Jump to content

ՏՏՀ/Ավտոմեքենա (շահագործումը և սպասարկումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ (շահագործումը և սպասարկումը), մարդատար Ա-ների մեծ մասն ունի հեղուկային հովացումով քառագլան քառատակտ շարժիչներ։ Կան նաև Ա-ներ, որոնց շարժիչը հովացվում է օդով և տեղակայված է թափքի հետևի մասում, իսկ սրահի տաքացման համար նախատեսված է ջեռուցիչ։ Շատ Ա-ներ անիվների վրա ունեն թմբուկային արգելակներ։ Բազմաթիվ Ա-ների առջևի անիվների վրա դրված են ավելի արդյունավետ սկավառակային արգելակներ։ Դրանց առջևի և հետևի արգելակներն ունեն նաև շարժաբերման անկախ համակարգեր. մեկի վնասվելու դեպքում մյուսը մնում է աշխատունակ։

Ա-ի ձեռքբերումը և ձևակերպումը։ Ա. գնելիս պետք է ընտրել շահագործման պայմաններին առավելագույն չափով համապատասխանող մոդելը, այսինքն, հաշվի առնել ճանապարհների վիճակը, սպասարկման և նորոգման հնարավորությունը տեխնիկական սպասարկման կայանում, բենզինի անհրաժեշտ տեսակների առկայությունը ևն։ Ավտոսիրողը պետք է համապատասխան ցուցակով ստուգի Ա-ի լրակազմությունը, զննի թափքը և անիվները, ինչպես նաև ստուգի շարժիչի, վերահսկիչ սարքերի, լուսավորման և ջեռուցման համակարգերի, ապակեմաքրիչի և ապակեամբարձիչի աշխատանքը։ Ցանկալի է փորձաերթ կատարել խանութի աշխատակիցների հետ՝ համոզվելու համար, որ մեքենան սարքին է։

Թողարկող գործարանի երաշխիքային պայմանները և բողոքագրի ներկայացման կարգը շարադրված են գնորդին հանձնվող բացատրագրում։ Ա. գնելուց հետո այն անհրաժեշտ է գրանցել (հաշվառման դնել) պետավտոտեսչությունում։ Համարանիշները և տեխնիկական տեղեկաթերթիկը ստանալուց հետո կարելի է Ա. շահագործել։

Նոր Ա-ի փորձավարումն ընդգրկում է շահագործման սկզբնական շրջանը մինչև 1500-2000 կմ վազքատարածություն անցնելը։ Այդ ժամանակաշրջանում կատարվում է բոլոր մեխանիզմների դետալների առավել ինտենսիվ զելում, այդ իսկ պատճառով Ա., հատկապես շարժիչը, պետք է աշխատի խնայող ռեժիմով։

Անթույլատրելի են ծնկաձև լիսեռի շատ դանդաղ կամ շատ արագ պտույտները թե՛ շարժիչի տաքացման, թե՛ ընթացքի ժամանակ։ Առաջին դեպքում շփվող դետալները չեն ստանում բավարար չափով քսուք, իսկ երկրորդ դեպքում դետալների հպատեղում առաջանում է ջերմության ավելցուկ։ Երկու դեպքում էլ դետալները կարող են շարքից դուրս գալ։ Դրանց գերբեռնման հավանականությունը կարելի է նվազեցնել խուսափելով դժվարին ճանապարհներից (խոր ավազ, ձյուն, ցեխ, կտրուկ վերելք ևն)։

Միշտ պետք է ժամանակին միացնել համապատասխան փոխանցիչը՝ թույլ չտալով, որ շարժիչը մեծ բեռնվածքի տակ աշխատի դանդաղ պտույտներով։ Դա առաջին հերթին վերաբերում է արագապտույտ շարժիչներով Ա-ներին։

Ա-ի փորձավարման ժամանակ տեղի է ունենում ոչ միայն դետալների զելում, այլև դրանցից մի մասի մասնակի դեֆորմացիա, պարուրակների և կիպացնող միջադիրների նստեցում։ Առաջին երթերի ժամանակ պետք է պարբերաբար ստուգել պարուրակային միացումների ամրությունը և ուշադիր հետևել Ա-ի հիմնական հանգույցների աշխատանքին։ Առանձնակի ուշադրություն են պահանջում արգելակները։ Արգելակային թմբուկները սովորաբար գերտաքանում են արգելակային կոճղակների ոչ ճիշտ կարգավորման պատճառով. ընթացքի ժամանակ դրանք շփվում են թմբուկների հետ։ Այդ դեպքում անհրաժեշտ է հանել անիվը և զննել կոճղակները։ Եթե դրանք թմբուկին հպվում են փոքր մակերեսով, այն կարելի է խարտել՝ հպման մակերեսը մեծացնելու նպատակով։ Փորձավարման ընթացքում ստուգում են նաև առաջին անիվների կունդերի վիճակը. եթե դրանք չափից ավելի են տաքանում, անհրաժեշտ է ստուգել կունդի մանեկի ձգվածությունը և առանցքակալներում քսանյութի առկայությունը։ Առջևի անիվների խաղացք նկատելիս, պետք է գործել ըստ բացատրագրի ցուցումների։ Մեքենայի անսարքության կամ կողմնակի աղմուկի դեպքում պետք է դադարեցնել ընթացքը և պարզել պատճառները, որից հետո միայն կարելի է որոշել՝ շարունակել ընթացքը, տեղում վերացնել անսարքությունը, թե՞ օգտվել քարշակից։

