ՏՏՀ/Բոտուլիզմ
ԲՈՏՈՒԼԻԶՄ, սննդի մեջ անորակ մթերքի օգտագործումից առաջացող հիվանդություն, որի հետևանքով ախտահարվում է կենտրոնական նյարդային համակարգը։ Բ-ի հարուցիչը չափազանց կայուն է արտաքին գործոնների ազդեցության հանդեպ։ Այն ապրում է կենդանիների աղիքներում, կենդանիների արտաթորանքների հետ ընկնում է հողի մեջ, ջրամբարները, բանջարանոցները, իսկ այնուհետև անցնում նաև սննդամթերքի մեջ։ Մանրէն զարգանում է թթվածնային անբավարարության պայմաններում։ Թունավորման պատճառը հաճախ տնային պայմաններում պատրաստած (երբեմն առանց որոշակի հիգիենային պահանջներին հետևելու) ապուխտ, ձկնեղեն, պահածոներ, մսեղեն օգտագործելն է։ Բ-ի հարուցիչները սննդամթերքում, պահածոներում արտադրում են թույներ, որոնց ներգործությունը գերազանցում է մանրէային և քիմիական մյուս թույների ազդեցությանը։
Գաղտնի շրջանը տևում է 2 ժամից մինչև 5 օր (հաճախ 12-24 ժամ)։ Բնորոշ ախտանշաններն են գլխացավը, թուլությունը, ցավերը որովայնի շրջանում, սրտխառնոցը, փսխումը։ Մի քանի ժամ, երբեմն 1-2 օր անց խանգարվում է հիվանդի տեսողությունը, առարկաները երևում են աղոտ, երբեմն զույգ, նկատվում է կոպերի իջեցում, բբերի անհավասարաչափ լայնացում, լույսի նկատմամբ բբերի թույլ հակազդեցություն և, վերջապես, դրանց լրիվ անշարժացում։ Միաժամանակ կամ փոքր-ինչ ավելի ուշ դժվարանում է կուլ տալը, խոսքը դառնում է ռնգային, անպարզահունչ, ձայնը խռպոտում է կամ լրիվ կտրվում։ Հիվանդության թեթև դեպքերում հիվանդը զգում է ճնշվածություն կրծքում, ծանր դեպքերում առաջանում են շնչահեղձություն, շնչառության ռիթմի խախտում, շնչարգելության նշաններ։
Բ. կյանքի համար վտանգավոր հիվանդություն է, ուստի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց։ Հիմնական բուժական միջամտությունը հակաբոտուլիզմային շիճուկի ներարկումն է։
Բ-ի կանխարգելումն էապես կախված է սննդամթերքի մշակման, փոխադրման, պահպանման և պատրաստման (այդ թվում նաև տնային պայմաններում պահածոյման) ժամանակ սանիտարահիգիենային կանոնների պահպանումից։