Վիրավորական հարգանք
[ 155 ] Ընչի նման է այս. այս խեղճ ու անճարակ աղմուկը, որ ամեն անգամ բարձրանում է այս կամ այն գրական մարդու դագաղի վրա — այսքան սուտ և այսքան տգեղ ու վիրավորական միանգամայն։
Ես ճանաչում եմ գրեթե բոլոր հայ գրողներին։ Նրանք ընդհանրապես, ոչ թե մերկ ու սոված չեն լինում, այլ մինչև անգամ վատ չեն ապրում։ Այո՛, նեղություններ են քաշում։
Բայց ո՞վ չի նեղության քաշում իր մասնավոր կյանքում։ Զարմանալի կամ զարհուրելի ի՞նչ կա այստեղ։
Ահա և Պռոշյանցը։ Մեռավ։ Ո՞վ է ասում, թե նա քաղցած էր կամ մերկ։ Ով որ էլ լինի—սուտ է ասում։ Իսկ թե եղել է այս կամ այն պաշտոնին—ինչ կա արտասվելի։ Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին, մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել և տեսել է օգուտ չի անում, թողել է։ Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված էր կամ տկլոր։ Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք էն մարդկանց վրա, որոնք մի որևէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում։ Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք։ Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ և՛ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, և՛ թոշակ ուներ, և՛ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց։ Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած: Ո՛չ, միայն մի ձեռնարկություն սխալ ու ձախորդ:
Ո՛չ, սոված ու մերկ չեն հայ գրողները։ Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել։ Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին, ինչպես մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է—ի միջի այլոց։
Այս արդեն ուրիշ խնդիր է։ Եվ, այո՛, մեծ դժբախտություն է մի գրականության համար։ Եթե սրանից եք խոսում—խոսեցեք։ Գրողի ու նրա ընտանիքի համար էյ այստեղ վիրավորական բան չկա։ Ընդհակառակը, մենք գնահատում ենք գրողի [ 156 ] տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախսի ու մաշի ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք։ Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լավ գրող մեզ համար, մեր ժողովրդի համար։ Թեկուզ այնպես, ինչպես այսընչին ղրկում ենք համալսարան, որ գա մեր մեջ մեզ համար լավ բժիշկ լինի, լավ ինժեներ, լավ ուսուցիչ:
Սրանից եք խոսում—խոսեցեք։ Չեք արել, ցավո՞ւմ եք—ցավեցեք։ Չե՞ք ցավում—այդ էլ ձեր բանն է։
Բայց վեր կենալ մարդու դագաղի վրա՝ էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան…
Ամո՛թ է վերջապես։
Չեք կարողանում գրականություն ու գրող պահել այդ հերիք չի, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են։