Jump to content

Վարդան Օսկանյանի ելույթը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարդան Օսկանյանի ելույթը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ

Ինձ համար շատ հաճելի է լինել համալսարանում։ Յուրաքանչյուր անգամ, երբ այստեղ ելույթ եմ ունենում, առավել հարստացած եմ զգում, որովհետև ինձ համար առավել հստակ է դառնում, թե ինչպիսի խնդիրներ են հուզում մեր հասարակությանը, հատկապես մեր երիտասարդությանը, այս սերնդին, որոնք իրենց վրա պետք է վերցնեն ապագայում երկրի ղեկավարությունը և պատասխանատվությունը։ Դրա համար ես մեծ նշանակություն եմ տալիս և ամենայն հոգատարությամբ եմ վերաբերում այս հանդիպումներին։

Նաև ուզում եմ այս առիթն օգտագործել և շնորհավորել մայր բուհի հիմնադրման 85-ամյակը։ Իսկապես այս 80 տարիների ընթացքում այն մեր ժողովրդի կյանքում մեծ դեր է խաղացել՝ դառնալով կադրերի դարբնոց և նաև մեր մտավորականության հիմքը՝ գիտական, մշակութային, բոլոր ոլորտներում։ Ես հույս ունեմ, որ հաջորդ տարիներին մայր բուհն իր առաքելությունը կշարունակի արդեն նոր մարտահրավերներին դեմ առ դեմ։

Ինչպես յուրաքանչյուր հոբելյան, սա նույնպես մեզ բոլորիս հնարավորություն է տալիս հետադարձ հայացք նետել, նայել, թե ինչ ճանապարհ է անցել մայր բուհը, գնահատական տալ, թե ինչպիսի դեր է խաղացել և արդեն ինչ փոփոխություններ պետք է անել նոր մարտահրավերները դիմագրավելու համար։ Հայաստանն արդեն 10 տարուց ավելի անկախ պետություն է, մենք անցել ենք խորհրդային 70 տարիների շրջանը։ Բուհն այդ տարիներին է գործել, մշակել այդ շրջանի համար հրատապ բավականին հիմնավոր, նաև կասեի, որոշ չափով զարգացած մոտեցումներ, որոնք այսօրվա համար արդեն ժամանակավրեպ են դարձել և վերանայման և փոփոխության կարիք են զգում։ Այս տասը տարիների ընթացքում այդ փոփոխությունն անձամբ զգացել եմ, երիտասարդության հետ շփվելիս զգում ես, որ արդեն մտածողության փոփոխություն կա։ Այնպես որ, իսկապես համոզված եմ, որ բուհը հարմարեցնում է իրեն նոր պայմաններին` և տեղական, և միջազգային։ Եվ այստեղ երկու հիմնական ուղղություն եմ տեսնում։ Առաջինը՝ այն, ինչը որ բացակայել է, և այսօր դրա կարիք կա՝ դա պետության գաղափարն է, պետության գաղափարախոսությունն է, որն այսօր շատ հրատապ խնդիր է, հատկապես մեր ներքաղաքական զարգացումների լույսի տակ։ Լավատեսություն ներշնչողը այսօր իմ դիմաց նստած ձեր սերունդն է։ Եթե դուք կարողանաք այս բոլորը ճիշտ ընկալել, ճիշտ կողմնորոշվել, ճիշտ հասկանալ, ճիշտ գնահատել և կարևորել պետությունը որպես արժեք, որպես հիմք մեր հետագա զարգացումների, ընդհանրապես մեր ժողովրդի ապագայի, եթե այդ բոլորը դուք ճիշտ հասկանաք, կարծում եմ, որ մեր ղեկավարների, դասախոսների մեր սերունդը մտահոգվելու շատ բան չի ունենա։ Դրա համար էլ մեր պետական կրթական համակարգի մեջ այս գաղափարախոսությունը պետք է առավել ամրագրվի։ Նախկինում և Հայաստանում, և առավել ևս Սփյուռքում տիրում էր ազգի գաղափարը, բայց ոչ պետության, որովհետև պետություն չի եղել։ Խորհրդային գաղափարախոսությունը, նրա պետության ընկալումը մի քիչ այլ էր. մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը, այո, սերունդներ է դաստիարակել, մտածողություն է տվել, այդ բոլորն իր դրական արդյունքներն ունի։ Ես անցել եմ նաև այդ ճանապարհով։ Եվ իսկապես շատ բանով եմ պարտական այդ շրջանին, խորհրդային շրջանի իմ կրթությանն այստեղ՝ պոլիտեխնիկում, հատկապես հումանիտար առարկաների գծով, որովհետև անկախ դրանց համոզչականությունից, դա մի համակարգ էր, մտածողություն էր, մտքի լուրջ վարժանք և ճկունություն էր տալիս։

Սակայն դա իր դերը խաղացել, անցել է։ Այսօր ո՞րն է մեր գաղափարախոսությունը, որը պետք է լինի մեր կրթական համակարգի հիմքում։ Ես կարծում եմ, որ դա պետության գաղափարն է, պետության գաղափարախոսությունը։ Մենք ազգ հասկացությունից պետք է անցնենք ազգ-պետություն հասկացության։ Ազգը չենք կարող մոռանալ, մեր ազգային արժեքները, մեր պետությունը՝ այդ բոլորի վրա պետք է կառուցված լինի, բայց մենք պետք է դրան զուգորդենք պետության գաղափարը։ Մենք պետք է նայենք մեզ արդեն ոչ թե որպես հայ ազգի, հայ ժողովրդի, այլ հայ ազգ-պետության։ Եթե մենք կարողացանք այս գաղափարախոսությունն ամրագրել, ես կարծում եմ, որ մեր սերունդները հետագայում ավելի ճիշտ կկողմնորոշվեն և հաջորդ սերնդի ղեկավարությունը շատ ավելի արդյունավետ կկարողանա աշխատել և երկիրը տանել ճիշտ ճանապարհով։

Այսօր իրոք մեր քաղաքական կյանքում շատ վայրիվերումներ կան։ Դրա հիմնական պատճառներից մեկն է, որ այս գաղափարախոսությունը մեզ մոտ բացակայել է, և մենք հաճախ չենք կարողանում տարբերակել պետությունն ու իշխանությունն իրարից։ Այստեղ էական տարբերություն կա, և մենք մեր պետությանը որպես այդպիսին պետք է նայենք՝ ոչ թե որպես իշխանություն, այլ պետություն։ Մենք կարող ենք քննադատել իշխանություններին, բայց երբեք մենք ոտնձգություն չպետք է անենք պետական կառույցների նկատմամբ, որևէ ոտնձգություն չպետք է անենք պետական կառույցների խարխլմանը, մեր սահմանադրական նորմերի ոտնահարմանը։ Եթե մենք հանկարծ գնացինք այդ ճանապարհով, իսկապես մեզ լավ բան չի կարող սպասել։ Մեր ներքաղաքական կայունությունը դրա վրա է կառուցված։

Երկրորդ գաղափարական հենքը, որ մեր կրթական համակարգում պետք է լինի, այն է, որ մենք կարողանանք քայլ պահել այսօրվա միջազգային զարգացումների և իրադարձությունների հետ։ Այսօր շատ են խոսում գլոբալիզացիայից։ Սրան նույնիսկ երբեմն քննադատաբար են մոտենում։ Բայց սրանք այն գործընթացներն են, որ անկախ մեզանից իսկապես տեղի են ունենում մեր շուրջը։ Եթե մենք չկարողացանք մեր ամբողջ կրթական համակարգը հարմարեցնել նաև այդ զարգացումներին, մենք փաստորեն մեր հաջորդ սերունդներին ամբողջական կրթություն չենք տա, և նրանք իրոք չեն կարող լինել ամբողջական և քայլ պահել միջազգային զարգացումների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ այս երկու առանցքային գաղափարախոսությունը և բուհից, բայց նաև մեր դպրոցական համակարգից պետք է կարողանանք ամրագրել, և մեր սերունդներն այս երկու կարևորագույն գաղափարախոսությամբ զինել և դաստիարակել։

Այսօր ամենահաճախակի հարցը, որ ինձ տրվում է, թե ինչպե՞ս է ազդում մեր ներքաղաքական վիճակն արտաքին քաղաքականության վրա։ Այսօր սա ամենահրատապ խնդիրներից մեկն է, և ես կարծում եմ, որ ժողովուրդը սա ճիշտ է ընկալում, այսինքն՝ այդ կապը տեսնում է։ Մենք պետք է այդ ուղղությամբ լուրջ մտածենք։ Որպեսզի կարողանամ ձեզ ճիշտ բացատրել, թե ինչպիսի ազդեցություններ կան մեր արտաքին քաղաքականության վրա, և երբ որոշումներ են կայացվում, ինչպիսի գործոններ են հաշվի առնվում, արագ փորձեմ այդ հարթակների մասին խոսել, որի մեջ նաև ներառվում է մեր ներքաղաքական վիճակը։

Երեք հարթակի է կարելի բաժանել, որոնց վրա կան գործընթացներ և վեկտորներ, որոնք ազդում են մեր արտաքին քաղաքականությանն առնչվող յուրաքանչյուր որոշման վրա՝ ամենափոքրից ամենամեծը։ Առաջինը` դա այսպես կոչված համակարգային, գլոբալ հարթակն է, որտեղ գործողություններ, զարգացումներ, իրադարձություններ, գործընթացներ են գնում, որոնք մեզանից անկախ են, և դրանք ազդում են մեր որոշումների վրա, ու մենք դրանք չենք կարող արհամարհել։ Օրինակ, ՆԱՏՕ-ի ընդարձակում՝ մի գործընթաց, որ մենք իսկապես այնտեղ որոշիչ ասելիք չունենք։ Այո, գործոն ենք, դեր խաղում ենք, բայց որոշումների կայացման առումով մենք այնտեղ որևէ խոսք չունենք։ Այդ գործընթացները գնում են, նույնիսկ Ռուսաստանը չկարողացավ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք կասեցնել։ Եվ այդ ընդարձակումն արդեն նոր հնարավորություններ է բացում Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար, և Հայաստանն այսօր հարցականի առաջ է մնում, թե ՆԱՏՕ-ի հետ կապված իր հաջորդ քայլերն ինչ պետք է լինեն՝ հատկապես հաշվի առնելով Վրաստան-Ադրբեջան հանգամանքը, նրանց առավել ակնհայտ հակվածությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Սա ինչպիսի՞ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար և ինչպիսի հնարավորություններ, որովհետև յուրաքանչյուր նման խնդրի մեջ միշտ պետքէ փնտրել և խնդիրները ու դրանք լուծել, և նայել, թե սա ինչպիսի նոր հնարավորություններ է տալիս Հայաստանի համար։

Երկրորդ նման գործընթացը Եվրամիության ընդարձակումն է։ Այսօր Եվրամիության արևելյան սահմաններն արդեն մեզ շատ են մոտեցել. Թուրքիան հավանաբար եկող տարվա սկզբից արդեն անդամակցության գործընթաց կսկսի, դա Թուրքիային նոր որակ է տալու։ Թուրքիան փաստորեն միակ կամրջող երկիրն է Հայաստանի և Եվրամիության միջև։ Սա նոր իրավիճակ է ստեղծում։ Ո՞րն է մեր դիրքորոշումը, մեր հաջորդ քայլերը։ Սրանք այն զարգացումներն են, որ անկախ մեզանից, պարտադրում են և ազդում մեր յուրաքանչյուր որոշման վրա։ Նման բազմաթիվ խնդիրներ կան։ Ես դեռ միայն գլոբալ գործընթացները նշեցի։ Կան նաև կոնկրետ երկկողմ հարաբերություններ երկրների հետ, դրանցից մեր կախվածության և այլ հարցեր, այդ բոլորը այս հարթակի վրա շատ լուրջ ազդեցություն ունեն մեր արտաքին քաղաքականության որոշումների վրա։

Երկրորդ հարթակը դա արդեն տեղական հարթակն է՝ երկիրը, թե երկրի ներսում ինչ է կատարվում։ Այնտեղ ես կառանձնացնեի հիմնական երեք գործոն՝ մեկը մեր աշխարհագրությունն է։ Սա նույնպես մեզանից անկախ ստեղծված վիճակ է։ Մի շատ հայտնի խոսք կա, որ ասում է. «Ցույց տուր քո աշխարհագրական դիրքը քարտեզի վրա, ասեմ, թե ինչպիսի արտաքին քաղաքանություն պետք է վարես»։ Աշխարհագրությունն իսկապես շատ բան է թելադրում։ Ես հաճախ մտածում եմ, որ եթե մենք լինեինք Կիպրոսի նման կղզի՝ չորս կողմից ծովով շրջապատված, արդյոք մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում կլիներ նո՞ւյնը։ Աշխարհագրությունն իսկապես որոշիչ գործոն է մեր արտաքին քաղաքականության որոշումների վրա։

Երկրորդը, դա մեր ռեսուրսներն են, կախվածությունն այլ երկրներից. նավթ չունենք, գազ չունենք։ Միակ ռեսուրսը, ասում ենք, մեր ինտելեկտուալ պոտենցիալն է։ Դա շատ լավ է, բայց եկեք դրանով շատ չտարվենք։ Դա ինքնին առանձին բավարար չէ։ Ինտելեկտուալ պոտենցիալը արժեք ունի, եթե այն համակցվում է այլ պայմանների հետ։ Միայն մեր ինտելեկտուալ պոտենցիալի համար որևէ ներդրող Հայաստան չի գալու, եթե մենք չունենք համապատասխան ճիշտ օրենքներ, եթե մեր տնտեսությունը բավարար չափով լիբերալիզացված չէ, եթե չկա ժողովրդավարություն, եթե չկա դատական համակարգ, որը աշխատում է, եթե չկա մարդու իրավունքների հարգում, որովհետև այդ մարդը մտածում է, եթե եկավ Հայաստան, խնդիր ունեցավ, ի՞նչ է կատարվելու նրա հետ։ Այնպես որ, մեր ինտելեկտուալ պոտենցիալը շատ կարևոր գործոն է, բայց միակը չէ. այն պետք է զուգորդվի այլ ռեսուրսներով։ Այստեղ ես ռեսուրս եմ անվանում այն բոլորը, ինչ որ թվարկեցի, որովհետև այլ ռեսուրս չունենք։ Եթե ունենայինք նավթ-գազ, արժեքավոր մետաղներ և այլն, ես այդ բոլորը կմոռանայի, շեշտը կդնեի դրանց վրա, ինչպես Ադրբեջանում է արվում, որովհետև ներդրողն ինքը նավթի պետք ունի, գալիս Ադրբեջանի դուռը թակում է և ներս մտնում ու ներդրումներ անում, չի նայում ժողովրդավարական է պետությունը, թե` չէ։ Նույնիսկ եթե խնդիր ունեցավ, կարող է այդ նավթի փողի ուժով նաև իր խնդիրները լուծել։

Բայց ո՞րն է այսօր Հայաստանի հրապույրն արտաքին աշխարհի համար։ Մեր սև աչքերը՝ բավարար չէ, մեր ինտելեկտուալ պոտենցիալ ասածն էլ բավարար չէ։ Դա իսկապես մեր այն պայմաններն են, որ մենք մեզ համար ենք ստեղծում, և բարեբախտաբար այդ բոլորը մեզանից է կախված, արտաքին աշխարհից կախված չէ։ Մեր տան մաքրությունը մեզանից է կախված, անկախ նրանից, թե կողքի հարևանն ինչպիսին է։ Եթե դու ուզում ես լավ լինել, մաքուր լինել, քո հյուրի համար հրապուրիչ լինել, դու կարող ես նվազագույն ինչ-որ ծախսերով այդ բոլորն անել։ Դրա համար էլ մեր հրապույրը, կարծում եմ, պետք է լինի մեր ժողովրդավարությունը, պետք է լինի մեր ազատ տնտեսությունը, պետք է լինի մեր ամուր, արդար իրավական համակարգը, պետք է լինի մեր անմնացորդ հարգանքը մարդու իրավունքների հանդեպ և այլն։ Շարքը կարող է շատ երկար լինել, բայց սրանք իսկապես այն բաներն են, որ մենք պետք է անենք, այս սերունդը պետք է անի։ Սրա վրա առավել շեշտ եմ դնում այս դահլիճում, որովհետև ուզում եմ, որ դուք իսկապես ներգրավված լինեք։

Այսօրվա ստեղծված իրավիճակն ունի շատ օբյեկտիվ պատճառներ։ Այն թերությունները, որ մենք այսօր տեսնում ենք, չպետք է մեզ հուսահատեցնեն, քանզի այդ տարիների ընթացքում նաև շատ դրական բան է արվել, որոնց մի մասը դեռևս չենք հասցրել իր ավարտին։ Լավատեսորեն պետք է նայել, բայց լինել նաև հետևողական։ Ուզում եմ այս սերնդին անել երկու խնդիր և խնդրանք, պաղատանք։ Դա այն է, որ մենք մեր պետության խնդիրներին ցինիկաբար չմոտենանք և չլինենք անտարբեր։ Սրանք երկու ամենամեծ թշնամիներն են, որոնց այսօր դեմ առ դեմ հանդիպում ենք մեր հասարակության մեջ. ցինիզմ ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ, հատկապես մեր երկրի, պետության ապագայի նկատմամբ, և անտարբերություն։ Այս երկուսի դեմ մենք պետք է պայքարենք, այս սերունդը պետք է պայքարի։ Դուք պետք է կարողանաք իսկապես ներգրավված լինեք քաղաքականության մեջ, քաղաքական երկխոսության մեջ, խնդիրներ բարձրացնեք, պահանջեք, բայց կառուցողական, առողջ քննադատությամբ, առանց վտանգելու մեր պետականության հիմքերը, առանց վտանգելու մեր ինստիտուտները, առանց ոտնահարելու մեր սահմանադրական նորմերը։ Եվ այդ շրջանակների մեջ իսկապես շատ բան կա անելու։ Եթե մենք կարողացանք դա անել, ձեր ներգրավմամբ մենք կկարողանանք այդ ռեսուրսները ստեղծել, և այդ ռեսուրսները մեզ համար կտան բավականին ամուր հիմք նաև արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար։

Երրորդը դա արդեն մեր ներքաղաքական կայունությունն է, և այս երկրորդից՝ ռեսուրսներից է բխում մեր ներքաղաքական կայունությունը։ Դա իսկապես փաստ է, ես դա իմ կաշվի վրա եմ զգում գրեթե ամեն օր։ Երբ Ստրասբուրգում եմ, Բրյուսելում, Նյու-Յորքում, Լոնդոնում կամ Փարիզում, և նույն օրը մեր Ազատության հրապարակում մի քանի հազար մարդ հավաքված՝ փորձում են իշխանափոխության կոչեր անել, հավատացեք, որ իմ արդյունավետությունը կոնկրետ նպատակի իրականացման համար առնվազն կիսով չափ նվազում է, որովհետև այդ մարդիկ սկսում են արդեն Հայաստանին որոշ կասկածանքով նայել, մեր երկրի ապագայի նկատմամբ սկսում են որոշ կասկածամտություն ունենալ։ Այնպես որ, այդ ներքաղաքական իրավիճակը մեր արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար իսկապես կարևորագույն գործոններից մեկն է, և մենք պետք է կարողանանք գուրգուրել, փայփայել այն, ինչ որ այսօր ձեռք ենք բերել։

Նորից եմ կրկնում, ես չեմ ուզում, որպես պետության ներկայացուցիչ այն տպավորությունը թողնել, թե այս բոլորն ասում եմ, որպեսզի կարողանանք իշխանություն պահել և այլն։ Խնդիրը դա չէ։ Ինձ հիմնականում մտահոգում է մեր երկրի ապագան։ Մենք պետք է միտված լինենք իսկապես մեր ապագային, որովհետև վերջիվերջո գալիս է արտաքին քաղաքականության որոշման նաև երրորդ հարթակը՝ կոնկրետ անհատների, այն մարդկանց, որոնք որոշումներ են կայացնում, նրանց գաղափարական հենքը, աշխարհայացքը, նրանց տեսլականը մեր ապագայի նկատմամբ։ Որովհետև ինչքան էլ գլոբալ մակարդակով գործոններն անուղղակիորեն ազդում են, ինչքան էլ մեր աշխարհագրությունը, ռեսուրսներն ազդում են, վերջիվերջո անհատի մտածողությունը, հավատը երկրի նկատմամբ, տեսլականը այդ հարթակի վրա իր կարևորագույն տեղը և դերն ունեն, դրանք նույնպես էական ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության որոշման վրա։ Դրա համար էլ մենք իսկապես մեր ապագային պետք է նայենք այդ աչքով, լավատեսությամբ։

Ես ուզում եմ խոսքս ավարտել հետևյալ շատ դիպուկ մի խոսքով, որ վերջերս ինտերնետի վրա Իրաքի վերաբերյալ մի հոդվածում կարդացի։ Մի տարեց քուրդ մարդ հետևյալն է ասում. «Մեր անցյալը եղել է դաժան, մեր ներկան անորոշ է և նույնպես դաժան է։ Մի բանով մենք շատ բախտավոր ենք, որ ապագա չունենք»։ Նկատո՞ւմ եք մտածողությունն ու գաղափարը։ Սա ցավալի է։ Կարդալուց հետո ես մի պահ մտածեցի, թե մեր դեպքում ի՞նչպես կբնութագրեի անցյալը, ներկան և ապագան։ Մեր անցյալն իսկապես փառապանծ է եղել, բայց նաև եղել է բավական ողբերգական։ Մեր ներկան, ես կարծում եմ, որ վատ չէ։ Բայց մի բանում, որ ես շատ վստահ եմ՝ հատկապես նայելով ձեր աչքերին, մենք ունենք փայլուն ապագա։


3 հունիս, 2004

Աղբյուր

[խմբագրել]

[1]