշանամ ցուրտեն, խոնավութենե և հուզումներե: Ի՞նչպես պիտի կրնամ...
Հանգիստը անհրաժեշտ է ինձ, ապա թե ոչ կրնան տակավին անանկ հետևություններ գալ, որոնց վրա խորհելու իսկ կվախնամ: Հիվանդի մը համար հոռետեսությունը լավ չէ. արդեն ստույգ մահե մը պրծիլս, համեմատական առողջությունս կերջանկացնեն զիս. հոգնած եմ, ճիգի ու մեծ շարժումներու անկարող, բայց երանական, ազնիվ անդորրության մը մեջ կապրիմ:
Հիվանդությանս սկզբի օրերուն հուզումը, տենդն ու զառանցանքը իր սաստիկ շրջանին, դեղերու դառն համը, հոտը գարշելի, մոտս շարժող դեմքերն ու խուցիս անսովոր երևույթը հիշելե ավելի կերևակայեմ. աննյութ, աղոտ կերևան իբր երկար երազի մը շփոթ հանգրվանները: Բան մը չեմ խռովիր. զարմանալի՜ վիճակ. իմ դյուրահույզ հոգիս անտարբեր հանդիսատեսը կմնա իրերուն, մարդոց ու անոնց խոսքերուն, իբր թե երբեք լսած չլլայի զիրենք, կամ անոնք ինձի խոսած չըլլային։
Կուգան բաներ կըսեն, նույնիսկ գուրգուրալից բառեր կբերեն, ազնիվ մարդիկ, հանձնարարություններ կընեն առողջությանս ի նպաստ,ես կնայիմ իրենց, այսչափ. չեմ գիտեր հյուծած ակնարկս բան մը կխոսի՞ անոնց։ Հաճախ բառերը կանցնին իմե ներս, բայց արձագանք չեն գտներ. բան մը չարթննար մեջս, հետևաբար ոչինչ կմարի։
Իրերուն ու առարկաներուն կնայիմ անոնց երբեմնի իմաստը առանց ըմբռնելու. թերևս վիճակներու հետին կարելիություն է աս. մարդուն երանությունը։
Այո՛, հառիլ, տեսնել, վայելել անշահախնդրորեն, անասնորեն, առանց իր անձեն բան մը հարցնելու աշխարհին։ Զարմանալի է, որ դատողությունս կգործե ու կզգամ վիճակիս անսովորությունը…
Երեկ առաջին արևն էր, որ տեսա, գարնան նորընծա ժպիտները զգացի։ Քանի մը անգամ գացի պատուհանիս մոտ նստիլ, ուսերուս փսի մը և ծունկերուս վրա ձգած, վայելելու համար սարսափելի և երկարատև ձմռան մը ու հիվանդությանս ոգեվարին հաճույքը։
Բարեկենդանը անցել է արդեն. երեկ Ալեքսանդրը կըսեր, թե անհաճո տոներ էին զայն, գրեթե տխուր. պատճառը հիվանդությունս էր անշուշտ։ Խեղճ մարդիկ ու մանավանդ ապերախտ վայր, ուր մեկու մը տկարությունը մյուսները կզրկե օրինական ու անմեղ հաճույքներե։
Այս հարկից ու անկապ մտածումներն ու պակերները անանկ անճիգ ինքնեկությամբ մը կանցնին մտքես, որ կարծես թե այդ բոլորը մտածում ես ու իմ զգացումներես օտար տեղե մը գային, իբր հանգրվան գտնելու ուղեղս՝ և նույնհետայն իսկ շարունակեին իրենց ճամփան։
Արևը բավական է սակայն. արևը՜։ Ան ձյունի լայնածիր տարածության վրա ադամանդի բյուրավոր դյուրարծարծ ու հանկարծաշեջ կայծեր կվառե, մինչ երկինքը տակավին կպահե վախի պես մութ բան մը իր կապույտի մեջ, մերժելով ճառագայթներու ջերմությունը։
Հինավուրց՝ այլ կորսված սիրելի, արև՜, գթության պես արդար ու մայրական, հիմա գիշերն ալ քեզ կերազեմ… Երբ ձյունի շողուն անբծութենեն պարտասին աչքերս, կգոցեմ զանոնք` ձեռներս ծունկերուս վրա լքելով: Ան ատեն պզտիկ ու հեշտին սարսուռի մը հետ գաղջություն մը ճակատես կսահի այտերուս, համրորեն կաթելով մորուքիս մեջ. հետո կծավալի դեպի ուսերս ու իրանիս վրա, մինչև ընդարմացած ծունկերս: Այդ անդորրի րոպեներուն է որ Շուշանը կտեսնեմ հրաշեկ կոպերուս առջև, հպարտ ու գեղեցկորեն վայրի: Չեմ հուզվիր, ինչպես երբեմն. գեղեցկության մեծագույն վայելումն է իմինս, գեղեցկությունը գեղեցկության համար... այսօր միայն անգամ մը դողացի կարծեմ:
Հիվանդությանս, երբ մայրը բացակա էր քովես, զինք կտեսնեի սնարիս մոտ, աչքերուս ջերմին մառախուղին ընդմեջեն: Քանի մը անգամ դեղերը կարծեմ իր մատներով երկարեց բերնիս: Անխոս, հաճոյակատար ու հրեշտակային սպասարկու մը եղավ Շուշանը հիվանդ Արտակին:
Այս բոլորը ի՞նչպես կրնամ խորհիլ առանց բաբախումին, որ սովորական ատեն մը սիրտս կրնար խորտակել, երբ անոր փոքր մեկ հպումը բոց մը կբարձրացներ հոգվույս մեջ: Ես կնմանիմ գիտունին, որ իր անդամներե մին փորձարկումի կենթարկե սառն ու անփույթ...
Հիմա՜ր ես, Արտակ, այս հիվանդությունը քու փրկությունդ եղավ: Իրավ Շուշանին հանդեպ զգացածս սովորական բան մը չէր, սիրո սկիզբ մը կստեղծվեր: Իսկ հիմա լավ է եղածը. լավագույն է, միշտ անտարբեր մնալ... նունիսկ անկարեկիր:
ԺԴ
Մարտ…
Կազդույրի շրջանին մեջ եմ:
Տակավին անհետացած չեն թոքային վարակումի մը մասին ունեցած կասկածներս, մանավանդ ձախ թոքս կվախեցնե զիս. երբեմն սուր ցավեր կզգամ հոն: Բայց վերահաս գարունը, մանավանդ ամռան օրերը վստահություն կուտան ինձի:
Առաջին օրերու հոգնաբեկ վիճակը չունիմ. զարմանալի և հեշտին վիճակ, որ մարելով ֆիզիկական բոլոր ուժերու կենսունակությունը, կյանքեն կզատե զիս, միտքս անբացատրելիորեն ջերմ մշուշի մը տակ ծածկելով, որուն մեջեն ինձ ամեն բան համրորեն կժպտեր կամ ես կժպտեի անոնց` ու իմ ժպիտը ոչինչ կրնար բացատրել:
Հիմա ուժերս կվերակարգավորվին, արդեն կրնամ քիչ մը պտտիլ համրորեն ու գինովի մը տատանումով: Շաբաթե մը ի վեր բանտված սենյակիս մեջ, լուսամուտեն կընդունեի հետզհետե ճշտվող և կենսալի զգացումները, որոնցմե զրկվեր էի:
Հակառակ երբեմնի ձանձրությունիս, հիմա հաճույքով կդիտեմ վանքին բոլոր անխոս և տրտմալի խուցերը, եկեղեցվույն զով ու խոնավ գավիթը: Խոհանոցն ու գոմերը, նունիսկ գերեզմանատունը, որուն ձյուները գրեթե հալել են, զվարթություն կուտան ինձի: Երբեմնի այս մեռելությունը, որուն վանք կըսեն, հիմա կյանքի մասին կխոսի հետս... Ամեն ճշմարտություն հարաբերական է, կըսեր Տուրինյանը... Այս առտու առաջին անգամ ըլլալով գացի որբերուն. խանդաղատանքով ընդունեցին զիս. մանավանդ Խաչերը երկար նայեցավ դեմքիս իր գորշև տրտում աչքերով: Այդ տղան ինձի թվացավ արծաթ կանթեղի մը ոսկե բոցը, որ կհյուծի խորանին սև մեկ անկյունը և որ ընդհուպ խավարին մեջ պիտի լուծվի:
Չեմ գիտեր ի՞նքը կարեկցության արժանի է, թե` ես. ես նվազ հյուծված չեմ: Թերևս երկուքս ալ գութի արժանի ենք, բայց մարդ միշտ տրամադիր է իր անհատական թշվառությունը ուրիշներեն թեթև տեսնելու: Մյուսներն ալ նվազ սրտաշարժ չեն. երբեմն նվազ գունատ էին. իսկ զգեստնին, ան մի՛ հարցնեք, ալ կարկտան չի վերցներ, հագածնին ալ կոշիկ չէ: Ի՞նչպես կհամակերպին այս բոլորին, չէ սակայն, շրրթունքին ծալք մը առած է, այդ ծալքը միայն խուլ դժգոհություն ու ձանձրույթը կրնար շինել:
Ղրկված նվերները սպառեցան, գավառը օգնության չի կրնար հասնիլ, իր միջոցները հատան. պատրիարքարան գրված թղթերը ապարդյուն կանցնին: Ո՞ր մեկուն հասնի խեղճ պատրիարքարանը: Մյուս կողմե կլսեմ, թե պատրիաքը խնջույքե խնջույք կվազե: Ինչո՞ւ Պոլիս չըլլայի, գրչի երկու զորեղ հարվածով քանդելու համար այդ ուրույն փառասիրությունը:
Որբերուն քովեն վրդոված սրտով վերադարձա: Գործը պիտի քայքայվի, երկար չի կրնար տոկալ: Եթե այդքանով վերջանա՜... թեև ողբալի վախճան մըն է:
Մահվան մը նախազգացումն ալ կունենա հաճախ: Միշտ ասանկ եղած եմ, շուտով հուսահատությունը կգտնի զիս և առաջին օրերեն իսկ վարժված եմ սև կետ մը տեսնելու:
Բայց պարապ բան մըն ալ չէ նազգացումը, ան ճակատագրի դրոշակիրն է, ազդարարը, ես չեմ հավատար ճակատագրին, բայց... Պետք չէ ասանկ հուզումներու տամ ինքզինքս, արդյունքը բարերար չըլլար, մանավանդ արդեն իսկ քանի մը օրե ի վեր տրտմություն ու ձանձրույթ կզգամ ու անոնց հետ՝ Շուշանը տեսնելու փափագը մը:
Այս առտու զարթոնքիս ավելի բուռն կերպով լցվեցա այդ զգացումներով:
ԺԵ
Ա՜հ, միամիտ եմ, անմի՜տ մը, որ կորուստի կերթա…
Հիվանդությանս հետևող քանի մը օրերու անզգայությունը ինձի կարծել տվավ, թե ամեն բան վերջացած էր և թե պիտի դադրեին առաջին իսկ օրերեն մեջս ծլող կասկածելի համակրությունները, որոնք սիրո կրկնային հանգիլ: Սիրո մը նախազգացումն ունեի, բայց կմերժեի ճշմարտությունը ըսել ինքզինքիս:
Հիմա Շուշանը կսիրեմ ես…
Բայց իրո՞ք սիրո մը իրականությունը փլած է վրաս, թե շքեղ՝ այլ վաղանցիկ ուրվանկարն է անոր։ Պոլիս քանի մը աղջիկներու համակրած եմ, սակայն այդքան առաջ չեմ կրցած երթալ. սիրո պտուղը, որ շատ քաղցր ու դառն է՝ կըսեն բանաստեղծները, չեմ ճաշակած ես։
Բայց ահա կզգաս անոր առաջին քայլերը սրտիդ տրոփյունին մեջ, Ա՛րտակ…
Շուշանը հիվանդությանս ծառայեց ինձի, հրեշտակի դեր կատարեց․ իրեն ի՜նչ կրնա նվիրել վարդապետ մը՝ երախտագիտութենեն զատ։
— Սի՜րտը… — կըսե սիրտս։
Անիծված է կուսակրոնի սիրտը․ չոր պիտի մնա կյանքի ավիշեն զրկված ոստի մը պես։ Ոստը կրնա՜ ծաղկիլ. պետք չէ ծաղկի… Բայց՝ այրելու համար է։
Սրտիս մեջ կայծ մը ընկած է, ոստոստուն, մանրիկ, մրկող կայծ մը․ բա՜վ է․ անիկա կրնա հրահրիլ, մեծնալ՝ մոխիրի վերածելու համար զիս։
Պիտի գոտեպնդվիմ սակայն․ կիրքը սկզբնական սաղմին մեջ խեղդել առաքինություն է, ու ես առաքինի ըլլալ պարտական եմ ամեն բանե առաջ։ Լա՛վ է Շուշանին երախտագետ ըլլալ․ գաղտորեն կամ հազիվ մատնող ժպիտներով հասցնել իրեն մաքուր սրտի մը մաքրագույն շնորհապարտությունը, բայց՝ անհայտ ու ծածուկ ապրող չէ՜ երախտագետ ըլլալ, երբ սերը կարհամարհե զինք ու ոստյունով մը կրնա խեղդամահել, սրտին մեկ դժխեմ անկյունը:
Հիմա սա վայրյանին նորեն համրորեն բան մը կբարձրանա մեջս, ան կբարձրանա, ու ես կընկղմիմ. իր դառնահամ ու հորդող կոհակեն կվախնամ ես․ իր ժպիտը սիրո ժպտին կնմանի, անոր նման անծանոթ է ինձ, ահարկու այլ մտերիմ…
Կդառնամ ետիս տեսնելու համար մեկը. ոչ ոք կա թափուր ու լռին սենյակիս մեջ. սրտիս բաբախումը եթե զայն չի լեցներ, սակայն ուժգին կթապահարե ականջներուս առջև: Ու մինչ կհարցնեմ․
– Ո՞վ կփնտրես, մենավոր ու տառապյալ հոգիս:
Կըսե էությունս․
— Շուշա՜նը… Շուշա՜ը…
Այո, Շուշանը, հիմա՛ր վարդապետ… Կողս մխրճվող ցավի մը հետ, երկար ատենե ի վեր առաջին անգամ ըլլալով արտասվելու պետքը կզգամ…
Ձգե՜մ գրիչն ու իյնամ մահիճիս վրան…
ժԶ
Անցյալ օրվան հուզումս սուղի նստավ ինձի․ առողջությունս դեպի ետ շարժում մը ունեցավ։ Ձախ թոքս ավելցուց իր պարբերական ցավերը․ երբեմն գիշերները քրտինքի բարակ, գաղջ և մածուցիկ խավ մը մարմինես կառկախվի, մինչդեեռ անողոք հազ մը կողերս կցնցե։
Թոքախտի սկզբնավորությո՞ւն մըն է արդյոք։ Միշտ այսպես կխորհիմ, ու ամեն անգամ ալ վրաս կխնդամ․կասկածի բույն մըն ես, Արտակ։
Բայց ին՞չ կրնան ըլլալ այս տանջող հազն ու քրտինքը, հաճախակի կողի ցավերը։ Բժշկարանի մը մեջ կարդացեր եմ, որ ատոնք թոքախտի նշաններ են․ բայց կան ջղային հազը, ջղային կողցավերն ու քրտինքը։
Բան մը ճշտել չեմ կրնար․ թող ժամանակը տա իր որոշումը…
Օգերուն գեղեցկությունը կրնա փութացնել կազդուըրս։ Արդեն մեծ պահոց վերջին օրերը կհամրենք․գարունը սկսած է ժպտիլ թաց և երկնող հողին․ երկնից կապույտներուն ու արևին։
Սալորենիի ու ծիրանին մորճերը կպտկին։
Պարոն Եղիազարը ըսավ, թե կռունկները անցեր են, արագիլներն ալ քանի օրեն կհասնին։ Այս ամենը ես չեմ ընդունիր մահվան ճանկերեն աղատած հիվանդներու նման իբրև գերազանց պարգևներ, որովհետև տխուր եմ...
Կարծեցի թե հիվանդությունս տարած էր Շուշանի հանդեպ իմ տածած զգացումներս, հետո կազդույրի օրերուս մոռնալ կարծեցի զանոնք: Սխալած եմ, չարաչա՜չար սխալած, որովհետև անցյալ օրվան արցունքներս ալ բարվոքում չի բերին ինձի:
Մեջս հիմա ավելի ամուր է այն բանը, ուրկե կվախնամ: Տեր աստված, սո՜ւրբեր.ես կսիրեմ Շուշանը...
Երբ դառնորեն սիրո կնայիմ կուզեմ զինք վտարել, խեղդել արհամարանքիս տակ, ան ժպիտի Շուշանի բարկորեն ծավի աչքերով: Սե՜ր, աղետ մը կթվիս ինձի. ես քեզ սահմանել չեմ կրնար, պիտի չի կրնայի նկարդ հորինել, այլ կզգամ քեզ, կհոտոտեմ ու, սիրտս ուժգնորեն կտրոփե, որովհետև դժխեմ մատնության օր մը հոն մտար: Ահա կհևամ ես. ի՞նչպես մարել տենդը ազազուն էության մը ծոցը: Կուզեմ մոռնալ ամեն բան. փորձեր կընեմ ուրանալու վանքը, Շուշանը, իմ սերը:
Իրավ, երբեմն սուզվելով մտածման մը մեջ, անդորրության կհանձմեմ հոգիս, բայց խենթի պես կոստնում տեղես հանկարծ: Բան մը կուգա արթնցնել զիս. անիկա Շուշանի խռովիչ պատկերը չէ միշտ, հապա անբացատրելի էություն մը, որ մեջս է, ընկեր քայքայված կազմվածքիս, պահակ մը, որ կհականե զիս անմռունչ, թույլ կուտա մոռացումի խաբեության վայելքն ունենալ ու մեկեն պոնդի հարվածով մը կհրավիրե զիս սիրո տառապանքին:
Ամեն ջանք ապարդյուն է ալ ինձի համար: Ես ձգեր եմ զբաղվում, գործ ու իր ստվերին նման Շուշանին կհետևիմ...
Բայց իրո՞ք սեր մըն է ունեցածս. տարակույս մը կառնե զիս երբեմն: Առաջին անգամն է, որ ասանկ բուռն զգացումի մը կհանդիպեմ, հիվանդությանս ախտաժետ արդյունքներեն մեկն ըլլա գուցե, դյուրանցիկ բան մը:
Կհիշեմ, որ Վերթերը կարդացած եմ աշակերտությանս շրջանին. Վերթերի զգացումներուն հար և նման են իմիններս. Վերթերը կսիրեր նշանված աղջիկը...
