Jump to content

ՏՏՀ/Իշխան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՇԽԱՆ, քաղցրահամ ջրերի ձուկ։ Ապրում է առուների, արհեստական լճակների, գետերի և լճերի մաքուր, սառը ջրերում։ Հայտնի են առվակային (բազմանում է նաև լճակներում), ծիածանային (հիմնականում լճակներում) և Սևանի Ի. (ապրում է միայն Սևանա լճում, որն ունի 4 սեռ՝ ձմեռային, ամառային, գեղարքունի և բոջակ)։ Ուրիշ ձկներից տարբերվում է մարմնի ձևի և չափերի խիստ բազմազանությամբ։ Կենդանի զանգվածը 70-300 գ է, Սևանի և մյուս լճակային տեսակներինը՝ 150-1000 գ։ Սևանի Ի. ունի արծաթափայլ թեփուկներ, մարմնի ամբողջ երկարությամբ տարածված խոշոր, սև պտեր, որոնց մեջ կարող են լինել նաև նարնջագույն կամ բաց վարդագույն։ Միսը չափավոր յուղոտ է, վարդագույն։ Սևանա լճում, Ի-ի քանակի խիստ կրճատման պատճառով, որսն արգելված է։ Ի. կլիմայավարժեցվում է նաև լճակային տնտեսություններում։

Ի. կարագով. նախապատրաստած Ի-ի կտորները շարել յուղած կաթսայի մեջ, վրան կարագ քսել և թարխուն ցանել։ Կաթսայի բերանը ամուր փակել և ձուկը շոգեխաշել մարմանդ կրակի վրա 18-20 րոպե։

Ի. մատուցել տաք։

1 կգ Ի-ին՝ 150 գ կարագ, 2 տրցակ թարխան. աղը՝ ըստ ճաշակի։

Ի. խաշած. մաքրած և փորոտիքը հանած ձուկը լավ լվանալ, աղ ցանել, դնել կաթսայի մեջ, մի քիչ ջուր ավելացնել և 15-18 րոպե շոգեխաշել մարմանդ կրակի վրա։ Կաթսան վերցնել կրակից, ձուկը զգուշությամբ հանել և դասավորել սկուտեղի վրա, ապա ծածկել խոնավ անձեռոցիկով և մինչև մատուցելը պահել սառը տեղում։ Մատուցել կանաչեղենի տերևներով զարդարած։

1 կգ Ի-ին՝ 3/4 բաժակ ջուր, աղը և թարխունը՝ ըստ ճաշակի։

Ի. իր հյութով. նախապատրաստած Ի. լավ լվանալ, աղ ցանել։ Կաթսան յուղել, մի շերտ թարխուն դնել, վրայից շարել ձուկը, վրան կարագի կտորներ, մի քիչ ջուր լցնել, կաթսայի բերանը փակել և շոգեխաշել մարմանդ կրակի վրա 15-18 րոպե։ Այնուհետև Ի. դնել սկուտեղի վրա, վրան լցնել կաթսայի մեջ եղած հյութը, զարդարել կիտրոնի շերտերով և թարխունով։

1 կգ Ի-ին՝ 1 բաժակ ջուր, 200 գ կարագ, 1 տրցակ թարխուն, 1 կիտրոն, աղը՝ ըստ ճաշակի։

Ի. լավաշով. կաթսան յուղել, մեջը լավաշ փռել, վրան շարել աղ և պղպեղ ցանած Ի-ի կտորներ։ Մանր ձկները դնել ամբողջական։ Այնուհետև ձուկը ծածկել թարխունով, գինձով և վրան լավաշ փռել։ Կաթսայի բերանն ամուր փակել և շոգեխաշել մարմանդ կրակի վրա 15-18 րոպե։

Ի. մատուցել լավաշով փաթաթած։

1 կգ Ի-ին՝ 1,5 կգ լավաշ, 1-ական տրցակ թարխուն և գինձ, 200 գ կարագ, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Հոնաչրով իշխանապուրի և կարտոֆիլով իշխանապուրի մասին տես Ապուր հոդվածում։