Jump to content

Վուդրո Վիլսոնի 14 կետերը և Հայաստանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վուդրո Վիլսոնն իր ձեռքում է պահել ԱՄՆ քաղաքական ղեկը մի խռովահույզ ժամանակաշրջանում (1913-1921թթ.), երբ առաջին աշխարհամարտի փոթորիկների մեջ և դրան հաջորդած քաղաքական վերաձևումների ընթացքում կործանվում էին կայսրություններ, պատմական ասպարեզ էին իջնում նորանոր երկրներ, ի հայտ էր գալիս աշխարհի, որպես մի փոխկապակցված ընդհանրության, նոր ըմբռնումը: Անուրանալի է ԱՄՆ նախագահի և իրավագիտության դոկտորի դերը ազգերի ինքնորոշման իրավունքի քաղաքական հասկացության առաջադրման, մշակման և աներկբա սատարման ուղղությամբ, ինչպես նաև Ազգերի լիգայի, հետևաբար դրա իրավահաջորդը հանդիսացող ՄԱԿ-ի, ստեղծման գործում:

Գրեթե ինը տասնամյակ առաջ՝ 1918թ. հունվարի 8-ին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Կոնգրեսի համատեղ նիստին դիմեց մի ուղերձով, որը քաղաքական պատմության մեջ առավելաբար հայտնի է «Վուդրո Վիլսոնի 14 կետերը» անունով (“14 Points of Woodrow Wilson”), սակայն որի պաշտոնական անվանումն է «Ուղերձ Կոնգրեսին, որը հայտարարում է Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներն ու խաղաղության պայմանները» (“Address to Congress, Stating the War Aims and Peace Terms of the United States”): Այս ուղերձի մեջ, որը մինչ օրս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է,[1] շարադրված էին ԱՄՆ բարձրագույն իշխանավորի և արտաքին քաղաքականության համար անմիջական պատասխանատուի հայացքները հետպատերազմյան աշխարհակարգի վերաբերյալ:

Սույն փաստաթղթի 12-րդ կետն անմիջականորեն վերաբերում էր հայ ժողովրդի ապագային և ստեղծվելիք Հայաստանի Հանրապետությանը: Այն միանշանակորեն շեշտում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք ազգերի, մասնավորապես հայության, ազատորեն ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ուղերձի 12-րդ կետը հայտարարում էր.

«Ներկայիս Օսմանյան կայսրության թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ,
պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն, Դարդանելը, որպես ազատ ջրուղի, միջազգային երաշխիքների ներքո,
մշտապես պետք է բաց լինի բոլոր երկրների նավերի և առևտրի համար»:[2]

Թեև Վիլսոնի ուղերձում առանձնանշված չէ որևէ երկիր, այսուհանդերձ, անտարակույս, ԱՄՆ նախագահի ուղերձը վերաբերում էր նաև Հայաստանին: Վիլսոնը սույն ուղերձի վրա, իր խորհրդական, գնդապետ Էդվարդ Հաուզի (Edward House) հետ միասին, աշխատել է 1918թ. հունվարի 4-ին, 5-ին և 7-ին: Այդ մասին վկայված է նախագահի խորհրդականի օրագրի մեջ: Ահա թե ինչ է արձանագրում Հաուզը 1918թ. հունվարի 7-ին. «Երբ գրվել էր Թուրքիային վերաբերող պարբերությունը, նախագահը մտածեց, որ այն պետք է դարձնել ավելի հստակ, որ Հայաստանը, Միջագետքը, Սիրիան և այլ մասերը պետք է նշվեն անուններով: Ես չհամաձայնեցի սրա հետ, հավատացած լինելով, որ այն ինչ ասված է բավարար է ցույց տալու համար դա, և ի վերջո ամեն ինչ մնաց այնպես, ինչպես ձևակերպված էր սկզբում»:[3]

Ի լրումն և ի հաստատումն այս վկայության, վերոհիշյալ ուղերձի պաշտոնական մեկնաբանության մեջ (“Official American Commentary on the Fourteen Points”), հղված Փարիզի խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակությանը (30 հոկտեմբերի, 1918թ.), նախագահ Վիլսոնը, անդրադառնալով իր ծրագրային ուղերձի 12-րդ կետին, տալիս է իր պատկերացումները Թուրքիայի ապագայի և նախնական դիրքորոշումը՝ Հայաստանի սահմանների վերաբերյալ. «Հայաստանին պետք է տրվի նավահանգիստ Միջերկրականի ծովափում, և հաստատվի հովանավորող ուժ: Ֆրանսիան կարող է հավակնել դրան, սակայն հայերը կնախընտրեն Մեծ Բրիտանիան»:[4] Իր հերթին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հանձնարարականը, գնդապետ Հաուզը, ով նաև Փարիզի Խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր, գրում է. «Մերձավոր արևելքում նախագահ Վիլսոնի նպատակն էր Կոստանդնուպոլսի համար ապահովել միջազգային վերահսկողություն, Անատոլիան տալ թուրքերին և ստեղծել անկախ Հայաստան»:[5]

Պատկեր:Wilson to Benedict - Armenian.jpg
Հատված Վիլսոնի՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ին հղված նամակից:
24 դեկտեմբերի, 1918 թվական

Հայերին թուրքական լծից ազատագրված տեսնելու իր այս ձգտումը նախագահ Վիլսոնը վերահաստատել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ին 1918թ. դեկտեմբերի 24-ին գրած նամակում. «Վստահեցնում եմ Ձեզ, որ խոսում եմ ոչ միայն իմ, այլև ողջ ամերիկյան ժողովրդի անունից, երբ ասում եմ, որ ոչ մի այլ ժողովրդի տառապանք այդքան խորապես չի խռովել ամերիկացիներին, որքան հայերինը: Վստահաբար, իմ ամենանվիրական ձգտումներից է լինելու կարողությանս չափով մասնակցություն ունենալ, ապահովելու համար այդ անիրավված և տարաբախտ ժողովրդի օրինավոր և ամբողջական ազատագրումը անարդար լծից»:[6]

ԱՄՆ նախագահ Վիլսոնն իր մեկ այլ ուղերձում (23 սեպտեմբերի, 1919թ.) հստակորեն նշում է. «Հայաստանը մեկն է այն շրջաններից, որը պետք է լինի Ազգերի լիգայի խնամակալության ներքո: Հայաստանը պետք է ազատվի: Թուրքին պետք է արգելվի իշխանություն բանեցնել այնտեղ, և քրիստոնյա ժողովուրդներին ոչ միայն պետք է թույլ տրվի օգնել Հայաստանին, այլև նրանց պետք է թույլ տրվի պաշտպանել Հայաստանը»:7 Ավելին, նույն ուղերձի մեջ նախագահ Վիլսոնը, վկայակոչելով հայոց ջարդերը Թուրքիայում, միանշանակորեն մեղադրում է Թուրքիայի կառավարությանը. «Թուրքական կառավարությունը պետք է ասի, որ ի վիճակի չի եղել կանխելու ահավոր ջարդերը, որոնք այդ երկիրը դարձրել են գերեզմանոց»:[7]

Անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիան Վուդրո Վիլսոնի առաջադրած սկզբունքները միանշանակորեն ճանաչել է որպես խաղաղության բանակցությունների հիմք: Օսմանյան կառավարությունը զինադադարի իր պաշտոնական գրության մեջ (14.10.1918թ.) հստակորեն հայտարարել է. «Ինքը (Օսմանյան կայսերական կառավարությունը) որպես բանակցությունների հիմք է ընդունում այն ծրագիրը, որն առաջադրվել է ԱՄՆ նախագահի կողմից Կոնգրեսին հղված 1918թ. հունվարի 8-ի ուղերձում»:[8] Միմիայն այս պարտավորությունն ի նկատի ունենալով է, որ ամերիկացիները միջնորդել են դադարացնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ և կնքել Մուդրոսի զինադադարը (30.10.1918թ.):[9]


Հղումներ և ծանոթագրություն

[խմբագրել]
  1. Basic Documents in the United States Foreign Policy (by Brockway T.), NJ, 1968, p. 71-4.
  2. President Woodrow Wilson. Address to Congress, Stating War Aims and Peace Terms (Delivered in Joint Session, 8 January 1918), p. 470. (In: The Messages and Papers of Woodrow Wilson, Vol. I, NY, 1924, p. 464-72).
  3. The Diary of Colonel House, 7 Jan 1918, p. 332. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. III).
  4. Official American Commentary on the Fourteen Points, p. 199-200. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. IV).
  5. Commentary on Fourteen Points, Colonel House to the President [cablegram], p. 157. (In: The Intimate Papers of Colonel House, (by Seymour C.), Boston-New York, 1928, Vol. IV).
  6. Quoted in: Somakian M.J. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London, 1995, p. 256.
  7. Addresses Delivered on Western Tour, at Tabernacle, Salt Lake City, Utah, 23 Sep 1919, p. 358-9. (In: War and Peace, Presidential Messages, Addresses, and Public Papers (1917-1924) by Woodrow Wilson. Vol. II (ed. Baker R.S., Dodd W.E.), NY, 1927, p. 346-65.
  8. Scott J.B. Official Statements of War and Peace Proposals, December 1916 to November 1918. Washington, 1921, p. 419.
  9. The Time, London, 2 Nov 1918, p. 7.


24 հուլիսի, 2007թ.