Jump to content

Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վուդրո Վիլսոնը

Տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին [2006թ.], լրանում է ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920թ.), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 150-ամյակը:

Համաշխարհային քաղաքագիտական միտքը բազմիցս է անդրադարձել Վուդրո Վիլսոնի քաղաքական ժառանգությանը, սակայն գրեթե ոչինչ չի արվել վեր հանելու համար ԱՄՆ նախագահի հետևողական և աննկուն ջանքերը հանուն հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և, ամենակարևորը, արժեվորելու համար այդ գործունեության բարձրակետը հանդիսացող Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը որոշող և մեկընդմիշտ ամրագրող իրավարար վճռի (arbitral award) քաղաքական անանց կարևորությունը մերօրյա Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի համար:

Իրավարար վճռի նախընթացը

[խմբագրել]

1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով.

ա) ստանձնել Հայաստանի մանդատը,
բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:[1]

Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով:[2] Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի, անունից հղվեց ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը:

Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920թ.:

Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս դե յուրե սահմանն ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի

Իրավարար վճռի բովանդակությունը

[խմբագրել]

Ըստ իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103.599 քկմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները՝ Հայոց ցեղասպանության հետևանքով:

Իրավարար վճռի ներկա կարգավիճակը

[խմբագրել]

Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար:[3] Այն չունի ժամանակային սահմանափակում,[4] և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի միջազգայնագրի /կոնվենցիայի/ (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում:[5] Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ:[6] Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրի կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա, Հերցեգովինա, Մակեդոնիա և Մոնտենեգրո: Այն պարտադիր է նաև իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը[7] և իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար:[8]

Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:


Հղումներ և ծանոթագրություն

[խմբագրել]
  1. The Treaties of Peace, 1919-1923, vol. I. NY, 1924, p. xxxii.
  2. Papers Relating to Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 780.
  3. A Dictionary of Arbitration and its Terms (ed. Seide K.). NY, 1970. p. 32.
  4. Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 98.
  5. Sorensen M. Manual of Public International Law. New York, 1968, p. 693-4.
  6. A Dictionary of Arbitration and its Terms. Ibid, p. 27.
  7. Wright Q. The Control of American Foreign Relations. NY, 1922, p. 38.
  8. Collier J. The Settlement of Disputes in International Law. Oxford, 1999, p. 265.


առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,
28 դեկտեմբերի, 2006թ., էջ 3