Ա-ի շահագործումը։ Ա-ի հուսալիությունը, երկարակեցությունը, խնայողականությունը զգալի չափով պայմանավորված են բացատրագրի պահանջների, ճանապարհային երթևեկության կանոնների և տվյալ Ա. վարելու հանձնարարելի գործելաձևի կատարմամբ։

Ագրեգատների և հանգույցների կանոնավոր աշխատանքն ապահովող կարևոր պայմաններից է համապատասխան վառելաքսանյութերի կիրառումը։ Մի մակնիշի քսանյութը կարելի է փոխարինել մեկ այլ մակնիշով՝ ըստ գործարանի հանձնարարականների։ Անթույլատրելի է հանձնարարվող բենզինի փոխարեն օգտագործել ավելի ցածր օկտանային թվով (արտահայտվում է բենզինի մակնիշի, օրինակ, Ա-72, ԱԻ-93 թվանշաններով) բենզին, որը ճայթյուն է առաջացնում շարժիչի գլաններում (բեռնվածքի աճի հետ ուժգնացող բնորոշ մետաղական ձայնով թխկոցներ)։ Ճայթյունով աշխատող շարժիչի անգամ կարճատև բանեցումը կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների՝ մխոցի այրուտի, կափույրների, շոտտվիկաշարժաթևային խմբի և այլ դետալների արագ մաշման կամ քայքայման։

Շարժիչը, փոխանցումների տուփը, փոխհաղորդակը, ղեկային մեխանիզմը անհամապատասխան քսանյութով յուղելիս դետալներն արագ մաշվում են և վաղաժամ խափանվում։

Նոր քսանյութեր կամ հեղուկներ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լվանալ Ա-ի համապատասխան համակարգերը և հանգույցները։ Յուղման համակարգը լվանում են հատուկ քսանյութով, հովացման համակարգը թորած ջրով, արգելակման համակարգը այդ նպատակով նախատեսված հատուկ հեղուկով։ Ա-ի շահագործումն էապես կախված է դողերի վիճակից։ Դրանց մաշման պատճառներից մեկը ճնշումն է դողի օդախցիկում։ Եթե այն բացատրագրում նշված կանոնավոր ճնշումից ցածր է, դողի կողամասերը մեծ բեռնվածք են կրում, կորդի թելքերը շերտատվում են, և դողը քայքայվում է։ Այդ դեպքում տեղի է ունենում նաև դողերի պաշտպանաշերտի անհավասարաչափ մաշում. կողային գոտիներն ավելի արագ են մաշվում, քան միջինները։ Դողերում կանոնավորից բարձր ճնշման դեպքում, ընդհակառակը, ամբողջ բեռնվածքը բաժին է ընկնում պաշտպանաշերտի միջին մասին և հիմնականում մաշվում են միջին գոտիները։ Դողերի գերփչման դեպքում, ճանապարհի հետ հպման փոքր մակերեսի պատճառով, զգալիորեն նվազում է Ա-ի կայունությունը (հատկապես սայթաքուն ճանապարհի վրա)։

Խորհուրդ է տրվում դողերում ճնշումը ստուգել ամեն օր մեքենան գործի գցելուց առաջ (հատկապես հեռավոր ուղևորությունից առաջ)։ Որքան մեծ է Ա-ի շարժման արագությունը, այնքան արագ են մաշվում դողերը։ Բարեկարգ ճանապարհով մեծ արագությամբ տևական ուղևորությունից առաջ ճնշումը դողերում կարելի է կանոնավորի համեմատ մեծացնել 0,1-0,2 մթն-ով, ինչը կմեծացնի դողերի երկարակեցությունը։

Ա-ի շահագործման առանձնահատկությունները ձմեռվա պայմաններում։ Ա. առավել դժվար է շահագործել ձմռանը։ Ցածր ջերմաստիճանում դժվարանում է շարժիչի գործարկումը, ապակիները սառցակալում են։ Ձնածածկ և սառցապատ ճանապարհով երթևեկելիս վարորդը հատուկ ուշադրություն և հմտություն պետք է ցուցաբերի։ Ճանապարհներին ցանած աղն ու ավազը կարող են վնասել թափքի և դրա դետալների հակակոռոզիական պաշտպանաշերտը, ուստի անհրաժեշտ է Ա. նախապատրաստել և ձմեռվա պայմաններում երթևեկելու որոշ գործելաձև մշակել։

Շարժիչի գործարկման համար անհրաժեշտ են երեք հիմնական պայմաններ. ծնկաձև լիսեռի բավարար թվով պտույտներ, գլաններին մատուցվող այրվող խառնուրդի պահանջվող բաղադրություն և հուսալի կայծ մոմերի էլեկտրոդների միջև։

Առաջին պայմանը կապված է կուտակչային մարտկոցի վիճակի և յուղի մածուցիկության հետ, որը կախված է ջերմաստիճանից։ Այդ իսկ պատճառով ցրտերն սկսվելուն պես մարտկոցը լրիվ լիցքավորում են և էլեկտրոլիտի խտությունը հասցնում 1,28-1,29-ի, իսկ սառնամանիքի պայմաններում խիստ թանձրացող ամառային յուղը փոխարինում ձմեռային կամ համասեզոնային յուղով։

Երկրորդ պայմանի բավարարումը կախված է կարբյուրատորի աշխատանքից, քանի որ ջերմաստիճանի անկման հետևանքով նվազում է բենզինի գոլորշիացումը և դժվարանում բանող խառնուրդի բռնկումը գլանում։ Որպեսզի ձմռանը կարբյուրատորն անթերի աշխատի, այն նախապես պետք է լվանալ և կարգավորել։

Ըստ երրորդ պայմանի, մոմերում կայծը հուսալի և ժամանակին է բռնկվում, երբ դրանք լավ մաքրված են այրուքից (կամ նոր են), և վառոցքի առաջանցումը ճիշտ է տեղակայված։

Ձմռանը հովացման համակարգում ջրի փոխարեն օգտագործում են չսառչող հեղուկներ (տես Անտիֆրիզ)։ Երբեմն, չնայած ձեռնարկված միջոցառումներին, շարժիչը (սովորաբար հին կամ մաշված) դժվարությամբ է գործարկվում։ Այդ դեպքում չսառչող հեղուկների փոխարեն համակարգի մեջ լցնում են տաք ջուր։ Տաքացնելուց հետո շարժիչն ավելի հեշտ է գործարկվում։ Ուժեղ սառնամանիքին շարժիչը տաքացնելու համար տաք ջուրը 2-3 անգամ լցնում են համակարգի մեջ՝ ամեն անգամ դատարկելով սառած ջուրը։

Շարժիչի քարտերում (հենատուփ) յուղը տաքացնելու համար (նախքան մեքենայի գործարկումը) որոշ ավտոսիրողներ կիրառում են բենզինային կամ լուսավորման ցանցից սնվող էլեկտրական հարմարանքներ։ Անթույլատրելի է այդ նպատակով կրակի (օրինակ, զոդման բոցատուի) օգտագործումը, որը կարող է հրդեհ առաջացնել, ինչպես նաև առանձին դետալների տաքանալու և շարքից դուրս գալու պատճառ դառնալ։

Ձմռանը երթևեկելիս պետք է հաշվի առնել անիվների ոչ բավարար կցորդումը ճանապարհի սահուն մակերևույթի հետ, որի հետևանքով Ա. հաճախ սահում է և շեղվում ուղուց։ Անիվների սահքը առավել հավանական է «գազի» կտրուկ ավելացման և պակասեցման, շրջադարձի և արգելակման ժամանակ, որը պետք է հաշվի առնել ձմռանն Ա. վարելիս։ Տեղից շարժվելու և թափառքի ժամանակ հետևի (տանող) անիվների տեղապտույտից խուսափելու համար կցորդիչը միացնելուն զուգընթաց սահուն կերպով ավելացնում են «գազը»։ Շրջադարձից առաջ առանց կցորդիչն անջատելու անցնում են ավելի ցածր փոխանցման։ Արգելակում են նույնպես առանց կցորդիչն անջատելու։ Ա. կանգնեցնելու համար հաջորդաբար անցնում են ավելի ցածր փոխանցումների՝ հիմնականում բեռնվածքի տակ դնելով շարժիչը, իսկ արգելակներն օգտագործում են որպես օժանդակ միջոց։ Շարժիչով արգելակելիս պետք է հիշել, որ կցորդիչի կտրուկ միացումը նույնպիսի արգելակիչ ազդեցություն է գործում, ինչպես արգելակների կտրուկ գործադրումը, երկու դեպքում էլ Ա. մի կողմ է սահում։

Ա-ի պահպանումը։ Երկարատև կայանման համար Ա. անհրաժեշտ է համապատասխան ձևով նախապատրաստել։ Ա. ջեռուցվող ավտոտնակում պահելիս կարելի է բավարարվել կախոցի բեռնվածքը թեթևացնելով (թափքի տակ հենարաններ դնելով) և Ա-ի վրա ծածկոց գցելով։ Կուտակչային մարտկոցը պետք է հանել և լիցքավորել։ Մինչև 2 տարի շահագործված մարտկոցն անհրաժեշտ է պահել սառը, իսկ ավելի հինը՝ տաք տեղում։

Ա. դրսում պահելիս պետք է ներսից և դրսից խնամքով լվանալ, հակակոռոզիական ծածկույթը զննելուց հետո ներկել թափքի վնասված տեղերը և վերականգնել հատակի պաշտպանական մածիկի շերտը։ Թափքը, այդ թվում և քրոմապատ դետալները, հարկավոր է պատել հատուկ բաղադրանյութերով։ Շարժիչի գլանների մեջ մոմերի համար նախատեսված անցքերի միջով պետք է լցնել 30-35 սմ³ շարժիչի յուղ և մի քանի անգամ պտտել ծնկաձև լիսեռը։ Շարժիչի մեջ խոնավ օդի ներթափանցումից խուսափելու համար կարբյուրատորը և արտածման խողովակը ծածկում են թաղանթով կամ յուղած գործվածքով։ Մեքենան կանգնեցնում են հենարանների վրա, անջատում մեղմիչների վերին ծայրերը, կոթերն ամբողջովին մտցնում իրանների մեջ խոնավությունից պաշտպանելու համար։

Ա-ի ծածկոցը չպետք է հպվի թափքին։ Դրա համար տանիքին դրվում են բեռնացանց կամ հատուկ վրանածածկը, որի կմախքն ամրացվում է Ա-ի ամբարձիկային բներին։

Ավտոզբոսաշրջություն։ Ավտոսիրողների մեծ մասն արձակուրդն անցկացնում է ճանապարհորդություններում։ Երթուղիներ ընտրելիս պետք է հաշվի առնել մեքենա վարելու փորձը, Ա-ի տեխնիկական վիճակը, տարվա եղանակը և ճանապարհածածկույթը։

Առաջին հեռավոր ուղևորությունները ցանկալի է ձեռնարկել ամռանը բարեկարգ մայրուղիներով, որտեղ կան հյուրանոցներ կամ քեմպինգներ, ավտոլցավորման և տեխնիկական սպասարկման կայաններ։ Երթուղու երկարությունը մի ուղղությամբ չպետք է գերազանցի 2000 կմ, իսկ օրական վազքը 500-600 կմ։ Ավելի երկարատև ուղևորությունները հոգնեցուցիչ են, հետևաբար վտանգավոր։

Պետք է հաշվի առնել, որ իրերի և ուղևորների ընդհանուր զանգվածը չպետք է գերազանցի Ա-ի թույլատրելի բեռնունակությունը։ Տանիքին լրացուցիչ բեռնացանց տեղադրելն անցանկալի է, քանի որ այդտեղ դրված իրերն առաջացնում են ուժեղ աերոդինամիկական դիմադրություն, հետևաբար թափքի վերին մասի լրացուցիչ բեռնվածություն, որի հետևանքով բարձրանում է մեքենայի ծանրության կենտրոնը, վատանում կայունությունն ու կառավարելիությունը, ավելանում վառելիքի ծախսը։ Եթե բեռնացանցը խիստ անհրաժեշտ է, բեռները դասավորում և ամուր կապում են այնպես, որ նվազագույնի հասցվի ճակատային հատվածքի մակերեսը։ Պետք է զգուշորեն անցնել շրջադարձերը, կտրուկ չարգելակել և պահպանել այնպիսի արագություն, որը չի առաջացնում շարժիչի գերբեռնվածություն։

Ճանապարհվելուց առաջ խորհուրդ է տրվում ստուգել Ա-ի տեխնիկական վիճակը և վերցնել համապատասխան պահեստամասեր։ Մարդատար Ա-ները բարեկարգ ճանապարհներով առանց դժվարության կարող են անցնել 4000-5000 կմ, հետևաբար պետք է վերցնել միայն հաճախ շարքից դուրս եկող պահեստամասեր (լամպեր, ապահովիչներ ևն)։

Թողարկվող մարդատար Ա-ներում նախատեսված են անվտանգության գոտիներ։ Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն, դրանցից պարտավոր են օգտվել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները։