Վերք Հայաստանի կամ Ինչո՞ւ է պետք լուծել Հայկական հարցը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վերք Հայաստանի կամ Ինչո՞ւ է պետք լուծել Հայկական հարցը

Արա Պապյան

Միջազգային իրավունքը, խոսելով պետությունների մասին, հաճախ է նրանց անձնավորում: Իրավունքի տեսանկյունից պետության հիմնական հատկանիշը նրա միջազգային իրավական ինքնությունն է (international legal personality),[1] այսինքն՝ միջազգային քաղաքական դաշտում անհատականացված հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը: Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները շատ բանով նման են միջանձնային հարաբերություններին, քանզի ընդհանուր առմամբ պետության՝ կարգին պետության, շահն ածանցվում է նրա անհատ քաղաքացիների հավաքական շահից:

Անձնավորելով պետությանը՝ միջազգային իրավունքը քաղաքական և իրավական բազում երևույթներ նկարագրելիս օգտագործում է անձին վերաբերող բառապաշար: Օրինակ, միջազգային իրավունքի մեջ կա խոցված, վերք ստացած, վիրավորված պետություն (injured state) հասկացությունը: Եղեռնազարկ բանաստեղծ Դանիել Վարուժանն այդ երկրներին կկոչեր կարեվէր երկրներ: Հիշո՞ւմ եք նրա «Յիսուսի պես կարեվէր, Արշալոյսի մը երկունքէն բռնուած»: Քանի որ կարեվեր [կարեվէր] բառը բաղկացած է կարի = ուժեղ, խորը և վէր(ք) [ստացած] բառերից և միանգամայն արտահայտում է injured state-ի ընդգրկուն քաղաքական իմաստը, ուստի հայոց քաղաքական բառապաշարը հարստացնենք ևս մի դարձվածքով և այդ խոցված երկրները բնութագրենք որպես կարեվեր պետություններ:

Միջազգային իրավունքը հստակ տալիս է կարեվեր պետության սահմանումը.

«Կարեվեր պետությունն այն պետությունն է, որի իրավունքը խախտվել է մեկ այլ պետության կողմից՝ սեփական պարտավորությունների ոտնահարումից առաջացած միջազգայնորեն սխալ գործողության հետևանքով»:[2]

Երբ նայում ենք մեր ոչ վաղ անցյալին, ապա ակնհայտ է դառնում, որ 1920-1921թթ. բոլշևիկ-քեմալական խարդավանքների հետևանքով Հայաստանի պետականության մարմնին հասցվել է խորը վերք. Թուրքիան, ոտնահարելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները, բոլշևիկների աջակցությամբ և Արևմուտքի թողտվությամբ, խախտել է մեր իրավունքները և մեր պետությանը զրկել է պետականության կենսապահովման նվազագույն պաշարից: Այսինքն, մեր պետականությանը հասցված վերքը հանգեցրել է պետության կենսունակության որակական անկման: Պետք է հստակ տարբերակել պարզապես տարածքային կորուստը կենսունակության կորստից: Օրինակ, Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթումը տարածքի և հարստության կորուստ է, սակայն որակի կորուստ չէ: Կիպրոսը, կորցնելով իր տարածքի 37%-ը, չի կորցրել աշխարհի հետ ազատորեն հաղորդակցվելու ունակությունը, ուստի պահպանել է զարգացման հնարավորությունը: Հայաստանի Հանրապետությունը, կորցնելով Կարսի մարզը (դեռ չեմ խոսում Վիլսոնի իրավարար վճռով ՀՀ-ին հատկացված տարածքների մասին), առնվազն կորցրել է աշխարհի հետ ազատորեն հարաբերվելու ունակությունը, սեփական մայրաքաղաքի պաշտպանունակությունը և Վրաստանի վրա համարժեք ազդեցության լծակը: Այս վիճակից ելքեր գտնելու համար պետք է սթափ նայել իրականությանը՝ ներկա սահմաններով, նման աշխարհաքաղաքական դիրքում և նման հարևանների առկայությամբ ՀՀ-ն ապագա չունի: Մեր պետականության մարմնին հասցված վերքերն անհամատեղելի են մեր պետության կյանքի հետ: Քանի դեռ այդ վերքերը չեն ապաքինվել, առավելագույնն ուշմիջնադարյան ռոմանտիզմ է հույս փայփայել, թե կարելի կլինի կառուցել ապահով և բարգավաճ երկիր: Եթե բանաստեղծ լինեի կգրեի. «Մեր ափերի մեջ դեռ մղկտում են մեխի տեղերը և մեր վերքերը դեռ շարունակում են արնահոսել»:

Այստեղ ուզում եմ անել մի հույժ կարևոր շեշտադրում՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և օրենքի գերակայությանն այլընտրանք չկա: Ավելին, ժամանակային առումով ես դրանք ամենաառաջնահերթն եմ համարում: Առանց դրանց ոչինչ հնարավոր չէ անել, ընդհանրապես ոչինչ: Մեր պետականության ինքնին գոյության համար ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը կենսականորեն անհրաժեշտ պայմաններ են: Սակայն բուն խնդիրն այն է, որ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Հայաստանին պետք է կենսունակության նվազագույն պաշար, այսինքն՝ այն, ինչ դարերով միջազգային հանրությունն անվանել է Հայկական հարցի լուծում: Ի վերջո ի՞նչ էր Հայկական հարցը. դա հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար նվազագույն կենսապայմանների ապահովում էր: Ներկա փուլում Հայկական հարցի լուծման դրսևորումը փոխվել է: Ներկայումս այն միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է: Փոխվել է դրսևորումը, սակայն չի փոխվել էությունը. Հայաստանի Հանրապետության գոյության համար անհրաժեշտ է կենսապահովման նվազագույն պաշար, որին հնարավոր է հասնել միմիայն Հայկական հարցի լուծման ճանապարհով:

Մենք դա պետք է գիտակցենք, որպեսզի հստակորեն պատկերացնենք մեր անելիքը և խուսափենք հերթական սխալներն անելուց: Ի վերջո հայ-թուրքական հայրենակործան արձանագրությունները դեռ կախված են մեր գլխին:


Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. Ավելի հանգամանալից տե՛ս. Boczek B.A. The A to Z of International Law. Toronto, 2010, p. 37-144 [Ch. II. International Legal Personality, States: Recognition, Jurisdiction, Responsibility, Succession].
  2. Նույն տեղում, էջ 70:


9 նոյեմբերի, 2010թ.