ՏՏՀ/Զանգ էլեկտրական
ԶԱՆԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, առավել հաճախ օգտագործվում է որպես բնակարանի մուտքի դռան վրա տեղակայվող ազդանշանային սարք։ Զանգերի մեծ մասն էլեկտրամագնիսական է. դրանք բաղկացած են էլեկտրամագնիսից, զարկիչ ունեցող խարսխից և մետաղե թասից (կամ թիթեղից, երբեմն զանգակից)։ Զանգի կոճակը սեղմելիս էլեկտրական հոսանքն անցնում է էլեկտրամագնիսի փաթույթով, խարիսխը ձգվում է, և զարկիչը հարվածում է զանգի մետաղե թասին (թիթեղին)։ Սովորաբար զանգի կառուցվածքի մեջ չի նախատեսվում հնչողության բարձրության կարգավորում, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում կարելի է թուլացնել ձայնի ուժը՝ զանգի թասին մեկուսաժապավենի մի քանի շերտ փակցնելով։
Զանգն աշխատում է 127 և 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից։ Օգտագործման անվտանգության նպատակով (զանգի կոճակին առբերված հաղորդալարերի լարումը չպետք է գերազանցի թույլատրելի անվտանգ արժեքը) զանգը սովորաբար ունենում է ներկառուցված իջեցնող տրանսֆորմատոր։ Արդյունաբերության քողարկած զանգերը հիմնականում տարբերվում են հնչողության բնույթով և արտաքին ձևավորմամբ։ Երբեմն զանգը լրացուցիչ ունենում է ներկառուցված լուսատու, որը նախասրահում ստեղծում է թույլ լուսավորություն։
Փոփոխական հոսանքի էլեկտրամագնիսական զանգերից բացի, թողարկում են մեղեդային ազդանշանով էլեկտրոնային, այդ թվում նաև թռչնի դայլայլը նմանակող զանգեր։ Մի շարք էլեկտրոնային զանգերում հնչողության բարձրությունը լայն սահմաններում կարելի է փոփոխել կարգավորիչով։