Ի՞նչ պիտի ըլլաս դուն, Արտա՛կ. կորստյան հովերուն գլխիկոր ստրուկ մը... դյուրախաբ հոգի:
Հետո կսևեռիմ ժամերով: Անսովոր, ծիծաղելի, այլ սարսափելի է ժամերով առարկայի մը սևեռիլ և չի տեսնել զայն, ժամացույցը հարձուփորձել, անոր հառիլ երկար ու չի կարենալ կարդալ ժամանակը, ուրիշնեու պատահա՞ծ է նմանօրինակ բան մը: Սակայն կա բան մը, զոր կտեսնեմ հար ու անով կզբաղվիմ... Շուշա՛նը:
Զայրույթն ալ հետո է:
-Վարդապե՛տ, հիվադութենեդ վերջ բարկասիրտ դարձար, - կըսեր անցյալ օր վանահայրը ինձի: Իրավունք ուներ:
Խորունկ է իմ տրտմությունս, ու բարկությունս՝ սաստիկ:
Ես անձնասպանության դիմող վերթերին կնմանին ու անոր պես կաճի մեջս մելամղության ունայան բաղեղը:
Վերթեր սպանեց ինքնզինք վատ օր մը իսկ ես չունիմ քաջությունը մահվա նետելու ինքնզինքս, ինչպես որս մը գազանին առաջ...
Չէ՛, անձնասպան ըլլալ իմ գործս չէ. անէանալ զրկվիլ արևեն կյանքեն ու այրող սերե մը: Հետո կրոնականի մը անձնասպանությունը մեծագույն մեղանչումն է աստվածային օրինաց դեմ, եկեղեցին ալ նղովված:
Եթե այդպես է, ինչու աղջիկ մը սիրել, եկեղեցին կարգիլե ամուրի եկեցականին սերը: Կսխալիմ, եկեղեցին չէ. առաջին դարերուն ամուրի եկեղեցականին սերը: Կսխալիմ, եկեղեցին չէ, առաջին դարերուն ամուրի կրոնավոր չիկար հետնագույն ժամանակի չարագործ հայրապետներն էին, որ ամուրի հաստատեցին:
Մարդկային կազմվածքին դեմ տրված այս վճիռը կմերժեմ ես. հիմա ատելով կատեմ ամուրի եկեղեցականը: Բայց ես կամքովս ընդունեցի այս սևերուն տակ ծածկել ամեն զգացում:
Ճիշտ չեմ խոհիր: Պարտավոր եմ արդար ջլլալ տառապանքիս խորությանը մեջն իսկ:
Երբ մարդ տղա է դեռ, եկեղեցվույն պերճանքեն կուրացած՝ անոր շքեղանքին մաս կազմել երազե, հանցավո՞ր է:
Հետո հազար երազներե փառքե ու քիչ մըն ալ միստիկական հոգիե տարված, եթե մտնե վանական կյանքին մեջ, ինքը չէ ոճրագործը: Պատիժը գիտակցորեն գործված ոճիրին փոխարինությունն է. քիչեր գիտակցորեն վանք գացած են կուսակրոն ձեռնադրվելու համար: Կուգա վանական մենիկ կյանքը: Սուրբերու չոր հոգիներովը սնող տղան կտրված է աշխարհի հաղորդակցութենեն: Ամեն բան կրոնի, հոգվո, հանդերձյալ կենաց շուրջ կդառնա ու անոնց սովորությամբ՝ ուսանողը կսկսի ակամա ատել աշխարհը:Ահա արդեն իսկ հոգին կապտված: Ալ անկարելի է քայքայել տարիների իվեր ստեղծված ու սնած ազդեցություններն այն պահուն, երբ պատանին աղատ կհամարի ընդունիլ կամ ոչ՝ կուսակրոնությունը:
Վանքը Թող չի տար քակել այն կապերը,որոնք մեր Հոգվույն սանձերն եղան երկար ատեն: Իսկ երբ հանգնինք վերարկուն,ահա աշխարհի հետ դեմ առ դեմ: Իմ թշվառությունս այդ օրեն սկսավ, համրաքայլ ու ծանր թշվառություն մը, հիմա կզգամ:
Երեք ճամփա կա մեզի,կամ շննալ այլոց կիներուն հետ,ինչ որ կընեն կուսակրոնները ընդհանրապես,այսպես դիտեմ,կամ լքել վերարկուն,իրար անկարելի այլ երջանիկ հիմարություն կփորձե՜ս զիս, կամ տառապիլ անօգուտ,անհետևանք սիրո մը մեջ ու խորխի մը նման այրիլ...
Ասոնք կխորհիմ, երբ սերը սիրտս կպրկե:
Ան երբեմն ալ կշոյե զիս, որովհետև սիրո այս տառապանքին մեջ կզգամ խիստ կարճատև այլ բուռն հաճույքներ ալ, երբ Շուշան ժպտելով ինձի կնայի, կամ կխոսի հետս. հետո սիրո երազները այլազան, են, խռովիչ...
Ահա ցնորանքներես մեկն ալ. Շուշանը գուշակա՞ծ է բան մը զգացումներես, երբ արշալույսին՝ ժամուն դռան կամարին տակ տատրակներուն կեր տալու պատրվակով իրեն կսպասեմ կամ օրվան մեջ քանի մը անգամ կերթամ խոհանոց, փռատուն և այն տեղերն, ուր կհուսամ գտնել զինք:
Չեմ կարծեր, որովհետև անբիծ հոգի մը ունի. ավելի անբիծ, քան անձրևներե սրբված և արեգակին քաղցր լույսեն համբուրված երկինքի այս լիճը, որ լուսամուտովս կշրջանակվի: Բայց ինչո՞՞ւ Շուշանը վանքին մեծ դռան առջև երբեմն ձեռքը դունչին, հեռուները կխորասուզի ու կերազե:
Բա՛վ է: Այս հուզումները պիտի կործանեն զիս, ուժ պետք է փորձության իժին դեմ: Հիմա աղոթքս ա՛լ զորավիգ չըլլար ինձի. ընթերցումներու տված եմ ինքզինքս, կկարդամ Մ. Բարսեղի և Փիլոնի վարուց մասին ֆրանսերեն ուսումնասիրություն մը: Երբեմն դասերու կերթամ. կպատահի, որ դասարանին պատուհանեն Շուշանը տեսնել կարծեմ, այն ատեն ձգելով դասս վար կիջնեմ, դեգերելու անօգուտ կերպով ամեն կողմ, պտտելու իր ետևեն, ապա դժգույն, հոգնաբեկ ու դողահար կելլեմ սենյակս...
Դարման չունիմ. ամեն բան առժամյա է, ես չեմ կրնար, չեմ կրնար վանքի մը ստվերին և խոհանքին մեջ ուռճացող գեղանի աղջըկան մը պատկերը ավրել աչքերես: Որբերուն երգը ինձի կհասնի ահա. իմ հոգվույս մեկ արձանգանքն է ան, տրտում և հուսահատ...
Կհազամ... երթամ սլքտկալ բակի մեջ:
ԺԷ
Ապրիլ …
Եղիազարյան քով միայն մխիթարություն կրնամ գտնել պահ մը քանի մը խոսքով փարատեց թոքախտի մասին սնուցած կասկածներս:
Թերևս ծածկեց բուն իսկ մտածումը հետևաբար ճշմարտությունը, բայց իր խոսքերը այնքան հայրական են, ազնիվ, որ չեմ կրնար ախորժ չի զգալ: Անդրադարձավ նաև շփոթ և մտազբաղ վիճակիս, ատիկա հիվանդությանս հեևությունը համարեց, բայց ժպիտ մըն ալ տեսա դեմքին վրա, իրեն համար աանսովոր էր այդ ժպիտը:
Արդյոք գուշակած է հոգվույս մեջ աճող հզոր զգացման էությունը: Թափանցող է Եղիազարը, բայց կանուխ է իմանալու համար իմ մեջ սնող՝ փափուկ ու թախծադեմ մանուկը, ան չի կրնար տակավին տեսած ըլլալ բացը, որ կայրե զիս:
Ուրկե՞ գուշակեր. տրտմահար և տմույն դեմքե՞ս, որ մտածումներս արտահայտելու աղեկ գործիք մը չէ. խոսքերես, ապաքինողի մը մեղմ և անուժ բառերեն ոչինչ կրնար հետևցվիլ. թերևս՝ սևեռումներե ու մտախոհ վիճակես, հիվանդությունս և անոր թեթև շարունակությունը՝հազը, ցավերս կրնան պարտկել զանոնք:
Կերևա սիրահարները կասկածոտ կըլլան և սովորական վիճակե մը իսկ պատրաստ՝ զարտուղի հետևություններ հանելու տանջվելու:
Երբեմն Շուշանի պարզ մեկ նայվածքը հուսալ կուտա ինձ... ի՞նչ բան հուսալ՝ անոր անկարելի համակրանքը, նույնիսկ սիրտն ունենալու հիմարական երազը:
Երանի՜ Եղիազարին. գրչագրի մը կամ փոքր նկարներու առջև կմոռանա աշխարհը, անոր հարուցած բոլոր կիրքերեն կմերկանա կամ թե այդ աշխարհը, կդիտե իմաստասերի անշահախնդրությամբ, ինչպես ես կընեի ապաքինությանս առաջին օրերում:
Աշշարհեն ոչինչ սպասելով, անոր իրերուն մասին իր դատումները ճիշտ են, թեև հաճախ զուրք չեն հին դառնության մը տված խոշորումներեն: Իր ներքինի կյանքը՝ երփնագրությունները, գեղագրված մագաղաթըն ու մանրանկար պատկերները կլեցնեն:
Շիկագույն մագաղաթի վրա նշինված աստվածածնի նկար մը գտեր է խորանին տակ գտնվող գետնափորեն. օրերե ի վեր այս նկարով կզբաղի ու մասունքի մը նման կգուրգուրա վրան: Պատվելու համար զիս, ցույց տվավ ինձ զայն՝ մերկացնելով մետաքսյա մանիշակագույն թաշկինակեն:
Սիրուն բան մը կերևա. կապույտ խորքի մը վրա ս. կույսը մանուկը գրկած նստած է գահի մը վրան: Արդին ժպտալով՝ աչուկները մորն է ուղղած, մինչ չկիսաբաց շրթները բան մը կըղձան: Կարմիր ցփսի մը գլխուն, չարաճճի ժպիտով մը կնայի մայրը տղուն: Երկու կերպարանքներեն ալ ազնվական են. անծանոթ արվեստագետը ներշնչված մեկը ըլլալու էր:
Պզտիկ խաչելություն մըն ալ գտեր է. ամպամած, մթին միջոցքի մը մեջ ժայռի մը վրան կանգնած է խաչը՝ իր զոհին մոխրագույն մարմինով. ցավագին է ոգևորող Հիսուսի դեմքը: Խաչին ստորոտը կա զանգ մը երկու բազկոսկրի մեջտեղ. միշտ նույն անողոք, անպատկառ քրքիջը կելլև գանգին խավար աչքերեն ու փշրված քանի մը ակռաներու պարապեն: Ասիկա պատկերին չարաշուք եղերականություն մը կուտա: - Բանի մը զարմացած եմ,-վրան բերավ Եղիազարը,-այս նկարներու գիծերը անկատար են, ճիշտ չեն, բայց արտահայտություննին կատարյալ է:
Վարի եկեղեցին նկարներ կան, որ լավ դծված են, բայց բնավ տպավորություն չեն ձգեր. ուրեմն գույնը և գծի ճշտությունը չեն որ գործին արժեք կուտան հաճախ, հապա զգացումը հատկանշող, ցայտեցնող քանի մը էական գծեր, զորս աչքը տեսնելու և ըմբռնելու վարժ ըլլալու է:
Երբ իր ախորժալուր խոսքերը վերջացուց, անգամ մըն ալ նայելով շիկագույն մագաղաթին վրա՝ աստվածածնի ժպիտին մեջ կարծեցի նշմարել Շուշանին ժպիտը, բայց մանուկ-Հիսուսը տրտմեցուց զիս: Իմ սիրո ուժգին այլ անզոր զգացումս էր, որ կվիրավորվեր, որովհետև ևս չէի կրնար օր մը հրճվանքն ունենալ իմս եղող կնոջ գրկին մեջ տեսնելու քաղցր մանկիկ մը: Հանդո՜ւգն մտածում:
Անձկությամբ նայեցի Եղիազարին, իր թափանցող և ուլունքի պես կապույտ աչքերը նորեն կժպտեին հայրական ներոաղամտությամբ թավ հոնքերուն տակեն։
Ելա դուրս սպրդելու, որովհետև երջանիկ ծերունին նորեն մխրճեցավ գավազանագրքի մը հավելվածին մեջ, ուր անծանոթ աշուղի մը սիրո տեղերը կային։
Բակեն անցնելու ատեն՝ ժամուն դռանը առջև, Շուշանը տեսա․ քանի մը գառնուկներ զսպել կջանար, անասուններեն մին անոր նուրբ մատները կհոտոտեր։ Կանգ առի, կրելով զգացում մը, որ կարգիլե մարդուն իր սիրո առարկան վայելել։ Այդ քնքուշ, ոստոստուն, պիսակավոր գառներուն հանդեպ լեցվեցա ոխով, իբր թե անոնք ըլլային իմ ապերջանկությանս պատտչառ։
Ես կատեի՝ գրեթե անիծելով այդ հեզ անբանները ու մանավանդ այն մեկը, որ Շուշանին մատները կհոտոտոր․ և նախանձը կկրծեր զիս…
Նույն միջոցին որբերը վանքին մեծ դռնեն ներս թափեցան․ մթնշաղն ու զվարթությունը կծածկեին իրենց անսփոփ, պատառատուն երևույթը Խաչեր կաքացեր Մանասեն։
–Վարդապե՞՜տ, պարտասած կերևիս, կհևաս… — ինձի մոտենալով վրա բերավ Ալեքսանդրը։
–Այո՛, հիվանդութենես վերջ … այսպես եմ ալ։
Վեր վազեցի։ Հազի բուռն, երկարատև նոպա մը կողերս ցնցեց։
Վեհարանին մեջ վանահայրը իր տատրակներուն ոտքին մանր ուլունքներ կկախեր, պարբերաբար համբույրներ տալով անոնցմե էդին…
Տխուր չէ՞ այս բոլորը։
ժԸ
Ապրիլ…
Զատկի արձակուրդը անցնելու համար որբերը քաղաք մեկնեցան։
Քանի մը անձնվեր ընտանիք եկան մեզ առաջարկել հյուրընկալության այդ ձևը։ Տդոց համար սփոփանք մը պիտի ըլլնա ընտանեկան խնամքը ու թերևս իրենց ցնցոտիներեն նորոգված վերադառնան։
Ալեքսանդրն ալ գնաց։
Վանքին մեջ քանի մը հոգի կմնանք․ վանահայրը, Շուշանը, Եղիազարն ու մյուսները։
Այս կրկնակաան մենությունը հաճույքով կընդունիմ ․ինքզ ինքս քիչ մը ավելի ազատ պիտի զգամ հետապնդվող ակնարկներե․ չեմ ուզեր որ զգան կամ գուշակեն ինչ որ վանքի մը որմերուն մեջ կթավլի ուռին եղերերգութենե մը ավելի հոլոր թափով. լա՛վ է որ մարդ միայնակ տառապի...
Կրած փոփոխությանս զարմանալի է, ես որ երբեմն կերազեի քաղաքն ու շարժումը, հիմա առանձնությունը կուզեմ, կսիրեմ, սիրույս հետ մինակ ըլլալ իմ միակ իղձն է: Ու՞ր երջանկությունը՝ երբ մարդ այնքան հարափոխ է իր բարեբաստության ըմբռնման մեջ...
Առաջ հարատև շշուկ մը կար. փեթակի մը բզզոցն ու նույնիսկ ձայներ կլեցնեին մենաստանը.թող դադրին անոնք, ես կուզեմ լսել ու անձնատուր ըլլալ սիրույս երազին ու ձայներում, անոնք կբավեն լեցնելու ամեն ամայության։
Հետո ազատորեն, համարձակ պիտի կրնամ վայելել շուշանը:Առաջին մեկ երկու օրերս արդեն մանկունակ զվարդության մը մեջ անցուցի. գացի շուշանին ու մորը քով, խոսեցա հետերնին ու խնդացի ալ:
Սակայն կա բան մը, ուրկե կնեղվիմ․ առաջ շեշտակի կրնայի նայիլ ուրիշներու աչքին, հիմա հետզետե անկարելի կդառնա ատիկա:
Շուշանին չեմ հառիր, թեև աչքերս միայն զինք կխնդրեն, թերևս մատնվելե կվախնամ, որովհետև ակնարկներս անոր կրնա խոսիլ՝ ինչ որ լեզուս կլռե:
Ի՞նչ կրնար ըլլալ սակայն, երբ հայտնվեր սերս... պիտի պատահեր այն, որուն սոսկմամբ կըղձամ. իյնալ ոտքերուն առջև, բռնել իր պատրիկյան մատները համբուրե՜լ, համբուրե՜լ և ներողություն խնդրել:
Վարդապետ մը հասարակ աղջկան մը առջև ծնրադիր... նորօրինակ է ասիկա ինձ համար, պատահա՞ծ է այդ տեսակ բան մը երբեք:
Հետո՝ քանի մը օր առաջ կսևեռեի ժամերով, հիմա անհանգիստ, կասկածոտ, հարաշարժ եմ. վրդովուն վիճակ մը, որ տեղե տեղ կտանի զիս: Ո՛չ, տեղե տեղ չէ. ես Շուշանը կհետապնդեմ, կփնտրեմ անգիտակցաբար, բնազդորեն:
Ասոնք ի վերջո ուշադրություն պիտի արթնցնեն, նկատի առնվին, քննվին, ճշտվին խոհանոցին կամ գոմի մը անկյունը: Վանքեն քաղաք տարվին և մինչև Պոլիս գտնեն իրենց արձագանքը:
Ի՞նչ բաներով պիտի լեցվին մեր օրաթերթերը, բռնության թաթին տակ ապասերող թուղթի այդ լայն էջերը:
Վարդապետը տնտեսուհիի մը դեռատի աղջկան կսիրահարի... վանքին մեջ: Այս պիտի ըլլար զգայացունց վերնագիրը աչքի զարնող մեծ տառերով գրված ու զզվելի կախման կետերով վերջավոված: Օրաթերթերի մը թարմությունն ու հրապույրը ավելացնող բան մըն է կարծեմ հայտնությունը, չէ՞, Արտակ:
Ու ով գիտե ինչպես հազարավոր մարդիկ, բուռն ու կործանող տառապանքի մը այդ արձագանքին առջև պիտի ծիծաղին կրկնելով՝
—Վարդապե՜տ, սիրահարությո՞ւն, ահա թե ուր ինկած է կուսակրոնության բարոյականը…
Կրկին ու կրկին պիտի կարդան ու նորեն խընդան, սրամիտ գռեհկություններ կուտակելով հետագա մանրամասնությանց վրա, զորս խեղկատակ ու կատաղի թղթակից մը կրնա երևակայել:
Այսպես անսպառ նյութ մը պիտի ելլե իմ սեփական թշվառութենես, ուրիշներուն իբրև ժամանցի նյութ:
Չէ՞ եղած, որ ես ալ ծիծաղած ըլլամ նմանօրինակ պարագայի մը առթիվ: Եսական է մարդը, ու մեր անձնական տառապանքեն դուրս ամեն բան կրնար հեգնվիլ…
ԺԹ
Զվարթ տրամադրությամբ մը ելա այս առտու: Բացի պատուհանս ճիշտ այն պահուն, երբ նախիրը դաշտ կքշեին: Ջլապինդ այծերն և ուլիկները զիրար կհալածեին՝ երբեմն կանգ առնելով սկսելու համար եղջյուրներու կարճ այլ հերոսական մենամարտ մը: Կսիրեմ այծերը, ինքնատիպ են և ազատության սիրահար: Հետո ոչխարներու սպիտակ միազանգված հոտը գլխիկոր ու դանդաղ կհոսեր՝ շրջապատված լուսադեմ ու մայող գառնուկներեն, ապա երազուն կովերը կհետևեին անոնց, երկարասրուն ու դեդևող հորթերով. գոմեշները վերջապահներն էին սև, զազրելի ու դանդաղ:
Հաճելի էր տեսնել այս անասնական զանգվածը ու մանավանդ լսել մայուններու, պոռոչի ու թինդող բոժոժներու հարաճուն ընդխառնումը, որ խոնավ, տակավին միգամած գարնան առավոտին մեջ՝ ավետող հեռավոր արևն ու ավիշներու զարթնումը կողջուներ:
Այսպես՝ մինչ դաշտերու արահետներուն վրա դանդաղող կենդանյաց գնացքին կհետևեի աչքերովս, ահա գոմի վարի դուռնեն դուրս թռավ ահարկու ու անսանձ ցուլ մը, որ միջոցին մեջ մոլեգին պոռոչ մը նետելավ՝ սուրաց դեպի հոտը: Աղաղակով ու շարժումներով լի այս նկարը հույզով լեցուց զիս, իմ հրճվանքս գրեթե մանկական էր, կխնդայի, ծեծելով պատուհանին փայտերը:
Բլուրներու ետևեն քիչ հետո կծաթեր հրաշեկ և հզոր սկավառակը արևին, տակավ կդժգուներ երկնքի կապույտ՝ մինչ անդերու հողին վրա ծփուն մեգը կանոսրանար, և ես նշմարեցի համրավար գութանը, լծկան եզներու ճիգը, սրճագույն փեռեկումները հողին:
Գարուն է ալ. կհավատամ որ եկավ, եկա՜վ, որովհետև ծառերուն վրա արդեն իսկ կզգացվի շունչ մը, որ արմատներեն կբարձրանա մինչ ծայրը կատարներուն. կենդանացող ավիշն է ան:
Կշիկնին բարդիներու սլացիկ ճյուղերուն, ու գետեզրի ուռիներու վարսքը՝ կլապտաններու հետ կշփոթեմ: Թերևս պարտեզի որմերուն ետև դալարիքի կանաչ այտերուն տակ, դեղին և սպիտակ ծաղիկներ աչք բացած են:
Ասիկա Պոլսո ջմեռավերջը չէ, երբ փետրվարի հետին օրերուն հանկարծ գարունը հազար կողմե ձայն կուտա ու բյուրավոր ծաղիկներու մեջեն կնայի:
Հայաստանի համար ամեն բան ուշ կուգա... բայց ավելի հաճոյալի է սրտիս ասիկա, ու ես հիմա կսկսիմ ավելի սիրել դժնդակ ձմեռվան մը հաջորդող արևու, կապույտի և կանաչի այս օրերը:
Խոնավ էր օդը, և ես ծանրորեն կշնչեի, այդպիսով կվտանգվեր առողջությունս, սակայն ի՞նչ հոգ երջանկությունս բավ էր ինձի:
Երջանիկ և զվարթ, ինչ՞ու... թերևս անոր համար որ ինե Շուշանը կնայեր այդ գարնան առավոտին:
Բնության երկունքին մեջ կզգամ իմինս ալ, որովհետև երիտասարդ եմ, թեև պատրասած ու տկար: Չունենա՞մ այս վերածնող բոլոր բաներուն մեջ իմ ալ հարությանս հույսը...
Առաջին անգամ ըլլալով՝ բանաստեղծությունս մը գրելու փափագն զգացի առատուն...
Կեսօրեն հետո, երբ խոնավությունը նվազելով, գացի շիրմաքարերեն մեկուն վրա նստիլ վերարկուս բազմոց ընելով:
Լա՜վ է ասանկ հանգչիլ բաց օդին մեջ՝ երբ արևին թափանցող ջերմությունը քանի մը սարսուռներ տալե վերջ՝ ոսկորներուդ մեջ կթափի:
Համրորեն երազանքի մը անձնատուր եղա՝ գոցելով աչքերս:
Արևուն դեղին լույսը այրունագույն կներկեր կոպերս, ու ես պահ մը անոնց կարմիրին վրա ալապաստրե քանդակի մը նման Շուշանի դեմքը տեսա:
Փակ պահեցի աչքերս՝ վայելելու համար սիրո հավերժական այդ նկարը Քրքիջ մը սթափեցուց զիս: Փոքրիկ սափոր մը ձեռքը, տեսնես Կարոյին հետ կատակելով, գետեզր կիջներ:
Նայեցա իր հասակին, խարտյաշ մազերու հյուսքին, հպարտ քայլերուն: Երբ անհետացավ՝ վազեցի իր անցած ճամփուն վրա, վերադառնալու համար նորեն իմ տեղս:
Ետիս դարձա, ավագ խորանին արտաքին սապատն էր քովս ի վեր կանգնած իր նեղ, երկար լուսամուտներովը՝ աղեղնաձև ժանեկավոր հոնքերու տակ. աչքս ինկավ նաև հնօրյա գերեզմանին մը մութ խաչքարին վրա:
Երկուքն ալ խոժոռ ու սպառնալից թվացին ինձի. միույն ստվերին ու մյուսին ծանրության տակ պիտի հանգչի ամեն բան օր մը...
Արևը կանհետեր շոգելից հորիզոնին վրա, հեռավոր լեռներու ստվերին ետին. ու արդեն իրիկվան հետ կտրտմեի նորեն, որովհետև գիշերվան մենութենեն կսկսիմ վախենալ ես:
Ավելի ճիշտ՝ ուղածս չեմ գիտեր. ցերեկները գիշերվան կսպասեմ, իսկ մութին, երբ խորտակված ու հրեշային, ծուցս դառնամ Շուշանի լուսամուտին տակ երկար դեգերումներե հետո՝ աղոթարանի կապույտ շողերն կերազեմ ու կուլամ..
Ի
Ապրիլ
Եկեղեցիեն կդառնամ:
Խթումի արարողությունը կարճ սաղմոսերգությամբ մը լրացուի, մինչ հիմա հարյուրավոր տաճարներու մեջ բյուրավորներու բազմատարած ներկայության՝ հարության խորհուրդը կերգվի:
Որքա՜ն լավ էր ինձի համար անոնցմե միուն մեջ ըլլալ, ծծելու խունկը ու վայելելու համար ջահերու ոսկիին տակ ծաղկող դեմքերու ժպիտը:
Բայց այս իրիկուն ի՞նչպես աղոթեցի ես,Տեր Աստված:
Հիվանդութենես ի վեր երրորդ անգամն էր, որ եկեղեցի կերթայի. կարծեցի գոնե այս անգամ հոն մխիթարություն գտնել, բայց աղոթքի բառերն բան մը չեն բերեր, հետո այդ մենությունը, անբացատրելի մթնոլորտը, թափուր խորաններն ու անոնց առաջ քթթող հակումի կանթեղները կընկճեն զիս:
Զիլերու, ծնծղայի ձայներուն, բազմախուռն ամբոխի մը ժխորին, աղաղակներուն պետք կզգամ ահա:
Սերը երբեմն նեկտար մըն է, որ ցնորանքիս մեջ ինքնաբավ կդարձնե զիս, կկարծեմ երջանկությունը լիորեն վայելել մինչև մահվան օր մը, բայց հանկարծ՝ թույնի պես այն կապականե արյունս սարսափներով համակելով զիս. դժոխքին, այլ անոր դողն ունիմ, երբ եկեղեցին եմ, խորանին դեմ, Ավետարանին առջև:
Այս երրորդ անգամն է, որ սերս գալարուն, պաղ սողուն մը կըլլա զիս զգետնելու համար: Այո՛, պարզ ու գալարուն օձ մը ..
Ժամուն մեջ սիրո վրա խորհիլ տվող շատ բաներ կան: Ինչո՞ւ աշխարհը եկեղեցիեն ներս մտած է կամ եկեղեցին աշխարհի մեջ ինկած:
Աստվածածնի պատկերը Շուշանը հիշեցնել կուտա ինձ մի՛շտ, մի՛շտ սիրտս կխոցվի, այլ ան՝ կարծեմ նույն պահուն մազերը երկու հյուսքի, դշխոյի մը խրոխտանքով համրաքայլ քովես կանցնի՝ մանկաժպիտ ու թախծադեմ:
Կնայիմ իր ետևեն, ժպտելու ատեն չեմ ունենար, որովհետև ահա կրոնականի հոգվույն դեմ եկեղեցին կհատնե իր բոլոր սաստերը: Դասին մեջ իսկ շանթահար ըլլալու երկյուղը կունենամ:
Արդար պատուհասում. թող սրբոց, երանելիներու, եկեղեցական սուրբ հարց զայրույթը շղթայազերծի գլուխս, ինչպես մրրիկը օվկիանի մը մենավոր և անօգուտ խութին վրա...
Ես կնախընտրեմ այդ վախճանը. անիկա նվազագույնն է չարիքներուն՝ զորս կյանքը դարանած է ինձ դեմ երիտասարդության և սիրո սնգույրին տակ:
Սակայն խթում է. Զատիկը պիտի ծագի վաղն իսկ Հայաստան աշխարհին վրա:
Ի՞նչ կա ինձ համար: Կհիշեմ, ծնունդին խորհեցա ցավերու վրա ազգիս. այն ատեն ըմբոստությունս նեռար մեր թշվառության և ավետված փրկության եզրերուն անհաշտութենեն. իսկ հիմա՞, երբ մերկ խուցիս մեջ՝ անմեղ օրագրի մը այս էջերը կմրոտեմ, ինչո՞ւ նույն վեհանեն թռիչքով չեմ խանգավառիր:
Բան մը եսական ըրավ զիս. սե՞րը: Բայց լսեր եմ և փորձովս գիտեմ, որ սերը գթած ու ազնվական կդարձնե հոգին:
Ես բան մը չեմ ուզեր կյանքեն երկար ատենե ի վեր, նախասիրություններս հրաժեշտ առին ինե, փառքի տենչանքն ալ մարեցի և ուրիշներու հաջողությունը անտարբեր կձգե զիս:
Ավելի կսիրեմ մարդիկը, իրա՛վ ավելի կսիրեմ... Որովհետև քանի մը անգամ ինձ այնպես թվեցավ, թե կուզեի երթալ, գրկել ու մաքուր համբույրով մը համբուրել որբերը, վանքին մարդիկը, նույնիսկ աղրահոտ հոտաղներն ու իրենց անասունները... Սերը մաքրալույս արև մըն է, որ մռայլ օվկիանի մը, կյանքին վիհերը կլուսավորե, զանոնք շքեղացնելով:
Ուրեմն ինչո՞ւ այս սուրբ երեկոյին, տակավին խավարը չիջած, անձրևակոծ օրվան մը մեկնող մրմունջներուն հետ իմ սիրտս ալ չի հուսա...
Նորեն կհազամ ու միշտ ձախ կողս կկոտտա:
Կհասկնամ, ֆիզիկական այս տառապանքը կդառնացնե զիս: Կըսեն թե երկարատև հիվանդություն մը՝ ենթական եսամոլ, անհանդուրժելի, կրքոտ կդարձնե:
Իմ պարագաս ալ ա՛տ է թերևս. հետո մենավոր եմ սիրովս միասին, որովհեըև ան՝ զոր կսիրեմ տարակույսի նշույլն իսկ ունեցած չէ հատնումիս մասին, ու մինչ ամեն այս երեկո կրնա իր երջանկությունը ճանչնալ ակնարկի մը կամ համբույրին մեջ՝ ես զանոնք զուր կոգեկոչեմ ու կտառապիմ...
Բայց՝ ահա վանահայրը կպոռա: Անկուշտ անասունի մը ձայնն ունի այս մարդը, ես կսարսռամ իր ձայնին սաստկութենեն... այնքա՜ն քայքայված եմ:
Պետք է երթամ իրեն հետ խթումի ճաշն ուտելու:
Ուտե՜լ... ինչպե՞ս, երբ մեջդ կա բան մը, որ կաճի ու սնունդդ կըլլա քեզ ուտելով...
ԻԱ
Ապրիլ...
Զատկի արձակուրդը արդեն կվերջանա, և ես գոհացում գտած չեմ. ի՞նչ բանով կրնայի գոհ ըլլալ:
Առաջին օրերը քաջալերական թվեցան ինձի. կհուսայի Շուշանը ավելի մոտեն վայելել, ժամերով խոսիլ իր հետ և ո՛վ գիտե թերևս բաներ մը ըսել...չըսել, բայց հասկցնել:
Այսօր իմ սնանկությունս կա միայն: Չի կրցա երկարորեն խոսիլ հետը. քանի մը բառ ու ահա միշտ վերջացան ըսելիքներս, իբրև թե զրկված ըլլայի բազմակողմանի ծանոթություններե ու իմ խոսելու փափագս մարած ըլլար առահվետ: Կկենամ իր մոտ հաճախ,սարսռալի ու տրոփուն սրտով,հիմարություններ կըսեմ մեջ ընդ մեջ, անանկ խոսքեր զորս կատեմ, իմ թշնամիներս կնկատեմ, որովհետև, սերս միայն իրմով զբաղվիլ կսիրե ... բայց ինցո՞ւ կլռե իր առարկային առաջ:
Շուշան մանկունակ անմեղությամբ մը պատասխան կուտա, կարծես գութով լեցվախ կնայի դեմքիս, ու քիչ վերջ տիրող լռութենեն նեղված կերթա: Ես կմնամ քարացած, մտածման բարիքեն զրկված մարդուն դատարկ ուղեղով: Բան մը դիտեցի սակայն Շուշանին վրա, հիմա ավելի մելամաղձոտ է, թեև միշտ լուրջ ու երազուն եղած է ան: Անշուշտ վանքին ազդեցությունն է, այս մենարանին, որ բնության շքեզ ծոցին մեջ տխուր է, մահահոտ անցավորին խոհանքովը հագեցած:
Բնությունը իր շքեղանքին մեջ իսկ տրտում է, երբ կյանքին երգը չի բարձրանար անոր վրա: Եկեղեցին աղբյուրը կըլլա հավատքին և բարվույն այն ատեն, երբ մարդկային կյանքը կյանքով կնվիրագործվի:
Հոս՝ այս գմբեթներն ու շինությունները, բակը, շիրմաստանն ու կանաչ դաշտորեն, զանոնք գրկող կապույտը, միստիկ խուրհուրդներու նկանակը միայն կուտան ինձի ծամելու: Ես, ատոր սահմանված կրոնական, երբ կուզեմ նետել ու կոխոտել զայն՝ հապա ի՞նքը, արբունքի հասած աղջիկ, գեղանի, առույգ, ինչո՞ւ չի խորհեր կենսալի քաղաքին ու կրակոտ տղոց վրա…
Առտուները ժամուն սյունակապ դռան խորշին մեջն է, տատրակներով զբաղած, իրիկվան դեմ շիրմաքարի մը վրան կգտնեմ զինք ձեռներեն մին քունքին, մխրճված երազանքի մը մեջ, որ դաշտերուն վրա կկորսվի: Երթամ հարցնելու անոր նյութը հողին, քարերուն և ծառին, ծաղկանց կամ եթերին… ի՞նչ կխորհի, որո՞ւ վրա… իմ վրա թերևս… չի՞ կրնար ըլլալ:
Երեկ Եղիազարի սենյակեն մեկնելես վերջ նորեն շիրմաքարի մը վրան նստած գտա զինքը:
—Բարև՜, օրիորդ Շուշան…
—Բարև, հայր սուրբ:
Ոտքի ելլել փորձեց, չի ձգեցի:
—Օրիօրդ, վերջալո՞ւյսը կդիտեք…
—Այո՛…
—Գեղեցիկ է տեսարանը… աղվո՜ր են դաշտերը, լա՛վ է պտույտներ ընել ասանկ օդով…
—Այո՛…
Այսչափ: Հակառակ խոսելու կամքիս՝ պապանձումը կապեց զիս:
Այդ պահուն ամեն բան կմերժվեր մտքիս, լեզուս կշարժեի բերնիս մեջ՝ այլ իր շարժումը հողավոր ոչինչ կծներ:
Լռության վտանգը զգացի. պիտի ձգեի, որ թռչունը հեռանար… ինձի համար պատեհություններուն վերջինն էր ատ, որովհետև արձակուրդի ետին երեկոն էր, որբերը պիտի գային մեկ երկու օրեն:
Սակայն ի՞նչ ըսել. չէի կրնար խոսիլ: Անկարելի, անկարելի էր սիրո օտար եղող մազերուն վրա հածիլ: Իսկ սերս հապա ինք ինչո՞ւ չի խոսիր վերջալույսին դեմ երազող այդ ծավի աչքերուն, ինչու՞ հովիկի մը փայփայանքովն ու ողոքող մրմունջով չի ըսեր իրեն՝
—Կսիրե՜մ քեզ …
Անշուշտ պիտի ապշեր, շառագուներ ու գահավերժ խուսափեր ճիչով մը, որ մատներ ամեն բան:
Բայց կասկացնել զինք՝ իմ ձեռքս է. այո, կասեցնել, նայել իր աչքերուն մեջ անանկ մը, որ սերս դաշույնի մը պես իր սիրտն ալ խրի, և խոր ու մռայլ ձայնով մը նորեն կրկնել.
—Քեզ կսիրե՜մ, Շուշան…
Հետո՞…
Սիրո հիմարությունը անվախճան չի կըրնա ըլլալ, պետք չէ պարտկել անկարելին, անհունը՝ գծորոշ մարմնո մը ու մանր ուղեղի մը խուցին մեջ:
Իմ կիսափուլ շինվածքիս մեջ չեմ կրնար ծածկել սիրո հզոր շունչը: Սակայն բան մը չի կրցա ըսել ու չպիտի կրնամ երբեք...
Չեմ գիտեր որքան մը մնացինք լուռ, ես կանգնած, գետնամած աչքերով, ձեռնափայտով մը խաղալով գետնի հողերուն վրա, ինք նստած, նայվածքը դեպի գետակը ձգած: Մեկեն ոտքի ելավ, սարսռացի, ու ապշահար անգամ մը երեսս նայելե վերջ գնաց մինչև վանքին երկաթապատ դուռը ծանրաքայլ, անկե ներս ուժգին փախուստով մը անհետացավ:
Երկարորեն ետևեն նայեցա. ինձ այնպես կթվեր,թե ան միշտ նույն գահավեժ վազքով կերթար,այլ չէր հասներ,ու ես իր վախովը լեցվեցա:
Երբ բյուրեղային թափանցությամբ և թեթևորեն շիկնող եթերին դարձա քիչ վերջ, բոլոր իրերը անսովոր գեղեցկությամբ երևցան ինձի...
Զիլելու դաշն թինդերը կլեցնեին միջոցը, անդերու հեռավոր մեկ կետին գամփռ մը խռպոտ հաչյուն մը կնետեր մերթ ընդ մերթ:
ԻԲ
Այս արձակուրդը կսկսի ճնշել վրաս. թող գան որբերը ժամ առաջ, հիմա միակ փափագս այդ է: Եվ արդեն չեմ գիտեր՝ ինչու՞ ուշացան, վագանսը լրացած է, կերևա պ. Ալեքսանդրը ծուլություն կընե:
Երկու շաբաթ առաջ մենությունը կփնտրեի իր գովքը հյուսելով, անոր քաղցրությունը զգալ կկարծեի, ինչպես անոր բերած սիրո հավերժական ժամերուն անձուկովն ալ լեցված էի: Իսկ հիմա նորեն ժխորին կդառնամ, որովհետև այն, որուն կեդրոնացուցած եմ կյանքս ու զգացումներս, ոչինչ տվավ ինձի։
խե՛ղճ աղջիկ․ ի՞նչ կրնա տալ․ ես չուզեցի բան մը իրմեն, մանր հայտնություն մը իսկ չի կրցա ընել՝ զգացնելու համար սիրո աղետավոր օրենքին ավերը մեջս։ Այո՛, ինչո՞ւ սպասել… երբ ոչինչ տրված է։
Սերը քիչ մարդ այսքան կույր և ապերախտ է ըրած․ իմ մեջս են կորստյան դառն սերմերը, ես իսկ ծնա զանոնք, այլ իմ ցնորանքիս մեջ կորոնեմ հանցապարտությունը իրան ու մարոց։ Այս ամենը ոչինչ կփոխեն իրականութենեն․ թող բանականությունս, եթե մնաց, ծամե անօգուտ՝ իմ դատակնիքս կամ անմեղությանս ջատագով կանգնի․ բան մը չի կրնար փոխվիլ եղածեն։
Ես կսիրեմ Շուշանը․ սիրտս չքմեղանք չունի … կսիրեմ զինքը անանկ մը, որ խելագարության խարազանին տակ ոռնացսղ դատապարտյալն իսկ պիտի գթար վրաս՝ տեսնելով զիս։
Թերևս սիրո պարզ էութենեն տարբեր բան է իմինս․ բարդ և մինչև հիմա ակմա սանձված զգացումներու հորդում մը, որ մեկեն փշրելով կուսակրոնի կեղծավոր կյանքի անուրները, կիյնա մաքուր և աստվածային էակի մը վրա, որուն արժանի չեմ։
Շուշան, անգիտակ սիրույս․ այնքան անգիտակ, որքան դեմքը շրջանակող ապրշում մազի թելերեն մին՝ իր այտերուն փափկությանը։ Եվ ես ավելի վատ ու ոճրապարտ եմ, որովհետև կուզեմ բաներ, որոնց գոյության կասկածն իսկ չի կրնար երևակայել ան ու թերևս սրբակյացի մը տված պատկառանքով կմոտենա ինձի…
Բայց ևս ինչո՞ւ դաշտերուն մեջ, գետեզրը կամ նույնիսկ տաճարին ստվերոտ ու զանխուլ մեկ անկյունը չեմ կրնար խոսիլ իր հետ սիրույս մասին․ խոսիլ, համոզել զինք ու վճռելե հետո մթին գիշեր մը վանքեն հեռանալ, անոր դռան առջև լքելով այս սև վերարկուն․ հետո ամուսնանալ …
Եղած են հանդուգն ու սրտի տեր աղջիկներ, որ մահվան տեղ կյանք բերեն․ թերևս Շուշանն ալ անոնցմե է։ Քաղցր ու վեհերոտ արտաքիններու տակ, կըսեր Տուրինյան, պահված են հաճախ ամենեն վճռական ու անվեհեր հոքիները…
Այն ատե՞ն։ Քանի մը ամիս գայթակղությունը շրջան պիտի ըներ գռեհիկ մարդոց ու թերթերու շտախոսիկ, ծուռ բերաներուն մեջ։ Կատեմ օրաթերթերը, գարշահոտ շտեմարաններու կնմանին, ուր առանց ընտրանքի ամեն բան կդիզեն։
«Կրավե համբերող և անփույթ ըլլալ…», – կըսեր Օրումյանը իր ժողովրդավարության դասերուն մեջ, ի վերջո ամեն բան կմոռցվի։ Բայց ես վախկոտ եմ: Ամենուն տրված չէ հանդուգն հարվածներու ճաշակը. չէ թե գործը, հապա մտածումն իսկ զիս դողի կմատնեն: Ծիծաղելի է այս վիճակը, կզգամ, որովհետև կուսակրոնությունը ձգած և կամ անոր մեջ իսկ աշխարհիկ վայելքներուն անձնատուր եղած դասակիցներ կհեգնես այս բոլորը. ես միայն պիտի չի կրնամ խզել ան կապերը, որոնք վարդապետը կզրկեն կյանքեն, կյանքին իսկ դիմաց…
Զու՛ր ալ չէ, մարդ անցյալ մը կունենա. պարապ չէ, որ ինքնզինքին պատմություն մը կշինե, ի՞նչպես ուրանալ այդ պատմությունը փշրելով կուսակրոնության հանդիսավոր հանձնարարություններն ու ժողովրդանվեր ցանկության ուխտը:
Ինչու՞ կտառապիմ ուրեմն: Սիրո բոլոր լուսավոր ուղիները խոր, անհույս անելներ են ինձի համար. լա՛վ է, որ կորսվիմ անոնց մեջ, սանձելով տենչանքիս բոցերը, վերարկուիս մթին ծալքերուն մեջ ամփոփելով անձս ու սև գիշեր մը տառապյալ հոգիս թողլով ամենակալի ահեղ դատաստանին…
Շատ կհազամ նորեն: Քանի մը օրե ի վեր կողերս անդադրում կցավին և առատորեն կթքնեմ. միշտ ալ լորձունքս կքննեմ…
Ձգեմ գրիչս, թեև գրելը սփոփանք է, ու երթամ վանքին մեծ դռան առջև, ճամփուն վրա Շուշանին սպասելու:
ԻԳ
Ապրիլ…
Որբերը եկան: Լռին մենարանը ահա կարթննա մանուկներու զվարթ ձայնով: Ինչքա՜ն գորովանքով կնայիմ այդ աղմկարար տղոց. առաջ որբերու ձայնը չեր բավեր լեցնելու նույնիսկ բակը, իրենց ներկայության ունեցած էի միշտ թախծության տպավորությունները, որոնք հատուկ են վանական խուցերու: Այսօր ամեն բան նույնն է, վանքը, որբերն ալ նույն, բայց բզզյուն մը, տևական շշուկմը կա շուրջս, ու գոհ եմ:
Այս տպավորւթյունը արդյունքն է իմ սպասող անձկությանս, որ իր սիրույն մեջ նավաբեկ, դարձյալ կդառնա դեպի իր հին կյանքին: Բայց կարծեմ որբերը ավելի ուրախ են, զիրեք փոխված գտա. կազդուրված կերևան:
Արդյոք դժգոհանքով չի մտա՞ն վանքին մեծ դուռնեն ներս, ատիկա կզզամ ես, որովհետև միշտ իրենց քաղքի հիշատակներուն վրա կխոսնին, կհայտնեն ամոթխած շեշտով մը այն գգվանքները, որոնց առարկա եղավ իրենց զրկված որբությունը: Քանի մը օրե ի վեր տղոց կխառնվիմ զբոսանքի պահերուն, հետեվելով իրենց կարծիքներուն, շարժումին ևպատմության:
Նվերներ առած են. զգույշ հպարտությամբ կնային իրենց զգեստին, կոշիկներուն,ազնի՜վ քաղաքացիք,որ իրենց չունեցածեն իսկ բաժին հաներ են ասոնց:
Խաչերն ալ չի կենար, անանկ մանրամասնութուններ կըսե, որոնք զիս չեն հետաքրքրեր.անմեղորեն աղջնակի մը վրա կխոսի, որուն ընկեր եղեր է,և որ իրեն տվեր է ինչ—որ չքնաղ և խանդակաթ փոքրիկ մը կրնա շռայլել ասանկ սիրուն մանչուկի մը, անմեղունակ սիրո մը միջոցով...
Այդ գեղումի պահերեն դուրս ան մյուսներուն նման անտարբեր չերևար. անկյուն մը Վանքին մեջ ինե զատ մեն մարդ երջանիկ է: Պ. Ալեքսանդրը կսեր երեկ՝
- Քաղաքը լավ օրեր նցուցինք ... բայց, վարդապետ, քեզ ավելի նիհար և դժգույն կտեսնեմ. տկար կերևաս, չի խնամես ինզինքդ... Պոլիս դառնալու միտք չես ընկեր:
Նայեցա իր տառապած մարդու աչքերուն, հուղումես կդողայի, մինչ ան շարունակեց անակնկալ կերպով նյութեն շեղելով.
- Ե՞րբ արդյոք աշխարհարիկ կյանքը վանքերեն ներս պիտի մտնե. պիտի գա՞ ազատության այն օրը, երբ վանքերը տիպար ագարակներու վերածեինք շրջակա գյուղացիներուն համար: Պիտի գա՞ այդ օրը…
—Չեմ գիտեր, պ. Ալեքսանդր, բայց աղեկ գիտե՞ս, որ աշխարհիկ կյանքը վանքերեն ներս չէ մտած...
—Ինչպե՞ս…—հարցուց զարմացմամբ երեսս նայելով:
— Բան չի կա՛…
Չի գիտե, խե՜ղճ մարդիկ, չեք գիտեր, որ աղջկան մը սիրով կայրիմ: Բայց վե՞րջը այս զրկումներուն: Զգալ, ըղձալ անլուր ուժգնությամբ, ա՜հ սիրտս կզարնե, որովհետև զինքը հիշեցի ահա, հյուծիլ ու շուրջդ ամենքը միջավայրին պատիր թելադրությամբ զգաստացած, չիմանան այդ բոլորը, չի գուշակեն:
Կարելի՞ է տանիլ գաղտնիք մը մինչև ծայրը. ո՞րը գացած է… «Չի կա գաղտնիք որ չի հայտնվի», կըսե Ս. Գիրքը, բայց ահա հոս ամենուն մեջ եմ, Շուշանը, կանձկամ անոր կուրծքի, դեմքին, շունչին, ոտքերու դպրտյունին, մարմինիս կմաշի, ու մեկը չի գար այս մենությանց խռովալի մեկ վայրկյանի թերևս հպիլ, մրմնջելու ականջս վար՝
— Վրդապե՛տ… Արտակ, գիտեմ որ Շուշանը կսիրես…
Ատ բավ է, որ ես անոր գիրկը նետվիմ լալահառաչ, աղեխարշ ձայնով, բրածեծ տղու հեծեծանքներով… Այդ բոլորը բավ են ինձի համար իբրև խոստովանանք ու քավություն:
Վանահայրը բթացած է, Ալեքսանդրը թերևս ամփորձ մը, բայց կա մեկը, Եղիազարը, որ կրնա նայել հոգվույս խորը, որովհետև թափանցող է ան, գիտե լուծել գրի, կենդանիներու և պատկերի մանրամասն գաղտնիքներն. իմ գաղտնիքս պարզ է, շա՜տ պարզ… պա՞րզ է արդյոք… ուրեմն ի՞նչպես չի կրնա կարդալ:
Ատել է մասնագիտությունը, ան խորաթափանց հոգին անանկ անօգուտ նյութերու մեջ կմխրճե, որ այլևս անկարելի կըլլա անկե տարբեր տեղ նայիլ:
Եթե ե՛ս երթամ Եղիազարին հայտնել. միակ ելքն է ատիկա, և ան՝ միակ մարդը: Բայց ի՞նչ կրնա տալ ինձ. խրատներ, դասական իմաստության խոսքեր, նկարասերի ու երփնագրողի իր կյանքեն սիրո դժբախտ դրվագներ, կամ աշխարհը սկեպտիկի մը հայեկով դիտողի հորդորներ…
Բան մը չեն կրնար բերել այդ բոլորը, ես այդ ամենուն վրա կթքնեմ:
Սիրահարի սիրտը չի կրնար ամոքվիլ. իմաստության հորդորը էն մեծ ոճիրն է իմինիս պես սիրո մը դեմ, որովհետև իմաստությունը դարերու տառապանքներեն եկած ծերունի մըն է, զառամ ջատուկ մը, անզոր՝ երիտասարդի մը սիրույն առջև…
Բայց ու՞ր է իմ ուժս: Ահա որ կդառնամ նորեն, կատաղությունը ակռաներս կխտղտացնե, խածնել կուզեմ. կրնա ըլլալ, որ անոնց տակ թույն մը սպասե…
Դարձյալ կերգեն որբերը, որբերը բակին մեջ երգ մը կերգեն. ծանոթ է ան ինձի, բայց հիշողությունս չի կրնար ըսել, թե ո՞րն է: Երթամ տղոց շարժումին խառնվելու: Դուրսը գարուն է, ծիծեռնաները ժամուն դռան կամարակապին անկյունը բույն կշինեն ու գետինը շոյելով կապույտին մեջ կալանան: Ամեն կողմ կանաչություն ու ծաղիկ: Որբերու հոգին լեցված ըլլալու է աղվոր բաներու հույսով, անոր համար անոնք այդքան աշխուժով կերգեն:
Երթամ: Ասիկա այն պահն է, երբ Շուշանը սիրական գառնուկի մը իր ափով դալարիք ու ծաղկյալ ճյուղեր կուտա…
ԻԴ
Մայիս…
Ս.Բարսեղի և Փիլոնի մասին գրված ուսումնասիրությունը կարդացի:
Հոգևոր կյանքին իրենց նվիրումը զմայլելի է.մեծահոգի մարդիկ, որ աշխարհեն հրաժարեցան նվիրելու համար մենավորի խոկման ու զրկումներուն: Սակայն երկու զարմանալի խոստովանություններ ուշադրությունս գրավեցին սուրբերու անձնակենսագրության բաժնին մեջ:
Ս.Բարսեղ կըսե.«Հեռացա քաղաքի բնակութենեն իբրև չարյաց վառարան, բայց ինքզինքս ձգել չի կրցա»: Փիլոն սուրբը ավելի որոշ է՝ «Ձգեցի ծնողքս, բարեկամ և հայրենիք, նվիրելու համար աստծո ծառայության և հավիտենական ճշմարտությանց վայելման. զու՜ր ճիգ, կիրքեն մոլորյալ և խածված միտքը, կամքին ի հինուկս, կհակեր աշխարհային թշվառությանց և ընդհակառակն շատ անգամներ մտածումս մենության մեջ ոգևորյալ ամբոխ մը տեսավ»:
Ինձի համար ի՜նչ աղվոր չքմեղանք այս քանի մը տողերը…
Երկար ատենե ի վեր ասանկ սփոփանք մը չէի ունեցած. այդ թանկագին տեղերուն մեջ վերջապես կգտնեի անգիտորեն, այլ հարատև հետամտված մխիթարություն մը:
Ուրեմն, որքան ալ կամքը զրահված ըլլա, ու մարմինը անապատականի քուրձերով տրտմի, մարդը աշխարհին ու կիրքերուն նայելե չպիտի դադրե: Կրոնքի պատգամներն ու եկեղեցվույն բանադրանքը անզոր են, երբ երիտասարդին ավյունը կխոսի:
Չեմ գիտեր ի՞նչպես այդ տողերուն ազդեցությամբ վախկոտ ուղեղս լուսավոր ու ջերմին դարձավ: Սկսա կացությանս, զիս շրջապատող իրերուն ու մարդոց հստակ իմացումը ունենալ, մանավանդ, մտածումներ ստեղծեցի, շքեղ ու անպարտելի ասպարներու նման մտածումներ, անվեհեր մտածումներ: Ու անոնց դեմ խունարհեցան հոգևորականի իմ ուխտերս նկուն և պարտասած:
Տաղանդավոր բաներ ըսի վեհերոտ Արտակին, իսկ հեգնությունը՝ վերարկուիս սև երեսին իր թույնը հոսեցուց:
—Ալ բա՛վ է, — պոռացի …
Աչքերս արցունքով լեցան, գոհունակությունս այնքան մեծ էր. ինձի թվեցավ, թե կրնայի մեծ գործերու, գոնե մեծագույնին ձեռնարկել գիշերի մը հաջորդող արշալույսեն առաջ, մթնաշաղին, փո՜ւյթս որ մռայլ կամ ծիրանազգեստ ըլլար, հպարտ ու ազատ պիտի մեկնեի վանքես...
Անշուշտ փրկությանս վաղորդայնին իրիկունը ամեն բան Եղիազարին, Ալեքսանդրին և վանահոր պիտի հայտնեի՝ ըսելով.
-Բարեկամներ, վաղը կմեկնիմ... հրաժեշտ կուտամ վանքին ու ձեզի... ներեցեք իմ թերություններուս ու մարդկորեն նայեցեք Արտակին վրա... անունս Արտակ չէ՝ ալ... ես Արամ կկոչվիմ, իմ երբեմնի առնական ու շքեղ անունս Արամ էր...
-Ի՜նչ... հիմա՜ր ես, վարդապետ... ու՞ր կերթաս...
-Կերթա՜մ...
Նախ կատակ պիտի կարծվեր վճիռս, զվարթությամբ ընդունվելով, անկեղծ ու համառ պնդումներուս վրա կասկածանքով երեսիս պիտի նայեին: Լռության պարտկածը իրենց դեմքին վրա պիտի կարդայի, որովհետև անոնց նախապես ապշած դիմագիծը հիմարի մը առթած արգահատանքն ու տարակույսը պիտի հագներ ապա:
Կյանքիս մեջ ե՞րբ պիտի կրնայի նմանօրինակ երջանկություն մը ունենալ:
Ուրիշներու հիմարության երկյուղը ներշնչել՝ այլ ինքն իր մեջ նայիլ բյուրեղի մը անապակ իստակութենեն, բանականության մը վրեպը կասկածեցնել՝ հզոր զգալով հոգին քան երբեք, և միտքը անվկանդ՝ ճշտարշավ արևի մը չափ...
Քաղաքեն պիտի գրեի քանի մը պարզ բառերով հրաժարագիրս. հրաժարագիր մը առանց բացատրության, առանց կեղծավոր հերյուրանքներու... հետո պիտի գայի Անուշեն՝ Շուշանին ձեռքը խնդրելու:
Ատեն մը ինքզինքս նորապսակ երևակայեցի, հարսանեկան փափուկ անկողնին մեջ, Շուշանին հետ գրկափարված... զավակներու հայր...
Հիմա որ այս տողերը կգրեմ՝ տակավ կարթննամ երազե մը, երա՜զե մը, թե հնօրյա ջատուկի մը թալիսմաններուն կախարդող զոբություններեն:
Ահա կհազամ, նորեն կհազամ ու տխրելով կտխրիմ, որովհետև անզոր եմ ճակատագրին դեմ...
Երթամ իմ սև տրտմությունս պտտցունել դալար դաշտերուն վրա դուրսը գարունը վայրկյան առ վայրկյան կաճի. կուզեմ ավելի հզոր զգալ մահս, կյանքի խոլական ու ամենարվեստ փթթումին դիմաց...
ԻԵ
Մայիս…
Հիվանդութենես ի վեր առաջին անգամ ըլլալով՝ պտույտ մը ըրի գետերգը և դաշտերուն մեջ:
Մայիսի հրաշալի օր մը. արևը վերեն մետաքսյա շղարշի մը պես կսփռվեր կանաչ դաշտերուն վրա: Վարդագույն ծաղկած են ծիրանիները, սալորին ձյունասպիտակ է, ու ինչ որ կարբեցունե մթնոլորտը, փշատի մանրիկ ու գորշ տերևներու մեջեն խնդացող ոսկի ծաղիկն է:
Անցա ցանկորմերու քովեն, գետեզրի փափկատերև ուռենիներուն տակ դեգերեցա ընդերկար, հետո ելլելու համար բաց դաշտերուն մեջ: Կուրծքս այս մթնոլորտին անվարժ կերևար, դժվարավ կշնչեի, դողահար էր մարմինս ու գլուխս գինովության նմանող բանի մը անձնատուր:
Երկար դիտեցի վանքը արմկող բյուրեղներու կանաչ կողերը ու անոնց մեջտեղ ցցվող կարմրորակ գմբեթը: Ամեն բան փոխված, փոխվա՜ծ բնությունը՝ նույնպես ես, որ լուսավոր ու բարի օրվան մեջեն կակուղ խոտերուն և դեղին ծաղիկներու վրայեն կանցնեի ամոթահար:
Եղավ երբ՝ աշխատավոր մշակներուն կմոտենայի, երեկ բան չի մղեց զիս անոնց քով.չանդրադարձա նաև այն ծրագիրներուն վրա, չորս օր մը՝ նմանօրինակ պտույտի մը միջոցին, վանքին հարստության համար հորինած էի:
Նստա վարսադիակ ուռիի մը տակ՝ առվին եզրը, անորոշ, գրեթե աննյութ երազանքի մը անձնատուր, մինչև հոտաղը չեմ գիտեր բլուրներու ո՛ր դարուվարեն ինձ կղրկեր սրինգի երգ մը, ճարակող հոտեն ելլող մետաղական հնչյուններու հետ: Ունկնդրեցի եղանակին. դեմքս ծոթրինաբույր հովիկի մը տված միտ դրի երգին, մարգարտածաղկի թևեր հովին հանձնելով:
— Կսիրե՞ զիս, այո՛ ... ո՛չ ... բայց գրեթե միշտ այո՛ ...
Երկարորեն նվագեց հոտաղը՝ ու ես երկարուրեն անձնատուր եղա իմ տարփանքի առարկայիս: Մտածումիս աղջկան շա՜տ հարմար էր այդ սրինգին երգը. սիրո տաղ մըն էր անիկա, շինական սիրահարի մը աննենգ ու խռովալի սրտին մեկ էջը. անոր մեղմ ու ծավալուն ելևէջը, հառնող ավիշներու, բույրերու, կանաչության, արևին գաղջ կաթեն թորող լաջվարդին հետ՝ հոգվույս մեջ կթափեր:
Կհևայի, արբեցողի նման արբշիռ էի: Երգը դադար առավ, ու ես կշարունակեի զայն լսել դեռ երկար: Մեկեն գորովանքի անանկ ինքնացայտ կոհակ մը ելավ մեջս, այնպիսի հույզմը լեցուց սիրտս, որ փռվեցա գետնին վրա և, դեմքս թաղելով մարմանդներուն մեջ, ձեռքերովս ակսա թափահարել կանաչությունը: Հողին, բնության հետնունանալու, անոր մեջ անէանալու պապակ մը եկավ վրաս, սև հեծեծանք մըկուրծքս լեցուց ու արցունքներս հոսեցան...
Չեմ գիտեր որքան լացի, երբ մատի մը հպումը զգցի ուսերուս վրան.Շուշանին վրանխորհեց. ախ անտարակույս ան էր փափկածխոտ ուռիին տակ, գլխուս վերև, որ շիկնած ու քնքշորեն դողահար զիս կարընցներ:
Ամոթն ու վախը զիս հողին գամեցին, շարունակեցի մնալ հին դիրքիս մեջ, խեղդելով լացս: Հետո համրորեն վեր առի գլուխս, ցատկեցի, չորս կողմ նայեցա. վազելով ծառերուն քով՝ թուփերու ետին անցա փնտրելու համար անիկա, որ եկած էր կենալու գլուխս վեև ու տեսած էր դեղին կոհակները մարգարիտներուն ինչպես անոնց ճերմակ թերթերը...
Հուսաբեկ իջա գետեզը զովացնելու համար ճակատս: Վարդագույն շոգիներով լեցված օդը ջուրերու խաղացքին մեջ կթափեր իր ոսկիի, ծիրանիի ու վարդի գույները, մինչև դեմի դաշտերուն կանաչը հարաշարժորեն մթագնելով, երբեմն լուսավոր ծփանքով մը կողողվերը:
Այս ամենը իրականություն էին, կամ իրականության երազը, ես կտեսնեի զայն՝ այդ երազը, ու հանկարծական վախով մը կլցվեի, թե միգուցե մեկեն վերջ գտներ ան:
Հեռվեն, մրգատանի որմերուն ետևեն, կուդար ծանրաշարժ հոտերուն վերադարձի աղմուկը և ավելի բարկ, ավելի կծու կըլլար հոտևան փշատներու հոգին:
Վերադարձա: Վանքին մեծ դռան տակ տեսա զինքը. Հիսուս-փրկիչ՝ դուռն գիտես, թե երբեք սիրտս այդքան հզոր բաբախած չէր: Կսեղմեի վերարկուիս ծալքերը կուրծքիս վրա զուր տեղը: Ինձի այնպես կուգար, թե սիրտս ծեծող անձնյուր հարված անկե դուրս կցատկեր՝ երթալ զգետնելու համար Շուշանը, հետո անոր առջև քրքիջով մը կայնելու, կամ աղերսալից պատմելու համար բոլոր վեպս անոր...
Կքեցի գլուխս, վրա փռված՝ շատ լացի այս երեկո: Այնպես կուգար ինձի, որ լորձունքիս հետ այսօր կարմիր բան մըն ալ թուքի... արդյոք թոքախտավո՜ր եմ:
ԻԶ
Այս երկրորդ անգամն է, որ Շուշնն ու իր մայրը քաղաք կերթան։
Հիմա թերևս ավելի քիչ կխոսիմ հետը, բայց իր հեռավորությունը չեմ կրնար տանիլ, արդեն վանքին մեջ իսկ զրկված եմ իրմե։
Միշտ աչքս ճամպուն վրա է․ գետեզրեն անդին ուղիներու երկարության վրա կմաշին իմ արկնարկներս, երբ կերթամ ժամերով արևին տակ, շիրմաքարի մը վրա նստիլ։
— Ե՞րբ պիտի գա․․․
Վանահոր հարցուցի այս բացակայության պատճառը, մայրը հրաման առնելու ատեն ըսեր է, որ Պոլսեն եկած բարեկամ մը տեսնելու կերթա։ Վանահայրը ասիկա ըսելու ատեն ինչո՞ւ նշանակալի ժպիտ մը բերավ կարմիր ու ատելի դեմքին վրա։ Գուշակա՞ծ է․․․
— Ցա՜ծ կնիկ, թերևս Շուշանը նշանելու կտանիս,– այս կասկածն ունիմ։ Բայց որու վրա նշանել, ո՞վ կրնա տիրանալ այդ չքնաղ ու աղքատ աղջկան․ անմիտ հարցում․ ամեն մարդ, կոշկակար մը ահարկու ձեռքով՝ կարճ խելքով, առտվնե մինչև իրիկուն պատանքցու կտավներ ծախող՝ խանութի աշկերտ մը, գրիչի մը կտրով հազար անմտություն շարող՝ գրագիրին մեկը:
Ով որ ալ ըլլա, նույնիսկ մտքով ու դրամով հարուստ մը, ես իր թշնամին եմ, մահացու ոսոխը․ ահա արդեն իսկ կզգա լեղի բանի մը իսկությունը, որ ատելությունն է բոլոր մարդոց հանդեպ․ ալ գեշ կտեսնեմ աշխարհը, դաժան, չարասիրտ, իմ բոլոր աղետներս իրմե կուգան։
Առաջին անգամ երբ Շուշան մեկնեցավ վանքեն, ուրիշ մտածում չի կրցա ունենալ, պիտի նշանվի․ ըսի, մանավանդ որ վերադարձին՝ Անուշ գաղտուկ մը կխոսվտեր մյուս տնտեսուհին հետ, ի՞նչ բանի վրա կրնար խոսիլ․ թերևս ալ շատ անգամ ան այդպես խոսած էր ու ես չէի նշմարած, բայց հիմա սերը զիս կասկածոտ և իրատես կընե, ես բնազդորեն կհավատամ նշանտուքի մը կարելիության, եթե արդեն իսկ իրագոործված չէ։ Խողճ կինը ատկե զատ ուրիշ բան չէր կրնար ընել սակայն, ո՞ր մայրը սևազգեստի մը վրան պիտի խորհեր․․․
Այդպես է․ բայց ահա կտառապիմ ես, կտառապիմ․․․
Այնպե՜ս կտառապիմ և նախանձով կլենամ որ, ամեն անգամ երբ Շուշանի լուսավոր գիծերն անցնին իմինիս մաշած թխությանը առջևն, հիմարություն կխմեմ, լուսնոտի մը սարսուռներով կկատաղիմ ինքզինքս ոճիր գործելու կարող կզգամ։
Դաշույն մը կբավե, նուրբ, սոիր, ափիս մեծությամբ դաշույն մը, թող ըլլա ճաճանչավոր խաչ մը, օրհնյալ ջուրի մեջ ընկղմող մանր խաչերուն փոքրագույնը, անծանոթ ոսոխներուս ճակտին բանալու համար կարմիր ճեղք մը, ինչպես աղեկ ձմերուկի մը վրան․ լավ է գյուտդ, չէ՞, Արտակ․ ձմերուկին վրա սայրասուր գործիով խիստ վերք մը ստեղծել։ Չե՞ս վախնար, հեգ սիրտս, և, ազազուն անդամներս, չեք դողար, ո՛չ, կըսեն, երբեք․․․ Ձգել, որ նման ստեղծագործություն մը կոպիտ թևերու մեջ խամրի, տմույն զավակներ ծնի։ Իրավ այս պահուն բան մը կըլլամ, գլուխս կերերա ինքն իրեն ու կզգամ, որ դեմքս խածնող մը կա․․․ հիմարությունն է։
Այս բոլորը ենթադրություններ են, սնոտի երազներ թերևս։ Նույն բանն է, երբ ամիսներ վերջ իրագործվին․ այն ատեն, չեմ գիտեր՝ թերևս մոռնամ կամ մեկնած ըլլամ։
Երթալու, հեռանալու եմ ասկե, քանի որ ամենուն բերնի ծամոց եղած չէ գաղտնիքս․ արդեն Եղիազարը գիտե ամեն բան, երեկի իրեն տված այցելությունս ապշեցուցիչ հայտնություն մը եղավ ինձի համար։
— Մեկնելու ես ասկե, Արտակ,— ըսավ ինձի,— որովհետև կլիման չի հարմարիր քեզի․․․
— Քաղաքի բժիշկն ալ նույնը կըսե,— պատասխանեցի։
— Քու հիվանդությունդ կրկնակ է,— շարունակեց։
— Կրկնա՜կ,— պոռացի երեսին, ոտքի ցցվելով, մատնվելու մեծ վախով մը համակված։
— Այո․ զիս իբր մեծ եղբայր մը ընդունե․ ինչու ծածկեմ, երկար ժամանակե ի վեր դիտած եմ կյանքդ և կըսեմ, թե գեշ զառիվարի մը վրայեն կերթաս․․․
— Ինչու՞․․․
— Հիվանդ ես ու կսիրես․․․
— Աա՜հ․․․
Այս եղավ միակ բացականչությունս․ նետվեցա իր ծունկներուն առջև ու գլուխս թաղելով գիրկին մեջ՝ սկսա հեկեկալ։
Հետո ոտքի ելլելով գոչեցի․
— Հիմնովին կսխալիք, չեմ սիրած երբեք, բայց հիվանդ եմ, կարծեմ թոքերես արյուն կուգա․․․ բայց կաղաչեմ, այդպես լուրեր մի տարաձայնեք․․․ մի՛, մի՛, կաղաչեմ, ես ինչ ընեմ այն ատեն, անդարձ պիտի կորսվիմ․․․
Ու նորեն լալ սկսա անհուսորեն սև, սրտակեղեք հեծեծանքով մը, ձեռքերովս ճակատս ու դեմքս գոցած։
— Ծածկելու պետք չկա, կարծվածին չափ անտեղյակ չեմ հուզումներուդ ամիսներե ի վեր հալիլդ կտեսնեմ, այսօր առիթն է, որ քեզի ըսեմ բոլորը. վանահայրն իսկ զարմանալի կգտնե վիճակդ և չարությամբ կըսեր անցյալ օր ժամեն վերջ՝ «Արտակը սիրահարված մարդու մը կնմանի...»:
-Ապահովցուցի զինքը թե՝ հիվանդության արդյունքն է մտամոլոր վիճակդ. վարդապե՛տ , Պոլիս մեկնելու ես. որբանոցը հոգեվարք է. վանքըն ու շրջակա հայությունը չեն կրնար զայն ապրեցնել, կեդրոնեն ալ նպաստ չի գար, ամեն բան քիչ օրեն պիտի քայքայվի: Քեզի կմնա կարելի եղածին չափ շուտ մեկնել:Լուրջ դարմանի կկարոտիս, շա՜տ լուրջ, ուրիշ բանի վրա մտածելու ատեն չէ. հետո զղջալը զուր է...
Այս խոսքերը խաղաղեցնող դեղի մը նման ազնիվ էին: Անկարելի էր ստել. անձնատուր եղա Եղիազարին, պատմեցի բոլորը, մինչև ան փոքր մագաղաթի մըաղտերը կմաքրեր խոնավ լաթի մը կտորով:Խոսածներս հիմա չեմ հիշեր, անկապ էին, կցկտուր. ատեններե ի վեր մեջս կուտակված զգացումներու ու մտածման թերատ պատկերները գծեցի իրեն շատ արագ, հևիհև, երբեմն կիսավարտ ձգելով նախադասություն մը՝ հազալու համար երկարորեն, մերթ շնչասպառ կանգ առնելով բառի մը վրան: Իր ալևոր ու Հայրական դեմքեն կհետևցնեի, թե Եղիազարը իմ կցկտոր խոսքերես ամբողջ սիրույս վեպը կկազմեր շատ հստակորոշ, նման՝ նույն պահուն իր ձեռքին մեջ կեղտերեն մերկացած <<Քարկոծս. Ստեփաննոս>>-ի նկարին: Շատ խոսեցա, նույնիսկ ավելորդ. անխոստովանելի բաներ ըսի. սիրտս անգամ մը բացած էի, պիտի պարպեի զայն, թերևս թեթևություն գար վրաս:
- Տե՛ս սա զարդագիրը, ԺԳ դարու Ավետարանե մը մնացած միակ էջն է. աղվոր չէ՞... _ Այո՛,- մրմնջեցի...
Ատելությամբ լեցվեցա մեկեն. այս մարդը սերս ու վիշտերս կհեգներ, ու այն զիրար կտացահարող, գունագեղ ծաղիկներով ընդելուզված թռչուններու խումբը հրեշներու նման երևցան աչքիս... Կուզեի խլել այդ մագաղաոի անշնորհք էջը, խածատել, ոտքով ճզմել...
- Երթամ, պ. Եղիազար, - ըսի, - բայց խնդրեմ, շատ կաղաչեմ, Հոր մը պես ներողամիտ եղեք ըսածներուս համար, ու մանավանդ մոռացեք զանոնք, որովհետև շատ մը չափազանցություններ ալ կան մեջը...
- Չէ, վարդապետս, բոլոր ըսածներդ շիտակ են, մի՛ սրտնեղիր, երբ զարդագրին հանդեպ միացումիս՝ քեզ ալ մասնակից ընել ուզեցի. գիտե՞ս ծերությունը... Բայց կկրնեմ՝ նախ առողջությունդ... վերջը անօգուտ կըլլա...
Բակին վրա նայող նրբանցքին մինչև ծայրը ընկերացավ ինձի, մեկ երկու բարեկամական հարված տալով ուսիս: Լավ մը սրբեցի աչքերս սանդուղներեն իջած պահուս․ բակին մեջ, ուր տղաք աղմկալի խաղ մը կխաղային, քանի մը բառ փոխանակեցի պ․ Ալեքսանդրին հետ։
–Հայր սուրբ, այսօր աղեկ կտեսնեմ քեզի։
–Աղե՛կ․․․
–Այո՛, շատ աղեկ, դեմքդ գունավորված է։
– Թերևս, պ․ Ալեկսանդր․․․
Այդ պահուն վանքին մեծ դռնեն կուգային այծերը, գառներն ու ոչխարները․ մթնոլորտը քանի մը վայրկյան անտանելի աղմուկով ու մայուններով լեցվեցավ, մինչ տամուկ բուրդերեն ելլող հաճոյալի բուրում մը ողողեց բակը․ քիչ մը վերջ լռեց ամեն բան․ տղաք ալ չէին խաղար․ Հետամնաց գոմշուկ մը, չեմ գիտեր ինչու առանց որոշ գոհունակության, երբեմնի զվարճալի բառախաղ մը հիշեցուց ինձի։
Համեցող գառնուկ մը՝ ժամուն դռնեն դեպի խոհանոց կվազեր մայելով․ ատիկա այն անասունն էր, որ տերև ու ծաղիկ կուտեր Շուշանի ափեն․ հովիվը գավազանը արձակեց անոր ոտներուն, գառնուկը ցավագին մայունով մը փախավ ներս․․․
—Է, է՜, մի՜ զարներ, վայրենի, – պոռացի, ու ձայնս խեղդվեցավ հուզումիս մեջ:
Հետո վազեցի դուրս, դուրս՝ նստելու շիրմաքարի մը վրան, երկորեն հառելով հազիվ գծագրվող ուղիին, ուրկե պիտի ծագեր Շուշանս…
ԻԷ
Մայիս…
Եղիազարին հետ ունեցած հուզումնալի խոսակցութենես վերջ՝ վիճակս չէ բարվոքած։
Մխիթարվիլ կարծեցի սիրտս մեկուն ափը պարպելով, սակայն քանի մը ժամվան սփոփանքե վերջ՝ գտա սովորական վիճակս, հիմա՝ երբեմն ալ կասկած կունենամ, թե միգուցե ծերունին հայտնե ամենուն՝ ամեն բան...
Կճանչնամ Եղիազարի հոգին՝ ինչպես սկիհի մը պարունակությունը, բայց իմ մտածմանս ու զգացումներուս տերը չեմ ես. ժամանակե մը ի վեր անձս ինե դուրս ճակատագիր մը կվարե. մերա՜վ երբեմնի փառավոր կամքդ, Արտա՛կ...
Եղիազարը կարծես գիտենալով անձկությունս՝ միշտ կայցելե ինձի, աշխատելով զվարթություն ճարել. կզգամ իրազնիվ ճիգ՝ ու երբեմն դիտումնավոր ժպիտ մը կստեղծեմ շրթունքիս ծայրը: Երբ հատեն իր սրամիտ խոսքերը,այն ատեն՝ ձեռագրերուն վրա կանդրադառնա, նկարներու ու անոնց գծագրիչներուն անունը կուտա աղապատանքով:
Մեկնելե առաջ, առողջությանս համար հուսադրիչ մեկ երկու բառե վերջ, կկրկնե միշտ:
—Արտա՛կ, մեկնելու ես, լավ ես, բայց խնամքի կկարոտիս...
Կկարոտիմ շա՜տ խնամքներու ու թերևս ալ ոչ մեկ խնամքի... Արդյոք Եղիազարը չի՞ խորհեր,իր հոգվույն ճշմարտության մեջ, իմ մոտավոր մահվանս վրա: Հիվանդներու հետ խոսելու կերպ մը կա. գերեզմանի մոտ գտնվողին իսկ՝ գարնան պտույտներու ու փրցվելիք վարդերու վրա կխոսին... գիտեմ այդ ամենը:
Մեկնելու եմ ասկե, խոստացա Եղիազարին հեռանալ վանքեն: Կեդրոնական վարչության ղրկվելու հրաժարագիրս ալ պատրաստած եմ: Ի՜նչ նպատակներով եկա հոս ու որքա՜ն անփառունակ է այս վերջավորությունը...
Բայց այս ամենը,Եղիազարին պատկառելի ու բարեկամ խոսքերը,մեկնումի հույսերս, հիվանդությունս,որ համրորեն կգրավե թոքերս, որովհետև արյուն կթքնեմ ու գիշերները հազի նոպաներ կանցունեմ, ոչինչ են՝ սերս կշահապետե ասոնց վրա ու իր առարկան կուզե, կպահանջե, իր անուշ առարկան, որ ահա արդեն իսկ շաբաթ մը կըլլա՝ և հոս չէ:
Մինչև ե՞րբ նստիմ շիրմաքարին վրա, որուն մոտ ուզեցի մայրամուտի մը՝ իրեն մերկացնել հոգիս. մինչև ե՞րբ հետամնաց թռչուններուն հետ դառնամ հուսաբեկ, խուցիս մենությանն ու մութին մեջ թաղել սարսռուն էությունս...
Հույս չկա, գիտեմ.. բայց պիտի նստիմ խավարին մեջ գիշերն ալ, եթե չի վախենամ վանահայրեն, որբերեն. պիտի դուրսը նստիմ, որովհետև դոդոշներու երաժշտությունը հիշատակներս կօրորե ու քաղաքին կողմը վառող լուսածոր աստղ մը՝ հոգվույս սև բոցին կժպտի, անոր ակնարկներուն նման...
Կսպասեմ Շուշանին, որ քաղաքն է. հո՞ն է, կրնա մեկնած ըլլալ. անկարելի է ատիկա, որովհետև հոս են իրենց գույքերը:
Ծերուկ տնտեսուհին ալ այս հապաղումին պատճառը չի գիտեր, բայց վստահեցուցզիս, որ մեկ-երկու օրեն մեջտեղ կելլեն:
Մանկությանս օրերուն եղած է, որ սպասված բանի մը հրապույրը ժամերս երկար ու տաղտկալի ըներ. հիմա սպասումին անձնուկւ կուտե զիս, կկրծվիմ ես, ինչպես ժամուն թանկ կտավները որդերեն, կամ կարմիր պղինձը՝ կանաչ ժանգեն: Ինձի ծանոթ չէ անոնց երևնալու պահը, բայց կկարծեմ, որ ամեն համեցող վայրկյանի հետ՝ հեռավոր արահետին վրա պիտի ծագի Շուշանի լուսաստվերը՝ ինք գեղանի և արագաքայլ, ետևեն՝ մայրը հոգնաբեկ ու դժգոհ...
Ինչպե՞ս ըլլար, որ մեկեն անցնեին բոլոր ժամերը, ու ան երևար...
Անկարելի հիմարություն մըն է այս, բայց ես հիմարությունը կնախընտրիմ և կճաշակեմ սիրույս առաջին օրերեն ի վեր...
Շուշանի պատկերն այլ համրորեն կկորսնցնեմ: Նստած մեծ դռան մոտ, սպսումեն հուսաբեկ, պարտասած հառումներես՝ կգոցեմ աչվներս, իր պատկերին նվիրվիլ կուզեմ. երևակայությունս կմերժե ինձի տալ այդ պատկերը: Այն ատեն, հնարքներու դիմելով, հիվանդությանս օրերը միտքս կբերեմ. եկեղեցին, բակն ու խոհանոցը, գետեզրի դալար անդերուն մեջ կփոխադրվիմ, ծանոթ շրջանակներու մեջ անոր պատկերը վերստեղծելու համար. չար ու անիծված միտքս չի գործեր, թերևս ալ կքայքայվի մասնիկ առ մասնիկ...
Երբ ամեն հնարք անղոր ըլլա, այն ատեն հուսահատությունս ալ կբեկի լարված դերձանի մը պես, ու ալ սիրո գինովությանը կապավինիմ:
Այդ լքումի վայրկյաններուն է, որ հանկարծ մեջս կիյնա ան. կտեսնեմ զինքը շքեղ ու բաղձալի. հազիվ վայելքին հպած՝ ահա նկարը կսուզի մեգի մեջ:
Այդ րոպեին մեկեն ատելության եղիճը կվերաճի մեջս, ինչպես այս տապանաքարերուն անկյունը՝ դաժան փուշը. Շուշանի նշանածը կտեսնեմ զազրադեմ, գարշելի, իր մեծ քիթով, մսոտ շրթունքներով, գիշատիչ աչքերուն վրա՝ նսեմ ճակատ մը:
—Ա՜խ, ի՞նչպես մեծ, լորձնոտ բերնովդ պիտի համբուրես իր աղվոր դեմքը, դո՛ւն, անասուններուն էն գծուծը, ի՞նչպես իր ճկուն մարմինը այդ փայտահատի թևերուդ մռջ պիտի տրորես… լռե՛, սիրտս, ըսածս գիտեմ…
Ես ալ գեղեցիկ չեմ, բայց մարդիկ ինե տգեղ են…
Ալ չեմ կրնար գրել. բա՛վ է ու շատ իսկ այս օրագրի անշահ կտորը, հետո ի՞նչ բանի կրնա ծառայել…
Գիտեմ, երբ հիվանդանոցի մը անկյունը տաժանալի հոգեվարքե մը վերջ մեռնիմ՝ աշխարհքեն մոռացված, օրաթերթի մը շահագործման նյութ պիտի կազմե…
Վադապետի մը օրագիրը հետաքրքրական է, չէ՞. մանավանդ վարդապետի մը սիրո օրագիրը, հազվագյուտ է ատանկ բան մը, հետո նոր զգայնություն ու կիրքի ի լույս չի հանված տպավորություններ կրնա քաղվիլ անկե... Այս էջերեն տող մը իսկ պիտի չունենան...
Երթամ Խաչերին քով, երեկվընե ի վեր տկար է, զորավոր գլխու ցավով մը խեղճ փոքրիկը անկողին է ինկած...
ԻԸ
Հունիս
Խաչերին հիվանդությունը կծանրանա. տենդը կավելանա երբեմն ու հանկարծ կդադրի: Ասոնք լավ նշաններ չեն:
Մեղմորեն կհեծե երկարատև ու միօրինակ ձայնով մը, որ ավելի ցուրտին ու անոթության մատնված անասուններու մղկտոցին կնմանի:
Չուզեր խոսիլ. իմ բոլոր կարեկից հարցումներուս հազիվ կպատասխանե: Իր ազազուն մատվները ճակատին վրա են միշտ, հոնկե դուրս հանելու համար ցավը, որ զինք անկողին է նետած:
Ի՞նչ կրնա ըլլալ այս հիվանդությունը. անողոք բան մը կերևա, իր տագնապները կտեսնեմ ես Խաչերի արդեն իսկ քամված դեմքին վրա:
«Բժիշկը անհրաժեշտ է», կըսեր պ. Ալեքսանդրը. իմ կարծիքս ալ նույնն է՝ սակայն վանահայրը կերկնե միշտ. « Տե՜ որբ ըսածդ դիմացկուն է, անհոգ եղիր, Արտա՜կ, վաղը ոտքի կելլև...»:
Հակառակ Վարդանի այդ դժկամության՝ արդեն քաղաք ղրկեցինք ծառաներեն մին, հիմա բժիշկին կսպասեմ վայրկյանե վայրկյան:
Չարագույժ նախազգուշացումը ինձի մահ մը կհավաստե: Խաչերի մահը, թերևս իմինս ալ:
Ե՜ս ալ ուրիշ բանի վրա չեմ կրնար խորհիլ. դեդևուն, այլ կենսալի բանականությունս դեպի սև գիծ մը կվազե. մահվան ճամփաներ կտեսնեմ միայն, թեև ամոթալի է վարդապետին համար՝ կյանքի արշալույսին հակող անմեղ հոգիի մը վերջալույսին նայիլ:
Պիտի խնամեմ Խաչերը, իմ պարտքս է՝ կարելին ընել. բայց ի՞նչ ընեմ ես ինքզինքիս համար, կամ ուրիշները կխորհի՜ն իմ վրաս. բոլոր նոր առած դեղերս անօգուտ կանցնին:
Երեկ իրիկվան դեմ, որբերու ննջարանին մեջ, երբ Խաչերի սնարին քով նստած էի, մեկեն սենյակին դուռը բացվելով՝ Շուշանը հևասպառ, քրտնած ներս մտավ. տեղես վեր ցատկեցի, չեմ գիտեր՝ սիրտս ինչպե՜ս կաղաղակեր այդ պահուն: Աղջիկը զարմանահար ետ-ետ գնաց, անմեղունակ ժպիտով մը: —Դո՞ւն ես, Շուշան․․․ ու՞ր էիր ․․․այս որքա՜ն բացակայություն, օրիորդ։
Հետո կատակելով ավելցուցի՝ — Է՜, քաղաքը ի՞նչ ըրիք տեսնեմ․․․ ինչո՞ւ գացիք․․․ բարեկամնե՞ր եկած էին Պոլիսեն․․․
Հառեցա իրեն․ նախ շիկնեցավ, ապա դժգույն տեսա զինք։ — Այո՜, հայր սուրբ, աղգական մը ունեինք․․․
—Լա՜վ, լա՜վ․․․
Երջանկությունս պատմել դժվար է․ կարծես դարու մը կարոտ կառնեի իրմեն։
Շոյելով Խաչերի չոր և այրող ճակատը, սովածի անկշտությամբ կնայեի Շուշանի խարտյաշ մեզերուն, սպիտակ դեմքին, աչքերուն, որոնց թուխ թարթիչներեն բյուրեղյա կապույտ լույս մը կսահեր, կիյնար վրաս երբեմն. ու ես դողահար կըմպեի այդ լույսը, վայելելով ծաղկենկար տպածոյե շրջազգեստեն ցայտող իր դաշն գիծերը։ Անոր մարմինեն ելլող այդ շնորհին հետ ինձի կհասներ նաև լևանտի բույր մը, որ կսարսռացներ բոլոր անդամներս, ջիղերս խտղտացնելով։ Մեղմ այլ ավելի արագ կդառնար սրտիս զարկը․․․կզգայի ատիկա։
Հրաշալի՜ էակ, ավելի գեղեցիկ կերևիս, ավելի շնորհալի քան աստվածամայրը, զոր Եղիազարը անգամ մը միայն ցույց տվավ ինձի․․․
«Ուրեմն բարեկամներ տեսնելու գացեր են, —կըսեի յուրովի, —Շուշանը չի կրնար ստել, ես կհավատամ իրեն, եթե ստե իսկ։ Բայց ե՞րբ հայ աղջիկ մը կրցած է իր կյանքի էն մեծ դեպքերեն մին հայտնել համարձակ։ Փո՜ւյթս, ան քովս է հիմա, կտեսնեմ զինք, բավ է ինձի այդքանը»։
Տեսնելով այս աղջիկը, ավելի լավատես դարձա Խաչերի հիվանդությանը մասին․ Խաչեր նվազ նիհար երևաց, ու իր հեծեծանքը հուսահատությունս չէր պրկել այլևս։
Շուշան բավական մը նայեցավ Խաչերին, ճակատը շոյեց, խանդակաթ բառեր ավելցուց՝
—Չէ՜, Խաչեր, աղվո՜րս, վաղը պիտի աղեկնաս, բան մը չէ ,նայե՜, տաքություն ալ չունիս․․․
Խաչեր շեշտակի կնայեր Շուշանին․ իր գորշ աչքերը արտահայտություն չունեին, կամ թե անոնց հառումը ներքին ավերող ցավի մը միօրինակ, կատաղի աշխատանքը կպատմեր։
Հանկարծ՝ Շուշան հակեց գլուխը, թոթվեց կուրծքին վրա, ձեռները աչքերուն տարավ, շրթներուն անկյունները բեկում մը ունեցան․ խուսափուկ հեծկլտուք մը լսեցի ու տեսա թե կփախեր․․․ — Շուշա՜ն, Շուշա՜ն, — կանչեցի ու իր ետևեն դուրս նետվեցա մինչև որբերուն դասարանին առջև, սանդուղին գլուխը. հոն բնազդարար կանգ առի:
Պ. Ալեքսանդրը և որբերը դասաբանեն դուրս եկան ապշահար. կարծես աղետ մը պատահած էր:
— Ոչի՛նչ, — պատասխանեցի ամոթով, — Շուշանին ետևեն վազեցի, որ բժիշկը գալուն՝ անմիջապես հոս ղրկե...
Վարժապետը ժպըալով ներս հրեց տղաքը:
Լքվա՜ծ ու հեդ որբեր, այսպես ձգած եմ զիրենք, մինչդեռ իրենց տառապանքը հոս բերավ զիս:
ԻԹ
Հունիս...
— Դժբա՛խտ պզտիկս. հե՛գ խաչեր...
Բժիշկը եկավ, քննեց ու եզրակացուց՝
— Ծանր մենհնժիթ մըն է, վարդապե՛տ...
— Բժիշկները հիվանդութենեն ավելի մահը կճանչնան, - ըսի հուսաբեկ, հետո կրկնեցի, - մենենժիթ, չէ՞, տոքթոր,-ու բավական մը հառեցա բժշկի իր սուր դեմքին, որուն վրա սև ակնոցներ` կարգիելին անոր ակնարկ որոշել:
— Այո՛, մենեժիթ. դեղ չեմ կրնար տալ. միշտ պաղ ջուրով թրջեցեք գլուխը. իսկ դո՞ւք, վարդապետ...
—Վիճակս գիտեք...
Նորեն քննեց զիս. ղարկավ ցուցամատովը կուրծքիս տախտակներուն, քունքը երկարորեն փակցուց սրտիս ու միշտ նույն հեզ ու անտարբեր ձայնով հարեց.
—Գնացե՛ք ասկե, կարելի եղածին չափ շուտ հեռացեք վանքեն... Ճերմակ թուղթի մը վրա դեղերու անուններ շարելով` երկարեց ինձի, մինչ ես կըսեի.
—Բժիշկ, ես իմ հիվանդությունս շատ չեմ զգար, որովհետև ավելի ծանր ու հոռեգույնը կա:
Չի խոսեցավ:
Իրեն մինչև վանքին մեծ դուռը ուղեկցելե վերջ վազեցի ելա խաչերին քով:
Փոխնիփոխ հիվանդին քով կհսկեն Անուշն ու պառավը:Երբեմն Շուշանն ալ կուզա. Եղիզարը քիչ անգամ այս կողմ կանցնի իր սենյակեն. սակայն երկարորեն կնստի հիվանդին քով. միայն վանահայրն է, որ անտարբեր կմնա այս ամենուն:
Վանքին կյանքը լռին է, սակայն լի տխուր գործունեությամբ. ամայի բակեն որբերեն մին կվազե երբեմն ձեռքը շիշ մը, կամ անձեռոց մը բռնած. հաճախ կիներն են, որ երազաքայլ կերթան հոս ու հոն:
Անշշուկ կանցնին ժամերը. չեն անցնիր՝ մենք կանցնինք: Որբերը հանցավորներու երևույթով կպտտին. ալ չեն երգեր, թեև երգերու ու հաճույքի եղանակն է աս. կուգան դռան անկյունեն կդիտեն Խաչերը ու կփախին:
Հիվանդության տասներորդ որն է աս. տղուն վիճակը ավելի ծանրացած կտեսնեմ: Արդեն նիհար, հիմա ափ մը դարձավ, գիշեր թե ցերեկ կհևա կամ բարձրաձայն կաղաղակե:
Աչքերը շիլ կնային, հաճախ սարսափով մը զանոնք կգոցե լույսին դեմ. կկծկվի վերմակին տակ ու երկար կմնա տաժանելի սարսուռով մը՝ խոսելով անհասկանալի, հատկտուն բաներ:
Գիշերը կզառանցե. ինձի հհամար դժնդակ է լսել իր զառանցանքը: Երբեմն անանկ կթվի, թե ես եմ զառանցողը, որովհետև զորավոր ջերմով մը ես ալ իր հետ կտառապիմ:
Երեկ գիշեր երկար ու աղեխարշ նվյուններե վերջ քանի մը կտրակված ձայն հանեց. հետո գլուխը ուժգնորեն վեր բարձրացնելով՝ պրկեց ջրթները, ճակատեն մինչև վիզը ջղային սարսուռ մը ինկավ. այն ատեն կրկին թավալեցավ բարձրին վրա: Այդ սենյակը պառկող տղաքը չեն քնանար, գիտեմ ես ատիկա. երբեմն իրենց թույլ հառաչանքը կլսեմ, կամ վախին ազդեցության տակ ամփոփվող անդամներու խոհհեմ շարժումները կտեսնեմ:
Խաչերը սկսած էր մենախոսել...
-Կուգա՜ն, մայր... կուգա՜ն... Հայրս սպանեցի՜ն... ինչո՜ւ զարկին. ահա մարմինը մեր պարտեզի ավազանին քով. չի՜ շարժիր... մեռա՜ծ է, մայր, ինչո՜ւ մարդիկ կմեռնին... կուլա՜ս, մայր...
-Մա՜յր, մա՜յր... ահա ծուխ կելլե պարտեզներու մեջեն... կարմիր բոցերը կալերուն վրա... «Ամբողջ հայ ազգը որբ է» կըսեիր... ճի՜շտ է: Ինչո՜ւ որբ կմնան փոքրերը...: Երբ Հայրս ողջ էր, դուն լալով կսիրեիր ժամուն դուռը կայնող որբերը... Հիմա վանքն եմ... ե՜րբ պիտի գաս համբուրել զիս... այս որբանոցը... Հոս չեմ կրնար ապրիլ ես... մայր: Քեզի գալ կուզեմ... աղվոր է դեմքդ, մայրի՜կ... քիչ նիհար կերևիս... կմտածես իմ վրաս ու կուլաս... ես ալ քեզ կերազեմ ու կուզեմ... Վանքը տխուր է... կվախենամ ես իր ժամեն, հոն ճերմակ մորուքով: Քով խոժոռ սուրբեր ամեն գիշեր ժողով կընեն, թափոր կազմելով կերգեն... ես վանքին սենյակներեն կսոսկամ... սատանաները կբնակին...
—Տեսա ես... ստանա՜ մը տեսա սև դեմքով, կրակե աչվներով...
Ա՜յ, սուր ակռաները կցուցնե... ճերմակ ակռաները: Մայրի՜կ, վանքը լուռ է... մեր փողոցը շատ պզտիկ տղաք կխաղային գարնան իրիկունները... գիտե՜ս, մա՜յր, երբ ծիծեռնակ մը մեր գլուխներուն քսվելով կսուրար՝ մենք կպոռայինք ետևեն իյնալով... Վանքին մարդիկը քիչ կխոսին... չեն խնդար... Վանքին մեջ լալու շա՜տ բան կա... Նվա՜րդ...
Լռեց:
Խորհեցա թե ո՜վ կրնար ըլլալ այդ Նվարդը. քաղաքին աղջիկն էլ:
Հարկավ...
Թող շարունակեր զառանցել. ես որ կհսկեի իր մոտ Ալեքսանդրին հետ, կուզեի, որ չի լռեր...
Ցայգուն մահամերձի մը մահճին վրա խուժող լռությունը չի կրնար տարվիլ... Վանքերու մենության մեջ արտասվելու շատ բան կա, հրեշտակայի՜ն տղա:
Լուռ էր. չեմ գիտեր ի՜նչ ծանր, շնականորեն լիրբ, կսկծալի բան կար այդ անձայնության մեջ. կարծես վանքին ամայի ու համր անկյունները պիտի խոսեին միաբերան ու քրքջային, սատանաներ չկա՜ն արդլոք ուխտավորի խուցերուն մեջ, կամ սուրբերը ժամուն մեջ ժողով չէի՜ն ըներ նույն պահուն: Ե՜ս ալ անոնց գոյության կհավատամ:
Վարժապետին արևակեզ, կնճռոտ ճակատը անընդհատ կկծկվեր, աչքերը տամկությամբ լեցվեր էին: Մեր անկարողությանը մեջ կբավականանայինք վերմակն ուղղելով ու Խաչերի ճակատին թաց լաթեր դնելով:
Անոր ակնարկը այդ պահուն շիլ. զորավոր ու ցայտուն էր, բիբերը ընդլայնված. ազազուն կոկորդին հևքը դեպի բերան կխուժեր, հոն անորոշ ու խուլ կոծի մը փոխվելով...
-Որբերը տրթուն են,- մրմնջեց Ալեքսանդրը ականջիս:
-Գիտե՜մ,- ըսի մեքենաբար:
Երկարորեն հառեցա լամբարին. անոր բոցը զգայնիկ թաղանթի մը նման կսարսռար՝ հակելով հոս հոն, ողղվելով, քթթելով շարունակ:
Ի՜նչ հանգստություն այդ առկայծ բոցին, հիվանդ տղուն ու իմ միջև. երեքս ալ պիտի մարինք... Եսս մեկեն ուժգին զարթնում մը ունեցավ... ինչո՜ւ հսկել մահամերձ այս տղուն սնարին քով, երբ մարմինդ ու հոգիդ կգալարվին վիրավոր սողունի մը նման: Ու ահա իմ սեփական մահվանս տեսիլը խոսեցավ ինձի: Տեսա ինքզինքս ժամուն մեջ, սև մահաբեմի մը վրան, երկու սպիտակ մոմերու մեջտեղ, դեմքս մահատիպ, մեղրամոմե տգեղ դիմակի մը պես:
Վարդապետական ծանր ու ոսկեդրվագ զգեստներ էի հագած, որոնցմե դուրս ինկած դժգույն ձեռներս խաչաձև, ոսկեպատ կարմիր ավետարանին վրան կհանգչեին. արյունի սև բիծերով աղարտած շրթունքիս վրան շատ տմույն նշխարք մը կդողար:
Կիներ ու աղջկանց խումբեր կուգային համբուրելու ձեռքս. լալագին մեկ երկու փոքրեր կփախեին քովես, ու ի վերջո Շուշանը կանցներ մարտիրոսուհիի լուսավոր, վես ու տրտում գնացքով, համակ սպիտակազգեստ, ձեռքը դեղին առէջներով շուշան մը...
Լեղապատառ ոտքի ցցվեցա...Սոսկալի է մահվան վրա խորհիլը, բայց ավելի սոսկալի ու դժնդակ է, երբ ապրող էակը իր մահը կտեսնե...
Զգացի, որ ճակատս կայրեր, հետո համրորեն՝ անկե սկսան թափիլ պա՜ղ, սառի չափ ցուրտ քրտնիքի շիթեր...
—Ի՞նչ ունիք, հայր սուրբ... կդողանք ... ի՞նչ եղավ որ կդողանք այդպես...
—Բան չի կա... հոգնած եմ... հանգչիլ կուզեմ, պ.Ալեքսանդր... Խաչերը հանգստացավ քիչ մը, անանկ չէ՞...
—Գացեք, ես կհսկեմ, դուք հանգստի պետք ունիք...
Անցա կամարավոր, մռայլ ու լռին նրբնցքներեն: Սնդուղին գլուխը թուղթ մը երկարեցավ ինձի. անսահման մթին միջոցով շրջանակված սպիտակ էջի մը վրա, սև խաչի մը տակ, որոշապես կարդացի.
Հանգիստ՝ Արտակ Վարդապետի
Հունիս...
Լ
Երեկ իրիկվան մոտ խաղաղություն եկավ Խաչերին վրա. կարծեցի թե բարելավության կդիմեր:
Մահը ասանկ սև խաղեր ունի, կըսեն, երկար կմաքառի մեր կազմվածքին հետ և զայն քայլ առ քայլ ավերելե վերջ, երբ գիտակցի իր տիրապետությանը, կքաշե ճանկերը հոգվույն վրայեն, կյանքին ներելու համար, որ անգամ մըն ալ գիտակցորեն ժպտի իրերուն ու մտերիմներու․․․
Վերջալույսին, երբ դուրսը բլրակի թփուտներուն ու անոնց առջև փռվող դամբարաններուն վրա դեղին մշուշ մը կիյնար, Խաչեր, որ երկու ժամե ի վեր կմրափեր՝ բացավ աչքերը, ժպտեցավ հիվանդի վատուժ, անշահախնդիր ժպիտովը, դիտեց լուսամուտները, որոնց ետին պղնձի թույներ կսարսռային, ու մեղմորեն ըսավ՝
-Առտու՞ է․․․ի՞նչ աղվոր առավոտ․․․
Կրկին աչքերը փակեց, դարձավ մեկ կողմ, սուզվելով երազի նմանող բանի մը խորը․ քաղցր էր այդ երազանքը, քանի որ անընդհատ շրթները կդողային, ու բերնին մեկ անկյունը մանր ժպիտ մը կառկայծեր։
Տակավ հյուծած դեմքը երանության մը հետ հալած մեղրամոմի երանգը կառներ, ու թարթիչները շատ երկար կթվեին խորը ինկած աչքերուն վրա։
-Խաչե՜ր, աղվո՞րս, - ըսի, - չե՞ս ուզեր քիչ մը բան դնել բերանդ, կաթիլ մը կաթ, մածուն քիչ մը, եկուր գլուխիդ թաց լաթը փոխեմ:
Անուշն ու ծերուկ տնտեսուհին խոհուն կնայեին այս վայրկյան առ վայրկյան հալող դեմքին վրա և իրենց նայվածքը ցավագին էր, զիս զարմացնելու աստիճան: Ի՞նչ աստիճան անշահ են:
— Խաչե՛ր, քիչիկ մը կաթ, - կրկնեցի:
— Ձգեցե՛ք զիս․․․ ինչու՞ երազս կխանգարեք․․․արթննալ չե՛մ ուզեր․․․ այնքան լա՜վ է հոս․․․ա՜խ, ձեռք. մի դնեք վրաս․ երկաթի պես ծանր ու պաղ է մատերնիդ․․․ձգեցեք, պիտի թռիմ․․․
Մթնշաղ էր սենյակին մեջ, լույսզվարթի խնկահոտ շաբաթ գիշերը հուշիկ եկեր էր։
Նստանք անկողնին չորս կողմը․ ես բոլորովին վստահ էի, թե բարելավում մը կար հիվանդին վրա․ կլռեինք․ ականջ կուտայի կուրծքիս բուռն ու անհավասար հևքերուն, մեղմ ու երաժշտական շնչառության մը մեջեն, որ շատ մոտեն կհասներ ինձի, թերևս Շուշանեն։
Այն ատեն խորհեցա դուրսի ամռան խաղաղ, օծանուտ գիշերին վրա, երբ մռայլ ու դողահար սաղարթներուն տակ, առուն կարոտի անվերջ երգեր կհյուսեր․․․
Որքա՜ն լավ էր առուներուն եզրը ըլլալ, դեգերիլ ստվերներուն մեջ անօգուտ և ըստ բախտի․ չի կային արդյոք վարդենիներու տակ համբուրվող սիրելիներ հեռավոր տեղեր, երջանիկ երկինքներու տակ․․․ Փոքր լամբարը վառեցին: Կիներեն ծերունին միայն մնաց. Շուշա՜նն ու մայրը մեկնեցան, որբերը հանդարտորեն, գողունի եկան սպրդիլ իրենց վերմակներուն տակ:
Պառավը, ձեռները գոգնոցին մեջ, մրափող գլուխը կհակեր, կուղղվեր երբեմն՝ ընդոստ բանալով աչքերը. անոր դեմքը ինձի ավելի տառապագին թվեցավ այդ պահուն, դժգույն թխությամբ դեմք մը, որուն վրա տակավին ազնվազան բան մը մնացեր էր:
Պ.Ալեքսանդր գիրք մը կթղթատեր, կարծեմ Րաֆֆիի «Խենթը»:
Ալ խավար էր դուրսը, ու գիշերվան խաղաղության մեջ՝ աստղերու լուսեղ նայվածքին տակ, կարթննային դոդոշներու մեծակառույց համերգները. անդորր ու նիրհող սենյակին մեջ անհունորեն երկարող սուր այլ անուշ երգ մը կիյնար՝ հարատև ու միօրինակ թրթռացումով, քիչ-քիչ կկասեր. այն ատե եռանդուն խմբերգ մը, լեցնելով միջոցը, կուգար հոսիլ մեր ականջներուն մոտ...
— Ջո՜ւր...
Ծերուկ կինը ցնցվեցավ ու գավաթով ջուրը մոտեցուց հիվանդ տղուն բերանին:
—Պա՞ղ էր, Խաչեր, զավա՛կս...
Պատասխան չիկար. ծծեց տենդեն չորացած շրթները ու խորասուզվեցավ...
Քիչ վերջ աչքերը բացավ. անոնք չեմ գիտեր բյուրեղային ի՛նչ փայլով մեր վրա ինկան, պարզապես սարսափելի էին, բիբերը ընդլայնվեցան գրեթե տիրելով ծիածանին ու սառնենիին. գլուխը վեր ցատկեց գորտի մը պես, մարմինը ցնցվեցավ անկողնին մեջ ու կոկորդեն՝ ջրամույն մարդու մը նման, խեղդուկ հռնդյուններ դուրս ինկան:
— Եկա՜ն...եկա՜ն, եկա՜ն, մայրի՛կ...
— Ո՞վ, Խաչեր, մարդ չի կա. տե՛ր աստված, մարդ չի կա,— գոչեցինք միաբերան:
Ծերունին վրան հակեցավ զինք հանգստացնելու համար. այն ատեն Խաչեր բացավ շրթները, ազազուն թևերը վերմակեն դուրս հանեց, մեղրամոմե մատները պրկեց ու բռնելով կնոջ թուշերեն, ուժգնորեն զանոնք քաշել սկսավ:
—Մի՛ ընկեր, անո՛ւշս, հոգի՛ս, մի՜ ընկեր, — մեղմորեն պաղատեցավ տնտեսուհին:
Ան չի լսեց աղաչանքը, ոչինչ կլսեր՝ ու նույն անասունի, ցուցափեղկի մեջ դրված խամաճիկի մը աչքերուն անայլայլությամբ նայելով կնոջ դեմքին, կպրկեր անոր միսերը:
Հանկարծ խուսափուկ աղաղակ մը թռավ սենյակին մեջ: —Եկա՜ն… ազատեցե՛ք զիս … կերթա՛մ, մա՛յր…
Ինկավ բարձին վրա: Այն ատեն սև մազերու մաջեն քրտինքի խոշոր կայլակներ իջան դեպի ճակատը, քունքերուն վրա, անոնցմե սահելով դեպի կորացած շրթներն ծնոտին անկյուններն անհայտացան վիզին ստվերին մեջ. ակռաները միացուց, բացավ քանի մը անգամ, թևերը մեղմորեն թափահարեց վերմակին վրա, ձդտեց, լքեց…
— Վախ յավրո՛ւմ… — ու պառավը հեկեկալիր կործանեցավ խաչերին վրա:
Ան ատեն պատահեցավ բան մը, զոր գուշակել անկարելի էր: Որբերը բոլորն ալ իրենց վերմակներն դուրս խոյացավ հեծկլտալով…
Ես չի կրցա լալ: Դողահար, աղոթք մը կարդացի ու հեռացա…
ԼԱ
Թաղեցինք Խաչերը:
Վանքը մեկը սպաննեց: Փոքրաթիվ ու մահաշշուկ թափորով մը հետևեցանք դագաղին մինչև խոնավ ու սև փոսին եզերքը:
Բոլորը կուլային, երբեմն կիներուն ծանր ու երկարատև հեծկլտանքը կզարներ լռության թևերուն. այդ րոպեին՝ ես հիմար վախը կունենայի, թե միգուցե այդ ձայներեն հանկարծ Խաչերը կանգներ իր շաղփաղփուն դագաղի մեջ, որովհետև իր բաց դեմքը մահվան դժնեւոթյունը չուներ, հապա արշավներե դարձող հոգնաբեկ տղու մը երազային քննանդորրը:
Ինչու՞ կվախնայի, որ անիկա մահվան սպիտակ վերարկուն թոթոփեր. չեմ գիտեր, հակառակ հավատքիս, մեռելներու հարթության պատկերը միշտդողացուցած է զիս, այդ պահը ավելի դառն է ինձի համար,քան մահվան օր մը...
Փոսին մոտ պահ մը ակնարկիս Շուշանին վրա ինկավ, ու ինձի անանկ թվացավ, որ զինքը առաջին անգամ ըլլալով կտեսնեի:
Մոռցա ըսելու, թե քանի մը խոշոր գառնուկներ ալ հետևեցան դագաղին ու բրդոտ երկու շուներ, թավաստե պոչենին կախ, դունչերնին հողին առընթեր և ծանրաքայլ: Տրտմալի մտերմությունը մարդուն և անասունին այս մենավոր միջավայրին մեջ:
Վանահայրը հազիվ մինչև եկեղեցի իջնելու սիրտ ըրած էր: Երբ վերադարձանք՝ մեկը ուժգնորեն կպոռար, կհայհոյեր: Ինքն էր, Վարդա՛նը. վեհարան ելանք, աննկարագրելի վիճակ. դեմքը ներկված էր տաք ու կարմիր գույնով. աչքերը կդառնային իրենց ճարպոտ շրջանակին մեջ, փքոցի մը նման կհևար, կպոռար ու կողբար անդադար:
Իր քով, թավշյա բազմոցին վրա՝ գրեթե անշունչ ինկած էր ծիրանեգույն տատրակներեն մին՝ մինչ մյուսը, գլուխն իր մսեղ կուրծքին մեջ թաղած, կհսկեր ընկերոջը վրան, թույլ ու հիվանդադին մնջյուն մը արձակելով:
Վանահայրը կոռնար միշտ.
—Ամե՛ն բան առին ձեռքես, ամե՜ն բան, կիմանա՞ք դուք, որ հոս եկեր եք. գացե՛ք, չեմ ուզեր մարդ տեսնել, նայեցե՛ք, ա՛ս ալ սպաննեցին. ի՞նչ անեի. կին, տուն տեղ չունիմ, ասիկա կար միայն, ա՛խ, տատրակս, հոգի՛ս, ի՞նչ եղար, ո՞ր վայրագ որսորդը զարկավ քեզի…
Վանահոր բարկությունը հետզհետե սպառնական կըլլար, ու իր մորուքը հովերուն խաղալիք քուրջի մը պես կշարժեր:
Հանկարծ փլավ. դեմքին լայն միսերը դեպի վար կախվեցին. աչքերը ալյանդակ երևույթ մը ստացան բացվելով. սկսավ տղու մը պես հեծկլտալ՝ տարածվելով բազմոցին վրա:
Չափահաս մարդու մը, մանավանդ տարեց վարդապետի մը, լացը տեսած չէի: Ծիծաղելի ու զզվելի էր այս մարդը. հրեշտակի պես մանուկ մը որդերուն հանձնած էինք, ու ինք տատրակը կուլար:
Այդ միջոցին ակնարկս վիրավոր թռչունին վրա ընկավ նորեն. կոկորդին աղվափետուրեն արյունի կաթիլներ կմղվեին ու դեպի կտուցը կքալեին. պզտիկ քանի մը սարսուռներ ալ ունեցավ, ձգեց տոտիկներն ու մնաց:
Իրա՜վ որ վանահայրը եկավ ատեն ի վեր կխնամեր այս կենդանիները, իր ամբողջ հարստությունն ու երջանկությունը կկազմեին այդ զույգ թռչունները, թերևս իրավունք ունի լալու, խորհեցա:
Հեռացա վեհարանեն, սանդուղին ստորոտը տեսա Շուշանը կարմրած աչքերով ու դողահար. աղեկ մը նայեցա վշտահար իր դեմքին ու անձայն հեռացա:
Այս ամենը ինձի երազ կթվին:
Բայց իրականություն մը՝ աշխարհի վրա ավելի իրական չէ եղած երբեք: Ես հիվանդ սիրահար մըն եմ, խաչերը մեռավ, տատրակն ալ, ու: որբերը թշվառ են՝ ինչպես Եղիազարն ալ տերը նկարի գաղանիքներով այս ամենուն մեջ երազային ոչինչ կա: Ոտքս հողին վրա է, և մարմինս տակավին չչի հանձնեցի դագաղի մը թևերուն: Չեմ գիտեր, թերևս այս բոլորը իրականության երազն է. իրերը նույնը չեն ինձի համար, իմ մեջս ամեն բան կանդրադառնա անանկ մթնոլորտով մը, որ երազին հատուկ է, իմ հոգիիս իսկ հատուկ, որովհետև տկարանալով հետզհետե կկանգնիմ կյանքի և անդենի սահմանին վրա. երազը կյանքին ու մահվան սեմին վրա հանգրվան մըն է, միուն իրականությամբ և մյուսին անստուգույամբը լի:
Պոլիսեն նամակիս պատասխանը չի գար տակավին:
Մեկնի՜լ կուզեմ…
ԼԲ
Հուլիս…
Խաչերի թաղումեն ի վեր զիս ալ կհալածե մահվան մը գաղափարը: Չեմ կրնար այդ սևեռուն ստվերեն զատվիլ. կարծես մեջս է ան, կամ վերարկուիս էության հետ նույնացած: Մահը քովես կքալե, կնստի դեմս հանգստի կարճ րոպեներուն, մասնակից կըլլա ճաշերուս. բառերուս մեջ կզգամ ես իր պաղ շունչը:
Հիմա երկու հոդի եմ ես. անոր համար բնավ չեմ աճիր:
Սերս ալ լքեցի. Շուշանի համար ունեցած հատնւոմս թեթևացած կզգամ. իր տեսքը հազիվ մանր սարսուռ մը կուտա ինձի. իմ և անոր միջև մեկը կա՝ մահը:
Ամեն րոպե, հետին վայրկյաններու սարսափին ու կյանքի գեղեցկության երազին մեջ կտատանիմ:
Ես կատեմ մահը. կատեմ, ինչպես երբեմն ատեցի Շուշանի նշանածները. անոնք հիմա ինձի համար սիրելի ու ազնիվ մարդիկ են իմ անծանոթ սիրելիներս, որոնց խաղաղությանն ու բարիությանը կցանկամ միայն:
Միջս հետզհետե կզորնա ապրելու տենչը. ամեն իր ավելի կարոտալի ու գեղեցիկ է ինձի համար. պապակն ունիմ կյանքին, ու որքան անդամներս դողահար դառնան, թոքերս դատարկ աբարնեռու պես խոսին՝ այնքա՜ն կարոտով արևին կնայիմ:
Պիտի մարի՞ս օր մը հավետ, տրտում աչքերես, արև, կամ պիտի տեսնե՞ս միջս դեգերող քանի մը կայծերուդ մոխրանալը՝ մահվան քամիեն:
Ես չեմ ուզեր սիրել. կամ հիմա դյուրին է ինձի ուրանալ սերսբավ է, ապրիմ… լա՜վ է մենավոր ու բոկոտն՝ արևին տակ դեգերիլ հեռավոր ճամփաներու եզրը, անցորդներեն, հողեն կամ վայրի մացառներեն մուրալով պատառ մը սնունդ... Կյա՜նքը, կյա՜նքը... Արտա՜կ, հիմա կզգամ անոր գինը:
Եկեղեցի կերթամ ստեպ՝ զիս հետապնդողը աղոթքի մը կամ սաղմոսներու ձայնով վանելու: Թեթևություն կզգամ. կյանքի տաճարին մեջ՝ մահվան ստվերին վրա մոռացոնքը կիյնա, բայց ահա այդ անմարդաձայն, զովաստվեր կամարներուն տակ հեծեծանք և քրքիջներ կշատանան, ու ամեն բան դատակնիքս կվճռե. բոլոր բարի կամ չար դեմքով առաքյալներեն ու սուրբերը դատաստանի ատյանը կկազմեն՝ դուրս գալով իրենց որմնակյուններեն ու խցիկներեն:
Աստվածային արդարության ձայներեն ու դատավորներեն են, որոնք նզովք կկարդան, անեծքներուն էն դառնահամը կթափեն իմ վրաս. ի վերջո ամրադաշն, վայելուչ, խորապես խորհրդավոր սաղմոսներ կերգեն, զորս չեմ լսած, սակայն ինձի անծանոթ պիտի չըլլան...
-Ալ չե՜մ սիրեր, մեղա՜ ամենասուրբ արարիչդ, մեղա՜... Այսպես կաղերսեմ լալահառաչ:
Կնայիմ շուրջս, անսովոր բան չըկա ժամուն մեջ՝ ամեն բան իր տեղն է, նույնիսկ կնշմարեմ, թե եպիսկոպոսական աթոռին ընդելույզ սատափներեն մեկ քանին ընկեր են: Այլ իրենը համրաբար կսկսին մթագնիչ, բոլոր որմերեն, անոնց անկյուններեն մռայլ ու կապույտ ժպիտ մը կելլե խունկերու ծուխին պես. այդ ժպիտը կլեցնե խորանն ու կամարները, հարաբորբոք քրքիջի մը նման կպտուտքի ամեն կողմ ու իբրև էություն մը կսկսի բարբառիլ ինձի:
Կհասկանամ իր լեզուն, անեղին ժպիտն է ան. բայց ինչո՜ւ այդքան տխուր է նախախնամողին ժպիտը:
Այդպե՜ս պիտի խնդա ան գերագույն դատաստանին օրը՝ բոլոր անոնց, որ աղջկան սիրո մը անձնատուր եղան:
Երբ դուրս կելլեմ գավիթեն՝ ալ չեմ կրնար քալել, չեմ ալ կրնար պատասխանել Եղիազարին, որ անութին տակ քանի մը մագազաթ, կհեռանա. այդ միջոցին, ամեն իր կընթանա կամ կդառնա իմ քայլերուս հակառակ ուղղությամբ: Կերթամ անկողնիս վրա իյնալ, հազալով անզոր՝ այլ խորունկ հազով մը, ու ավելի հաճախ արյուն կթքնեմ...
Կիրակի վանքին ուխտի օրն է. արդեն շրջանակներեն ուխտավորները խումբ-խումբ կհասնին. լեցված են թաղերը, գետեզրը վրաններ կբարձրացնեն, կամ բացօթյա կապրին շատերը: Բոլոր այն շարժումը, ժպտացող դեմքերը, երգի ծածանող շեշտերը ինձի համար չե՛ն… ես կերազեմ կամ քնաշրջիկներու անփութությամբը կդեգերիմ:
Ալ ձգեմ գրիչս, հազը կխեղդե զիս:
Բայց ահա եկավ. ա՜խ, մահ, մահվան չար էությո՛ւն, ի՞նչ կուզես ինե, երբ այդպես ցցվելով կշարժես չարաժպիտ դեմքդ:
— Սահմանումներուդ ճակատագրիդ տերն եմ, — կըսե ինձի:
Լա՛վ, այդպես թող ըլլա. բայց մեր մեջ կռիվը անագորույն ուժով պիտի մղվի, մա՛հ. սիրո մեջ պարտված՝ հաղթական պիտի ելլեմ քու դեմդ: Պատրաստ ես ոգորումի, չէ՞, Արտակ…
Այո՛… բայց՝ լավ չէ՞ մահով հաղթել մահվան…
ԼԳ
Հուլիս
—Հա՛յր սուրբ, Շուշանս նշանեցի՛…
—Հա՛… լա՛վ… որո՞ւ…
—Քաղաքեն գրագիր մը, վարդի պես տղա, տննիվեր, շահն ալ տեղը…
— Կշնորհավորեմ … գոհ ես, անունկ չէ՞… երջանանի՛կ …
— Է՛հ, պարտքս էր կատարեցի. հարկա՜վ…
Առտուն կանուխ այս խոսակցությունը կդառնար իմ և Շուշանի մոր միջև բակին մեջտեղ, երբ հազիվ մեկ քանի ուխտավոր կիներ սափորներով կերթային գետեզր:
Անուշի քովեն հեռացա անբանի մը պես կրկնելով՝
— Շուշանը նշանվա՛ծ … վարդի՜ պես տղա…
Կսպասեի այդ լուրին, անհամբեր իսկ էի զայն լսելու. անիկա պաշտոնապես վերջ մը պիտի դներ իմ հույսերուս, և հետո կրնար քաջալերել նաև սիրո թուլացումը, որ մեջս ավելացավ Խաչերի մահեն ի՝ վեր. գոհունակության պես բան մը ունեցա ու ազատորեն շնցեցի քանի մը անգամ. հետո սառնորեն քննել սկսա, թե լուրը ինչո՞ւ հուզում չի պատճառեց ինձի և թե ի՞նչ կար, որ ես այդ լուրին վրա նայեի իբր ինե հեռավոր անձի մը կյանքին կապված եղելություն:
Այս բոլորին իբրև չքմեղանք կըսեի՝
— Հուզվելու կարողություն չի մնաց վրաս, քայքայված, լմնցած եմ, կշրջիմ իբրև բնական ստվեր մը հողին վրա. հայելիին մեջ սոսկումով միայն կրնամ նայիլ ինքզինքիս:
Երբ որբերուն հարկաբաժինը ելա՝ պ.Ալեքսանդր հարցուց. —Վարդապե՛տ,Պոլսեն պատասխան եկա՞վ...
—Ո՛չ...թերևս մեկ-երկու օրեն առնեմ:
—Ազգայի՛ն գործ... ինձի այնպես կուգա, որ քու մեկնելեդ վերջ մենք ալ պիտի ցրվինք, ատոր կսպասեմ... ես ալ կտառապիմ հոս, վարդապետ...
Չեմ գիտեր ինչո՛ւ խնդալս եկավ այդ վերջին խոսքերուն վրա. հազիվ ինքզինքս կրցա զսպել, մինչ վարժապետը խստորեն երեսս կնայեր:
Հետո անխոս, առանց բառ մը արտասանելու իջա վար, դուրս ելա վանքի մեծ դուռնեն ու սկսա դեգերիլ դաշտերուն մեջ:
Պուրակներու ստվերները խեղդած են ամեն բան. կապույտ ու կանաչ չորս կողմը և անոնց մեջ դեգերող կարմիր զգեստներով հարսեր: Ցորեններն ու խոտերը բարձրացած են, տեղ-տեղ արդեն իսկ դալուկ մը հագած կերևին:
Արոտավայրերն ու ցորենի դաշտերը եզերող բարդիներու սլացիկ կատարները մեղմ հովե մը կշարժեին, ու ես, դիտելով անոնց տերևները՝ ժամուն քշոցները հիշեցի. աղեկ էր նմանությունը, արևին տակ պսպղուն քշոցներու հար և նման կշարժեին այդ գորշ տերևները:
Առուները չորցեր են, ու գետը խելոք մը կվարեր իր ընթացքը:
Ամեն ծաղկող բան հոս իր պտուղն ունեցավ, ես ամուլ մնացի միայն:
Երկար դեգերեցա. ամեն կողմ անփութորեն երկարած մարդիկ,կիներ ժրաջան, ժպտուն, փոշեթավալ ու պոռչտող մանուկներ գորշ վրաններու շուրջ. կրակներու վրա ճենճերող միսերու ճարպային բուռն հոտ մը մթնոլորտին մեջ:
Կանցնեի այս ամենուն քովեն անտարբեր, վատանուն ու երկարօրյա երազներե ելլողի մը անմիտ դեմքովը, անկանոն քայլերովն ու շարժումներով. երիտասարդ աղջիկները ուշադրությամբ կնայեին ինձի, մանավանդ արցունքեն աղոտ դեմքերնին տակավին թաց, ցնցոտիներով ու բոկոտն փոքր տղաք՝ կուգային շուրջս, առջևս կկենային՝ իրարու ձեռք բռնած, ծռելով գլուխնին, ձեռքերնին երկարելով ինձի, ի վերջո ապշահար՝ երեսիս ակնարկ մը նետելե հետո փախելու համար: Բան չէի ըսեր, չէի ժպտիր, կանցնեի մինակ, տեսնելով, գնահատելով այս ամենը՝ այլ ոչինչ չզգալով:
«Թերևս կխնդան իմ վրաս», — կխորհեի անփութորեն:
Գետեզրեն վեր ելլելով, երբ կրկին ցորյանի արտերուն քով հասա, հովը ծփանք մը կքսեր հասկերու կանաչ այտերուն՝ ու ես պահ մը հառելե վերջ, հոսանքներով խռովված լիճերու ափունքը գտնվողի մը պատրանքն ունեցա: Իմ առջևս ջուրերը կոհակներու հարաշարժ պարը կդառնային, և կզգային անոնց զովությունը:
Մեկեն վանքին դարձա, տեսակ մը կարոտով հառեցա անոր կարմրորակ գմբեթին ու զանգակատան. այդ պահուն վախ մը առավ զիս՝ կարծեցի թե մեկը գետնին երեսեն քղանցքներես կքաշեր. մա՜հ, մահը ինքն էր, որ քայլերուս կհետևեր…
Արագորեն վերադարձա. վանքին դռան մոտ տեսա պարանցիկ խումբ մը աղջիկներ, անոնց մեջտեղն էր Շուշանը. երգելով թռան քովես:
Կանգ առի. շեշտորեն նայեցա նշանված աղջկան ետևեն. իր հասակը ամենուն վրա կիշխե, ու դեմքը կճառագայթե առտվան արևի նման…
Զգացի, որ ուղեղը կդողար, ու աչքերուս շատ մոտիկ քանի մը ստվեր կդառնային:
Վազեցի վեր, անկողնիս վրա նետեցի ինքզինքս անլուր հեկեկանքով մը՝ և իմ լացս մոլեկան, սև, ահռելի էր, որովհետև գլխուս վերև հանկարծ բարձրացավ նախանձին շաչող խարազանը:
— Ա՜խ, քեզ առին ձեռքես. — կըսեի, — անիծված ըլլան, անիծված...ես կսիրեմ քեզ, կսիրե՜մ...իմ սերս չի կրնար մեռնիլ... Պատրանք մըն է ամեն բան... Մահն ալ չի կրնար մարել իմ սերս, ահա ես իր դեմ զինված եմ՝ եղունգներուս մինչև ետին ծայրը... Եկո՛ւր, եթե կրնաս, եկո՛ւր, մա՛հ...Այս սևազգեստ կմախքը կսիրե՛ նշանված աղջիկը...
Ու վերմակս կխածոտեի, անզոր մատներս քանդելու, պատռելու դեմք մը կփնտրեի զո՜ւր...
— Ա՜հ սևերես, աղտոտ մարդ, տեր կըլլաս աղջկան մը, որուն ուրիշ մը՝ իր կյանքը զոհեց... — կկրկնեի ու միշտ կանիծեի Շուշանին մայրը, միջնորդն ու նշանածը... — Ձին թամբել տալ կուզեմ, — կմռնչեի, — քաղաք նետվելու համար. պիտի երթամ փողոցներուն մեջ դեգերելով շուկան մտնել՝ գտնելու համար մարդը, զոր չեմ ճանչնար, բայց պիտի ճանչնամ զայն, եթե ծպտված իսկ ըլլար կամ պահված հարյուրավոր իրեն նմաններու մեջ, իմ նախանձսիմ վրեժս մանավանդ՝ հայտնապես կընեն զիս. ահա արդեն իսկ՝ ես կտեսնեմ իր պատկերն ու շպիտը, թևերուն թույլ շարժումը. ի՛նքն է, ինկիր վրան, հոշոտե՛. ո՛չ, Արտակ, համրորեն ՝ անուշ ու գիտակից վայելքով մը արյունին հետին կաթիլները ըմպե … խմե, Արտակ, մինչև որ հագենաս…
Հազի նոպա մը խեղդեց զայրույթս: Առատորեն արյուն թքի այս երեկո, ու ես անոր կարմիրին մեջ վայրկյան մը տեսա Շուշանի դեմքը իբրև փղոսկրե քանդակ՝ բուստի մը էջին վրա. անոր քով անշնորհք ճիվաղ մը... մա՛հը: Մա՛հը, գերագույն ազատարարս ու գերագույն թշնամիս, որովհետև դողդոջ և արատավոր հոգիս պիտի առաջնորդե վերին դատաստանին... Գերագույն և ահեղ կժպտիս ինձի ու մահվան դիմակով կսպառնաս...
ԼԴ
Քանի մը օրե ի վեր գրեթե ուշտկորույս անկողին էի ինկած: Վերջին հուզումը քայքայեց զիս...
Վաղը կմեկնիմ ես վանքեն...