ՏՏՀ/Խավարտ
ԽԱՎԱՐՏ, կարելի է պատրաստել ձավարեղենից, բանջարեղենից, մարինադներից, թթու դրած մթերքից։
Կարտոֆիլը (տապակած, խաշած կամ խյուսի տեսքով) կարելի է օգտագործել որպես Խ. մսեղենի և ձկնեղենի հետ։ Կարտոֆիլով Խ. սովորաբար մատուցում են խաշած ձկան (խաշած կարտոֆիլ), տապակած ձկան, տապակած մսի (տապակած կարտոֆիլ), եփած լեզվի և նրբերշիկի (կարտոֆիլի խյուս) հետ։ Կարտոֆիլի խյուսը և խաշած կարտոֆիլը խորհուրդ է տրվում մատուցել նաև եփած թռչնամսից պատրաստած ուտեստների հետ։ Խաշած կաղամբը մատուցում են տապակած սագի և խոզի մսի, ծաղկակաղամբը՝ հավի և ճտի հետ, կանաչ ոլոռը՝ կոտլետի, եփած խոզապուխտի, լեզվի հետ, խաշած քաղցրահամ գազարը՝ կոտլետի և հավի մսի հետ։ Շամպինիոնը խորհուրդ է տրվում մատուցել թռչնամսի, տապակած կամ խորոված պոմիդորը՝ խորոված մսի հետ։
Մսի և թռչնամսի հետ հաճախ մատուցում են տապակած կանաչ լոբի՝ ձվով կամ պոմիդորով պատրաստած, տապակած բանջար (սպանախ, սիբեխ, ծնեբեկ, եղինջ)։
Ձավարեղենից հիմնականում պատրաստում են քաշովի կամ քամովի փլավ: Բրնձով փլավը մատուցում են եփած հավի, սևաձավարով փլավը՝ տապակած և խաշած մսի, ավելի սակավ՝ տապակած ձկան հետ։ Մսեղենի հետ տալիս են յուղով կամ տոմատով համեմած մակարոն։ Խորտիկների հետ որպես Խ. սովորաբար մատուցում են մարինադներ, թթու դրած բանջարեղեն, ձիթապտուղ։ Խ. կարող է պարունակել մի քանի տեսակ բանջարեղեն, օրինակ, տապակած կարտոֆիլ, կանաչ ոլոռ և գազար (մսեղենի հետ)։