Վարդան Օսկանյանի ելույթը Հայաստանի անկախության 15-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը
Ինձ համար պատիվ է, ես ուրախ եմ և նաև փոքր-ինչ ցնցված այն հանգամանքով, որ ես կանգնած եմ ձեր առջև, որպես արտաքին գործերի նախարար, Հայաստանի անկախության 15-ամյակի պաշտոնական տոնակատարության ժամանակ։ Այն փաստը, որ մենք մեր տոնը նշում ենք այս կարևոր մայրաքաղաքում մեր սփյուռքի ուժեղ, ակտիվ, ծաղկուն, հպարտ ու ներգրավված ներկայացուցիչների հետ, Հայաստանի մի քանի դեսպանների ներկայությամբ, իսկապես երազանքի պես է։
Մեր անկախությունից 15 տարի է անցել։ Մենք դրան հասանք դժվարին դարի և անգամ՝ դժվարին հազարամյակի վերջում։ Հայերը հպարտությամբ են խոսում իրենց հազարամյակների պատմության մասին։ Մեր անցյալի հիշողությունների միջով անցնող կարմիր թելը լի է դժբախտության մեջ հաջողության կետեր փնտրելով։
Մենք կենդանի ենք մնացել՝ անցնելով Բաբելոնյան ու ասորական, խեթերի ու մարերի, Բյուզանդական, մոնղոլների ու Օսմանյան կայսրություններով։ Մենք հույների ու հռոմեացիների հետ նույն աստվածություններին ենք պաշտել՝ մինչև սուրբ Գրիգոր Լուսավորիչը լուսավորեց դեպի քրիստոնեություն տանող ճանապարհը։ Մենք Աստվածաշունչը ոչ միայն հայերեն, այլև՝ չինարեն ենք թարգմանել։ Մենք հայերի ու արևմտյան քաղաքակրթության պատմությունը գեղեցիկ ծաղկած ձեռագիր մատյաններում ենք արձանագրել։ Մենք խաչակիրներին ենք ողջունել Կիլիկիայի մեր թագավորությունում և եվրոպական վաճառականներին դեպի էկզոտիկ արևելք ուղեկցել։ Ամրոցների փոխարեն մենք վանքեր ու կրթության օջախներ ենք կառուցել, որոնք կանգուն են մնացել զավթիչներից ու երկրաշարժերից հետո։
18-րդ դարում, երբ սկզբում ամերիկյան գաղութները, իսկ հետո՝ Ֆրանսիայի ժողովուրդըն ազատության, հավասարության ու եղբայրության համար պայքար էին մղում, Եվրոպայում գտնվող մեր ուսանողներն ու վաճառականները դիտում ու սովորում էին։ Նրանք գիտեին, որ, որպես երեք տարբեր կայսրությունների հպատակներ, իրենք ազատություններ ու իրավունքներ ունեին, և սկսեցին օգտագործել արևմտյան լուսավորչության առաջնորդների ձևակերպումներն ու բառապաշարը դրանք արտահայտելու համար։ Նրանց նպատակը ոչ թե իրենց վրա բռնացող ու իրավունքները ոտնահարող կառավարությունները տապալելն էր, այլ դրանք վերափոխելը։ Չստացվեց։
Բարձր դուռը, որը հայերի մեծամասնության վրա էր իշխում, կառավարելու իր անկարողությունների համար իր հայ փոքրամասնությանը քավության նոխազ դարձրեց։ Դրան հետևեց ցեղասպանությունը։ Հայ ժողովրդի մնացորդները, որոնք վերապրեցին ցեղասպանությունը, անկախություն ստացան 1918թ.-ին։ Փախստականներից կազմված բնակչություն, կառավարելու ու պաշտպանվելու համար անբավարար պաշարներ, իշխանական խավ, որը Հայաստանում չէր ապրում, և լավ մտադրություններով հայրենասերներից բաղկացած բանակ՝ սա էր անկախությանն ուղղված Հայաստանի ժամանակակից առաջին փորձը։ Դա մի խիզախ փորձ էր նախ՝ հաղթահարելու ներսից բխող սոցիալական ու գոյատևման վտանգները, իսկ հետո՝ պայքարելու արտաքին աշխարհից եկող ուղղակի ֆիզիկական սպառնալիքների դեմ։ Առաջին Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով գոյատևեց, ու իր ընկնելու պահին այն ընկավ՝ համարվելով օրինական, անկախ, քաղաքական միավոր։ Այդ միավորը կլանվեց Խորհրդային Միության մեջ որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
Սա էր այն ճանապարհը, որով անցնելով մենք այսօր հասանք այստեղ ու մեր անկախության անհավանականությանը, անհավանականություն, որ այս գոյատևող ազգը ևս մեկ կայսրության անկմանն ականատես կլինի, այս անգամ՝ լենինյան։ Դրանով մեր հայրենիքը վերածնվեց՝ ազատ ու անկախ։
Հայաստանում և նաև՝ սփյուռքում, որտեղ դեռևս շարունակում են ցնցված լինել Հայաստանի անկախության անհավանականությունից, երբեմն հակառակ զգացողության զոհ են դառնում. քանի որ մենք երբևէ իսկապես անկախություն չենք ունեցել, մենք երբեմն մտածում ենք, որ արժանի չենք դրան, կամ որ այն մեզանից նորից կխլեն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հայերը ոչ միայն արժանի են անկախության, այլև կարող են անկախ լինել՝ գիտակցելով անկախության պահանջները, արձագանքելով անկախությունից եկող ակնկալիքներին ու ընդունելով անկախության բեռը։
Սակայն մենք նաև այն ժամանակ էինք պատրաստ։ Հայաստանի Ժողովրդավարական շարժումը, Բնապահպանական շարժումը, Ղարաբաղյան շարժումը պարզապես փոխվող Խորհրդային Միության արդյունք չէին, այլ նաև արագացրեցին ԽՍՀՄ-ի վերափոխումները։
Անկախությունը բարձր գաղափարներից է ծնվում։ Մենք հավատացած էինք, որ անկախությունը դեպի բարգավաճ ազգ, առողջ ազգ, արդար ու ազնիվ ազգ, կայուն ապագա տանող գաղտնի բանալին է։ Մենք հավատացած էինք, որ անկախությունը ոչ միայն իրավունք է անելու այն, ինչ ուզում ես, այլև հնարավորություն՝ անելու այն, ինչ ուզում ես, հնարավորություն է ընտրություն, ճիշտ ընտրություն կատարելու։
Մենք հիմնական ընտրությունը կատարեցինք. ընտրեցինք ազատական հասարակության՝ բաց շուկաների ու ժողովրդավարական հաստատությունների ուղին։ Դա առաջին ընտրությունն էր։
Եվ այսօր, երբ մենք տոնում ենք մեր անկախությունը, մենք տոնում ենք կատարված այդ ընտրությունը։ Մենք տոնում ենք Վաշինգտոնում՝ այն երկրի մայրաքաղաքում, որն ապացուցեց, որ ազատական տնտեսությունը ժողովրդավարական հանրապետությունում հաղթանակի հասցնող համադրություն է։ Ամերիկացիներն այն ժողովուրդն են, որ սկսեցին քաղաքական համակարգ կառուցել անհատի շուրջ, իր ազատությունների ու կարողությունների շուրջ։
Այլ խոսքերով, Ամերիկայի Անկախության հռչակագիրն իրավունքների մասին է։ Այն անհատի, ժողովուրդների ու հասարակության իրավունքների վկայագիր է։ Սակայն որևէ մեկը երբևէ օժտված չի եղել իրավունքներով՝ առանց միևնույն ժամանակ պատասխանատվություն կրելու։
Մեզ համար պատիվ է անկախությունն ամրապնդող սերունդը լինելը։ Մենք ունենք լայն ու առատ հնարավորություններ երազանքը երկրի՝ խոստումնալից ապագայով կայուն երկրի վերածելու։ Եվ այդ նպատակով, ես ցանկանում եմ պատասխանատվությունների հռչակագիր առաջարկել։ Մեր պատասխանատվությունների։ Այս սերնդի պատասխանատվությունների։ Հայաստանի ու սփյուռքի պատասխանատվությունների, բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են կոչում։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում այն հարցում, որ մեր ժողովրդին զորություն տանք վստահորեն մասնակցելու իրենց ժողովրդավարությունը կառուցելու գործում։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր հայ քաղաքացու համար հավասար գործելու հնարավորություններ ստեղծելու հարցում։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում շարունակելու ընթանալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների դժվարին, սակայն անհրաժեշտ ուղով։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում Հայաստանը որպես այդպիսին չընդունելու, այլ կերտելու մի Հայաստան, ուր ժողովրդավարության ու անկախության խոստումներն իրականություն են դառնում։
- - Մենք մեր անցյալը հիշելու պատասխանատվությունն ենք կրում, առանց դրանով կաշկանդվելու, քանի որ ապագան է մերը։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում արդարացի ու տևական լուծման հասնելու՝ հիմնված փոխադարձ զիջումների վրա։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում սփյուռքը հայրենիքի մեկնված ձեռքը դարձնելու, այլ ոչ թե մշտական տարատեղում, կամ ապակառուցողական ցրվածություն։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում իրեն հայ կոչող յուրաքանչյուր սփյուռքահայի ողջունելու և գրկաբաց ընդունելու հարցում։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում թե մեր անհատական ու հավաքական, թե մեր մասնավոր ու հանրային պաշարների յուրաքանչյուր հյուլեն օգտագործելու հարցում։
- - Մենք պատասխանատվություն ենք կրում միասնաբար հանդես գալու, միասնականորեն աշխատելու, նոր մարտահրավերներին ընդառաջ միասնաբար առաջ ընթանալու հարցում, մենք կարող ենք, առանձին-առանձին կորցնելու փոխարեն, միասնաբար հաղթել։
Այս պատասխանատվությունները անխակությունից ու ազատությունից են բխում։ Անկախություն պահանջելը նշանակում է ճանաչել մեր պատասխանատվությունն ու ընդունել մեր համար պատասխանատվությունը։ Ազատությունը նաև սխալներ անելու, այդ սխալներից սովորելու իրավունք է։ Անկախության ավելի մեծ փորձ ունեցողները պետք է համբերությամբ զինվեն՝ մինչ մենք մեր առջև կանգնած տարբերակների մեջ ընտրություն կատարենք և ազատորեն ընտրենք այն, ինչը մեզ համար է ճիշտ։
Մենք հավատում էինք, որ անկախությունը շնորհվում է, բայց ազատությունը պետք է ձեռք բերվի։ Անկախությունն իրավունքներ է նշանակում։ Ազատությունը նշանակում է պատասխանատվություն։
Շնորհակալություն։
Հոկտեմբերի 21, 2006, Վաշինգտոն