Վարդան Օսկանյանի ելույթը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում Ցեղասպանություններին նվիրված միջազգային կոնֆերանսում
Ես ուրախ եմ ձեզ հետ մասնակցելու նախորդ դարի առաջին ցեղասպանության հիշատակին նվիրված այս միջոցառմանը։ Այդ ժամանակից ի վեր հազարամյակ է փոխվել, սակայն մարդ արարածը չի փոխվել։ Այդ ողբերգությանը, մարդկության դեմ գործած այդ հանցագործությանը հաջորդել են քաղաքականությամբ թելադրված տասնյակից ավելի ամբողջ ազգերի այդօրինակ սպանություններ։ Այսօր՝ 21-րդ դարի սկզբին, Դարֆուրի պարագայում մենք կրկին հայտնվել ենք մի աշխարհում, որը լի է դատապարտմամբ, սակայն չունի ցեղասպանությունն իրականացնողների անունները տալու և այն դադարեցնելու բավարար քաղաքական կամք։ Պատմությունը շարունակում է կրկնվել։
Այս տարի ապրիլի 24-ի օրերին մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 90- ամյակը։ Բրիտանական քաղաքական շրջանակները ձեզ այստեղ թույլ չտվեցին այդ անել, սակայն հունիսյան այս օրը տեղի ունեցող կոնֆերանսը հիշեցնում է մեզ, որ հիշատակը նշելը և դատապարտումը չեն սահմանափակվում միայն տարեդարձերով։
Ինձ համար գնահատելի է, որ այս հիշատակի արարողությունը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում՝ Առնոլդ Թոյնբիի և Ջեյմս Բրայսի հայրենիքում, մի պատմաբանի և մի դիվանագետի, որոնք զբաղվում էին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ եղած վերաբերմունքի մասին փաստաթղթերի ուսումնասիրմամբ։ Այսօրվա թուրքական իշխանությունները ցանկանում են վերանայել և վերաձևակերպել նրանց աշխատությունները։
Այս մասին էր խոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանը այս տարվա սկզբին Բրիտանական պառլամենտին ուղղած իր նամակում։ Բավարար չէ, որ նրանք անցած դարի մի հսկայական մասն անց են կացրել իրենց պատմությունը վերափոխելով, այժմ ցանկանում են ձերը վերափոխել։ 2005-ին, երբ աշխարհում չկան այլևս կայսրություններ և գաղութներ, այն աշխարհում, ուր վեհ գաղափարներն են միավորում երկրներին ու ազգերին դաշինքների մեջ և ուղղորդում նրանց քաղաքականությունն ու գործունեությունը, առնվազն հիասթափեցնող է տեսնել, որ ժամանակակից թուրքական կառավարությունը, որին ի ցույց են դնում իբրև ժողովրդավարության ջատագովի, կրոնական հավատամքների հանդեպ համաշխարհային իդեալների հաղթանակի օրինակի, կարող է ցինիկորեն ժխտել իր և մեր պատմությունը։
Երբ կառավարությունը ծրագրում է ձերբազատվել իր բնակչությունից քաղաքական խնդիր լուծելու նպատակով, դա ցեղասպանություն է։ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը փոքրանում էր, այն կորցնում էր վերահսկողությունը կայսրության ծայրամասերի իր ենթակաների վրա։ Վախենալով, որ Անատոլիայում ևս հայկական փոքրամասնությունը կպահանջի ավելի մեծ իրավունքներ և կխրախուսի արտաքին ուժերին ճնշում գործադրել` օսմանյան ղեկավարությունն օգտագործեց 1-ին Համաշխարհային պատերազմի քողը՝ փորձելով ոչնչացնել հայերին։
ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն այն, ինչին ականատես էր եղել, կոչեց «ազգի սպանություն»։ Այլոք անվանեցին դա «ցեղի սպանություն»։ Նրանք այդպես էին անվանում, որովհետև դեռևս ցեղասպանություն տերմինը չկար։ Երբ այն ի վերջո ստեղծվեց 1944-ին Ռաֆայել Լեմկինի կողմից, հստակորեն անդրադառնում էր նախորդ ցեղասպանության դեպքերին՝ Հայոց ցեղասպանությունը ներառյալ։ Որևէ կասկած չկա, որ եթե 1915-ին ցեղասպանություն բառը գոյություն ունենար, հարյուրավոր հոդվածներից յուրաքանչյուրում այն կգործածվեր։
Այս ամենը հաշվի առնելով, Թուրքիայի պատմության ժխտմանն ու վերափոխմանն ուղղված շարունակական ջանքը ժամանակի վատնում է և հարվածում է իրենց հեղինակությանը։ Վարչապետ Էրդողանը ապրիլին երկրորդ նամակը գրեց. այն ուղղված էր իմ նախագահին, թեև նրանք այն տվեցին մամուլին, նախքան մեզ հանձնելը։ Նամակում ասվում էր, թե եկեք համատեղ պատմական հանձնաժողով ստեղծենք, որը կուսումնասիրի, ինչպես ինքն էր կոչել, «պատմության այս վիճարկելի ժամանակաշրջանը»։ Նա ասում էր, թե դա մի քայլ կլինի մեր երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Մեզ համար մեր երկրների միջև հարաբերությունների նորմալացումը խիստ ցանկալի է։ Սակայն կարծում ենք, որ նա հակառակ կողմից է մոտենում հարցին։ Մեզ հարկավոր է հասնել մեր երկրների միջև հարաբերությունների որոշակի նորմալացման, որպեսզի համատեղ հանձնաժողովը կարողանա այս և շատ այլ վիճարկելի հարցերի լուծման ուղղությամբ աշխատել։ Այսօրվա մեր հարաբերությունները որևէ կերպ նորմալ չես անվանի։ Թուրքիայի ներսում չկա նորմալ միջավայր, ուր հնարավոր լինի քննարկել այս հարցերը։ Այս նամակից հետո անցած երկու ամսվա ընթացքում Թուրքիան վավերացրել է մի քրեական օրենսգիրք, ուր ցեղասպանություն բառի օգտագործումը դիտվում է քրեորեն դատապարտելի հանցանք, դատավարություններ է սկսել մի քանի գրողների և պատմաբանների դեմ ցեղասպանություն բառի, իսկ վերջերս՝ անգամ «ջարդեր» տերմինի օգտագործման համար։ Անցած երկու ամսվա ընթացքում թուրքական իշխանությունների ճնշման հետևանքով չանցկացվեց երեք թուրքական համալսարանների կազմակերպած գիտական կոնֆերանսը, որը քաղաքականապես շատ ճիշտ խորագիր ուներ՝ «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում»։
Չի կարելի Եվրոպայի դռները բախել` պատմաբանների աչքերը և գրողների բերանները փակելով։ Այսպիսի միջավայրում հանձնաժողովի անդամներն ի՞նչ պետք է քննարկեն։ Երկու կառավարությունների միջև հարաբերությունների բացակայության պարագայում ո՞վ է նրանց նշանակելու և ու՞մ են նրանք զեկուցելու։
Մերժումն ու ժխտումը խորը արմատներ են գցել թուրքական հասարակության մեջ։ Նրանք փորձում են դա արդարացնել հայերի դավաճանության, ագրեսիայի, հանցավորության և տարածքային հավակնությունների մասին քարոզչությամբ։
Այս մտածողության քաղաքական հետևանքն է եղել հայ-թուրքական սահմանի միակողմանի փակումը։ Մեր սահմանի երկայնքով երբևէ նորմալ փոխանակում, փոխգործակցություն կամ հարաբերություններ չեն եղել ոչ խորհրդային ժամանակաշրջանում, ոչ էլ անկախությունից հետո։ Արդյո՞ք Թուրքիան ցանկանում է այս դարի մնացած մասն անցկացնել հիշողությունները ցեմենտելով և անցյալը գրաքննության ենթարկելով։ Ե՞րբ պետք է մենք անցնենք նոր միջավայրի ձևավորման, որտեղ այս երկու հարևանները կկարողանան մի ընդհանուր միջավայրում գոյակցել, նոր փորձառություն ձեռք բերել և սովորել ապրել միասին առանց դառնության ու թշնամանքի։ Հայերին ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է անվտանգության շատ շոշափելի խնդիրների պատճառով ևս, և ոչ միայն հանուն պատմական արդարության։
Այս բարդ խնդիրները մի քանի գիտնականի ու փորձագետի հանձնարարելն, առկա այսպիսի վակուումի պարագայում, երկխոսություն սկսելու անկեղծ փորձ չէ։
Թուրքական պետության հսկայական միջոցներն ու հեղինակությունն են ներդրվել պատմությունից խուսանավելու և ցեղասպանություն տերմինի օգտագործումից խուսափելու գործում։ Երկխոսություն սկսելու համար կպահանջվի այդ նույն թուրքական պետության ներգրավվածությունը։ Մենք միակ հարևանները չենք աշխարհում, որոնք խաթարված հարաբերություններ են ունեցել և շարունակում են ունենալ։
Սա էր նախագահ Քոչարյանի պատասխանը վարչապետ Էրդողանին։ Նա նաև նշեց, որ Հայաստանը պատրաստ է քաղաքական երկխոսության։ Քաղաքական երկխոսության հովանու ներքո ցանկացած այլ տեսակի քննարկում, լինի այսօրվա սահմանների, թե՝ անցյալի պատմության մասին, կարող է տեղ գտնել։ Քաղաքական երկխոսության հովանու ներքո միայն նրանք, ովքեր պատասխանատվություն ունեն, հանձնառու են և լիազորված գործելու, ներգրավվելու կարգավորման գործում։
Այսօրվա թուրքերը մեղավոր չեն ոճրագործների համար, եթե, իհարկե, չեն ուզում պաշտպանել նրանց կամ նույնանալ նրանց հետ։ Հայերն ու թուրքերը, մնացյալ աշխարհի հետ մեկտեղ, կարող են մերժել այդ գործողությունները և դատապարտել Օսմանյան կայսրության հանցագործությունները։
Որոշ թուրք գրողներ և գիտնականներ ոտք են դրել խորամուխ լինելու և ուսումնասիրելու դժվարին ճանապարհին։ Ոմանք դա հրապարակավ են անում, մեծ թափանցիկությամբ։ Այս առումով շատ էական է, որ միջազգային հանրությունը չանտեսի, այլ հաստատուն կերպով ձեռքը մեկնի, իր օրինակով, պատմությունը հաղթահարելու իր փորձով օգնի։
Յուրաքանչյուր ազգ խմբագրում է իր անցյալը ճիշտ այնպես, ինչպես խմբագրում է ապագայի իր տեսլականները։ Թուրքական իշխանությունների ընտրովի ամնեզիան է, որ խոչընդոտում է մեր ընդհանուր անցյալը հաղթահարելուն ուղղված ջանքերին։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ Թուրքիայի` իր ապագան Եվրոպայում պատկերացնելու 21-րդ դարի տեսլականը և Եվրոպայի՝ Թուրքիան Եվրոպայի մաս կազմելու տեսլականը կգերազանցեն 19-րդ դարի քաղաքականությանը։
15 հունիս, 2005