ՏՏՀ/Թրթնջուկ (աճեցումը)
ԹՐԹՆՋՈՒԿ (աճեցումը), լավագույն սորտերն են. բելվիլիական, լայնատերև, մայկոպյան։ Թ. բազմամյա բույս է, լավ է աճում տարբեր հողերում (այդ թվում կավավազային, ավազային և տորֆային)։ Ցանկալի է որպեսզի հողամասը լինի բավարար բերրի, խոնավ հողի թույլթթվային ռեակցիայով (pH=4,5–5)։
Աշնանը 1 մ2 հողին ավելացնել 6-8 կգ գոմաղբ կամ կոմպոստ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 20-30 գ կալիումի քլորիդ, գարնանը՝ 20 գ միզանյութ։
Թ. կարելի է ցանել երեք ժամկետով. վաղ գարնանը, ամռանը և ուշ աշնանը։ Առաջին ղեպքում բերքը ստանում են նույն տարին։ Ամռանը ցանում են մայիս-հունիսին վաղահաս բանջարեղենի (ամսական բողկ, կանաչ սոխ և այլն) բերքահավաքից հետո։ Ամռան ցանքի դեպքում Թ. կարելի է ստանալ հաջորդ տարվա վաղ գարնանը։ Ուշ աշնան ցանքը պետք է կատարել հոկտեմբեր-նոյեմբերին, որպեսզի սերմերն աշնանը չհասցնեն ծլել։ Ցանել շարային եղանակով, 25 սմ միջշարային հեռավորությամբ և 1-2 սմ խորության վրա։ Ցանքից հետո հողն անպայման հարթեցնել կամ տափանել փոցխի հակառակ կողմով, որը նպաստում է սերմերի հավասար ծլմանը։
Աճի առաջին տարվա աշնանը միջշարային մասերում լցնել կոմպոստ կամ փտած բուսահող (1 մ2–ին 4-5 կգ), որպեսզի ձմռանը մերկացած բույսի կոճղարմատը ծածկվի։ Երկրորդ տարվա գարնանը կիրառել հանքային պարարտանյութեր (1 մ2–ին 15-20 գ միզանյութ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 15-20 գ կալիումի քլորիդ)։ Տերևների յուրաքանչյուր կտրումից հետո խորհուրդ է տրվում բույսերը սնուցել (ազոտական պարարտանյութերի գերակշռությամբ)։ Ծաղկասլաքների առաջացման դեպքում դրանք պետք է կոտրել և տերևների հավաքումը դադարեցնել։ ՀՀ-ում Թ. մշակվում է սահմանափակ քանակությամբ։