ՏՏՀ/Բաղնիք
ԲԱՂՆԻՔ, առավել տարածված են ըստ ջերմային ռեժիմի խոնավ (40-45 °C-ում 60-80 %) ռուսական և չոր (90 °C և բարձր ջերմաստիճանում՝ 20-30 %) ֆիննական կոչվող Բ-ները։ Ֆիննական Բ-ում գործածում են ջերմությունն անդրադարձնող էկրաններ ալիքավոր կամ ճմլված փայլուն մակերևույթով փայլաթիթեղներ (հաճախ պատրաստում են ալյումինից), որոնք շոգեբաղնիքում ստեղծում են «թերմոսի» էֆեկտ։ Էկրանները դասավորում են քարե վառարանի (ջեռաքարի) տեղադրման հատվածում՝ պատերը երեսպատող տախտակների տակ։
Բ-ի կառուցման համար լավագույն շինանյութեր են սոճու և եղևնու չոր գերանները կամ 12-20 սմ հեռավորությամբ չորսուները։ Գերանե պատերն արագ և մեծ քանակությամբ գոլորշի են ներծծում, միաժամանակ շոգեբաղնիքում պահպանում հաստատուն ջերմաստիճան և խոնավություն։ Սոճու և եղևնու փայտի մեջ պարունակվող բուրավետ նյութերը, որոնք ունեն նաև մանրէասպան հատկություն, բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ավելի ինտենսիվ են անջատվում։ Բ. կարելի է կառուցել կարմիր աղյուսից կամ քարից, բայց ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում քարե պատերը ծածկվում են ջրի կաթիլներով։ Բ-ում ջերմությունը պահպանելու համար դռան գրկանը պետք է լինի ցածր, իսկ շեմքը՝ բարձր։ 70-170 սմ չափերով դուռը պատրաստում են 40-50 մմ հաստության տախտակներից։ Շեմքը պետք է ունենա 20-25 սմ, իսկ լուսամուտը՝ լուսամուտատեղով (50-60 սմ չափի կրկնակի ապակեպատումով) մոտավորապես 1 մ բարձրություն։ Շինությունը ջերմային էներգիայի նվազագույն ծախսերով արագ տաքացնելու համար, առաստաղի բարձրությունը շոգեբաղնիքում և լողասենյակում պետք է լինի 2-2,3 մ։
Բ-ի շինարարության ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հատակի և ջրթափի պատրաստմանը։ Նախաբաղնիքի (հանդերձարանի) հատակը պետք է լինի երկշերտ (տաքությունն ապահովելու համար)՝ ենթահատակով (նորք) և իսկական հատակով։ Վերջինս ներկում են կամ ծածկում լինօլեումով, իսկ աղյուսե Բ-ներում՝ կերամիկական սալիկներով։ Լողասենյակի և բաղնիքի հատակը պետք է պատրաստել այնպես, որ օգտագործված ջուրը հոսի և թափվի տեղական կոյուղի (կամ պարզարան և ներծծող փոս)։ Հատակը սարքում են ջրամերժ նյութից (բետոն, կավ ևն), մակերևույթի թեքությունը՝ դեպի ոչ մեծ տարողության մերձափոսը կահավորված ջրափակաղակով և ներծծող փոսին միացված ջրթափ խողովակով։ Մերձափոսը կարելի է պատրաստել ցանկացած նյութից՝ ապահովելով հերմետիկությունը։ Հատակից 10-12 սմ բարձրության վրա դրվում է ջրթափ խողովակի ծայրը, որի նկատմամբ թեքությամբ բոլոր կողմերից, բացի ներքևի եզրից, տեղադրում են հերմետիկ ամրացված թիթեղ՝ հատակից 50-60 մմ բարձր։ Այս սարքը կազմում է ջրափակաղակը, որը արգելակում է կոյուղուց տհաճ հոտերի ներթափանցումը։
Հատակի փայտե վերնածածկը սարքում են հենարանային սյուների վրա տեղադրված տափագերաններով և ջրամեկուսացնում։ Հատակի տախտակներն ամրացնում են 5-6 մմ բացակով, որպեսզի ուռչելիս ապահովվի բնական ջրթափը։ Այդ նպատակով տախտակների վրա հանում են երկայնական երեսակներ՝ վերին շերտը թեք անելով։
Հոծ վերնածածկով հատակները սարքում են ջրթափի հիմնատակի պես, բայց այս դեպքում մերձափոսը պետք է գտնվի շինության մեջ և ծածկվի ջրհոս ցանցով։ Կոյուղին անպայման պետք է սարքավորել օդափոխիչ կանգնուկով, որի կառուցվածքը պարզեցնելու համար այն կարելի է մոնտաժել 100 մմ-ից ոչ պակաս տրամագծով ասբեստացեմենտե կամ մետաղե ջրթափ խողովակի վրա։ Դրա վերևի ծայրին տեղավորում են թասակ կամ դեֆլեկտոր։
Բ-ի փայտե կառուցվածքները փտումից պաշտպանելու համար անհրաժեշտ է մշակել հականեխիչով։
Բ-ի ջեռուցման և ջրի տաքացման համար կարելի է օգտագործել զանազան կառուցվածքի հիմնականում քարե վառարաններ։ Որպես ջերմության կուտակիչներ դրանցում օգտագործում են գրանիտե քարերը, որոնք տաքանում են վառարանի կրակարանից դուրս եկած տաք գազերով։ Այսպիսով, միաժամանակ տաքանում են և՛ ջուրը, և՛ քարերը։ Քարե վառարաններում վառում են փայտ (առավելապես կեչու)՝ երկարատև ռեժիմով աշխատանքի համար։
Քարե վառարանի (ջեռաքարի) կառուցման համար օգտագործվող ամենատարածված նյութը հրակայուն աղյուսն է։ Աղյուսները շարում են շաղախով, որին ավելացնում են շամոտային փոշի։ Վառարանի պատերը շարում են կես կամ ամբողջ աղյուսի չափով, շարքերը լավ քարկապում, իսկ երկու աղյուսների արանքը սվաղում են շաղախով։ Կրակարանի շարվածքի համար ծախսվում է մոտավորապես 150 աղյուս, 20 կգ կավ և 20 կգ շամոտային ավազ։ Սնդուով կրակարանը (մասնատված կրակակալներով և դրանց վրա տեղադրված կափարիչով կաթսայով) գազահեռացման անցքերով միացնում են ջեռաքարի խցին, որը լցնում են 1-4 կգ զանգվածով գրանիտե քարերով (շոգեսենյակի յուրաքանչյուր 1 մ³–ին՝ 60 կգ քար)։ Արագ տաքացնելու համար քարերին ավելացնում են մոտ 25 % (ըստ զանգվածի) թուջե ձուլակներ, որոնք արագ տաքանում են և լավ կուտակում ջերմությունը։
Խուցը սարքավորում են 220x270 մմ չափի դռնակներով, որոնցով գոլորշի առաջացնելու համար լցվում է տաք ջուր շերեփով կամ ճկափողով։ Կաթսայի կամ բաքի տարողությունը պետք է հաշվարկել այնպես, որ մեկ լողացողի համար ծախսվի 60-70 °C ջերմաստիճանի 7-10 լ ջուր։
Գործնականում բավականաչափ պարզ վառարան կարելի է սարքել երկու մետաղե տակառներից, որոնց մեկն օգտագործում են որպես կրակարան՝ սարքավորելով այն 270x260 մմ չափի հնոցադռնակով, մոխրանոցի հետ սնդուով կրակակալներով, մյուսը՝ որպես ջեռաքար։
Քարե վառարանը (ջեռաքարը) պետք է տեղադրել այնպես, որ այն միաժամանակ տաքացնի շոգեսենյակը, լողասենյակը և հանդերձարանը։ Վառարանի 50-60 սմ-ից ոչ պակաս խորությամբ հիմքը պատրաստում են խամքարի բետոնից կամ կարմիր աղյուսից։ Վառարանի և պատի հիմքերի միջև թողնում են 60 մմ տարածություն և լցնում ավազով։ Ծխնելույզը շարում են աղյուսից 19x19 սմ անցքով կամ օգտագործում 150 մմ տրամագծով ասբեստացեմենտային խողովակ։ Տանիքի հիմնակմախքի փայտե տարրերը պետք է տեղադրել խողովակից 150 մմ-ից ոչ պակաս հեռավորությամբ։
