Jump to content

Վրաց իշխանի արքայազն Ալեքսանդրի կյանքից Պարսկաստանում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վրաց իշխանի արքայազն Ալեքսանդրի կյանքից Պարսկաստանում

ՎՐԱՑ ԻՇԽԱՆԻ ԱՐՔԱՅԱԶՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԿՅԱՆՔԻՑ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ

Իշխան Ալեքսանդրի ժամանակը դեռ շատ չէ հնացել: Պարսկաստանում մինչև այսօր ծերունի ալևորներ հիշում են նորա պատմությունը: Եվ մեք, նյութեր քաղելով կենդանի ավանդություններից, կաշխատեմք տալ ապագային մի քանի տեղեկությունք նորա կյանքից:

Իշխան Ալեքսանդրի Պարսկաստան գնալու պատճառները այնքան հայտնի են ժամանակակից պատմագրությանը, որ մենք ավելորդ ենք համարում այդ մասին մի բան խոսել, միայն նա գնաց այնտեղ, երբ Ղեջարյան գահին տիրում էր Ֆեթհ-Ալի-Շահը: Շահից նա գտավ արժանավոր ընդունելություն, որ որոնում էր ապաստան մի այլ տերության մեջ:

Ֆեթհ-Ալի-Շահի հրամանավ Ապպաս-Միրզան, որ և կոչվում էր Նաիբուլ-Սալթանա, այսինքն` Շահի ժառանգը, և միևնույն ժամանակ Ատրպատականի կուսակալը, շնորհեց իշխան Ալեքսանդրին Սալմաստա գեղեցկադիր գավառում մի քանի գյուղորայք նորա կացարանի և ապրուստի համար: Այդ գյուղորայքից իշ. Ալեքսանդրը ընտրեց յուր բնակության համար Խոսրովիա անունով հայաբնակ և Ասորոց գյուղը, որ յուր այգևետ և ծառազարդ դիրքով, մաքուր ջրով և հստակ օդով, առժամանակ կարող էր մխիթարել նորանում Կախեթիայի բաղձանքները:

Խոսրովիայում իշխան Ալեքսանդրը շրջապատված էր այն վրացի տղամարդերով, որք ավելի քան հիսուն հոգի գաղթել էին նորա հետ: Նոցա թվում կային և մի քանի անձինք ազնվական տոհմից, որք իշխանի դժբախտության ժամանակ չհեռացան նորանից: Դոցա մեջ նշանավոր էին Ղարսաման-բեկ, Յոթան-բեկ, Մակա-բեկ, Աղա-բեկ, Րուստեմ-բեկ և այլն:

Ֆեթհ-Ալի-Շահը սիրում էր իշխան Ալեքսանդրին, նա շնորհեց նորան Վալիի Գուրջիստան տիտղոսը: Եվ Վալին տարենը մի անգամ Թեհրան էր գնում Շահի հետ տեսություն անելու, ուսկից դառնում էր նա թանկագին ընծաներով:

Ֆեթհ-Ալի-Շահը այնքան պատվեց նրան, որ մի անգամ, երբ նա ուներ մեծահանդես Սալամ (ընդունելություն) Նիգարիստանի այգիի ապարանքում, ընդունեց իշխան Ալեքսանդրին յուր ամենաբարձր դրանիկների թվում, խիստ փաղաքշական խոսքերով, և ընդունելության ծեսերն կատարվելեն հետո, Շահը հրամայեց նույն հանդիսի պատկերը նկարել ապարանքի դահլիճի պատի վերա, որո մեջ առաջին տեղը բռնում է իշխան Ալեքսանդրիի պատկերը1:

Երբ սկսվեցավ Պարսից և Ռուսաց պատերազմը, իշխան Ալեքսանդրը առանձին զորախմբով, որ կազմված էր պարսիկ, ղիզիլբաշ զինվորներից, և յուր հետ ունեցած ազնվական վրացի զորապետներից, Տաճկաստանի-Քուրդիստանի կողմից, օգնում էր պարսիկներին: Բայց, երբ նա լսեց Ռուսաց զորքերի հաղթությունը, նոցա Արաքսից անցնելը, Խոյ, Սալմաստ, Ուրմի և Թաբրիզ քաղաքների առնվելը, նա բոլորովին հուսահատվեցավ, նորա զինվորներն ցրվեցան, և ինքը մի քանի յուր հավատարիմներով դարձավ Տաճկաստանի Վան քաղաքը, ուր նա սպասում էր պատերազմի վերջին:

Թուրքմենչայի հաղթությունից հետո, երբ Ռուսաց զորքերը թողեցին Ատրպատականը, մի քանի ամիս անցնելով իշխան Ալեքսանդրը դարձավ Խոսրովիա: Բայց նա չգտավ այնտեղ յուր վրացիքը, նոքա Ռուսաց զորքերի հետ գաղթել էին դեպի Կովկաս:

Իշխան Ալեքսանդրի վիճակը այնուհետև նախանձելի չէր: Գլխավորապես այն պատճառավ, որ Շահի առաջին վեզիրը, Հաջի-Միրզա-Աղասին, այդ բնավորությամբ դերվիշ և մոլլայի կրթությամբ մոլեռանդը, որ յուր գուշակություններով կարողացել էր գրավել սնահավատ Շահի անչափ համակրությունը յուր գերբնական գիտության մասին — այդ վեզիրը սկսավ վատ վարվել իշխան Ալեքսանդրի հետ: Նա կտրեց իշխանի հասույթները, որ ստանում էր կառավարությունից, և հետզհետե խլել նորանից Շահի նորան պարգևած գյուղորայքը:

Իշ. Ալեքսանդրը յուր հույսը կտրեց պարսիկներից, այն հույսը, որո մեջ խաղում էին նորա քաղաքական երևակայությունների երազները...

Բայց նորա գլխում հղացավ մի նոր երևակայություն:

Կովկասի վայրենի լեռնաբնակների քաջություններով միշտ հրապուրված իշխանը, Սալմաստա սահմանակից Քուրդիստանի լեռներում, Ջուլամերիկում, գտավ մի վայրենի ազգ, նույնպես քաջ պատերազմող և հանդուգն:

Այդ ազգը կրոնքով նեստորական, կոչվում էր Ջուլո, մի հին ցեղ ասորիներից, որք օգուտ քաղելով յուրյանց լեռների դժվար-մատչելի դրությունից, ժամանակի խորին հնությունից պահպանում էին յուրյանց անկախությունը, նորանց կառավարում էր յուրյանց եկեղեցական գլուխը, յուրյանց պատրիարքը, որ կոչվում էր Մար-Շիմոն (տեր Սիմոն), որդոց որդի ժառանգաբար տիրում էր գուցե սուրբ Սիմոնի գահին, միշտ յուրյանց վերա կրելով Շիմոն անունը:

Մար-Շիմոնը էր նույնը Ջուլամերիկում, ինչ որ Շամիլն էր Դաղիստանում, այսինքն` նա էր և՛ հոգևոր, և՛ մարմնավոր գլուխը յուր ժողովրդի, նա Քրիստոսի խաչի հետ կրում էր և պատերազմական սուրը:

Իշ. Ալեքսանդրը մտածեց կցել մի բարեկամական կապ Մար-Շիմոնի հետ, գուցե օգուտ քաղեր նորա բազմաթիվ պատերազմող ջուլոներեն: Եվ այդ նպատակավ իշխանը պսակվեցավ Մար-Շիմոնի եղբոր, երեխայությունից կուսակրոնություն ուխտած դստեր հետ:

Բայց Իշխանի նպատակները չպսակվեցան: Որովհետև, երբ նա վերջին անգամ գնաց Թեհրան, մահը այնտեղ վախճան տվեց նորա բոլոր երևակայական նպատակներին… նա մեռավ հետին աղքատության մեջ:

Նորա վերջին կտակը եղավ այն, որ յուր մարմինը տարվի Վրաստան, և այդ պատճառավ նորա դագաղը երկար անթաղ դրված էր Թեհրանի Շահ-Աբդուլ-Ազիմի դերվազայի հայոց եկեղեցումը: Բայց կտակը չկատարվեցավ: Եվ Յագուբ խանը նույն եկեղեցու գավիթում, դռան հանդեպ թաղեց իշխանի մարմինը:

Թեհրանում շատ քիչ մարդիկ գիտեն, թե հայոց եկեղեցվո դռանը դրած այն փառազուրկ և աննշան գերեզմանը ամփոփում էր յուր մեջ վրաց սպառված իշխանության վերջին նշույլները: