Վարդան Օսկանյանի եզրափակիչ ելույթը Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովին
Դուք արդեն մի քանի օր է` Հայաստանում եք։ Ձեզանից ոմանք, վստահ եմ, առաջին անգամ են Հայաստան գալիս, բայց մեծամասնության համար առաջին այցելությունը չէ, և վստահ եմ, որ ձեր բոլորի համար, ձեր բոլորի աչքերին տեսանելի են Հայաստանի և հաջողությունները, և թերացումները, դրականն ու բացասականը։ Ես չգիտեմ` դուք ինչ ակնկալիքներով եք եկել, բայց վստահ եմ, որ ակնկալիքներ ունեցել եք։ Խոսքը խորհրդաժողովի մասին չէ, խոսքը Հայաստանից ակնկալիքների մասին է, ձեր տեսնելիքից ակնկալիքների մասին է, որովհետև մենք բոլորս մեր գիտակցության մեջ, մեր մտքում, մեր երազներում պատկերացնում ենք մեր Հայաստանը և ձգտում ենք հասնել դրան։ Բայց որպեսզի մենք կարողանանք Հայաստանը ճիշտ տեսնել, ճիշտ ընկալել, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ճիշտ հարաբերակցությունը, ճիշտ բալանսը գտնել մեր ակնկալիքների և մեր երկրի հնարավորությունների։ Եթե մենք կարողացանք դա անել, կարծում եմ, որ մենք Հայաստանն ավելի լավ կհասկանանք և խույս կտանք հուսախաբություններից։ Պետություն կառուցելը հեշտ գործ չէ, ես եղել եմ ստեղծման պահից, տեսել են վայրիվերումները։ Ճիշտ է` կարելի է ակնկալիքներ ունենալ, բայց պետք է նաև լինել իրապաշտ։ Մենք կառուցել ենք մի պետություն, որը, կարծում եմ, արդեն բավական ամուր է, տնտեսապես զարգանում է։ Եվ, իսկապես, այսօր եթե Հայաստանին համեմատության մեջ նայենք իր նմանների հետ, հակառակ մեր սահմանափակ հնարավորությունների, հակառակ պատերազմի, հակառակ շրջափակմանը, այսօր մենք մրցակցության մեջ ենք մեր հարևանների հետ և դեռևս հաղթում ենք` տնտեսական ոլորտում, քաղաքական կայունության առումով, մենք հաղթում ենք, առաջ ենք մեր բարեփոխումների առումով, բայց ամենամեծ հարցը, որ այսօր մենք մեզ պետք է տանք` արդյոք, մենք կկարողանա՞նք այս մրցակցությունը պահպանել։ Ահավասիկ, սա է խնդիրը։ Կկարողանա՞նք մենք մեր սերունդներին, հաջորդ մեր զավակներին հանձնել մի Հայաստան, որը մրցունակ կլինի այս տարածաշրջանում, որը իր հարևաններից ավելի զարգացած կլինի, հարևաններից ավելի ժողովրդավարական կլինի։ Այսօր մենք առջևում ենք, բայց կկարողանա՞նք, արդյոք, այդ մարտահրավերին դիմանալ։
Ինձ համար, գոնե, հետաքրքրական զուգադիպություն էր, որ այս խորհրդաժողովը համընկավ Հայաստանի Հանրապետության դեսպանների տարեկան հավաքին, և զուգադիպությունն ինձ համար սա է, որովհետև մենք մի ամբողջ մեկուկես օր մի քանի օր առաջ քննարկել ենք Հայաստանի դիվանագիտության առաջ կանգնած մարտահրավերները և տվել ենք գնահատականներ։ Այսօր իրավիճակը մեր տարածաշրջանում շատ արագ է փոխվում, Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները այսօր նույնը չեն, ինչ որ եղել են տասը տարի առաջ, հինգ տարի առաջ և ընդամենը նույնիսկ մեկ կամ երկու տարի առաջ։ Դրանք բազմաթիվ են` Բաքու-Ջեյհանի գործարկումը, տրասկասպյան գազամուղի կառուցման հեռանկարը, որը Ադրբեջանի կշիռը և լծակները Եվրոպայի և Միացյալ Նահանգների համար էապես մեծացրել է, օրեցօր Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցումը և Թուրքիայի արդեն հրապարակային, բաց աջակցությունը, թափանցիկ աջակցությունը Ադրբեջանին ռազմական, քաղաքական, տնտեսական առումով, օրեցօր նոր դրսևորումներ ստեղծող թուրքական կառավարության` ցեղասպանության ժխտման և չճանաչման պետական քաղաքականությունը, այս տարածաշրջանում ինքնորոշման խնդիրներ ունեցող երկրների միավորումը և ընդհանուր ճակատի ստեղծումը, մեզ համար ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող հարևանի` Իրանի նկատմամբ պատժողականության տրամադրությունների դրսևորումները և վերջապես մեր տարածաշրջանում հնարավոր բաժանարար գծերի ստեղծումը։ Ահավասիկ, մի քանի մարտահրավերներ, որ մենք մեր հանդիպման ժամանակ կարողացել ենք թվարկել։ Սրանք, թերևս, արտաքին քաղաքականության մարտահրավերներն են, Հայաստանն ունի նաև ներքաղաքական մարտահրավերներ։
Մենք պետք է կարողանանք առողջացնել մեր քաղաքական դաշտը, մենք պետք է կարողանանք կոռուպցիան վերացնել, մենք պետք է կարողանանք հովանավորչությունը վերացնել, մեր կառավարության կառույցները ավելի էֆեկտիվ դարձնել, պետք է կարողանանք աղքատությունը վերացնել, մենք պետք է կարողանանք ազատ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, մենք պետք է կարողանանք աշխատատեղեր ստեղծել, մենք պետք է կարողանանք արժանավայել կյանք ապահովել, մենք պետք է կարողանանք, իսկապես, մեր ժողովրդի բարոյահոգեբանական տրամադրությունները և մթնոլորտը փոխել։ Սրանք մարտահրավերներ են, բայց ոչ միայն Հայաստանի. սրանք Հայաստանի մարտահրավերներն են, Արցախի մարտահրավերներն են և Սփյուռքի մարտահրավերներն են։
Ես համաձայն եմ Գագիկ Հարությունյանի հետ, որ չկա, իսկապես, Հայաստան, Սփյուռք, չկա տարանջատվածություն, որովհետև մենք բոլորս մի ազգի ենք պատկանում, մենք ունենք մի ինքնություն, որովհետև մենք ունեցել ենք մի անցյալ։ Սփյուռքն այսօր մեզ պարտադրվել է, դրա համար ես համարում եմ, որ այսօր չկա մեր մտավոր պատկերման մեջ Հայաստան, Սփյուռք, Արցախ տարանջատում։ Սփյուռքը մեզ պարտադրվել է դեռևս հեռավոր անցյալից` Անիի փլուզումից, Սփյուռքը մեզ պարտադրվել է Կիլիկիայի անկումից, Սփյուռքը մեզ պարտադրվել է ցեղասպանությամբ, Սփյուռքը մեզ պարտադրվել է սովետական շրջանի անարդարությամբ և վերջապես, Սփյուռքը մեզ շարունակում է պարտադրվել մեր նորագույն պատմության անկախության առաջին տարիներին բլոկադայի արդյունքում, ինչպես նաև Ադրբեջանի` Հայաստանի նկատմամբ սանձարձած պատերազմով։ Այդ է Սփյուռքի իրականությունը, դա մեզ պարտադրված է, և այսօր մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տարագիրներին ետ վերադարձնենք, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգով, մտքով, վերադարձնենք նվիրումով դեպի Հայաստան, դրա համար էլ երկքաղաքացիության հարցն այսօր դառնում է, իսկապես, առաջնայնություն, և ես այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ մենք մինչև տարվա վերջ, հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը կընդունի այդ օրենքը, որի հիմքում կլինի ամենալիբերալ քաղաքացիություն տալու քաղաքականությունը։ Սա անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար, սա անհրաժեշտություն է մեր ազգի համար, սա անհրաժեշտություն է մեր ապագայի համար, սա անհրաժեշտություն է այն կրիտիկական մասսայի համար, որի մասին խոսեց Գագիկ Հարությունյանը։ Այդ կրիտիկական մասսան մեզ անհրաժեշտ է, երեք միլիոնը մեզ շատ քիչ է, մենք պետք է լինենք հինգ միլիոն, պետք է լինենք տասը միլիոն, պետք է լինենք մեր պոտենցիալով տասնհինգ-քսան միլիոնի համազոր, որպեսզի կարողանանք, իսկապես, այդ մարտահրավերները արդյունավետությամբ դիմագրավել։
Իհարկե, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, սփյուռքահայի և հայաստանցու մերձեցումն ունի իր բարդությունները, սա հեշտ խնդիր չէ, մենք այս խնդիրներին պետք է բաց աչքով նայենք, չթաքցնենք, խոսենք դրանց մասին։ Երբ մենք կազմակերպում էինք այս ֆորումը, մենք մոտեցանք մեր մեծերից, արվեստագետ հայրենադարձներից մեկին` խնդրելով մասնակցելու այս քննարկումներին, հատկապես հայրենադարձության քննարկումներին։ Նա ինձ ասաց,- «Գիտե՞ք, այդ շրջանը ինձ համար այնքան է ցավոտ, որ ես չեմ կարող դրա մասին խոսել, այդ շրջանը այնքան է ցավոտ, որ ես չեմ կարող, բեմի վրա չլացել»,- և նա մերժեց մասնակցել։ Իսկապես, հայրենադարձների համար ծանր շրջան է եղել, մենք պետք է խոսենք դրա մասին անդրադառնանք դրան, գնահատական տանք, որպեսզի խուսափենք հայրենադարձության բարդություններից, կարողանանք այս անգամ ճիշտ անել, այս անգամ անել այնպես, որ Հայաստանն ինքը ներքաշի մեզ բոլորին, և ոչ թե մենք, որպես պետական քաղաքականություն, գնանք մեր հայրենակիցների հետևից։
Ինչքան Հայաստանի մարտահրավերները Սփյուռքինն են, այնքան էլ Սփյուռքի մարտահրավերներները Հայաստանինն են, սա չի կարող միակողմանի ճանապարհ լինել, սա պետք է լինի երկկողմանի ճանապարհ։ Սփյուռքը, որը մեր կարևորագույն հատվածն է, որը Հայաստանի համար անհրաժեշտություն է ամեն ինչով, պետք է հզորանա, բայց նա ունի բազմաթիվ խնդիրներ այսօր, այլասերումից, հայապահպանության մարտահրավերներից, քաղաքական բաժանումից, անվստահելությունից, իրար նկատմամբ պայքարից, այդ բոլորն այսօր Սփյուռքի առաջ կանգնած լուրջ խնդիրներ են, և Հայաստանը պետք է իր մասնակցությունը բերի այդ խնդիրների լուծմանը։ Ինպիսի՞ միջոցներով դա կարելի է քննարկել. այստեղ հնչեցին տարբեր կարծիքներ, բայց կարելի է գտնել, իսկապես, ամենաօպտիմալ ձևը մեր համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Բայց Սփյուռքի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը, Պետրոս Թերզյանը խոսեց դրա մասին, մեր նոր սերնդի ինքնության խնդիրն է, թե մեր նոր սերունդն իր ինքնությունը ինչի հետ է կապում, արդյոք նա կապում է ցեղասպանության հետ, երկրաշարժի հետ, Ղարաբաղի խնդրի հետ, թե՞ կապում է այսօրվա ներկա Հայաստանի հետ, անկախ Հայաստանի հետ, նա միայն ու միայն կկարողանա կապել ներկա Հայաստանի հետ, բայց այդ ներկա Հայաստանը պետք է լինի իր պատկերման Հայաստանը, այն Հայաստանը, որն ինքը լսել է իր նախնիներից, այն Հայաստանը, որ իր ծնողները երազել են։ Եթե մենք չկարողացանք տալ այդ Հայաստանը այդ սերնդին, մենք հաջորդ տարիների ընթացքում կորցնելու ենք այդ սերունդը։
Ահավասիկ, սրանք են խնդիրները. Հայաստան, Սփյուռք, Արցախ միասնականության անհրաժեշտություն կա։ Նուբար Աֆեյանը քիչ առաջ Վիլյամ Սարոյանից մի մեջբերում արեց, որ բոլորիս քաջ ծանոթ է. եթե հանդիպեն երկու հայեր աշխարհի ցանկացած տեղ, տեսեք, թե ինչպես նրանք կստեղծեն մի նոր Հայաստան։ Նուբարը դրան տվեց իր մասնագիտական մեկնաբանությունը համակարգչային լեզվով, ես ուզում եմ տալ դրան իմ մասնագիտական մեկնաբանությունը քաղաքական ազգայնական տեսակետից. եթե այսօր Արցախ, Հայաստան ու Սփյուռք երեքով միանան, տեսեք, թե մենք ինչ հրաշքներ կգործենք` ես համոզված եմ, որ քսանմեկերորդ դարը մերն է լինելու։
20 սեպտեմբեր, 2006