Jump to content

Վարդանի և հայոց պատերազմի մասին/Երկրորդ գլուխ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԱՐԵՎԵԼՔԻ ԻՇԽԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ

ԳՈՐԾԵՐԸ

Ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկած [Նրանց] մարմնի բնությունը. ամեն հողմից շարժվում է և ամեն խոսքից վրդովվում և ամեն բանից դողում. այդպիսի մարդը երազական բաներով է անցկացնում իր կյանքը, իսկ մահվան ժամանակ էլ անդառնալի կորստյան է մատնվում։ Ինչպես որ հնում մեկն ասել է՝ չհասկացված մահը մահ է, հասկացված մահը՝ անմահություն։ Ով որ չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից. իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում։

Եվ այս բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից։ Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից։ Լավ է աչքով կույր [լինել], քան մտքով կույր։ Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմինների տեսողությունից։

Եթե մեկը շատ ճոխացած չինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից. ինչպես որ տեսնում էլ ենք ոչ միայն հասարակ մարդկանց մեջ, այլև նրա մեջ, որ ամենից մեծն է։ Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել: Իսկ եթե մարմնավոր բաների վերաբերմամբ այսպես է, որքա՞ն ավելի ևս հոգևոր բաների վերաբերմամբ է։

Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է. և ինչպես որ մի մարդու վերաբերմամբ է, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ։ Թագավորը միայն իրեն համար չէ պատասխանատու, այլ նաև նրանը համար, որոնց կորստյան պատճառ է եղել։

Բայց մենք թեպետև թույլտվություն չունենք բամբասելու իշխաններին, բայց չենք էլ կարող գովաբանել մի մարդու, որ աստծու դեմ է կռվում։ Այլ կպատմեմ անցքերն ու դեպքերը, որ նրա ձեռքով անցան սուրբ եկեղեցիների գլխով, և չեմ դանդաղի, գործերի ընթացքը ո՛չ թե բամբասասեր մտքով, այլ ճշմարտությամբ պատմելուց չեմ դադարի: Ո՛չ կարծիքներով եմ վեր թռել և ո՛չ էլ լուրերից արթնացել, այլ ես ինքս անձամբ նույն տեղում պատահեցի և տեսա ու լսեցի հանդգնաբար խոսելու ձայնը, ինչպես սաստիկ քամին ալեկոծում է մեծ ծովը, այնպես էր շարժում ու տարուբերում իր զորքերի ամբողջ բազմությունը։ Եվ բոլոր ուսմունքների՝ հանդիսավոր քննություն էր կատարում, կշռադատում էր մոգությունն ու քավդեություեը և իր աշխարհի բոլոր ուսմունքները։ Կեղծավորությամբ մեջ էր բերում նաև քրիստոնեությունը և ասում էր զայրացած. «Հարցրե՛ք, քննեցե՛ք, տեսե՛ք. որը լավն է՝ թող այն ընտրենք ու պահենք»։ Եվ ջանք էր գործ դնում, որ իր մտադրությունը շուտով կատարի։

Իսկ զորքի մեջ եղած զանազան կողմերից եկած քրիստոնյաները հասկացան այն կրոյկը, որ ծածուկ վառվում- բորբոքվում էր և ուզում էր լեռներն ու դաշտերն առհասարակ հրդեհել։ Նրանք էլ կրակ կտրեցին անմարելի հրով և սաստկապես պատրաստվեցին գաղտնի որոգայթների փորձության դեմ։

Այնուհետև սկսեցին բարձրաձայն, սաղմոսներով ու հոգևոր երգերով և մեծապայծառ վարդապետությամբ իրենց պաշտամունքը կատարել մեծ բանակի դեմ հանդիման, և աներկյուղ ու անվախ հոժարությամբ սովորեցնում էին իրենց մոտ եկող մարդկանց։ Եվ Տերն էլ հաջողում էր նրանց զործը զանազան հրաշքներով, որովհետև հեթանոսական զորքից շատ հիվանդներ բժշկվում էին։

Իսկ անօրեն իշխանը երբ իմացավ, թե հայտնվեց իր խորամանկ մտադրությանը, և պատրաստված հուրը դեռ ոչ ոք նրա վրա չփչած՝ նրա վառվելը հայտնի դարձավ աստծու երկյուղածներին, սկսեց ծածուկ նետերով խոցոտել իր չար միտքը և անբուժելի վերքեր էր պատրաստում հոգիների և մարմինների համար։

Մերթ շանթում՝ գալարվում էր ինչպես մի թունավոր օձ, մերթ ձգվում՝ մռնչում էր ինչպես զայրացած առյուծ, ճմլվում ու թապլտկվում էր խարդախ մտադրությամբ և կամենում էր իր կամքը կատարել։ Քանի որ ձեռքը ձգել և բռնել չէր կարողանում,— որովհետև ամենքը միատեղ չէին նրա մոտ միևնույն վայրում,— այնուհետև սկսեց առաջ քաշել կրտսերներին ավագների միջից, և անարգներին պատվականների միջից, և տգետներին գիտունների միջից, և վախկոտներին քաջ մարդկանց միջից. և էլ ի՞նչ մեկ-մեկ թվեմ, բոլոր անարժաններին առաջ էր քաշում, իսկ բոլոր արժանավոր մարդկանց հետ էր տանում. մինչև անգամ հորն ու որդուն բաժանում էր միմյանցից։

Թեպետև բոլոր ազգերի վերաբերմամբ էր այս անկարգությունն անում, բայց ավելի Հայոց աշխարհի դեմ էր մարտընչում, որովհետև նրանց ավելի ջերմեռանդ էր տեսնում աստվածապաշտության մեջ, մանավանդ նրանք, ովքեր Հայոց նախարարների տոհմից էին և միամտությամբ պահպանում էին առաքյալների և մարգարեների սուրբ քարոզությունը: Նրանցից ոմանց խաբում էր ոսկով ու արծաթով, և շատերին էլ ուրիշ առատ պարգևներով. ոմանց էլ ագարակներ ոլ մեծամեծ գյուղեր շնորհելով, ոմանց մեծամեծ պատիվներով ու իշխանություններով։ Եվ ուրիշ դատարկ հույսեր էլ էր տալիս նրանց։ Եվ այսպես հրապուրում ու հորդորում էր շարունակ. «Եթե միայն, ասում է, մոգության կրոնը հանձն առնեք և ձեր մոլորությունից սրտանց դառնաք մեր երևելի կրոնի ճշմարտությանը, մեծությունների և ավագությունների կհասցնեմ [ձեզ] իմ սիրալի նախարարներին հավասար, և է՛լ ավելի կբարձրացնեմ»։ Եվ այսպես կեղծավորությամբ խոնարհվում էր ամենքի մոտ՝ խոսելով նրանց հետ սիրո պատրվակով, որպեսզի կարողանա նրանց խորամանկությամբ որսալ՝ խորհրդատուների առաջին խրատի համաձայն: Եվ այս բանն անում էր իր իշխանության չորրորդ տարուց սկսած մինչև տասնմեկերորդ տարին։

Եվ երբ տեսավ, որ ծածուկ հնարագիտությունը բանի տեղ չանցավ, այլ դիմացիններն ավելի շատ էին գործում,— որովհետև տեսնում էր, որ քրիստոնեությունն օրեցօր աճում-տարածվում էր հեռավոր ճանապարհի այն բոլոր կողմերը, որոնցով ինքն անցնում էր,— սկսեց հալումաշ լինել և հառաչելով հոգոց հանել։ Ակամա հայտնեց գաղտնի մտադրությունները. բարձրաձայն հրաման տվեց և ասաց. «Իմ իշխանության ներքո գտնված բոլոր ազգերն ու ժողովուրդները թող բոլորը ձեռք քաշեն [իրենց] մոլար կրոններից և գան երկրպագություն անեն միմիայն արեգակին, զոհեր մատուցելով և աստված անվանելով [նրան], և սպասավորելով կրակին. բացի այս ամենից՝ մոգության օրենքներն էլ կատարեն, առանց որևէ բան պակաս թողնելու»։

Այս ասելով՝ բարձրաձայն հրատարակում էր [հրամանը] մեծ բանակի մեջ և խիստ պատվեր էր տալիս ամենքին. և շտապով սուրհանդակներ էր ուղարկում բոլոր հեռավոր ազգերի մոտ, այդ նույն հրամանը հասցնում էր բոլորին։

Արդ, իր թագավորության տասներկուերորդ տարվա սկզբին անթիվ քանակությամբ զորք ժողովեց և հարձակվելով հասավ Իտաղական երկիրը:

Այս տեսնելով Շուշանների թագավորը՝ չկարողացավ պատերազմի դուրս գալ նրա դեմ, այլ փախուստ տալով ամուր անապատի կողմերը՝ թաքչելով ազատվեց իր ամբողջ զորքի հետ։ Իսկ սա ասպատակ սփռեց գավառների, տեղերի, վայտերի վրա. առավ բազմաթիվ բերդեր ու քաղաքներ, հավաքեց գերիներ, կողոպուտ ու ավար, և տարավ հասցրեց իր իշխանության [տակ գտնված] երկիրը։ Եվ ահա այնուհետև նույն դատարկ մտադրության հետևից ընկած՝ Հաստատվեց իր մոլար կարծիքի վրա, ասելով իր ամբարիշտ պաշտոնյաներին. «Ի՞նչ տանք մենք աստվածներին այս մեծ հաղթության փոխարեն, որ ոչ ոք չկարողացավ մեր դեմ պատերազմի դուրս գալ»։

Այն ժամանակ բոլոր մոգերն ու քավդեաները միաբերան իրենց ձայնը բարձրացրին և ասացին, «Աստվածները, որ քեզ տվին տերություն և հաղթություն քո թշնամիների դեմ, ամենևին կարիք չունեն քեզնից խնդրելու այս տեսանելի պատվական բաներից, միայն թե մարդկանց բոլոր մոլար ուսմունքները վերացնես և [բոլորին] զրադաշտական կրոնին դարձնես»։

Այս խոսքին հավանեցին թագավորն ու բոլոր մեծամեծները, մանավանդ նրանք, ովքեր կրոնի առաջնորդներն էին։ Խորհուրդ արին, և այդ խրատը հաղթող հանդիսացավ։

Այնտեղ՝ Պահ դռան ներսում, արգելեց Հայերի, Վրացիների և Աղվանների և այն բոլորի բազմաթիվ հեծելազորը, ովքեր հավատում էին Քրիստոսի սուրբ ավետարանին։ Եվ դռնապաններին խիստ հրաման տվին, որ դեպի Արևելք մեզ մոտ եկողներին ներս թողնեն, իսկ արևելքից արևմուտք փակ լինի ճանապարհը։

Եվ երբ արգելեց ու փակեց նրանց ամուր և անել վանդակի մեջ,— և իրավացի ասացի ամուր և անել, որովհետև այնտեղ փախչելու և թաքչելու տեղ չկա, քանի որ չորս կողմը թշնամիներ են բնակվում,— այն ժամանակ գործի ձեռնարկեց նրանց վերաբերմամբ և նրանցից շատերին թութացրեց մեծ չարչարանքներով ու պես-պես տանջանքներով, և ստիպում էր ուրանալ ճշմարիտ աստծուն և հավատալ տեսանելի տարրերին։ Իսկ զորականներն առհասարակ գեղեցիկ խորհրդով, արիասիրտ զորությամբ միաբան աղաղակում էին և ասում. «Վկա են մեզ երկինքն ու երկիրը, որ երբեք չենք ծուլացել արքունի ծառայության մեջ և ոչ էլ վախկոտություն ենք խառնել [մեր] արության ու քաջության հետ. և անողորմ են մեզ վրա [տեղացող] այս հարվածները»։

Եվ այնքան շատացավ նրանց գոռում-գոչումի ձայնը, մինչև որ ինքը թագավորն իր աչքով տեսավ կատարվող անցքերը, և տեղնուտեղը իսկույն երդումով հաստատեց ու ասաց. «Ձեզ չեմ զիջանի, մինչև չկատարեք իմ ամբողջ կամքն ու հրամանները»։

Եվ ահա չարասեր սպասավորները իրավունք ստացան, որ բուն ավագներից չորս զորականի մեջտեղ բերեն և սկսեն տանջել։ Նախ և առաջ նրանց դատաստանը տեսան խիստ ծեծելով, և նույն կապանքներով տարան բանտը գցեցին։ Իսկ մյուսներին [թագավորը] առժամանակ խաբեությամբ ներեց, և ամբողջ մեղքը գցեց բանտարկվածների վրա. և այս կատարում էր սատանայական խրատի համաձայն։

Իսկ տասներկու օրից հետո հրաման տվեց առատ և սովորական օրերից ավելի ճոխ ընթրիք պատրաստել և հրավիրեց քրիստոնյա զինվորականներից շատերին։ Եվ սեղանի պատրաստության ժամին՝ յուրաքանչյուրին իր նստելու տեղն էր շնորհում սեղանի շուրջը և խոսում էր նրանց հետ սիրով ու խոնարհությամբ առաջվա կարգի համաձայն, որպեսզի գուցե համաձայնեն զոհած միս ուտել, որ երբեք օրենք չէր ուտել քրիստոնյաներին։ Երբ ոչ մեկն էլ հանձն չառավ [ուտել], շատ էլ չստիպեց, այլ հրամայեց մատուցել նրանց սովորական կերակուրը, և առավելապես գինիով էր ճոխացնում սեղանի ուրախությունը:

Եվ երբ այնտեղից դուրս եկան արքունի սրահը, նրանցից ոմանց ձերբակալեցին՝ ձեռները հետևները կապելով և խոնջանները կնքելով, և զգուշությամբ պահում էին որին երկու և որին էլ երեք օր։ Շատ ուրիշ անարժան չարչարանքներ էլ էին տալիս, որ մինչև անգամ գրի առնել արժանի չենք համարում։ Եվ նրանցից ոմանց էլ ազնվական պատվից զրկելով քաշեցին և հեռացրին։

Եվ դարձյալ նրանցից խումբ-խումբ ուղարկում էին հեռավոր երկիր՝ անբնակ վայրերի ամրոցները, թագավորի թշնամիների դեմ պատերազմ մղելու համար. շատերը հենց այնտեղ էլ իրենց մահը գտան սրով։ Եվ բոլորի նշանակված թոշակները պակասեցնում էին, և քաղցով ու ծարավով տանջում նրանց, ձմեռելու համար դժնդակ տեղեր էին նշանակում նրանց և բոլորի աչքում անարգ ու վատթար նրա՛նց էին ցույց տալիս։

Իսկ նրանք Քրիստոսի սիրո համար մեծ ուրախությամբ էին հանձն առնում բոլոր չարչարանքները այն մեծ հույսի ակնկալությամբ, որ առաջուց պատրաստված է պատվիրանապահ համբերողների համար։ Որքան չարությունը ավելացնում էր անարգանքը, այնքան նրանք ավելի ևս զորանում էին Քրիստոսի սիրո մեջ. մանավանդ որ նրանցից շատերը սուրբ գիրքը սովորել էին մանկությունից, մխիթարում էին իրենց և քաջալերում ընկերներին, և որպես լույսի աշտարակ կատարում ու ավելացնում կին [քրիստոնեական] պաշտամունքը։

Այս պատճառով էլ հեթանոսներից շատերը, որոնց ախորժելի ու ցանկալի էին թվում [նրանց երգերի] ձայները, քաջալերում էին նրանց և մխիթարության խոսքեր ասում, թե լավ է մարդ մահու չափ չարչարանք կրի, քան այդպիսի կրոնն ուրանա։

Սակայն թեպետև նրանք Քրիստոսի սիրո պատճառով խիստ ուրախ և զվարթ էին ներքուստ, բայց [նրանց] արտաքին տեսքը շատ ողորմելի էր օտարության մեջ։ Այնպիսի պատվական զինվորությունը հասել էր չարաշուք և անարգ վիճակի, և հայրենի ազատությունը չարաչար կերպով գտնվում էր մարդախոշոշ բռնավորի ծառայության մեջ, որը արյունհեղությամբ հեթանոսների օրենքներից էլ գերազանցում էր և ամենևին չէր կարծում, թե այս ամենի համար կարող է երկնքում մի վրեժխնդիր լինել։

Այլև ոչ ոքի երկրավոր ծառայությունները չէր հիշում. և որ ամեն բանից մեծ է մարմնավոր կարգով, այնտեղ կային նախարարներից ոմանք, որոնք նրա եղբայրներին մեծացրել էին իրենց մայրենի կաթով, ամենից ավելի նրանց, էր տանջում։

Բացի այս ամենից՝ մի այլ չարություն էլ նյութեց։ Իր հավատարիմ ծառաներից մեկին, որի անունը Դենշապուհ էր, գործով ուղարկեց Հայոց երկիրը. սա եկավ տեղ հասավ արքունի հրամանով, բերեց մեծ թագավորի ողջույնը, և խաղաղասեր կեղծավորությամբ ամբողջ Հայոց երկիրը աշխարհագիր արեց՝ իբր թե հարկերը ներելու և այրուձիու ծանրությունը թեթևացնելու նպատակով։ Թեպետև երեսանց կեղծավորություն էր անում, բայց ներքուստ երևում էին չարագույն դիտավորությունները։

Առաջին, եկեղեցու ազատությունը ծառայության տակ դրեց:

Երկրորդ, վանքերում բնակված միայնակյաց քրիստոնյաներին նույն աշխարհագրի տակ գցեց։

Երրորդ, երկրի հարկն ավելի ծանրացրեց։

Չորրորդ, նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց։

Եվ այս ամենն անում էր, որպեսզի գուցե քանդի միաբանությունը, և եկեղեցու ուխտը ցրվե, և միայնակյացներին փախցնի, և շինականներին տկարացնի. և չափազանց աղքատության պատճառով ակամա ընդունեն մոգական կրոնը։

Բայց ամենից վատթարը հինգերորդն էր. որովհետև նա, որ երկրի հազարապետն էր, համարվում էր քրիստոնյա աշխարհականների վերակացու հայրը. սրա դեմ գրգռելով ամբաստանություն հարուցեց, և նրան գործից հանելով՝ նրա փոխարեն մի պարսիկ բերեց [մեր] աշխարհը, և մի մոգպետի էլ աշխարհին դատավոր [կարգեց], որպեսզի եկեղեցու փառքը նսեմացնեն։

Սակայն թեպետև այս բոլոր գործերը դժնդակ էին, բայց դեռ ոչ ոք հայտնի կերպով ձեռք չէր տվել եկեղեցուն. այդ պատճառով էլ ոչ ոք նրան չընդդիմացավ, թեև հարկերը ծանր էին։ Որովհետև որտեղից պետք էր հարյուր դահեկան առնել, կրկնապատիկն էին առնում. այսպես էլ [հարկի տակ] դրին եպիսկոպոսներին և երեցներին, ոչ միայն շեն, այլև ավերակ տեղերը։ Մանավանդ ո՞վ կարող է պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր ու սակեր, բաժեր ու հասեր էին նշանակված լեռների, դաշտերի և անտառների վրա։ Առնում էին ո՛չ թե ինչպես վայել է պետական արժանապատվությանը, այլ ավազակաբար հափշտակելով, այն աստիճան, որ իրենք էլ մեծապես զարմանում էին՝ թե մի տեղից որ այսքան գանձ է դուրս գալիս, էլ ինչպե՞ս է շեն մնում այդ աշխարհը։

Եվ երբ տեսան, թե այս ամենով չկարողացանք զզվեցնել, այն ժամանակ հայտնապես հրաման տվին մոգերին և մոգպետներին մի նամակ գրել իրենց ձախուծուռ հավատի համաձայն։ Եվ նամակի պատճենն այս է.

«Միհրներսեհ Վզուրկ» հրամատար Երան և Աներան, Հայոց Մեծաց շատ ողջույն».

«Իմացած եղեք, որ ամեն մարդ, ով բնակվում է երկնքի տակ և չունի դենիմազդեզն կրոնը, նա խուլ է և կույր և Հարամանիի դևերից խաբված։

«Որովհետև քանի դեռ չկային երկինքն ու երկիրը, մեծ աստված Զրվանը հազար տարի զոհ էր անում և ասում էր, «Թերևս ինձ մի որդի լինի Որմիզդ անունով, որ ստեղծի երկինքն ու երկիրը»։ Եվ հղացավ երկու հոգի իր որովայնում, մեկը՝ զոհ մատուցանելու և մյուսն էլ թերևս, ասելու համար։ Երբ իմացավ, որ որովայնի մեջ երկուսն են, ասաց. «Որը շուտ դուրս գա, նրան կտամ թագավորությունս»։

«Բայց նա, որ թերահավատությունից էր հղացած, պատառեց որովայնը և դուրս եկավ։ Ասում է նրան Զրվանը. «Ո՞վ ես դու»։ Ասում է՝ «Քո որդին եմ՝ Որմիզդը»։ Զրվանն ասում է նրան, «Իմ որդին լուսավոր է և անուշահոտ, դու խավարային ես և չարասեր»։ Եվ երբ խիստ դառնապես լաց եղավ, թագավորությունը նրան տվեց հազար տարով։

«Երբ ծնավ մյուս որդուն ևս, անունը Որմիզդ դրեց. թագավորությունը խլԵց Արհմնից և տվեց Որմզդին, և ասում է նրան, «Մինչև այժմ ե՛ս քեզ զոհ արի, այժմ դո՛ւ ինձ արա»։ Եվ Որմիզդն ստեղծեց երկինքն ու երկիրր, իսկ Արհմընը նրա դեմ չար գործեց։

«Եվ արարածներն այսպես են բաժանվում, հրեշտակները Որմզդինն են, իսկ դևերը՝ Արհմնինը, և այն բոլոր բարիքները, որոնք երկնքից գալիս են երկիր, Որմզդինն են, իսկ այն բոլոր վնասները, որ գործվում են այնտեղից այստեղ, Արհմնի արածներն են։ Նմանապես երկրիս վրա ինչ որ բարի է, այն Որմիզդն է ստեղծել, իսկ ինչ որ բարի չէ, այն Արհմնն է ստեղծել, ինչպես որ մարդուն Որմիզդն է ստեղծել, իսկ ախտերը, հիվանդություններն ու մահը Արհմնն է ստեղծել։ Եվ բոլոր թշվառություններն ու փորձանքները, որ լինում են, և դառն պատերազմները չարի մասի արարածներն են. իսկ հաջողություններն ու իշխանությունը և փառքն ու պատիվները, և մարմնի առողջությունը, դեմքի գեղեցկությունը և ճարտարախոսությունն ու երկարակեցությունը,— սրանք բարիից են [իրենց] գոյությունն առնում, իսկ այն ամենը, որ այդպես չէ, նրա մեջ չարի գործ է խառնված։ «Եվ մոլորված են այն բոլոր մարդիկ, որ ասում են, թե «Մահն աստված է ստեղծել, և չարն ու բարին նրանից են լինում»։ Մանավանդ, ինչպես քրիստոնյաներն են ասում, թե «Աստված նախանձոտ է. ծառից մի թուզ ուտելու համար աստված մահ ստեղծեց, և մարդուն այդ պատժին ենթարկեց»[1]: Այդպիսի նախանձ մարդն էլ չունի մարդու նկատմամբ, ո՛ւր մնաց թե աստված [ունենա] մարդկանց նկատմամբ. որովհետև ով ասում է այս բանը, նա խուլ է և կույր, և Հարամանիի դևերից խաբված։

Մի ուրիշ մոլորություն էլ. ասում են՝ «Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, եկավ և ծնվեց մի կնոջից, որի անունն էր Մարիամ և նրա մարդու [անունը] Հովսեփ»[2]. իսկ ճշմարտությունն այն է, որ նա Բանթուրակ անունով մեկի որդին է եղել, անկարդ խառնակությունից [ծնված]։ Եվ այդպիսի մարդու հետևից են մոլորված շատերը։

«Եթե Հոռոմների աշխարհը մեծ հիմարության պատճառով տգիտաբար մոլորվել է և ղրկվել մեր կատարյալ հավատից, իրենց անձերին են պատճառում իրենց վնասը. էլ դուք ինչո՞ւ եք նրանց մոլորության հետևից գնալով խելացնորվում։ Այլ՝ ինչ կրոն որ ձեր տերն ունի, դուք էլ նույնն ունեցեք, մանավանդ որ աստծու առաջ էլ ձեզ համար հաշիվ պետք է տանք։ «Մի հավատաք ձեր առաջնորդներին, որոնց նածրացի եք անվանում, որովհետև սաստիկ խաբեբաներ են, ինչ որ խոսքերով ուսուցանում են, գործով հանձն չեն առնում։ Ասում են՝ «Միս ուտելը մեղք չէ», և իրենք չեն ուզում ուտել. «Կին առնել պետք է», բայց իրենք նրա վրա նայել էլ չեն ուզում. «Հարստություն ժողովելը, ասում են, շատ մեղք է», բայց աղքատությունը չափից ավելի են գովում։ Հարգում են թշվառությունը և պարսավում հաջողությունը. ծաղրում են բախտի անունը և խիստ պախարակում են փառավորությունը. սիրում են անշուք հագուստը և անարգ բաներն ավելի են հարգում, քան պատվականները. մահը գովաբանում են և կյանքը պարսավում, մարդու ծնունդն անարգում են և գովում են անզավակությունը։ Եվ եթե մարդ դրանց լսի և կանանց կմերձենա, շուտով կհասնի աշխարհի վերջը:

«Սակայն ես չկամեցա ամեն բան մանրամասն գրել ձեզ, որովհետև ուրիշ շատ բաներ էլ կան, որ խոսում են դրանք։ Այս բոլոր գրածներիցս ավելի վատթարագույնն այն է, որ քարոզում են, թե աստված մարդկանց ձեռքով խաչ բարձրացվեց, նույնը մեռավ և թաղվեց, և ապա հարություն առավ ու երկինք վերացավ։ Չէ՞ որ դուք ինքներդ պետք է դատաստան անեիք այդպիսի անարժան ուսմունքների համար։ Դևերը, որ չար են, չեն բռնվում ու տանջվում մարդկանց կողմից, ո՛ւր մնաց աստված, բոլոր արարածների արարիչը. այսպիսի բաներ ասելը ձեզ համար ամոթ է, իսկ մեզ համար՝ խիստ անհավատալի։

«Արդ, երկու բան կա ձեր առաջ. կա՛մ կետ առ կետ պատասխան տվեք այս նամակին և կա՛մ վեր կացեք Գուռն եկեք և ներկայացեք Մեծ ատյանին»։


ԱՅՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ,

ՈՐՈՆՔ ԺՈՂՈՎՎԵՑԻՆ ԱՅՐԱՐԱՏՅԱՆ ԳԱՎԱՌԸ ԵՎ

ՆԱՄԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԻՆ

Հովսեփ՝ Այրարատի եպիսկոպոս.
Սաճակ՝ Տարոնի եպիսկոպոս.
Մեդետ՝ Մանազկերտի եպիսկոպոս.

Եզնիկ՝ Բագրևանդի եպիսկոպոս.
Սուրմակ՝ Բզնունյաց եպիսկոպոս.
Տաճատ՝ Տայոց եպիսկոպոս.
Թաթիկ՝ Բասենի եպիսկոպոս.
Քասու՝ Տուրուբերանի եպիսկոպոս.
Երեմիա՝ Մարդաստանի եպիսկոպոս.
Եվղաղ՝ Մարդաղվո եպիսկոպոս.
Անանիա՝ Սյունյաց եպիսկոպոս.
Մուշե՝ Արծրունյաց եպիսկոպոս.
Սաճակ՝ Ռշտունյաց եպիսկոպոս.
Բասիլ՝ Մոկաց եպիսկոպոս.
Գադ՝ Վանանդի եպիսկոպոս.
Եղիշա՝ Ամատունյաց եպիսկոպոս.
Եղբայր՝ Անձավացյաց եպիսկոպոս.
Երեմիա՝ Ապահունյաց եպիսկոպոս։

Այս բոլոր եպիսկոպոսները և բազմաթիվ քորեպիսկոպոսներ և պատվական երեցների զանազան տեղերից եկեղեցու սուրբ ուխտի հետ միասին՝ միաբան և միահավան, միահամուռ ժողովելով թագավորանիստ վայր Արտաշատում՝ մեծամեծ նախարարների և աշխարհի ամբողջ բազմության հավանությամբ գրեցին նամակի պատասխանը։

«ՀՈՎՍԵՓ ԵՊԻՍԿՈՊՈՍ, ինձ հետ միաբանածների ճետ միասին մեծամեծներից մինչև փոքրերը, Արիների և Աճարիների Միհրներսեհ մեծ հազարապետին շատ ու շատ ողջույն խաղաղասեր մտքով, քեզ և Արյաց ամբողջ զորաբանակին:

«Նախնիներից սովորություն ունենք՝ աստվածատուր պատվիրանի համաձայն՝ աղոթք անել թագավորի կյանքի համար և անդադար խնդրել աստծուց նրա համար երկար կյանք, որպեսզի խաղաղությամբ վարի այն տիեզերական իշխանությունը, որ աստված է հանձնել դրան, որպեսզի դրա երկարատև խաղաղ կառավարության ժամանակ մենք էլ առողջությամբ և աստվածպաշտությամբ անցկացնենք մեր «Մեր աշխարհն ուղարկած քո նամակի վերաբերմամբ [պատասխանում ենք], առաջ ժամանակները մոգպետներից մեկը, որ ձեր հավատի մեջ ամենից կատարյալն էր, և դուք նրան մարդկային բնությունից վեր մի բան էիք համարում, հավատաց երկնքի ու երկրի արարիչ կենդանի աստծուն, և կետ առ կետ հերքեց ու հասկացրեց ձեզ ձեր կրոնը։ Եվ երբ չկարողացան խոսքով նրա դեմն առնել, քարկոծելով մեռավ Որմիզդ արքայից: Եվ եթե ճիշտ կհամարես լսել մեր ասածը, այդտեղ ձեր աշխարհի շատ վայրերում կա նրա դիրքը, կարդա և այնտեղից կտեղեկանաս։

«Ինչ վերաբերում է մեր կրոնին, ամենևին աներևույթ չէ այն և ոչ էլ աշխարհի որևէ մի անկյունում է քարոզվում, այլ համատարած ամբողջ աշխարհում, ծովի և ցամաքի ու կղզիների վրա, ո՛չ միայն արևմուտքում, այլև արևելքում, այլև հյուսիսում ու հարավում և մեջերքում լի է հոծությամբ։ Ո՛չ թե մարդու է ապաստանած, որ վերակացուի միջոցով տարածվի աշխարհում, այլ իր հաստատությունն իր մեջ ունի։ Ո՛չ թե ուրիշ վատթարների մոտ է վեհ երևում, այլ վերևից երկնքից ունի իր անսուտ օրենսդրությունը, ո՛չ միջնորդի ձեռքով, որովհետև մեկ է աստված և բացի նրանից ուրիշը չկա, ո՛չ ավելի մեծ և ո՛չ էլ ավելի փոքր։

«Ո՛չ թե որևէ մեկից է աստված սկիզբն առել, այլ ինքնըստինքյան մշտնջենավոր է. ո՛չ թե մի որևէ տեղ է, այլ ինքը տեղ է իրեն համար, և ո՛չ թե գտնվում է որևէ ժամանակի մեջ, այլ ժամանակները նրանից են գոյացել, և ո՛չ միայն ավելի հին է, քան երկինքը, այլև քան կարող են մտածել ու կարծել մարդիկ ու հրեշտակները։ Տարբեղեն կերպարանք չի ընդունում և աչքի տեսողության չի ենթարկվում. և ո՛չ միայն ձեռքով չի կարելի զննել, այլև ոչ ոքի մտքի տակ անգամ չի ընկնում, ո՛չ միայն մարմնավորներիս, այլև անմարմին հրեշտակների, բայց եթե ինքը կամենում է, ճանաչվում է իր արժանավոր [հավատացյալներին] մտքով, բայց աչքերին չի երևում, և այն էլ՝ ոչ թե երկրավորներիս մտքով [է ճանաչվում], այլ նրանց, ովքեր ճշմարտությամբ հավատացել են աստծուն։ «Եվ նրա անունն է երկնքի ու երկրի արարիչ. իսկ երկնքից ու երկրից առաջ, որպես ինքնագո՝ ինքնանուն է։ Ինքն անժամանակ է, իսկ արարածներիս երբ կամեցավ՝ լինելու սկիզբ դրեց ո՛չ թե ընչից, այլ ոչնչից. որովհետև ինչը միայն նա է, և մնացած ամեն բան նրանից ընչացավ։ Ո՛չ թե իբր հետո իմացավ և ստեղծեց, այլ դեռևս չստեղծած իր կանխագիտությամբ տեսնում էր արարածներին. ինչպես և այժմ նախքան մարդու բարի կամ չար բան գործելը՝ աստծուն հայտնի են մարդկանց գործերը։ Այսպես էլ այն ժամանակ, երբ դեռ չէր ստեղծել, ոչ թե խառնիխուռն էր ճանաչում դեռ չստեղծվածներին, այլ յուրաքանչյուր մասերի տեսակները նրա առաջ կային կարգավորված և հարմարեցված. իսկ մարդկանց և հրեշտակների [վերաբերմամբ]՝ թե՛ տեսակները և թե՛ այն ամենը, ինչ որ լինելու էին տեսակի մեջ։

«Եվ որովհետև ստեղծող զորություն է, մեր չարությունը չէր կարող արգելք լինել նրա բարերարությանը. ինչպես որ հենց եղավ էլ, և դատավոր ունենք արարիչ աջը։ Այն ձեռքը, որ երկինքն ու երկիրը հաստատեց, նույնը և քարեղեն տախտակների վրա փորագրեց և դպրություն տվեց մեզ, որը պարունակում է խաղաղական և փրկարար օրենքներ, որպեսզի ճանաչենք երևելի և աներևույթ [արարածների] արարիչ մի աստծուն. ո՛չ այլ և այլ, իբր թե մեկը բարի և մյուսը՝ չար, այլ միևնույնը համակ բարի։

«Բայց եթե քեզ թվա, թե աստծու ստեղծածների մեջ չար բան կա, ասա՛ համարձակ, որպեսզի թերևս ճշմարիտ բարին սովորես։ Ասացիր, թե դևերը չար են. կան և բարի դևեր, որոնց թե՛ դուք և թե՛ մենք հրեշտակ ենք անվանում. եթե կամենան՝ դևերն էլ բարի կլինեն, և եթե կամենան՝ հրեշտակներն էլ չար կլինեն։ Այս բանը մարդկանց մեջ էլ է լինում, և ավելի միևնույն հոր որդիների մեջ. կա, որ հնազանդ ու հպատակ է հորը, և կա՛, որ սատանայից էլ ավելի վատ է։ Նույնիսկ ինքը մարդն էլ առանձին՝ երկուսի բաժանված է երևում, երբեմն չար և երբեմն բարի, նա, որ բարի էր, նույնը չարացավ, պատահեց, որ կրկին դեպի բարին շրջվեց, բայց բնությունը մեկ է։ «Իսկ այն, որ ասում ես, թե մեկ թուզի համար աստված մահ ստեղծեց, մի կտոր մագաղաթը ավելի աննշան բան է, քան թուզը, բայց եթե թագավորի խոսքը գրվում է նրա վրա, ով այն պատռում է, մահվան պատիժ է ստանում: Արդ, կարելի՞ է չար ասել թագավորի մասին. ամենևի՛ն, ես չեմ ասում, այլ որպես խրատ գործածելով՝ ուրիշներին սովորեցնում եմ։ Աստված այն ժամանակ նախանձոտ կլիներ, եթե պատվիրած չլիներ այն ծառից չուտել. իսկ եթե առաջուց զգուշացրեց, իր բնական սերն ու գութը ցույց տվեց նրա վերաբերմամբ։ Իսկ մարդն արհամարհելով [այն]՝ մահվան պատիժ ընդունեց։

«Բայց այն, որ ասացիր, թե աստված կնոջից ծնվեց, դրանից քեզ վայել չէր խորշել և փախչել, որովհետև ահավասիկ Արհմնը և Որմիզդը հորից են ծնվել և ոչ թե մորից, որի մասին եթե լավ մտածես, դու էլ չես ընդունի։ Եվ մի այլ դրանից էլ ավելի ծաղրելի բան, Միհր աստվածը կնոջից է ծնվում, եթե [ներելի է, որ] մեկն իր ծնողի հետ պառկի։

«Բայց եթե մի քիչ քեզնից հեռացնեիր իշխանական գոռոզությունդ, և գայիր ընկերաբար պայքարելու, գիտեմ, որ ինչպես ուրիշ ամեն բանով շատ իմաստուն ես, մեր տիրոջ սուրբ կույսից ծնվելն էլ ավելորդաբանություն չէիր համարի, այլ աշխարհս ոչնչից ստեղծելուց ավելի մեծագույնը կհամարեիր վերջին փրկությունը, հանցավորությունը կվերագրեիր մարդու ազատությանը, իսկ ծառայությունից ազատվելը՝ աստծու բարերարությանը։

«Որովհետև երբ լսում ես, թե աստված այս ամբողջ աշխարհը ոչնչից ստեղծեց, այնպես պետք է հասկանաս, որ արարածները նրա խոսքով ծնվեցին։ Իսկ աստված, որ այս մեծ մարմինն առանց չարչարանքի ծնեց, իհարկե, իբրև հայր գութ ունի սրա վրա։ Որովհետև քանի որ ինքն անապական է, արարածներին էլ առանց ապականության ծնեց. իսկ սա իր կամքով գլորվելով ապականվեց, և ինքն իրեն այլևս չէր կարող ոտքերի վրա հաստատուն կանգնել։ Որովհետև հողից էր [ստեղծված], ինքն իրեն վնասելով՝ նորից նույն բնությանը դարձավ, և քանի որ ո՛չ թե ուրիշ որևէ շար զորությունից ընդունեց պատիժն ու պատուհասը, այլ իր անհոգությունից, որ չլսեց բարերար պատվիրանը, նրա ծառայական մասը պատժվեց մահով, որ կրեց իր անձի մեջ:

«Արդ՝ եթե մահը չար աստվածն ստեղծեց, մեջտեղը մահվան ի՞նչ գոյացություն է երևում. ոչինչ։ — Բայց բարի աստծու արարածներին փչացրեց։ — Եթե այդ այդպես է՝ նրան չի կարելի բարի էլ ասել, այլ կիսագործ ապականացու։ Եվ ո՛ր աստծու արարածները ապականվող են և փչացող, նրան չի կարեյի անեղծ աստված ասել. թողե՛ր, ուրեմն, այդ հիմար բարբաջանքները:

«Մի աշխարհը երկու իշխող չի ունենա, ոչ էլ մի արարածը՝ երկու աստված: Եթե մի աշխարհին հանդգնեն իշխել երկու թագավորներ, աշխարհը կփչանա, և թագավորությունները կոչնչանան։

«Այս աշխարհը նյութեղեն է, և նյութերը ջոկ-ջոկ են և միմյանց հակառակ։ Այս հակառակորդների արարիչը մեկ է, որ համաձայնեցնելով սրանք՝ սիրել է տալիս միմյանց. ինչպես որ [ստեղծողը] կրակի ջերմությունը ճզմելով՝ մեղմացնում է օդի հովությամբ, և օդի կարծր բրտությունը՝ կրակի ուժով, այնպես էլ մանրամաղ փոշիացած հողը զանգում է ջրի խոնավությամբ, իսկ ջրի վայր թափվող բնությունը սալահատակի նման ամրացնում է հողի խառնուրդով։

«Որովհետև եթե այս տարրերը միաբանվեին, գուցե կարճամիտներից մեկը անապական աստված էլ կարծեր սրանց, և արարչին թողնելով այս արարածներին երկրպագություն մատուցաներ. այդ պատճառով էլ ով որ սրան ստեղծեց, առաջուց զգուշացավ, որպեսզի մարդիկ տեսնելով այս ապականացու տարրերի ակներևությունը, միմիայն սրա կառավարողին ճանաչեն անապական, մեկին և ո՛չ երկուսին, նույն արարչին այս չորս տեսակ նյութերի, որոնցից առաջանում են բոլոր բաները իրենց ստեղծողի հրամանով։

Եվ շրջափոխվելով՝ չորս եղանակով կատարում են իրենց տարևոր սպասավորությունը. և չորսն էլ նայում են իրենց ստեղծողի կամքին ու ակնարկությանը, և առանց գիտակ— ցելու լծված են անհրաժեշտ գործը կատարելու՝ պատվի կարգը չհափշտակեշով միմյանցից։

«Ահա պարզորեն ասված ամեն մարդու համար դյուրըմբռնելի բացատրությունը։

Որովհետև կրակը գոյացությամբ և զորությամբ խառնված է երեք մասերի մեջ էլ. այնպես որ ջերմությունն ավելի շատ գտնվում է քարերի և երկաթների մեջ, և ավելի քիչ օդի և ջրի մեջ, բայց ինքն առանձին ոչ մի տեղ չի երևում։ Իսկ ջրի բնությունն այնպես է, որ առանձին էլ կա, երեք մասերի հետ խառն էլ կա, ավելի շատ՝ հողաբույսերի մեջ և ավելի քիչ՝ օղի և կրակի մեջ։ Իսկ օդը թափանցանց գտնվում է կրակի և ջրի մեջ և ջրի միջոցով էլ բուսական կերակուրների մեջ։

«Եվ այսպես այս տարրերը խառնված են և դարձել են ինչպես մի մարմին, և չեն կորցրել յուրաքանչյուրն իր բնությունը, և երբեք էլ կանգ չեն առել հակառակությամբ, հնազանդ մնալով այն անխառն իշխանին, որ խառնվածները հարմարեցնում է իրար հետ՝ բոլոր կենդանիների բնակության և ամբողջ աշխարհիս հարակա տևողության համար։

«Իսկ եթե այս անբան աշխարհի համար այսպես հոգ է տանում աստված, ինչքա՞ն ավելի կհոգա բանավոր աշխարհի՝ մարդու համար։

«Այս բանն ասաց նաև ձեր երևելի իմաստուններից մեկը, թե Միհր աստվածը մարդկային մոր ծնած էր, և աստվածազավակ թագավոր է և քաջ համհարզ յոթերորդ աստվածների։ Եթե կարելի է հավատալ այդ առասպել արագությանը,— որ զուր նույնիսկ գործերով կատարյալ եք ցույց տալիս ձեր հավատի մեջ,— մենք այլևս առասպելներին չենք հավատում, այլ աշակերտ ենք մեծ Մովսես մարգարեի, որի հետ աստված խոսեց մորենու մեջ Սինայում, և դեմառդեմ օրենքներ դրեց և տվեց նրան. և հասկացրեց այս նյութեղեն աշխարհի արարածական լինելը, և իր աննյութ էությանը, որ այս նյութերի ստեղծողն է ոչնչից. և հասկացրեց նրան, որ այս երկիրը երկրավորներով և երկինքը երկնավորներով նրա ձեռքի գործն են։ Երկնքի բնակիչները հրեշտակներն են, իսկ երկրի բնակիչները՝ մարդիկ, բանավոր են միայն մարդն ու հրեշտակը, իսկ աստված բարձր է երկնքից և երկրից:

«Եվ բոլոր արարածներն անբանորեն կատարում են նրա պատվիրաններն ու հրամանները և երբեք չեն անցնում իրենց համար դրված սահմանից. բայց մարդն ու հրեշտակը ազատ են թողնված իրենց կամքին, որովհետև բանական են, եթե նրա հրամանին հնազանդ մնան, անմահ են և աստծու որդիներ: Բոլոր արարածներին տվել է ծառայության համար — երկիրս՝ մարդկանց, իսկ երկինքը՝ հրեշտակներին. իսկ եթե ականջ չդնեն և պատվիրանը չպահեն, աստծուն ընդդեմ գործեն, ամեն պատվից [կընկնեն] և կանարգվեն, որպեսզի [նրա] իշխանությունն անբամբաս երևա, իսկ հանցանք կատարողներն ամոթալից լինեն։

«Իսկ եթե դու մոլորվել ես տգիտության մեջ, ես, որ հաստատ գիտեմ, չեմ կարող քո մոլորության հետևից գալ: Եթե հետևեմ քո անուսումնությանդ, երկուսս էլ անդառնալի կորստի կմատնվենք, գուցե՝ ես քեզանից ավելի վատթար, որովհետև ինձ վկա ունեմ աստծու ինքնասաց ձայնը. «Այն ծառան, ասում է, որը շգիտե իր տիրոջ կամքը և ծեծի արժանի մի գործ է կատարում, ծեծ ուտելն ուտում է, բայց ավելի քիչ[3], իսկ ով լավ տեղյակ է թագավորի կամքին և որևէ հանցանք է գործում նրա առաջ, բազմապատիկ տանջանքի է ենթարկվում առանց բարեխոսի»։

«Արդ, խնդրում եմ քեզ և քո իշխանության տակ եղած բոլորին. ո՛չ դու ինձ հետ բազմապատիկ տանջանքի ենթարկվիր» և ո՛չ էլ ես քեզ հետ՝ ավելի քիչ. այլ ես ու դու և ամբողջ բազմությունդ քաջ թագավորիդ հետ միասին այնպես աշակերտենք աստվածային գրքերին, որ տանջանքներից փրկվենք և դժոխքն արհամարհենք և անհանգչելի կրակից ազատվենք, և արքայությունը ժառանգենք, և այս անցավոր կյանքով անվերջ ունենանք անանց մեծությունը։

«Բայց ինչ բանից որ դու զարհուրել ես, բարեհաճ եղիր և շուտով կաշակերտես ճշմարտությանը։ «Հրեշտակներից մեկն անմահների գնդից՝ ապստամբվելով և հեռանալով երկնքից և գալով մեր աշխարհը՝ խաբեական խոսքերով ու սուտ խոստումով անիրագործելի հույս տվեց անփորձ ու անկիրթ նոր եղած մարդուն, ինչպես մի մանուկ տղայի, ըմբոստացնելով նրա միտքը, որ ուտի այն ծառի պտղից, որին հրամայել էր չմոտենալ,— որպեսզի աստված դառնա։ Իսկ նա Աստծու պատվիրանը մոռանալով՝ խաբվեց-գնաց մոլար խաբեության հետևից, կորցրեց իր ունեցած անմահ փառքը և չհասավ երազով հուսացած փառքին։ Ուստի և մերժվելով կյանքի վայրից՝ գցվեց այս ապականելի աշխարհը, որի մեջ դուք Էլ բնակված եք այժմ, և ցնորված մոլորվում եք միևնույն խրատտուի հետևից, այլևս չուտելով պատվիրած ծառից, այլ արարածներին աստված անվանելով, և անխոս տարրերին երկրպագելով, և անորովայն դևերին կերակուր մատուցանելով և բոլորի արարչից հեռացած լինելով։

«Չար խրատտուն չի կշտանում, այլ կամենում է, որ իրենից է՛լ ավելի վատթարները կատարի։ Որովհետև դևերը ոչ թե բռնությամբ են մարդուն դեպի կորուստ տանում, այլ մեղքը քաղցրացնում են մարդու քմքի համար և հորդորելով որսում են անուսումներին ու խաբում, ինչպես որ շատ մարդիկ իրենց ընկերներին գողության և ավազակության են հորդորում. ո՛չ թե որևէ բռնությամբ մղելով, այլ ստապատիր խաբեությամբ շատ չարիքներ են գործել տալիս, ոմանց կախարդություն, ոմանց պոռնկություն և ոմանց էլ շատ ուրիշ անթիվ աղտեղի բաներ։ Եվ արդար դատավորների միջոցով մահու չափ վրեժ են առնում. ո՛չ իբր թե բարի աստծու դատավորները բարեգործ են լինում, իսկ չարինը՝ չարագործ, որովհետև շատ է պատահում, որ բարի մարդկանցից չարություն է բխում, և հետո այն չարագույններից էլ կատարյալ բարություն։

«Եվ ճշմարիտ դատավորները, որոնք դատում են չարագործներին, ոչ թե չար ու չարչարոզ են կոչվում, այլ շատ բարի և բարեգործ. և բնությունը մեկ է և ոչ թե երկու, իսկ այն մեկից երևան են գալիս երկու, տեսակ գործեր. ոմանց Համար մահաբեր, իսկ ուրիշների համար պարգևատու։ Եվ եթե մարդկանց մեջ այսպես է կիրառվում, որ [դատավորը] թագավորից ստացած իրավունքի համաձայն պատժի միջոցով կառավարում է իր իշխանությունը, որչա՞փ ավելի կլինի աստծու խնամքը ամբողջ աշխարհի համար, որ բոլորին էլ կյանք է կամենում և ոչ թե մահ։ Եվ ահա, ուր բազմացավ հանցանքը, բոլորին էլ մահով պատմեց, իսկ ուր հնազանդություն և լսողություն եղավ, անմահության պարգևներ շնորհեց։

«Ճշմարիտ աստվածը, մեր բոլորիս արարիչը նա է, որին դու անսանձ արձակ բերանով անահ, աներկյուղ, համարձակ հայհոյում ես։ Թողած Հիսուս Քրիստու փրկական անունը, Փանդուրակի որդի ես անվանում և կարծում ես, թե մոլորեցուցիչ մարդ է. այլև երկնավոր փրկությունն աղավաղում- անարգում ես՝ անձիդ և այս ամբողջ աշխարհի կորստյան համար։ Այդ տանջանքների անանցական վրեժը պիտի փոխհատուցես սպառնացված Գեհենին անշեջ կրակի մեջ՝ քո բոլոր գործակիցներով մեկտեղ, առաջիններով, միջիններով և վերջիններով։

«Իսկ մենք այսպես ենք ճանաչում աստծուն և այս բանին հավատում ենք աներկբա։

«Աստված, որ ստեղծեց այս աշխարհը, նույնը եկավ և ծնվեց սուրբ կույս Մարիամից, ինչպես առաջուց գուշակել էին մարգարեները, առանց մարմնավոր կարգի որևէ պատճառի։ Ինչպես որ ոչնչից ստեղծեց այս մեծամարմին աշխարհը, այնպես Էլ առանց որևէ մարմնական միջնորդի իր մարմինն առավ անարատ կույսից ճշմարտապես, և ոչ իբրև ստվեր երևալով։ Ճշմարտապես աստված էր և ճշմարտապես մարդ դարձավ. ո՛չ մարդ դառնալիս աստվածությունը կորցրեց, և ո՛չ էլ աստված մնալիս՝ աղավաղեց մարդկությունը, այլ [մնաց] միևնույնը։

«Բայց որովհետև չէինք կարող տեսնել անտեսանելուն և մերձենալ անմերձենալուն, ուստի եկավ մեր մարդկությունն ընդունեց, որպեսզի մենք էլ նրա աստվածություն [ից բաժին] ընդունենք։ Ամենևին անարգանք չհամարեց իր ստեղծած մարմինն առնելը, այլ մեծարեց նրան իբրև իր աստվածաստեղծ գործը։ Ո՛չ թե քիչ-քիչ շնորհեց սրան անմահության պատիվն ինչպես անմարմին հրեշտակներին, այլ միանգամից զգեցավ ամբողջ բնությունը մարմնով՝ շնշով և հոգով, և միացրեց աստվածության հետ. միություն և ոչ թե երկուություն. և այսուհետև մեկ ենք ճանաչում աստվածությունը, որ կար այս աշխարհից առաջ, նույնը և այսօր։

«Այս Հիսուս Քրիստոսը, որ իր մարմնով փրկեց ամբողջ աշխարհը, իր կամքով դեպի մահ եկավ. և ինչպես ինքն աստվածությունը գիտե՝ մարմնացավ անարատ կույսից և ծնվեց ու խանձարուրներով փաթաթվեց և մսուրի մեջ դրվեց, և արևելքից մոգերին շարժեց-բերեց իրեն երկրպագելու. որպես երեխա սնվեց կաթով, աճեց ու մեծացավ երեսուն տարի, ամլորդի Հովհաննեսից մկրտվեց Հորդանան գետում։ Մեծամեծ հրաշքներ ու սքանչելիքներ գործեց հրեաների մեջ. մատնվեց քահանաների կողմից, դատապարտվեց Պոնտաղի Պիղատոսի կողմից։ Խաչվեց, մեռավ, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, երևաց տասներկու աշակերտներին և ուրիշ շատերին՝ ավելի քան հինգ հարյուրի։ Եվ նրանց հետ շրջվելով քառասուն օր՝ երկինք վերացավ Ձիթենյաց սարից իր աշակերտների աչքի առաջ, ելավ ու նստեց հայրենի աթոռը։ Խոստացավ երկրորդ անգամ գալ ահավոր զորությամբ՝ մեռելներին հարություն տալու, ամբողջ աշխարհս նորոգելու, արդարների և մեղավորների միջև արդար դատաստան անելու, արժանավորներին պարգևատրելու և ա՛յն չարագործներին պատմելու համար, ովքեր այս բոլոր բարերարություններին չեն հավատում։

«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ քուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված։

Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքումն են, և մեր մարմինները քո-առաջն են. քո կամքի համաձայն արա՛, ինչ ուզում ես։ Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն և ո՛չ էլ երկընքում ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն, որից բացի՝ ուրիշ աստված չկա։

Իսկ եթե այս մեծ վկայությունից հետո ուրիշ բան հարցնես, ահավասիկ պատրաստ ենք՝ մեր ամբողջ մարմինը քո ձեռքը տված. արա՛ շուտով՝ ինչ որ կամենում ես։ Քո կողմից տանջանք, իսկ մեր կողմից հանձնառություն. քո սուրը և մեր պարանոցները։ Մենք ոչնչով ավելի լավ չենք մեր նախնիներից, որոնք այս հավատի համար դրին իրենց գույքն ու ստացվածքը և մարմինները։

Որովհետև եթե անմահ էլ լինեինք և պետք լիներ մեզ մեռնել Քրիստոսի սիրո համար, արժան էր. որովհետև նա էլ անմահ էր, բայց այնչափ սիրեց մեզ, որ մինչև անգամ մահ հանձն առավ, որպեսզի մենք էլ նրա մահով փրկվենք հավիտենական մահից։ Եվ եթե նա իր անմահությունը չխնայեց, մենք, որ [մեր] կամքով մահկանացու եղանք, [մեր] կամքով էլ կմեռնենք նրա սիրո համար, որպեսզի նա էլ հոժարությամբ ընդունի մեզ իր անմահության մեջ. կմեռնենք իբրև մահկանացուներ, որպեսզի նա մեր մահն ընդունի որպես անմահների մահ։

«Իսկ դու այս ամենից հետո մեզ այլևս մի՛ հարցնի. որովհետև մեր հավատի ուխտը ո՛չ թե մարդու հետ է, որ երեխայի նման խաբվենք, այլ աստծու հետ է անլուծելի կերպով, որ անհնար է քանդել ու հեռանալ, ո՛չ այժմ և ո՛չ հետո, ո՛չ հավիտյանս և ոչ էլ հավիտենից հավիտյանս»։

Ամբողջ բազմությունը, մեծերից մինչև փոքրերը, միաբանվեցին այս մեծ վկայությանը. անսուտ երդում դրին՝ կյանքով և մահով հաստատ մնալ նրա վրա։

Երբ այս նամակն արքունիք հասավ և կարդացին մեծ Խոնաստանում բանակի ամբողջ բազմության առաջ, շատերը, որ լսում էին, գովում էին [տված] պատասխանները։ Թեպետև տերությունից երկյուղ էին կրում, սակայն գաղտնաբար մեկմեկու մոտ նույն գովասանական վկայությունն էին տալիս, ճարտարաբանությունից ավելի զարմանում էին աներկյուղ համարձակության վրա։ Եվ շատ ահաբեկվածներ սկսեցին ամրապես զորանալ և նույն շշնջյունն էր լսվում բոլոր շրթունքներից։

Իսկ չարասեր մոգպետը մեծ հազարապետի հետ միասին չարախոսություն շնչեց և թագավորին իբրև անշիջանելի հուր բորբոքեց։ Եվ նա սկսեց ատամները կրճտացնել ինչպես մի օրհասական վիրավոր և բոլորի առաջ ձայն արձակելով մեծ ատյանում՝ ասաց. «Ես գիտեմ այդ բազմաթիվ մարդկանց չարությունը, որոնք թերահավատությամբ են վերաբերվում մեր կրոնին և անդարձ մոլորված են կախարդության հետևից։ Եվ ես մտքումս դրել եմ, որ ոչ ոքի մեծամեծ հարվածներից չազատեմ, մինչև որ ակամա հեռանան այնպիսի սխալ կրոնից, եթե ամենամոտիկ մարդկանցիցս մեկն էլ լինի, նույն պատիժները նրան էլ կտամ»։

Այն ժամանակ դառնացած ծերը խոսք վրա բերեց և ասաց թագավորին. «Ինչո՞ւ համար է այդ քո մեծ տրտմությունը, որովհետև եթե կայսրը քո հրամանից դուրս չի գալիս, և հոները քեզ են ծառայում, էլ ո՞ր մարդն է երկրի վրա, որ կարող է ընդդիմանալ քո հրամանին։ Տիրաբար հրաման տուր ներսը ինչ էլ որ ասես՝ իսկույն կկատարվի»։

Եվ թագավորն անմիջապես ներս կանչելով դպրապետին՝ հրամայեց հրովարտակ դրել, բայց այլևս ո՛չ թե սովորության համաձայն, այլ զայրագին խոսքեր ինչպես ատելի և անպիտան անձերի, ամենևին չհիշելով տիրասեր մարդկանց մեծամեծ ծառայությունները, այլ միայն անուն-անուն կանչելու հրաման տալով այն մարդկանց, որոնց ինքը ճանաչում էր և որոնց անուններն են՝

Սյունյաց տոհմից Վասակ անունով.
Արծրունյաց տոհմից Ներշապուհ անունով,
Ռշտունյաց տոհմից Արտակ անունով,
Խորխոռունյաց տոհմից Գաղեշո անունով.
Մամիկոնյան տոհմից Վարդան անունով.
Մոկաց տոհմից Արտակ անունով.
Ապա հունյաց տոհմից Մանեճ անունով.

