Jump to content

ՏՏՀ/Լապտեր էլեկտրական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՊՏԵՐ էլեկտրական, ըստ հոսանքի աղբյուրի տեսակի, լինում են մարտկոցով, կուտակիչով և էլեկտրադինամիկական Լ-ներ։

Առավել տարածված են մարտկոցով Լ-ները, որոնցում հոսանքի աղբյուրը գալվանական տարրերն են (մարտկոցներ)։ Լ-ի ձևն ու կառուցվածքը պայմանավորված են կիրառվող տարրի տեսակով։ Ուղղանկյունաձև Լ-ում օգտագործվում է 4,5 Վ Էլշուով 1 մարտկոց, գլանաձև Լ-ում՝ 1,6 Վ Էլշուով 2 կամ 3 հաջորդաբար միացված տարրեր։

Կուտակիչով Լ-ի հոսանքի աղբյուրը 2 հաջորդաբար միացված կուտակիչներից (յուրաքանչյուրը 1,2 Վ լարումով) հաջորդաբար մարտկոցն է։ Լ-ի մեջ գտնվող կիսահաղորդչային ուղղիչ հարմարանքի միջոցով կուտակիչները կարելի է վերալիցքավորել (տևում է 15-18 ժամ) էլեկտրական ցանցից։

Էլեկտրադինամիկական Լ. սնվում է մանրաչափ գեներատորից, որը գործարկվում է Լ-ի լծակը ձեռքով սեղմելիս։ Հարմար է նրանով, որ մարտկոցի կամ կուտակիչի կարիք չունի, սակայն աշխատեցնելու համար անընդհատ պետք է մկանային ուժ գործադրել. բացի այդ, գեներատորի աշխատանքն ուղեկցվում է աղմուկով։

Թողարկվում են ամենօրյա օգտագործման անջրանցիկ իրանով (օրինակ, ստորջրյա լողի համար), ազդանշանային (այդ թվում՝ ավտոմոբիլային), զբոսաշրջիկների (վրանի լուսավորման համար), հուշանվերային (օրինակ, Լ-ռադիոընդունիչ) և այլ Լ-ներ։