Շահագործման ժամկետը ավելացնելու համար կրակակալը պատրաստում են թուջից կամ երկաթից (օրինակ, 14-16 մմ տրամագծով ամրանից)։ Ջրի բաքը տեղադրում են կրակարանի վերևում այնպես, որ կրակակալների և հատակի միջև լինի 25 սմ-ից ոչ պակաս հեռավորություն՝ բավարար քանակությամբ փայտ դնելու համար։ Բաքը սարքավորում են ծորակով։ Ջեռաքարը տեղադրում են ոտքերի (կանգնակների) վրա և միացնում կրակարանին 22 սմ տրամագծով ծխանցքի խողովակատարով։ Այն պետք է ունենա գոլորշու համար ջուր մատակարարող 220x160 մմ չափերով դռնակ և 150 մմ տրամագծով ծխանցքի խողովակաոստ։
Եթե Բ-ը տաք և սառը ջուր ստանում է կենտրոնական համակարգից, ապա նպատակահարմար է օգտվել էլեկտրական ջեռաքարից։ Վերջինս տեղադրում են ասբեստացեմենտե սալի վրա՝ պատից 100 մմ-ից ոչ պակաս հեռավորությամբ։ Էլեկտրահաղորդալարերը պետք է լինեն չորսջղանոց կաբելից և անցկացվեն պաշտպանական խողովակով։ Պաշտպանման և կառավարման սարքերը տեղադրում են նախաբաղնիքում։ Վառարանի իրանը պետք է անպայման հողակցվի։ Պատահական այրվածքներից խուսափելու համար էլեկտրական ջեռաքարի իրանը (տաքանում է 90-100 °C) շրջափակում են փայտե արգելափակոցով։
Նկարներում ներկայացված են գերանակերտվածքով Բ-ի երեք հատակագիծ։
Առանց նախաբաղնիքի 5,1 մ² մակերեսով Բ. նախատեսված է ամռանն օգտագործելու համար։ Լողասենյակն ունի ջեռաքար և տախտակաստիճան, որին նստելով շոգելոգանք են ընդունում։ Պատի մեջ, վերևի աստիճանի տակ կա ջերմանցք՝ շոգեսենյակում ջերմաստիճանն արագ իջեցնելու համար։ Այն կիպ փակվում է բռնակ ունեցող խցափակիչով։ Շինությունն ունի նախամուտք, որտեղ կարելի է հանգստանալ։
Մյուսը նախաբաղնիքով և պատշգամբով 7 մ² մակերեսով Բ. է։ Լուսամուտով նախաբաղնիքն ունի նստարան և կախիչ, այդտեղ է տեղադրված նաև ջեռաքարի հնոցը։ Շոգեսենյակն ունի լուսամուտ, ջեռաքար, սառը ջրի բաք և տախտակաստիճան։
Չորս բաժանմունքով Բ. ունի նախաբաղնիք, լողասենյակ, շոգեսենյակ և պատշգամբ։ Նախաբաղնիքը ընդարձակ է, լուսավոր, ունի երկու պատուհան և տաք հատակ, կահավորված է բուխարիով, նստարանով և հագուստի կախիչով։ Համապատասխան կահավորման դեպքում կարող է ծառայել որպես հանգստի սենյակ։ Լողասենյակն ունի պատուհան, տաք ու սառը ջրի բաք, նախատեսված է չափավոր ջերմաստիճանով Բ. սիրողների համար։ Նպատակահարմար է տեղադրել ցնցուղ։ Շոգեսենյակն ունի լուսամուտ, ջեռաքար և տախտակաստիճան (տեղադրված առավել տաք գոտում, հատակից 1,5-1,7 մ բարձրության վրա)։ Երեք հատվածամասով տախտակաստիճաններից երկուսն ամրացված են պատերին, իսկ երրորդը տեղադրված է հատակին։ Ներքևի և միջին տախտակաստիճանները միացված են բազրիքով, որն ունի ոտքերի տակդիր։