Jump to content

ՏՏՀ/Ալյուր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼՅՈՒՐ, ցորենի, աշորայի, վարսակի, գարու, կորեկի, եգիպտացորենի, սևաձավարի, սոյայի, սիսեռի հատիկների աղալուց ստացվող մթերք։ Ցորենի Ա. լինում է շարմաղ, բարձր, առաջին, երկրորդ տեսակների և թեփախառը։ «Ա-ի տեսակ» հասկացությունը ոչ թե բնութագրում է Ա-ի որակը, այլ ցույց է տալիս, թե որքանով է այն պիտանի սննդի մեջ որոշակի նպատակով օգտագործելու համար։ Սպիտակուցների, ինչպես նաև B1, B2, PP և E վիտամինների պարունակությամբ երկրորդ տեսակի և թեփախառն Ա. առավել լիարժեք են շարմաղի, բարձր և առաջին տեսակի Ա-ի համեմատությամբ, ունեն ավելի մուգ գույն։

Վարսակի Ա-ից երեխաների համար պատրաստում են սնուցիչ խառնուրդներ և փխրաբլիթներ։ Գարու Ա-ից բլիթներ են թխում։ Եգիպտացորենի Ա. խառնում են ցորենի և աշորայի Ա-ին՝ հաց և հրուշակեղեն թխելիս։ Եգիպտացորենի Ա-ի խառնուրդով պատրաստված մթերքը շուտ է կծվում, ուստի երկար պահելու ենթակա չէ։

Սննդարար մանկական Ա. պատրաստում են բարձր տեսակի ցորենի Ա-ից՝ ըստ հատուկ բաղադրատոմսի, ավելացնելով շաքարավազ, ձվի փոշի, անարատ չոր կաթ, կարագ, աղ։ Հիմնականում օգտագործվում է որպես հումք մանկական սննդի համար։ Դրանից պատրաստում են նաև ամոքուն թխվածք։

Ա. պահում են օդափոխվող չոր, զով տեղում՝ սուր հոտ ունեցող մթերքից հեռու, քանի որ այն խոնավություն և հոտ կլանելու հատկություն ունի։

Ա-ի վնասատուների մասին տես Ամբարային վնասատուներ հոդվածում։