Ամատունյաց տոհմից Վաահան անունով.
Վահևունյաց տոհմից Գյուտ անունով.
Անձևացյաց տոհմից Շմավոն անունով:


Այս նախարարներին անուն - անուն կանչեցին արքունի դուռը: [Հայ նախարարների] մի մասը հենց իրեն մոտ էին բանակում, մյուսներն էլ հյուսիսային կողմերը՝ Հոնաց պահակում. նախարարներից ոմանց էլ թողել էր Հայոց աշխարհում։

Արդ. թեպետև բոլորը միևնույն տեղում չպատահեցին միմյանց, բայց առաջուց իմանալով չարաբարո բռնավորի մտադրությունները, հեռավորներին էլ իբրև միևնույն վայրում եղած մերձավորների միմյանց մոտիկ էին համարում։

Եվ սուրբ եպիսկոպոս Հովսեփի ձեռքով նույն ուխտի մեջ հաստատվելով՝ յուրաքանչյուրն իր տեղից ելան-գնացին արքունի դուռը։ Եվ շատ հին շտապում [իրենց] եղբայրների, որդիների և դայեկասնունդ սիբելի մտերիմների համար, որոնք խիստ մեծ նեղության մեջ էին։ Այս պատճառով էլ նրանք իրենց անձը մահվան մատնեցին՝ ամենևին չվախենալով ինչպես թույլ վատասիրտներ, այլ մեծ քաջությամբ սիրտ էին տալիս իրենց, որ գուցե կարողանան նրանց փրկել մեծամեծ հարվածներից։

Երբ հասան արքունի դուռը՝ զատկի ավագ շաբաթ օրը ներկայացան թագավորին։ Եվ թեպետ իրենց եղբայրներին տեսնում էին մեծամեծ վշտերի ու տառապանքների մատնված, որոնք Քրիստոսի անվան համար սաստիկ նեղության մեջ էին, բայց դեմքերին ոչ մի տրտմություն ու տխրություն չէին ցույց տալիս ժողովի առաջ։ Եվ որքան նրանք ուրախ-զվարթ էին երևում բոլորին, այնքան ավելի էին զարմանում չարասերները։

Առաջվան ժամանակներում կարգն այն էր, որ երբ Հայաստանից որևէ պատվավոր զորավարի առաջնորդությամբ հեծելազոր էր գնում Դուռը, [թագավորը] մարդ էր ուղարկում ընդառաջ և հարցնում էր Հայոց աշխարհի ողջությունն ու խաղաղությունը. և երկու-երեք անգամ նույնն էր անում, զորահանդեսն էլ [թագավորն] ինքն էր անում և պատերազմ սկսելուց առաջ նրանց իրեն մոտ գալ տեղ հասնելն անգամ մեծ շնորհակալության արժանի էր համարում և իր աթոռակիցների ու բոլոր մեծամեծների առաջ գովասանք էր տալիս ամենքին, հիշում էր նրանց նախնիների ծառայությունները և պատմում էր նրանցից յուրաքանչյուրի քաջությունը։

Իսկ այն օրը սրանցից և ոչ մեկն էլ չհիշեց, այլ ինչպես մի չար դև՝ չէր դադարում ձմեռվա բուքը հուզելուց և շարժելուց. ինչպես որ հենց նմանվում էլ էր վրդովված ալեկոծ ծովի, որը ոչ թե երեսանց է մի քիչ [հուզվում], այլ նույնիսկ անդունդից էր բարձրանում փրփրած ու իրար վրա դիզված, վիշապաձայն որոտալով, գազանի նման մռնչալով ընդհանրապես սարսափեցնում էր իր տիեզերական իշխանությունը, կարծես թե փուլ գալով պիտի տարածվեր ամեն կողմ լեռնեցի, անդունդների և ձորերի վրա՝ լայնարձակ ու գեղեցիկ դաշտերը միանգամայն փչացնելու համար։

Մռնչալով ձայն արձակեց և ասաց. «Երդվել եմ մեծ աստված արեգակով, որ իր ճառագայթներով լուսավորում է ամբողջ տիեզերքը և իր ջերմությամբ կենդանացնում է բոլոր արարածներին, որ եթե վաղն առավոտյան, սքանչելու ծագելուն պես, բոլորդ ինձ հետ միասին ծունր չգնեք նրա առաջ նրան աստված դավանելով, ձեզ ամենևին զիջողություն չեմ անի, ամեն տեսակ նեղություն ու չարչարանք կթափեմ ձեզ վրա, մինչև որ ակամա կատարեք իմ կամքն ու հրամանը»։

Իսկ հավատացյալները՝ Քրիստոսի մեջ հաստատված՝ ո՛չ ձմեռային սառնամանիքից էին հովանում և ո՛չ խորշակի տոթից տաքանում, ո՛չ ահագին ձայնից էին սարսափում և ոչ էլ տանջանքների սպառնալիքից վախենում, այլ վերև նայելով՝ տեսնում էին Քրիստոսի զորությունն իրենց օգնության եկած, և զվարթ դեմքերով ու համեստ խոսքերով առաջ անցնելով՝ թագավորին պատասխան տվին. «Խնդրում ենք քեզնից, քա՛ջ թագավոր, ականջ դիր մեր մի քանի խոսքին և քաղցրությամբ լսի՛ր, ինչ որ ասելու ենք։

«Քեզ հիշեցնում ենք արքայից արքա Շապուհի ժամանակները, որ քո պապ Հազկերտի հայրն էր, և Աստված նրան Հայոց երկիրը հպատակեցրեց հենց այս կրոնով, որով և մենք ենք կառավարվում այժմ. և մեր հայրերն ու մեր հայրերի պապերը նրա ծառայության մեջ մնացին և սիրով կատարում էին նրա բոլոր հրամանները, և շատ անգամ էլ նրանից մեծամեծ պարգևներ էին ստանում։ Եվ այն ժամանակներից մինչև քո հայրենի աթոռը նստելդ՝ մենք էլ նույն կերպով ծառայեցինք և, թերևս, քեզ ավելի լավ, քան [քո] նախորդներին»։

Այս ասելով՝ ցույց էին տալիս, որ զինվորության կարգի մեջ իրենց քաջություններն ավելի էին, քան թե առաջիններինը։ Իսկ տուրքեր, սակեր և աշխարհի ուրիշ ինչ տեսակ հարկեր որ կային, ավելի շատ էին մտնում արքունի [գանձարանը], քան նրա հոր ժամանակ։

«Նույնիսկ սուրբ եկեղեցին, որ մեր նախնիների կարգի համաձայն սկզբից ևեթ ազատ էր ի Քրիստոս, դու հարկի տակ դրիր» և մենք քո տերությանդ սիրո համար ամենևին չընդդիմացանք քեզ։ Արդ, ինչո՞ւ համար է այս ցասումը հարուցված մեզ վրա. դու մեզ ասա մեր հանցանքն ու մեղքը, մի՞թե մեր կրոնն է պատճառ, որ մենք անվաստակ ենք դուրս եկել քո առաջն։

Իսկ չար դևը, ամեն նենգությամբ լցված, երեսը մի կողմ դարձրեց և ասաց. «Վնաս եմ համարում արքունի գանձարանն ընդունել ձեր աշխարհի հարկը, և ձեր արիությունն ու քաջությունն էլ՝ անօգուտ, որովհետև տգիտութամբ մոլորվել եք մեր ճշմարիտ կրոնից, աստվածներին անարգում եք, կրակն սպանում, ջրերը պղծում և մեռելներին հողի մեջ թաղելով երկիրն ապականում, և մեր կրոնի պատվերները չկատարելով ուժ եք տալիս Հարամանիին. և, որ ամենից մեծն է, ամեն ժամանակ կանանց չեք մերձենում. և դևերը մեծապես ուրախանում են, երբ չեք խրատվում և չեք պահում մոգերի բոլոր կարգերը։ Տեսնում եմ ձեզ ինչպես անապատի մեջ ցրված ու մոլորված խաշներ, և ես շատ վախենում եմ՝ չլինի՞ թե աստվածները ձեր պատճառով բարկանան ու վրեժը մեզանից առնեն: Իսկ դուք եթե կամենում եք ապրել և ձեր անձերը փրկել, և մեծարանքներով հետ ուղարկվել, ինչ որ ասացի՝ վաղը շուտ կատարեցեք»։

Այն ժամանակ երանելի նախարարներն առհասարակ բարձրացրին իրենց ձայնը և ասացին բոլորի առաջ, «Մի՛, թագավո՛ր, այլևս մի՛ ասի մեզ այդ բանը. որովհետև եկեղեցին մարդու շինածը չէ և ո՛չ էլ արեգակի տվածը, որի մասին դու թյուրիմացությամբ կարծում ես, թե աստված է. ո՛չ միայն աստված չէ նա, այլև կենդանի էլ չէ։ Իսկ եկեղեցիները ոչ թագավորի պարգև են, ո՛չ ճարտարարվեստների գործ, ո՛չ իմաստունների գյուտ, ո՛չ զինվորների քաջության ավար և ո՛չ էլ դևերի ստապատիր խաբեություն. այլև ինչ էլ որ ասելու լինիս երկրավորներիցս, վեհ բաներից թե վատթարներից, ոչ մի տեղ նրանցից ամենևին եկեղեցի չի ստեղծվի։ Այլ մեծ աստծու շնորհն է այն, որ տվել է ո՛չ թե մարդկանցից որևէ մեկին, այլ բոլոր բանական ազգերին, որոնց վիճակված է այս արեգակի ներքո բնակվել: Նրա հիմքը դրված է հաստատուն վեմի վրա[4], ո՛չ ներքևինները կարող են [այն] շարժել և ո՛չ էլ վերևինները դրդվեցնել։ Իսկ ինչ որ երկինքն ու երկիրը չեն կարող խախտել, թող մարդկանցից ոչ ոք չի խրոխտա հաղթել նրան։ Ուրեմն, ինչ ձևով ուզում ես վարվել վարվի՛ր, բոլորս պատրաստ ենք այն ամեն հարվածների ու տանջանքների մեքենաների համար, որ սպառնացիր, ո՛չ միայն չարչարվելու, այլև մեռնելու։ Եվ եթե դարձյալ նույն բանը հարցնես, ամեն մեկիցս սրանից էլ ավելի [կտրուկ] պատասխան կլսես»։

Այն ժամանակ թագավորը՝ լեղուց ավելի դառնացած՝ փորի մեջ կուտակված կամավոր մաղձի ծովը փուլ էր ածում. և նրա քթից ու բերանից առհասարակ ջերմախառն գոլորշի էր դուրս գալիս, ինչպես սաստիկ հնոցից թանձր ծուխը։ Եվ սիրտը չհամբերելու պատճառով՝ կոտրում էր իր մարմնի զորությունը, ծակոտում մտադրությունների բազմամթեր ամանը և ցրվում-տարածում էր իր բոլոր նենգավոր մտածմունքները։ Եվ ինչ որ ամենևին չէր կամենում հայտնել իր սիրելիներին, ակամա արտահայտում էր Քրիստոսի ծառաների առաջ և ամեն ինչ կարգով ասում։

Երեք-չորս անդամ կրկնում էր իր անսուտ երդումն արեգակի անունով և ասում էր այսպես, «Չեք կարող խախտել իմ հաստատուն որոշումները, և թույլ չեմ տա, որ դուք շուտով հասնեք ձեր ուզածին. այլ ձեզ բոլորիդ և ովքեր այստեղ զորքի մեջ են, չարաչար կապանքներով Սագաստան վտարել կտամ անճանապարհ տեղերով, այնպես որ ձեզանից շտերը գնալու ժամանակ խորշակից կսատկեն, իսկ մնացածները կգցվեն ամուր րերդերը և անելանելի բանտերը։ Ձեր աշխարհն էլ անթիվ զորք կուղարկեմ փղերի հետ միասին, և ձեր կանանց ու որդիներին Խուժաստան քշել կտամ, և ձեր եկեղեցիները և ինչ որ վկայարան եք կոչում, կքանդեմ, կավերեմ և կփչացնեմ, և եթե էլի մեկը ընդդեմ դուրս եկած լինի, գազանների ոտների տակ գցվելով՝ անողորմ մահով կմեռնի։ Այս ամեն ասածներս կանեմ և կկատարեմ [ձեր] աշխարհում մնացածների վերաբերմամբ»։

Եվ անմիջապես հրամայեց պատվական նախարարներին մեծ անարգանքներով հեռացնել իր աչքի առաջից. և զգուշությամբ հրաման տվեց դահճապետին, որ նրանց առանց կապելու յուրաքանչյուրին իր իջևանում պահի, իսկ ինքը՝ իրենից դուրս եկած՝ անմխիթար տրտմությամբ նորից վերադարձավ և հազիվ ընկավ իր օթևանները։

Իսկ Քրիստոսին ճշմարտությամբ հավատացողները ամենևին չէին երկմտում ու թերահավատում իրենց սուրբ վարդապետների առաջին խրատի վերաբերմամբ, այլ դեռևս հնարքներ էին մտածում, թե ինչպես իրենց և իրենց սիրելիներին ազատեն այն մեծ նեղությունից։ Շատ էին ջանք գործ դնում և հարստության մեծամեծ խոստումներ ու հույս էին տալիս այն մեծամեծներին, որոնք [արքունի] Դռանը նրանց օգնում էին, և հենց նույն ժամանակ էլ նրանց ահագին գանձեր տվին։

Եվ երբ բոլոր կողմերից փակվեց նրանց անելանելի բանտի մուտքը, այն ժամանակ Աբրահամի օրինակը[5] մեջ բերելով աղաղակում և ասում էին իրենց սրտերում. «Մենք բոլորս մեր եղբայրներին ու որդիներին և բոլոր սիրելիներին նվիրել ենք և Իսահակի պես կապած դրել սուրբ սեղանի վրա. ընդունի՛ր, Տե՛ր, մեր այս կամավոր նվերը և մի՛ թույլ տա, որ այս անօրեն իշխանը քո եկեղեցին ծաղրուծանակի ենթարկի»։

Թագավորի ներքին խորհրդակիցներից մեկը գաղտնի կապված էր Քրիստոսի անքակ սիրով, որովհետև նույնիսկ մկրտված էր կենդանի ավազանի մեջ, և մեծապես հոգ էր տանում վշտացածների կյանքը փրկելու։ Եվ երբ հաստատապես ստուգեց, որ թագավոին իր սպառնացած բազմաթիվ չարիքները բոլորն ուզում է կատարել Հայոց աշխարհի գլխին, թեպետ և նրանցից ոչ բոլորին, բայց մի քանիսին խրատ տվեց և սովորեցրեց, թե ինչ հնարք գործ դնեն, որ առժամանակ իրենց փրկեն այն նեղ դրությունից։

Եվ մինչդեռ զորք էին պատրաստում, որ նրանց անդարձ օտարություն քշեն, ինչպես քշել էին Վրաց աշխարհի բազմաթիվ նախարարների, հենց այդ ժամանակ գուժկան հասավ Քուշանների կողմերից, թե թշնամիներից մի գունդ անջատեց ու արքունի շատ գավառներ ավերեց։ Այս բանը երկնային մի մեծ օգնություն եղավ նրանց համար։ Անօրենն շտապով տագնապում էր հեծելազորն առաջ ուղարկել, և ինքն էլ անհապաղ նրա հետևից գնաց. և խոր խոցվելով իր մտադրությունների մեջ՝ խափանեց իր առաջին հաստատուն երդումը։

Իսկ աստվածապաշտներն այս տեսնելով՝ մեծ հուսով աղոթք էին անում և ասում էին միաբան. «Դո՛ւ, ամենքի Տե՛ր, որ գիտես մարդկանց սրտի գաղտնիքը, և հայտնի է քեզ ամեն մի աներևույթ մտադրության, և կարոտ չես տեսանելի բաների ոչ մի վկայության, այնպես որ մեր չգործածներն էլ տեսնում է քո աչքը, այժմ քո առաջ ենք զեղում մեր խնդրվածքը։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր ծածուկ աղոթքները և մեզ կատարյալ դարձրու քո պատվիրանների համաձայն, որպեսզի ամաչի չարը, որ խրոխտացած մարտնչում է մեր դեմ անօրենի իշխանությամբ։ Տարուբերի՛ր, Տե՛ր, նենգավորի կամակոր մտադրությունները, և խափանի՛ր նրա ամբարիշտ կամքը և մեզ խաղաղ մտադրությամբ հետ դարձրու դեպի մեր սուրբ եկեղեցին, որպեսզի չլինի թե հանկարծակի հափշտակվելով՝ չարաչար ավերվի թշնամիների ձեռքով»:

Եվ ամենքն այս անքակտելի ուխտը դնելով աստծու հետ, որ հաստատ մնան իրենց նախկին մտադրության վրա, իրենց միևնույն խրատատուին պատգամավոր ուղարկեցին ներս, իբր թե կատարվելու է նրա անորեն կամքը։

Երբ այս լսեց թագավորը՝ չափազանց ցնծաց և ուրախացավ, կարծելով թե աստվածներն իրեն օգնության են հասել, շրջելով և ոչնչացնելով աստծու ծառաների հաստատուն մտադրությունները, և ահա երկրպագություն են մատուցանում արեգակին, պատվելով նրան զոհերով և մոգության բոլոր օրենքներով։

Բայց այս բանը չկարողացավ հասկանալ ցնորվածը, թե արդարության արեգակի անստվեր լույսը մաշում և ոչնչացնում էր նրա խավարային մտադրությունները և եղծում-ապականում էր նրա ամբողջ խեղաթյուր կամքը: Եվ ճշմարիտ հայտնությունից զրկված՝ ամենևին չհասկացավ այն պատրանքն ու խաբեությունը, որով սխալեցրին նրան: Նրանց առաջ երկրավոր պարգևներ էր թափում և նորից բոլորին վերադարձնում էր իրենց պատիվն ու գահը, առաջ քաշելով և երևելի դարձնելով նրանց իր ամբողջ տիեզերական իշխանության մեջ։ Եվ նրանցից յուրաքանչյուրին անչափ առատությամբ ագարակներ ու ավաններ էր շնորհում արքունիքից, սիրելիներ և բարեկամներ էր անվանում նրանց և կամակոր մտքի հպարտ հանդգնությամբ կարծում էր, թե ճշմարտությունը կփոխանակվի ստության հետ։

Եվ այս անելուց հետո՝ շատ այրուձի ուղարկեց նրանց հետ, և մոգերից էլ ոչ պակաս, քան յոթ հարյուրից ավելի ուսուցիչներ հղեց նրանց հետ և մի մեծ իշխանի էլ նրանց վրա մոգպետ կարգեց։ Խոնարհվում էր և աղաչում պատվիրելով, թե մինչև ես այս պատերազմից խաղաղությամբ հետ դառնամ, դուք ամեն բան արեք ու կատարեցեք իմ կամքի համաձայն։ Եվ այսպես շքով ու պատվով երկար ճանապարհ

  1. Հմմտ. Ել. Ի. 5, Բ. Օրենք Ե. 9, Ել. ԼԴ 14 և այլն: Տե՛ս նաև Ծննդ. Բ 16—17 և Գ 19:
  2. Հմմտ. Գաղատ. Դ. 4:
  3. Շուկ. ԺԲ-48:
  4. Հմմտ. Ղուկ. Զ 48:
  5. Ակնարկված է, Ծննդ. ԻԲ 1—13: