Jump to content

Վարդանի և հայոց պատերազմի մասին/Հինգերորդ գլուխ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԵՐԻ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ

Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը, ինչպես որ աշխարհի հենց սկզբից կարելի է տեսնել շատերին շատ անգամ և շատ տեղերում։ Այն մարդիկ, որոնք աստծու սիրով ինչպես զենքով սպառազինված էին, ամենևին չխնայեցին և անարի վատասիրտների նման չվախեցան ո՛չ մահից, ո՛չ գույքի հափշտակությունից, ո՛չ սիրելիների խողխողումից և ո՛չ էլ ընտանիքների գերությունից, հայրենի երկրից դուրս գալուց և օտար երկրում ստրկության մեջ ընկնելուց. նրանք բանի տեղ չդրին այս բոլոր չարչարանքները, միայն թե միաբան մնան աստծու հետ, որպեսզի միմիայն նրանցից չմերժվեն, և նրան իրենց մտքում գերադասեցին բոլոր տեսանելի մեծություններից։ Եվ ուրացությունը մեռելություն էին համարում, իսկ աստծու համար մեռնելը՝ անանց կենդանություն. երկրիս վրա ծառայելը՝ իրենց կյանքի ազատություն, և իրենց անձերն օտարության մատնելը՝ աստծու հետ գտնվել։

Ինչպես որ այս ժամանակ մեր աչքերով տեսանք, որովհետև Հայոց աշխարհն էլ նույն նահատակությամբ նահատակվեց։

Որովհետև երբ մեծ Վարդանը տեսավ իր աշխարհի երկպառակությունը, ամենևին չվախեցավ թերահավատությամբ: Թեպետև ստուզգց-իմացավ դեռևս իրեն հետ միաբանվածներից շատերի երկմտությունն էլ, այնուամենայնիվ ինքն իրեն սիրտ տվեց և իր զորքերին էլ քաջալերեց, քանի որ հենց ինքը դեռ գրաված էր պահում թագավորանիստ տեղերն այն նախարարների հետ միասին, որոնք չանջատվեցին սուրբ ուխտից: Հրաման տվեց ամբողջ զորքին հավաքվել Արտաշատ քաղաքը. այն ետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետևից, կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին և ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանության տակ էր։

Եվ նրանք բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրն իր զորքով ու ամբողջ պատրաստությամբ, նրանք և ովքեր ի բնե հաստատ էին մնացել իրենց տեղում։

Ներշապուհ Արծրունին,
և Խորեն Խորխոռունին,
և ինքը սպարապետը,
և Արտակ Պալանին,
և Վահան Ամատանին,
և Վահևունյաց Գյուտը,
և Թաթուլ Դիմաքսյանը,
և Արշավիր Արշարունին,
և Շմավոն Անձավային,
և Տանատ Դնթունին,
և Ատոմ Գնունին,
և Խոսրով Գաբեղյանը,
և Կարեն Սահառունին,
և Հմայակ Դիմաքսյանը,
և էլի մի ուրիշ Դիմաքսյան՝ Գազրիկը,
և Ներսեհ Քաջբերունին,
և Փարսման Մանդակունին,
և Արսեն Ընձայացին,

և Այրուկ Սղկունին,
և Վրեն Տաշրացին,
և Ապրսամ Արծրունին,
և արքունի Շահխոռապետը,
և Խորա Սրվանձտյացը,
և Քողյանները, և Ակեացիները, և Տրպատունիները, և
Ռշտունիների զորքը, և արքունի բոլոր գործակալներն ամեն
մեկն իր զորքերի հետ միասին:


Սրանք բոլորը համախմբված հասան պատերազմի գործի համար Արտազու դաշտը, և նրանց ընդհանուր թիվը եղավ վաթսունևվեց հազար մարդ ձիավոր և հետևակ։

Նրանց հետ եկան սուրբ Հովսեփը, սուրբ Ղևոնդ երեցը և բազմաթիվ այլ քահանաներ և է՛լ ավելի բազմաթիվ հոգևոր պաշտոնյաներ։ Որովհետև նրանք էլ ամենևին չվախեցան պատերազմի գալ նրանց հետ, քանի որ ոչ թե մարմնական էին համարում այն կռիվը, այլ հոգևոր առաքինության կռիվ. ցանկանում էին իրենք էլ քաջ զինվորերին մահակից լինել։

Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց խոսել զորքի հետ և ասաց.

«Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ. տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ. բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել։ Անարգ և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ՝ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են։

«Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն ավելի ևս [պետք է կատարենք] մեր անմահ թագավորի համար, որ տերն է կենդանիների և մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ։ Չէ՞ որ եթե խիստ շատ ապրելով ծերանամ, միևնույն է՝ այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի Աստծու մոտ, որից այլևս չպետք է բաժանվենք։

«Արդ, աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով՝ ավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը. իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք։

«Մանավանդ ես չեմ մոռացել և հիշում եմ, թե ինչպես ես և ձեզանից ոմանք այն ժամանակ անօրեն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք, ինչպես մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տերն ինքը վկա է մեզ, թե ծածուկ մտադրություններով ինչպե՛ս անբաժան ենք մնացել նրանից։ Այս դուք ինքներդ էլ գիտեք, որ հնարներ էինք փնտրում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղության մեջ էին, որպեսզի նրանց հետ միասին մարտի մեջ մտնելով կռվենք անօրեն իշխանի դեմ հայրենի աստվածատուր օրենքների համար։ Եվ երբ նրանց չկարողացանք որևէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնավոր սիրո համար աստծուն մարդկանց հետ փոխանակենք։ «Իսկ արդ՝ երկու և երեք կռիվների մեջ ինքը Տերը մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովությունն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց։ Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճված՝ իր սովորական բնությունից էլ ցած իջավ մեզ հետ խոսելով։ Նա, որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը սուրբ եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում։ Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը [չի կարելի փոխել], գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը։ Որովհետև սրա հիմքերը հաստատ կերպով դրված են անշարժ վեմի վրա, ո՛չ թե երկրի վրա, այլ վերևում՝ երկնքում, ուր ո՛չ անձրևներ են գալիս, ո՛չ քամիներ են փչում և ո՛չ էլ հեղեղներ հարուցանում։ Եվ մենք էլ, թեպետ և մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել քրիստոսի անձեռագործ շինվածքին։

«Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները։ Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է աստծու զորությունը։ Որովհետև եթե ուրիշներին կոտորելով աստվածային օրենքի համար՝ մեզ պարծանք ժառանգեցինք և մեր ազգատոհմի քաջ անունը եկեղեցուն թողինք, և վարձի ակնկալությունը Տիրոջից է, որ պահված է մեզնից ամեն մեկի համար իր սրտի հոժարության և կատարած գործերի համեմատ, ինչքա՛ն ավելի ևս, եթե մենք մեռնենք մեր տեր Հիսուս Քրիստոսի մեծ վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակներն են ցանկանում, եթե հնար լիներ։ Եվ որովհետև այս պարգևները ո՛չ թե բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տերը, մեզ էլ այս պատահեր ո՛չ թե մեր արդար գործերի համար, այլ աննախանձ պարգևատուի կողմից, ինչպես որ ասում էլ է սուրբ կտակարանում. «Ուր ավելի եղավ մեղքը, այնտեղ էլ ավելացան աստծու շնորհները»[1]:

«Եվ խիստ հարմար է գալիս մեզ այս պատգամը. ինչպես որ մեծ չափով ամբարիշտ երևացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կերևանք մարդկանց ու հրեշտակներին և ամենքի հորը։ Որովհետև չէ՞ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափվեց սուրբ եկեղեցում, և է՛լ ավելի շատ՝ մեր սիրելիների մեջ։ Մինչև անգամ մեր ընկերները զայրացած՝ սրով էին սպառնում մեզ և կամենում էին դառն մահով պատմել մեզ, և մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից։ Հեռավոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր քրիստոնեության անունը, տեղյակ չլինելով մեր մտադրություններին, ողբ ասելով՝ անդադար սուգ էին անում մեզ վրա և անգիտությամբ շատ անարգական բաներ էին խոսում մեր մասին։ Եվ ինչ որ ամենից մեծն է՝ կասեմ. ո՛չ միայն մարդիկ երկրի վրա, այլև հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տվին մեզանից, որպեսզի տխուր դեմքերով չնայեն մեզ։

«Եվ ահա եկել-հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից։ Այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր՝ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած՝ առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետև բարերար տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ. մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների զորագլուխը։ Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»։

Առաքինի զորավարն այս ամենը խոսեց ամբողջ բազմության առաջ. դարձյալ և նրանցից սրան-նրան ծածուկ քաջալերում էր ու սիրտ տալիս և բոլոր պակասություններն ու թերությունները լրացնում։ Զորականներից ո՛րը ոչինչ չուներ, հոգում էր իր սեփականությունից և ընկերներից. ով զենք չուներ, զենք էր հայթայթում նրան, ում զգեստ էր պետք, զգեստ էր հագցնում, և ում ձի էր պետք, ձի էր տալիս։ Եվ առատ պարենով ուրախացնում էր բոլորին, և թեքն իրեն զվարթ էր ցույց տալիս ամենքին։ Եվ պատերազմական կարգի համաձայն՝ քաջ տղամարդկանց հիշատակության արժանի գործերը շարունակ կրկնում էր նրանց առաջ, որովհետև հենց ինքն էլ մանկությունից տեղյակ էր սուրբ կտակարաններին։ Եվ ձեռքն անելով Մակաբայեցոց քաջ նկարագիրը՝ կարդում էր, որ բոլորը լսեն, և հորդառատ խոսքերով նրանց հասկացնում էր գործերի հանգամանքները, թե ինչպես մարտնչելով կռվեցին աստվածատուր օրենքների համար Անտիոքացիների թագավորի դեմ։ Թեպետև նրանք նույն պատերազմի մեջ իրենց մահը գտան, բայց նրանց քաջ անունն անմոռաց մնաց մինչև այսօր ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում։ Հիշեցնում էր զորականներին նաև այն, թե ինչպես Մատաթիայի ազգատոհմը քակտվեց-անջատվեց նրա միաբանությունից, հնազանդվեցին թագավորի հրամանին, մեհյաններ շինեցին, պիղծ զոհեր մատուցին, աստծուց շեղվեցին, և մահվան պատիժ ստացան սուրբ միաբանվածների ձեռքով։ Իսկ Մատաթին և նրա հետ եղածները ամենևին չվհատվեցին և չթուլացան, այլ է՛լ ավելի զորացան և երկար ժամանակ ձեռնամուխ եղան պատերազմի գործին։ Այս պատմում էր և տեղնուտեղը դաշտում տեղավորում զորքը և բոլոր կողմերից հետզհետե կարգավորում այրուձին։

Մի քանի օրից հետո Պարսից զորագլուխը առաջ խաղաց ամբողջ հեթանոս բազմության հետ. եկավ-հասավ Հայոց երկիրը՝ Հեր և Զարևանդ գավառը։ Այնտեղ գավառում կանգ առնելով, բանակ գրեց, փոս փորեց, պատնեշ շինեց, ցցապատերով փակեց, և ամեն պատրաստությամբ ամրացրեց ինչպես քաղաք։ Նրա զորքերից մեծաթիվ գունդ բաժանվեց, ասպատակելով արշավեց և կամենում էր բազմաթիվ գավառներ կողոպտել։ Երբ այդ բանը լսեց Հայոց զորքը, բոլոը զորականների միջից ընտրեցին Ամատունյաց ցեղից մի սեպուհի Առանձար անունով, որ իմաստությամբ ու քաջությամբ լցված մի մարդ էր։ Սա երկու հազարով դուրս եկավ նրա դեմ, ջարդեց-սատկեցրեց նրա գնդից շատերին, իսկ մնացածներին փախցրեց-հասցրեց նրանց բանակը։ Իսկ ինքը ողջ և առողջ վերադարձավ, և այն օրը մեծ ուրախության տոն եղավ Հայոց զորքի համար։

Ուրացյալ Վասակը մի անգամ էլ սկսեց իր առաջին կեղծավորության համեմատ հնարներ գործ դնել. վերևում հիշված սուտ երեցների հետ շրջում էր, նրանց միջոցով արքայի կողմից պատգամներ էր հայտնում, և երդմամբ հավատացնում էր, որ կարող են նորից քրիստոնեությունը պաշտել։

Եվ այս բանը շատ օրեր կատարելով չկարողացավ միաբանությունը քանդել, մանավանդ եկեղեցու սուրբ ուխտը, որ զորքից հեռացած չէր։

Ինչպես երանելի Վևոնդ երեցը հրաման առնելով իր սուրբ ընկերներից՝ մեծ Հովսեփից և բոլոր մեծամեծներից, քահանաներից և զորագլուխներից, բաց արեց իր բերանը և բարձր ձայնով ասաց [զորքի] պատգամավորների առաջ։

«Բոլորդ հիշեցե՛ք մեր առաջին հայրերին, որոնք նախքան Աստծու որդու ծնունդը [ապրել են] զանազան ժամանակներում։

«Որովհետև երբ չարը մեզ հեռացրեց ու դուրս գցեց աստվածային տեղիցս, անողորմ դատաստանի տակ ընկանք այն հանցանքի ու մեղքի համար, որ մեր ազատ կամքով գործեցինք անարժանաբար և գրգռեցինք արարչական զորության զայրույթն ու բարկությունը մեզ վրա, և ողորմած դատավորին գրգեցինք անաչառ կերպով վրեժ առնելու արարածներիցս, մինչև այն աստիճան, որ նա հրաման տվեց երկնային ծովին թափվել ցամաքի վրա, և երկրիս հաստատուն հատակները ծակծկվելով՝ հակառակ կողմից նույնը գործեցին[2]։ Վերևիններն ու ներքևինները մեզ համար տանջանքի գործիք դարձան, որ առանք բարեխոսի մեր հանցանքի վրեժն առնեն։

«Չէ՞ որ միայն արդար Նոյը կատարյալ գտնվեց մարդկային ազգի մեջ, որ իջեցրեց տերունական ցասումի սրտմտությունն ու բարկությունը և սկիզբ դարձավ մարդկային ազդի աճելուն ու բազմանալուն։ Նույնպես և Աբրահամը առաքինի գտնվեց իր փորձության ժամանակ և աստծուց ստացած պարգևները իր իսկ ձեռքով նորից նրան էր մատուցում. այդ պատճառով էլ աստված նրան որպես օրինակ ընդունեց, որովհետև նրա մեջ տպավորված էր տեսնում աստծու որդու աներևույթ գալուստը, անըմբռնելիի ըմբռնումը և անմահի զենումը, որ իր մահով խափանեց մահի իշխանությունը։ Եթե ուրեմն մահը մեռնում է մահով, չվախենանք Քրիստոսին մահակից լինել, որովհետև ում հետ որ մեռնենք մենք, նրա հետ էլ կկենդանանանք։

«Հիշեցե՛ք, առաքինինե՛ր, մեծ Մովսեսին, որ դեռ այրական հասակին չհասած՝ սուրբ նահատակության խորհուրդը տղայության հասակում երևաց նրան, և եգիպտացիների թագավորի տունը նրան ծառայություն էր մատուցանում և ակամա դայակությամբ սնուցանում նրան. և ժողովրդին նեղությունից փրկելու ժամանակ երկնքի ու երկրի միջնորդ եղավ, միևնույն ժամանակ նաև եգիպտացիների աստված անվանվեց։ Որովհետև ուր սուրբ խորհուրդը զորացավ, իր անձով վրեժ լուծեց եգիպտացիներից, իսկ ուր աստվածային հայտնությունն եղավ նրա վրա, գավազանի միջոցով էր մեծամեծ հրաշքները գործում։ Եվ իր ունեցած սուրբ նախանձախնդրության պատճառով սպանեց եգիպտացուն և ավազի տակ թաղեց. դրա համար էլ նրան մեծ սձուն տվեց և ժողովրդին առաջնորդ կարգեց։ Եվ գլխավորն այն է, որ արյուն թափելով արդարացավ և բոլոր մարգարեներից ավելի մեծ կոչվեց, ոչ միայն արտաքին թշնամիներին կոտորելով, այլև [իր] ազգակիցներին, որոնք անապատում աստծուն փոխանակեցին հորթի հետ։

«Եվ եթե նա հեռվից այդպիսի վրեժ էր լուծում աստծու որդու գալստյան համար, մենք որ ականատես եղանք ու մեծապես վայելեցինք նրա շնորհների երկնավոր պարգևները, է՛լ ավելի պարտավոր ենք վրեժխնդիր լինել մոտակա ժամանակի այս ճշմարտության համար։ Նա մահվամբ իր անձը զոհեր մեր մեղքերի համար և մեզ արդարացրեց չափազանց ծանր դատապարտությունից. մենք էլ ուրեմն մահվամբ մեր անձր զոհենք նրա անմահ զորության համար, որպեսզի վրեժխնդիրներից ավելի պակաս չգտնվենք։

«Հիշեցե՛ք մեծ քահանա Փենեհեզին, որ սպանությամբ վերացրեց պղծությունը պատերազմի ժամանակ և քահանայությունը ցեղից ցեղ երդումով հաստատեց։ Մի՛ մոռանաք նաև սուրբ մարգարե Եղիասին, որ չէր կարողանում դիմանալ Աքարի կռապաշտությանը նայելիս, և արդար նախանձախնդրությամբ ութ հարյուր հոգուն իր ձեռքով սպանեց, և երկու հիսնյակին էլ անշեջ հրի կերակուր դարձրեց[3], և աստվածային վրեժը լուծելով չշոշափվող և ահեղ կառքով երկրից երկինք վերացավ։ Դուք հասել եք է՛լ ավելի մեծ բախտի. որովհետև ձեզ համար այլևս կառք չի ուղարկվի, որ վերանաք, այլ կառքերի և երիվարների տերն ինքը հզոր զորությամբ և սուրբ հրեշտակներով ընդառաջ գալով ձեզ յուրաքանչյուրիդ թևեր կբուսցնի, որպեսզի նրա ուղեկիցներն ու քաղաքակիցները լինեք։

«Էլ ի՞նչ կրկնեմ ձեր քաջ կտրիճության առաջ, քանի որ ինձնից ավելի տեղյակ և հմուտ եք սուրբ կտակարաններին։ Դավիթը մանկության ժամանակ քարով կործանեց մսեղեն մեծ բլուրը և ամենևին չվախեցավ հսկայի ահագին սրից, ցրվեց այլազգիների գնդերը և զորքը փրկեց մահվանից ու ժողովրդին՝ գերությունից. և եղավ Իսրայելի թագավորների անդրանիկն ու աստծու որդու հայր կոչվեց։ Նա [այդպես] կոչվեց ժամանակի պետքի համար, իսկ դուք, սուրբ հոգուց ճշմարտապես ծնվածներդ, աստծու որդիներ եք և Քրիստոսի ժառանգակիցներ։ Թո՛ղ ոչ ոք ձեր բաժինը ձեզնից չկտրի, և ձեզ օտար ու խորթ դարձնելով բաժնից զրկի։

«Հիշեցե՛ք Իսրայելի բոլոր նախկին զորավարներին՝ Հեսուին, Գեդեոնին, Եփթայային և բոլոր մյուսներին, որոնք ճշմարիտ հավատ ունեին. նրանք ջարդեցին-կոտորեցին հեթանոսների զորքը և երկիրը պիղծ կռապաշտությունից մաքրեցին։ Եվ իրենց հաստատուն և արդար գործունեության համար, որ ամենևին չերկմտեցին իրենց մտքերի մեջ, արեգակն ու լուսինն՝ ականջներ չունենալով՝ լսեցին ու կատարեցին նրանց պատվերը. ծովն ու գետերը ճանապարհ բաց արին նրանց առաջ հակառակ իրենց սովորության։ Եվ Երիքով քաղաքի բարձր պարիսպները լոկ ձայնից ընկան-կործանվեցին՝ արդարության օրենքների վրեժխնդրության համար։ Եվ բոլոր մյուսները, որոնք յուրաքանչյուրն իր դարում հավատի համեմատ քաջություններ կատարեցին, գովաբանվեցին մարդկանց կողմից, և աստված էլ նրանց արդարացրեց։

«Չէ՞ որ նույն Տերն է սկզբից մինչև այսօր և հետո էլ, հավիտյանս հավիտենից և բոլոր հավիտյաններից էլ այն կողմը։ Չի նորոգվում, որովհետև չի հնանում. չի մանկանում, որովհետև չի ծերանում. աստծու անհեղհեղուկ բնությունը չի փոխվում, ինչպես որ ինքն էլ ասում էր սուրբ մարգարեների բերանով. «Ես եմ, ես եմ, ես նույնն եմ սկզբից մինչև հավիտյան, իմ փառքը ուրիշին չեմ տա և ոչ էլ իմ քաջությունները՝ կուռքերին»[4]։

«Այս գիտենալով, եղբայրնե՛ր, չթուլանանք ու չվհատվենք, այլ պինդ սրտով և հաստատուն հավատով հոժարակամ հարձակվենք այն թշնամիների վրա, որ վեր են կացել- գալիս են մեզ վրա։ Մեր հույսը կրկնակի է երևում մեզ. եթե մեռնենք՝ կապրենք և եթե մեռցնենք՝ միևնույն կյանքն է կանգնած մեր առաջ։ Հիշենք առաքյալի խոսքը, որ ասում է, թե՝ «Այն ուրախության փոխարեն, որ սպասում էր նրան, նա հանձն առավ համբերել մահվան, այն էլ՝ խաշի մահվան. այդ պատճառով էլ աստված նրան ավելի ևս բարձրացրեց և այնպիսի մի անուն տվեց նրան, որ բոլոր անուններից վեր է. որովհետև Հիսուս Քրիստոսի անվանը ծունր պիտի դնեն բոլոր երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները»[5]։

«Որովհետև ով ճշմարտությամբ միացած է Քրիստոսի սիրո հետ, հոգու աչքով տեսնում է իմանալի արեգակի ճառագայթների անտեսանելի հստակ լույսը, որ ամեն ժամ և ամեն օր շատ ավելի պայծառ ծագելով երևում է բոլորին. և սրբատեսիլ ու մաքուր հայացքներն անպղտոր հստակությամբ դեպի ինքն է ձգում և թափանցեցնելով երկնքի միջով՝ մոտեցնում է անմերձենալի պատկերին և զորավոր մտքով որոշում է երկրպագել միասնական զորության երեք մասերին։ Եվ արդ, ով աստվածային աստիճաններով ելած լինի և բարձրությամբ [աստվածային] արքունիքին հասած ու նրա ամբողջ մեծությունը լիովին տեսած, միայն նա կժառանգի անանցանելի ուրախությունն ու անտրտում մխիթարությունը։

«Ո՛չ, իմ պատվական տերե՛ր, այսչափ վեր բարձրանալուց հետո՝ նորից այստեղ երկիր չընկնենք ու թավալվենք, այլ այդ նույն բարձրության վրա հաստատ կանգնած մնանք։ Եթե նայելու լինեք դեպի ցած՝ երկիր, այն կտեսնեք լի ամեն ապականությամբ և անսուրբ պղծություններով։ Որովհետև ի՞նչ աղետալի բաներ ասես, որ չեն գործվում այս ախտաբեր երկրայինների մեջ. աղքատների թշվառություներ և նրանց անթիվ չարչարանքներ. հարկահանների կողմից ծանր նեղություններ, բռնավոր ընկերների կողմից զրկանք և խոշտանգում, քաղց ու ծարավ մեր բնության կարոտության համեմատ։ Ձմեռվա սառնամանիք և ամառվա խորշակ, տարաժամ հիվանդություններ ու մահաբեր ցավեր շարունակ տանջում են մարդկանց. անդադար վրա են հասնում երկյուղ արտաքիններից և արհավիրք ներքիններից. ժամանակից առաջ մահ են ցանկանում, բայց չեն գտնում. և շատերը կան, որ հետամուտ են լինում ու փնտրում են, և երբ գտնում են՝ ուրախանում են։ Իսկ ովքեր մեզ թվում է, թե հաջողված են հարստության մեջ և փափկակյաց ուրախությամբ են անցկացնում այս անցավոր կյանքը, մեծամտում-հպարտանում են այս աշխարհի դատարկ գործերով, հենց նրանք են, որ կուրացած՝ ճշմարիտ կյանքը չեն տեսնում։ Իսկ արդ, ի՞նչ չարիքներ կան, որ չեն գործվում նրանց մեջ. հարստության հետ խառնված է աղքատների գույքի հափշտակությունը, սուրբ ամուսնության հետ վատթար պղծությունը։ Ճշմարիտ կյանքից շեղված՝ ինչ որ վայելում են ընտրությամբ, նրանց էլ երկրպագություն են մատուցանում իբրև աստծու։

«Չէ՞ որ այս ամբողջ աշխարհը ամենքի արարչի ստեղծածն է, և ինչ որ նրանք պաշտում են ու պատվում, միևնույն նյութի մասն է, ապա ուրեմն մասերը մասերին են ծառայություն մատուցանում։ Որովհետև եթե այս աշխարհի մի մասն ապականացու է, պետք է որ բոլոր մասերն էլ նրա հետ փչանան։ Նաև այն մասերի մեջ էլ պետք է ընտրություն լինի, արդ, թե ո՛րն է լավը, այդ հայտնի է բոլորին, և ով որ կարող է հասկանալ, նա՛ է մասերի մեջ ընտիրը։ Իսկ եթե այդ այդպես է, ապա ուրեմն հեթանոսների պաշտած ու երկըպագած բոլոր բաներից՝ երկրպագուներն ավելի գերազանց են, քան անբան տարերքը, որոնց նրանք չարաչար կերպով ծառայում են. և չեն պաշտում է աստծուն, որ մարդու կերպարանք առավ, այլ երկրպագում են արարածներին. նրանց մեղքերին քավություն չկա արդար ատյանում։

«Եկե՛ք դեն գցենք մոլորվածների խավարային խորհուրդները, նրանց համարենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի և ողորմելի, մանավանդ որ իրենց կամքով են կուրացած և ոչ հարկից ստիպված և երբեք չեն գտնի ճշմարիտ ճանապարհը։ Իսկ մենք, որ բացահայտ աչքով տեսել ենք երկնավոր լույսը, թող չպատահի մեղ արտաքին խավարը։ Որովհետև ովքեր խավարի մեջ էին, նրանց մոտ եկավ ճշմարիտ լույսը, նրանք կուրացած՝ զրկվեցինք կյանքից։ Իսկ դուք, որ հավատով ընդունեցիք, որդիներ եք և ոչ թե օտար ու խորթ մարդիկ, սիրելիներ եք և ոչ թե թշնամիներ, վերին իմանալի քաղաքի մասնակիցներ և ժառանգորդներ։

«Այնտեղ է մեր փրկության առաջնորդը. նա այստեղ քաջությամբ նահատակվեց և միևնույն բանը սովորեցրեց իր նիզակակից ու գործակից բոլոր առաքյալներին. նրանց հետ այսօր դուք էլ եք կրկին երևում, հավատով օրհնված՝ աներևույթ թշնամու դեմ, որ զրահապատված կանգնած է դեմառդեմ իբրև սատանայական գործի ընկերակից։ Այսպես թե այնպես, երկու կողմերին էլ պարտություն կպատճառեք, ինչպես որ ինքը Տերն էլ արեց աշխարհի նկատմամբ. թվաց, թե մեռավ, բայը նա այն ժամանակ տարավ հաղթության կատարյալ մրցանակը. ախոյանին տապալեց, պատերազմում ջարդեց, թշնամիներին ցրվեց, ավարը ժողովեց, գերիներին հետ դարձրեց, պարգևները բաշխեց իր բոլոր սիրելիներին՝ յուրաքանչյուրի առաքինության համեմատ:

«Դուք բոլորդ գիտեք, որ առաջվա ժամանակները, երբ դուք պատերազմ էիք գնում, թեպետև սովորություն ունեիք քահանաներին միշտ բանակում պահել, բայց ճակատամարտի ժամանակ ձեզ հանձնելով նրանց աղոթքին, որևէ ամուր տեղ էիք թողնում նրանց. իսկ այսօր եպիսկոպոսները և երեցներն ու սարկավագները, սաղմոսերգուներն ու գրակարդացները, ամեն մեկը սահմանված կանոնով իբրև սպառազինված և պատերազմի պատրաստված՝ կամենում են ձեզ հետ միասին հարձակվել ու ջարդել ճշմարտության թշնամիներին։ Եվ եթե նույնիսկ մեռնեն էլ նրանց ձեռքով, այդ բանից էլ չեն վախենալու, որովհետև ավելի սիրով մեռնել են ուզում, քան թե մեռցնել։

Կարծես թե կրկնակի աչքեր ստացած լինեն. հավատի աչքերով տեսնում են մարգարեների քարկոծվելը, իսկ մարմնի աչքերով՝ ձեր քաջ սխրագործությունը։ Մանավանդ որ ձեր մեջ տեսնում ենք երկուսն էլ. որովհետև դուք էլ տեսնում եք սուրբ առաքյալների չարչարանքները և բոլոր սուրբ մարտիրոսների սպանվելը, որոնց մահով հաստատվեց սուրբ եկեղեցքն, և նրանց արյունը թափվելը պարծանք եղավ վերինների ու ներքինների համար։ Արդ, մինչև երկրորդ գա— լուստը նույն քաջագործությունն է կատարվում չարչարանքներով»։

Այսքանը խոսեց այն գիշերը սուրբ Ղևոնդ երեցը և փառք տալով՝ վերջացրեց ամեն ասելով։ Եվ սեղան կանգնեցնելով՝ ամենասուրբ խորհուրդը կատարեցին. պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. և առավոտյան սուրբ հաղորդության ընդունեցին և այնպես լուսազգեստ դարձանք ինչպես տերունական մեծ սուրբ զատկին։

Եվ զորքի ամբողջ բազմությունը մեծ զվարճությամբ և սաստիկ ուրախությամբ աղաղակեցին և ասացին. «Թող մեր մահը արդարների մահվան հետ հավասարվի և մեր արյունը թափվելը՝ սուրբ մարտիրոսների արյան հետ. թող աստծուն հաճելի լինի մեր կամավոր զոհաբերությունը և իր եկեղեցին թող հեթանոսների ձեռքը չմատնին։

Սրանից հետո, երբ Պարսից բանակի զորավարը տեսավ, որ մեջտեղն էլ պատգամավոր չմնաց նրանց խաբելու համար, և իր հույսն ու ակնկալությունը կտրվեց նրանց բաժան—բաժան անելու անքակտելի միաբանությունից, այն ժամանակ իր առջև կանչեց անօրեն Վասակին և նրա հետ եղած Հայոց աշխարհի բոլոր ուրացած իշխաններին. հարցուփորձ արեց նրանց և նրանցից սովորում էր հաղթության հնարագիտությունը։ Եվ երբ տեղեկացավ ամեն մեկի քաջությունները, կանչեց նաև իր ձեռքի տակ եղած զորագլուխներից շատերին և հրամայեց իր առաջ բերել փղերի երամակները. գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ երեք հազար սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից:

Արքունի հրամանով խոսում էր նաև մեծամեծների հետ և ասում. «Ամեն մեկդ հիշեցեք մեծ թագավորի պատվերը և նպատակ գրեք քաջության անուն հանել, մահը գերադասեցեք, քան թե վախկոտ կյանքը։ Մի՛ մոռանաք այն յուղը, պսակը, ուռերն ու առատաձեռն պարգևնեոը, որ շնորհվում են ձեզ արքունիքից։ Ամեն մեկդ գավառների տեր եք և շատ իշխանություն ունեք. դուք ինքներդ գիտեք Հայոց աշխարհի քաջությունը, և ամեն մեկի անվեհերությունը. գուցե պարտություն կրելով՝ կենդանի-կենդանի զրկվեք այն մեծ կյանքից, որ ունենալու եք։ Հիշեցե՛ք ձեր կանանց և որդիներին, հիշեցե՛ք ձեր սիրելի բարեկամներին, գուցե ոտնահար լինիք արտաքին թշնամիներից և ներքին սիրելիների հետ միասին ողբաք»։

Հիշեցնում էր նրանց նաև բազմաթիվ փախած ընկերակիցներին, որոնք թեև պատերազմից փրկվեցին, բայց սրով ստացան իրենց մահվան պատիժը. նրանց տղաներն ու աղջիկները և ամբողջ ընտանիքը տուն ու տեղից զրկվեցին և հայրենական բոլոր գավառները խլվեցին նրանցից։

Ասում էր այս բանը և սրանից էլ ավելի էր սաստկացնում արքունական հրամանը։ Կարգավորեց ամբողջ զորքը և ճակատը տարածեց-երկարացրեց մեծ դաշտի երկարությամբ։ Եվ ամեն մի գազանի աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջը ժողովեց, և այսպես Մատյան գունդն ամրացրեց ինչպես մի հզոր աշտարակ և կամ մի անմատչելի բերդ։ Նշաններ բաշխեց է դրոշներ արձակեց և հրամայեց, որ մեծ փողի ձայնին պատրաստ լինեն։ Իսկ Ապարհացի գունդը և Կատշաց, Հոնաց և Գեղաց գնդերը և էլի ուրիշ բազմաթիվ ընտիր-ընտիր զորականների մի տեղ ժողովեց և պատվեր տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ Հայոց զորավարի։

Իսկ քաջ Վարդանը առաջ գալով հարցուփորձ արեց մեծամեծներին և բոլորի տված խորհրդի համաձայն զորագլուխներ նշանակեց։

Առաջին զորամասը հանձներ Արծրունյաց իշխանին և նրան նիզակակից կարգեց Մոկաց մեծ իշխանին, և ուրիշ բազմաթիվ նախարարների այս երկուսին նիզակակից նշանակեց, և զորամասի ամբողջ բազմությունը այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։

Երկրորդ զորամասը հանձներ Խորեն Խորխոռունուն, և նրան նիզակակից կարգեց Ընծայինին և Ներսեհ Քտաջբերունուն։

Երրորդ զորամասը հանձներ Թաթուլ Վանանդացուն և նրան նիզակակից կարգեց Տաճատ Գնթունուն, և շատ քաջ մարդիկ էլ այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։

Ինրը վերցրեց չորրորդ զորամասը և իրեն նիզակակից քաջ Արշավրին և իր հարազատ եղբայր Համազասպյանին։

Այսպես կարգավորեց ու ճակատ կազմեց՝ սփռելով դաշտի ամբողջ երեսին, Արյաց զորքի դեմուդեմը, Տղմուտ գետի ափին։

Եվ երբ այս այսպես պատրաստվեց, երկու կողմերն էլ սրտմտությամբ և մեծ բարկությամբ զայրացան և գազանացած զորությամբ միմյանց վրա հարձակվեցին. երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էր ինչպես իրար խառնված ամպերի միջից, և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտներն ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիվ սուսերների շողալուց և բազմախուռն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։

Այնտեղ պետք էր տեսնել, թե ի՛նչ մեծ տագնապ և անչափ իրարանցման սրտնեղություն կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում. որովհետև թանձրամիտները հիմարանում էին, և վախկոտները վհատվում, քաջերը խիզախում էին, և անվեհեր կտրիճներն աղաղակում։ Եվ ամբողջ բազմությունը իրար գլխի խմբվելով՝ գետն ամեն կողմից փակեցին, և գետի դժվարությունից վախեցած Պարսից զորքն սկսեց իր տեղում վխտալ։ Իսկ Հայոց զորքն անցավ գետը, և ձի նստած մեծ զորությամբ հարձակվեց։ Ուժգին թափով իրար զարկվելովերկու կողմից էլ բազմաթիվ վիրավորներ գետին ընկած թպրտում էին։ Այս մեծ տագնապի մեջ դեպի վեր նայեց քաջ Վարդանը և տեսավ, որ Պարսից զորքի ընտիր-ընտիր քաջ զորականները Հայոց զորքի ձախ կողմն ընկճեցին. նա մեծ ուժով հարձակվեց այն տեղը և Պարսից զորքի աջ թևը ջարդելով քշեց գազանների կողմը և շուրջը պտտելով կոտորեց մինչև նույն տեղը։ Եվ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մեջ, որ մինչև անգամ Մատյան գնդի հաստատուն կազմակերպությունը քայքայվեց-ցրիվ եկավ, և նա դեռևս պարտություն չկրած՝ փախուստ տվեց։

Ապա աչքերը վեր բարձրացրեց Մուշկան Նիսալավուրտը և տեսավ, որ Հայոց զորքից ոմանք բաժանվել և ետ են ընկել լեռների հովիտներում։ Ուստի և աղաղակ բարձրացրեց, քաջալերեց իր շուրջը գտնված Արյաց զորքին, որոնք կանգնած էին Վարդանի գնդի հանդեպ։ Այնտեղ երկու կողմերն էլ իրենց պարտված էին զգում, և ընկած դիակների թիվն այնքան մեծ էր, որ նմանվում էր խորդուբորդ քարակույտերի։

Երբ այս բանը տեսավ Մուշկան Նիսալավուրտը, սպասում էր Արտաշրի գազաններին, որը նրանց վրա նստած էր բարձր դիտանոցում, ինչպես միջնաբերդում և գալարափողերի բարձր ձայնով շտապեցրեց իր գնդերին և առաջամարտիկ զորքերով շրջապատեց նրան։

Իսկ կորովի Վարդանն իր քաջ նիզակակիցներով մեծ կոտորած արեց այնտեղ, ուր և հենց ինքն էլ արժանի եղավ ստանալու կատարյալ նահատակության պսակը։

Եվ պատերազմի գործը երկարելով՝ օրը տարաժամեց և երեկոյան դեմ դադարեց. շատերն իրենց մահվան օրհասը գտան. մանավանդ որ ընկածների դիակներն այնպես խիտ էին ու իրար մոտ թափված, ինչպես անտառի կտրատված փայտերը։

Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումն ու աղեղների խորտակումը. ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների սուրբ մարմինները. և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար։ Իսկ ովքեր [կենդանի] էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձորերի լեռնադաշտ երում, և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաման գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը։

Եվ որովհետև ժամանակը գարնանային էր, ծաղկալից դաշտերը լցվեցին հորդահոս արյունով։ Մանավանդ երբ մեկը տեսնում էր ընկած բազմաթիվ դիակների կույտերը՝ սիրտը կտրատվում էր, և աղիքները գալարվում, լսելով խոցվածների մրմռոցը, և ջարդվածների մռնչյունը, վիրավորների թավալգլոր սողալն ու շարժվելը, վախկոտների փախուստը, վհատվածների թաք կենալը, անարի մարդկանց սրտաբեկությունը, թուլասիրտների ճիչերը, սիրելիների ողբը, մերձավորների սուգը, բարեկամների վայնասունը։ Որովհետև ո՛չ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալովս երկու կողմերն էլ պարտություն կրեցին։

Բայց որովհետև Հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված ժողովվեին մնացած զորքերը։ Թեպետև ողջ մնացածներն ավելի շատ էին, քան թե մեռնողները, սակայն նրանք ցանուցիր եղան և քաշվեցին երկրի զանազան ամուր տեղերը և ուժով տիրեցին շատ գավառների ու բերդերի, որոնք ոչ ոք մինչև իսկ առնել չէր կարողանում։

Եվ սրանք են այն քաջ նահատակների անունները, որոնք այդ նույն տեղում վախճանվեցին. Մամիկոնյանց ցեղից Քաչ Վարդանը հարյուր երեսուն և երեք մարդով. Խորխոռունյաց ցեղից Կորովի Խորենը տասնինը մարդով. Պալունյաց ցեղից Արի Արտակը հիսուն և յոթը մարդով, Գնթունյաց ցեղից Զարմանալի Տաճատը տասնինը մարդով, Դիմաքսյանց ցեղից Իմաստուն Հմայակը քսանևեցկու մարդով. Քաջբերունյաց ցեղից Հրաշակերտ Ներսեհը յոթը մարդով. Գնունյաց ցեղից Մանուկ Վահանը երեք մարդով. Ընծայնոց ցեղից Արդար Արսենը յոթը մարդով, Սրվանձտյան ցեղից Հառաջադեմ Գարեգինը երկու հարազա տներով և տասնութը մարդով։ Այս երկու հարյուր ութսունյոթը նահատակները՝ ինը մեծամեծ նախարարների հետ՝ հենց այնտեղ վախճանվեցին։ Եվ թագավորական տնից և Արծրունյաց տնից և մյուս նախարարների տնից, բացի այս երկու հարյուր ութսունյոթ հոգուց՝ [դարձյալ ընկան] էշի յոթ հարյուր քառասուն հոգի, որոնք ամենքն էլ այն օրը մեծ պատերազմում իրենց անունները գրեցին կյանքի մատյանի մեջ։ Եվ այս բոլորը միասին լինում է հազար երեսունևվեց մարդ։

Իսկ ուրացողների կողմից այն օրը ընկան երեք հազար հինգ հարյուր քառասունչորս մարդ։ Նրանցից ինը հոգի խիստ պատվավորներից էին, ուստի, և շատ խոր վշտացավ Մուշկան Նիսալավուրտը։ Մանավանդ երբ տեսավ, որ իր զորքի ստացած սաստիկ հարվածները երեք անգամ ավելի մեծ էին, քան հայերինը, նրա ուժն ու զորությունը կոտրվեց. ընկավ, և նրա սիրտը չէր հանգստանում, որ մտածի ու որոշում անի. որովհետև պատերազմն այնպես չվերջացավ, ինչպես ինքը կարծում էր։ Մանավանդ երբ նայում էր ու տեսնում իր կողմից ընկածների բազմությունը և հաշիվ էլ էր անում ու այնքան շատ էր գտնում իր զորքից ընկածները Հայոց զորքից ընկածների համեմատությամբ, առավել ևս այն երևելի մարդկանց պատճառով, որոնց անուն-անուն ճանաչում էր թագավորը,— այդ մարդը մեծ տագնապի մեջ էր ընկնում։ Դեպքերն արդարությամբ գրել և հայտնել վախենում էր թագավորից. բայց թաքցնել էլ չէր կարող, որովհետև այդպիսի մեծ կռիվը ծածկել չէր լինի։

Եվ մինչդեռ ինքն իրեն այս մտորումների մեջ էր և սրտնեղում էր, ուրացող Վասակը, որ գազանների մեջ թաք կացած ազատել էր իր անձը, սկսեց մխիթարել նրա վհատված միտքը և նենգությամբ նրան զանազան հնարներ էր սովորեցնում, թե ինչպե՛ս կարող է խաբեությամբ կռվել բերդերի դեմ։ Երդումներ էր կնքում թագավորի հրամանով և իր անձի վկայությամբ և այն խաբեբա երեցների միջոցով, որոնք նրա հետ էին. պատգամավոր էր ուղարկում նրանց և այնպես էր ցույց տալիս, թե ապստամբությունը ներված է, և կրկին իրավունք է շնորհված եկեղեցիները շինելու, և բոլոր կարգերը դարձյալ նորոգելու առաջվա սովորության համաձայն։ Թեպետև թագավորի հրամանն իսկությամբ էր տրված, — որովհետև նրա զորությունը շատ կոտրվեց, ըստ որում նրա երկու կողմերն էլ ջարդվեցին,— սակայն Հայոց զորքը, որ շատ անգամ վերահասու էր եղել Վասակի նենգությանն ու խաբեբայությանը, շուտով չէր կարողանոսէ հավատ ընծայել նաև թագավորի հրամանին։

  1. Հռովմ. Ե 20:
  2. Հմմտ. Ծննդ. է 11 և շար.:
  3. Ակնարկություն Եղիա մարգարեի կատարած գործերի, որոնք պատմված են Գ. Թագ. ԺԸ և Դ. Թագ. Ա. գլուխներում։
  4. Եսայի ԽԲ 8 և ԽԸ 11-12:
  5. Փիլիպ. Բ 7-10: