Վեհության առասպելականացումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ոգու անպարտելիությունը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Վեհության առասպելականացումը)

Վարդան Հակոբյան

Քարի անմահությունը

ՎԵՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ

«Արվեստագետը պետք է օգնի մարդկանց՝ չապրել միայն րոպեի, օրվա խնդիրներով, այլ կանգնել ժամանակների, դարերի հանգուցակետում։ Ուրեմն, հարկավոր է նաեւ սովորեցնել մարդկանց սիրել անցյալը՝ հայրենիքի անցյալը ու նրա հոգեւոր գանձերը։ Եվ կծնվի սեր ու քաղաքացիական մտահոգություն նաեւ ապագայի հանդեպ»25։

Վահագն Դավթյանը հենց այդպիսի արվեստագետ է։

Իր ամեն մի ասքով բանաստեղծը ոչ միայն ինքն է կանգնում «ժամանակների, դարերի հանգուցակետում», այլեւ ընթերցողին եւս մասնակից է անում իր «ճանապարհորրդությունների» եւ, որ ամենից կարեւորն է՝ «սեր ու քաղաքացիական մտահոգություն» առաջացնում մարդկանց մեջ «նաեւ ապագայի հանդեպ»։ Այս առումով խիստ բնութագրական է «Ճերմակ ձիավորը», որը, իհարկե, չունի մյուս ասքերի ուժն ու արծարծած պրոբլեմների խորությունը, բայց իրենից ներկայացնում է գեղարվեստական անուրանալի արժեք։

«Ճերմակ ձիավորը» նրբակերտ պոեմի մեջ ամբողջականորեն հանդես են բերվում բանաստեղծի խոհափիլիսոփայական-գեղագիտական հայացքները։ Նախ՝ այն ընդլայնում է բանաստեղծի թեմատիկան, քարտեզագրում նրա հոգեբանական ապրումների սահմանները։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել պատմական կոնկրետ փաստերն ու իրողությունները։ Բանաստեղծը, բռնելով իր գաղափարների ու մտքերի արտահայտման համար ամենից անհրաժեշտ ու հարկավոր թելի ծայրից, բացել է պատմության կծիկը։ Բացել է, սակայն ոչ հեքիաթի տուտը բռնելու պես, այլ սեփական ցավը ցույց տալու, այդ ցավին սպեղանի դնելու նման։ Գույժը «սողեսող» մտնում է «աշխարհը հայոց»։

Այո, անպայման՝ սողեսող, որովհետեւ դա Շապուհի գույժն է։ Եվ բանաստեղծը «սողեսողի» մեջ դրել է շապուհավարիությունը.

Շապուհ արքայի ծիրանին ալ է ու միրուքը ալ, Եվ ալ աչքերը աչքեր չեն բնավ՝ բներ են ոխի։ Եվ ծառս է լինում Շապուհ արքայի նժույգը թեթեւ Եվ պար է գալիս հայոց աշխարհի քամիների մեջ։ Բանաստեղծի բառը դառնում է խորհրդանշական։

Շապուհի ձիու «պարն» անգամ շատ բան է ասում ժամանակի պատմական իրավիճակի մասին։ Շապուհը արշավում է դեպի Հայաստան, նրա «արշավելու» ոճից էլ երեւում է, որ դա այն շրջանն է, երբ նա Անհուշ բերդն է նետել հայոց Արշակ թագավորին, քաջ սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Այդ ամենը նա արել է աղվեսավարի։ Ապա նա տիրացել է հայոց թագուհուն, վայելումից հետո նրան նետել իր զորքին։ Ու նորից նա, ահա, հայոց աշխարհն է մտնում «գուժական ու սեւ բոթին հետամուտ»։ Ավերելու ու ավարելու մոլուցքը մեծ է այդ ավարառուի մեջ։ Նրա դրոշի շեկ առյուծը «մեջքը ճկելով քայլում ծանրաթաթ, ուզում է ոստնել եւ ժանիքներն էլ մխրճել ուզում Հայոց աշխարհի ողին ու կողին»։

Սրանք Շապուհի ապրումներն են, գորշ մտադրությունները.

Շապուհ արքայի միտքը սուր է դեռ,
Իր թրից էլ սուր
Եվ Շապուհ արքան իր մտքով այդ սուր
Սպարապետին քո այն սիրեցյալ,
Քո աղվեսացյալ
Գոռոզ Վասակին մորթազերծ արեց,
Մեջը խոտ լցրեց ու դրեց քո դեմ։

Բանաստեղծը խիստ տիպական պատկերով է բացում Շապուհի ներքնաշխարհը։ Խոսքի ուժը ավելի է մեծանում այսպես, եւ անմնացորդ ձեւով Շապուհն ինքն է բացում իր հոգու, մտքի, էության մերկությունը. «Հա, հա, հա, Արշակ, հայոց թագավոր, համբակ չես եղել դու կին ընտրելում»։

Քո Փառանձեմը մոլուցք է վայրի,
Քո Փառանձեմի մագիլները սուր
Մի ամբողջ գիշեր փորել ուզեցին
Ակնախորշերը Շապուհ արքայի։

Հայոց աշխարհի հերոսներին աշխարհ բերելու համար լեռներն են մայրանում։ Եվ հողը ծնում է նորանոր հերոսներ։ Դա հարատեւումի խորհուրդն է հայոց, որ հողից է ելնում։ Եվ Շապուհից վրեժ առնելու համար կռվի է հանում ամբողջ հայությանն ինքը՝ Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ Մամիկոնյանը, որի նժույգը «հայոց աշխարհի բարձրիկ լեռներում», լեռների «կապույտի մեջ ցոլում է իբրեւ սպիտակ կրակ»։ Մուշեղին ներկայացնում է ինքը՝ բանաստեղծը, խոսքի մեջ խտացնելով ժողովրդական մտածողության այնպիսի երանգներ, որոնք նոր ուժ ու հմայք են հաղորդում պատկերներին։

Քեզ ասեմ, Մուշեղ, քաջ սպարապետ
Քեզ ասեմ, որդուդ ազնավուր այն հոր,
Որ զույգ ոտքերով կանգնած էր անպարտ
Զույգ լեռան վրա...
Ու երբ հենվում էր քաջը աջ ոտին,
Աջ լեռն էր տանում խորխորատն ի վար,
Ու երբ հենվում էր քաջը ձախ ոտին,
Ձախ լեռն էր տանում խորխորատն ի վար։

Սպարապետի մեջ մայր ժողովրդի ուժն ու արիությունն է, որը փոխանցվել է եւ նրա որդուն՝ Մուշեղ Մամիկոնյանին։ Եվ այստեղ է, որ ոխը դառնում է սրբազան, որ «սուրը շիկացել» ու դարձել է «լույսի շեղբ ու շանթ է դարձել», չէ՞ որ այն մարդկային խավարն ու մռայլը պիտի թրատի։ Մուշեղ սպարապետը հայորդիներին կանչում է՝ ի զեն «հանուն Արշակա», «հանուն Վասակա», հանուն մայր ժողովրդի ազատության։ Եվ նա ջարդում է «վիշապի մեջքը» այն վիշապի, որ գալար-գալար հայոց ձորերն է մտել, փաթաթվել է ուզում լեռներին։ Ջարդում է։ Եվ Շապուհ արքայի ականջների մեջ ոռնում են հայոց աշխարհի քամիները խենթ. «Հա-հա-հա, Շապուհ, արքայից արքա։ Այդ ուր ես արդեն սողում քաջաձի...»։ Բանաստեղծի իրոնիան ավելին է ասում այստեղ. Շապուհը փախչում է՝ թողած ծիրանին, «դրոշները ամեն» եւ իր համար դրոշներից էլ թանկ կանանոցը՝ «Պատիվն ու փառքը Շապուհ արքայի»։

Վահագն Դավթյանը գեղարվեստական մեծ ուժով է ներկայացրել Շապուհ արքայի կանանց։ Եվ պիտի ասել, որ նրա նկարագրությունները պոեմը դարձնում են ավելի դինամիկ։ Սա այն դեպքն է, երբ Շապուհին նա ներկայացնում է ոչ թե Շապուհի, այլ նրա իսկ կանանց միջոցով։

Բանաստեղծը արտաքին նկարագրություններով անգամ ցույց է տալիս հոգեւորը։ Ահավասիկ.

Կապույտ աչքերում մեղսանքն է տխրում,
Ու մեղկություն կա աչքերում կապույտ։
Եվ մեղկությունը կապույտ աչքերի,
Եվ կապույտ ստվերն այդ աչքերի տակ,
Եվ կուրծքը դողդոջ
Եվ վարսը խռիվ
Եվ շրթունքները, որ խոնավ են դեռ,
Խոսում են անխոս, որ ոսկեծամի
Գիշերն այդ գիշեր բարի է եղել։

Այո, Շապուհի «փառքն ու պատիվը» հանդիսացող այդ կանանցով պոետը ավելի շատ Շապուհ արքայի հոգին է բացում, նույնիսկ այն դեպքում, երբ կանացի գեղեցկությունն է նկարագրում։ Այդ գեղեցկություններն ուղիղ համեմատական են կանանց «տիրոջը»՝ Շապուհի էության աղտեղանքներին։ Հենց դա էլ խոսքը դարձնում է նպատակամետ։

«Մուշեղ Մամիկոնյանի արարքում (Շապուհի գերված կանանոցը անձեռնմխելիորեն «տիրոջը» վերադարձնելը) Դավթյանը փորձում է ցույց տալ մեր հոգեկան կերտվածքի մի նոր խորհուրդը, Մուշեղ Մամիկոնյանը հանդիպում է հայոց զորքի խուլ, զուսպ ընդիմությանը («Սակայն վրեժը Փառանձեմ տիկնոջ»), բայց հայոց սպարապետը մինչեւ վերջ պնդում է իրենը. «Ո՛չ... Շապուհի դեմ եմ ես պատերազմում եւ ոչ իր կանանց»։ Նա մտքի կորով է հայտնաբերում՝ վերանալու մանր վրիժառնությունից։ Իմաստավորելով սեփական արարքը՝ Մուշեղ Մամիկոնյանը հասնում է բարոյական յուրատեսակ հաղթանակի, եւ անկարեւոր պլանի է մղվում ռազմական հաղթանակը։ Դավթյանը հայոց սպարապետի արարքում տեսնում է մի «աներեւույթ ուժի» ռեալիությունը։

Եվ խոսք են խոսում, թե ետ այնօրիկ Մեղմացավ բարքը գազան Շապուհի, Ու մի սակավիկ Շատացավ բարին աշխարհի վրա։

Այսպես, Դավթյանը հաստատում է նաեւ բարության իր ըմբռնումը։ «Այս իդեալը տիրապետող է Դավթյանի ողջ ստեղծագործության մեջ՝ սիրո, հողի երգերում «Գինու երգը» շարքում»,- իրավացիորեն նկատում է Հ. Գալստյանը։

Ի դեպ, նշենք, որ Վահագն Դավթյանը «Ճերմակ ձիավորը» պոեմի երկրորդ հրատարակության մեջ («Ասք սիրո» գրքում) կատարել է մի շարք փոփոխություններ, որոնցից, անշուշտ, շահել է գործը։ Նախ՝ սկիզբը։ Առաջին հրատարակության մեջ այսպես էր.

Եվ գույժը նորից սողեսող մտավ աշխարհը հայոց, Վիշապաձագի զարհուրիկ ձայնով կիրճերում սուլեց Եվ հազար-հազար վանքերի ծանր զանգերի զարկով Եվ հազար-հազար անդունդ ու ձորի խուլ-արձագանքով Ձգվեց ընդերկար...

Այստեղից, օրինակ, դուրս են նետվել առանձին տողեր, որոնք, հիրավի, ոչ միայն ոչինչ չեն ավելացնում ասվածին, այլեւ ինչ-որ տեղ նույնիսկ կոտրում են խոսքի տեմպն ու ուժը, նրա նպատակամետությունը։ Խիստ կարեւոր է նաեւ Դավթյանի մեկ ուրիշ փոփոխություն, որտեղ նա Շապուհի բառերով ներկայացնում է Փառանձեմին։ Նոր տարբերակում բանաստեղծը դուրս է թողել Փառանձեմին «սպիտակ բերդի» հետ համեմատող տողը, կատարել էական եւ բնորոշ լրացումներ, որոնք ավելի տիպական են դարձնում Շապուհ արքայի կերպարը։ «Սպիտակ բերդի» մեջ ավելի շատ խորհրդանշվում է հոգու զգացողություններ, հետեւապես սխալ կլիներ գրել, թե Շապուհը այդ բերդին տիրացավ։ Շապուհը հենց դրան է, որ տիրանալ չկարողացավ, նա տիրացավ մարմնին. հոգին անհաղթելի է հայի մեջ։ Հենց այդ ոգու հաղթանակն է ցույց տալիս Դավթյանը իր «Ճերմակ ձիավորը» ասք-պոեմի մեջ, մի պոեմ, որը ինչպես նշել ենք արդեն, չնայած իր գեղարվեստական արժանիքներով զիջում է հեղինակի մյուս մեծակտավ գործերին, այնուամենայնիվ, չի դադարում պոետի մտածողությանը նոր որակ բերելուց։ Գեղագիտական առումներով էլ այն նորություն է բերում։