ՏՏՀ/Բաժակներ բժշկական
ԲԱԺԱԿՆԵՐ բժշկական, կիրառում են գլխավորապես կրծքավանդակի շրջանի օրգանների (բրոնխներ, թոքեր, թոքամիզ) բորբոքային պրոցեսների, ինչպես նաև մկանաբորբի, նյարդաբորբի, նյարդացավերի դեպքում։ Բ-ի ներգործության շնորհիվ ուժեղանում է արյան և ավշի շրջանառությունը, բարելավվում է հյուսվածքների սնուցումը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը, ավելի արագ են ներծծվում բորբոքային օջախները։ Բ. կարելի է կիրառել միայն բժշկի նշանակմամբ։ Բ. դրվում են կրծքին ազատ թողնելով սրտի շրջանը, մեջքին (թիակների տակ և դրանց միջև), գոտկատեղին։ Բ. չի կարելի դնել անառողջ (օրինակ, ցան, թարախային բշտիկներ) և վնասված մաշկի վրա։
Պարուրակով մետաղե ձողիկի կամ ունելիի վրա հարկավոր է բամբակ փաթաթել, թրջել սպիրտով կամ օդեկոլոնով (սպիրտի ավելցուկը թափահարելով հեռացնել, որպեսզի այրվող կաթիլները մաշկի վրա չընկնեն), բամբակը վառել, 1-2 վայրկյանով մտցնել բաժակի մեջ, այնուհետև արագ հանել և բաժակն ամուր սեղմել մաշկին։ Չի կարելի վառվող բամբակը կպցնել բաժակի եզրերին, քանի որ շիկացած եզրերը կարող են այրվածքներ առաջացնել։ Բ. դնելուց առաջ մաշկին ցանկալի է վազելին քսել։ Բ. դնելուց հետո հիվանդին պետք է ծածկել վերմակով, 15-20 րոպե հետո Բ. հանել, չցավացնելու համար հարկավոր է մատով մաշկը մի փոքր հեռացնել բաժակի եզրից՝ միաժամանակ այն թեքելով հակառակ կողմի վրա, այնուհետև մաշկը զգուշորեն սրբել մաքուր սրբիչով։