ՏՏՀ/Ծաղկեփունջ
ԾԱՂԿԵՓՈՒՆՋ, բնակարանում հաճելի է ունենալ պարտեզային կամ դաշտային թարմ ծաղիկներից կազմված Ծ.։ Այն կարելի է ձևավորել տարբեր տեսակի տերևներով, ճյուղերով՝ անհրաժեշտության դեպքում հեռացնելով ավելորդ տերևներն ու կոկոնները։ Որպես ծաղկաման կարելի է օգտագործել նաև տարբեր ձևի ամաններ, կողովներ, զամբյուղներ։ Ծաղիկներն ամրացնելու նպատակով օգտագործում են մետաղալար, խեցենյութից կամ պլաստմասսայից զանազան բռնիչներ, մետաղական խրոցներ։ Բարձր ծաղկամանում ծաղիկների դիրքը կայունացնելու համար երբեմն ծաղկամանի մեջ դնում են եղևնու կամ սոճու ճյուղ, ավազ լցնում, ճյուղերը խաչաձև ամրացնում։ Թույլ ցողուններով և ծանր ծաղիկներով բույսերի (մեխակ, վարդակակաչ) ցողունները կարելի է ամրացնել մետաղալարով։
Ծ. կազմելիս անհրաժեշտ է նախապես պատկերացնել դրա վերջնական տեսքը։ Ճաշասեղանին կամ տոնական սեղանին դնում են ոչ բարձր ծաղկամաններ։ Սենյակի անկյունները զարդարելու համար հարմար են անհամաչափ ձևավորված Ծ-եր։
Կարելի է պատրաստել նաև տարեդարձի, հարսանյաց, հոբելյանական, սգո և այլ հատուկ Ծ-եր։
Մանկան ծննդյան տարեդաձի Ծ. պետք է լինի ոչ մեծ՝ վառ գույնի ծաղիկներից կազմված։ Մեծահասակի տարեդարձի առիթով սովորաբար նվիրում են նրա սիրելի ծաղիկները կամ երկար ցողուններով գեղեցիկ ծաղիկներից (վարդակակաչ, թրաշուշան, մեխակ) կազմված Ծ.։
Հարսնացոփն մատուցվող Ծ. պետք է լինի բաց գույնի (վարդագույն, սպիտակ, դեղնասպիտակ) ծաղիկներից (վարդ, վարդակակաչ, մեխակ, եղրևանի), այն կարելի է զարդարել ծնեբեկի ճյուղերով, բաց գույնի ժապավենով։ Հարսնացոփ համար Ծ. կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրա հասակը, զգեստի գույնը ևն։
Հոբելյանական Ծ-երը պետք է լինեն ավելի մեծ և հանդիսավոր, քան սովորականները։
Սգո Ծ-երի համար գերադասելի են մուգ, զուսպ գույների ծաղիկներ (մուգ կարմիր վարդեր, թրաշուշաններ, գեորգենիներ ևն)։
Կտրած ծաղիկների խնամքը։ Կտրած ծաղիկների կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է պահպանել որոշ կանոններ։ Կարևոր նշանակություն ունի ծաղիկը ճիշտ ժամանակին կտրելը։ Կոկոն, կիսաբացված կամ լրիվ բացված վիճակում կտրում են ֆրեզիան, կակաչը, նարգեսը, վարդակակաչը, վարդի որոշ տեսակներ։ Կիսաբացված վիճակում կտրում են արծվամագիլը, հողմածաղիկը, թրաշուշանը, հիրիկը, շուշանը, լուպինը, քաջվարդը, կիսաբացված և լրիվ բացված վիճակում՝ արքայապսակը, թավշածաղիկը, վարդի որոշ տեսակներ, լրիվ բացված վիճակում՝ գեորգենին, քրիզանթեմը, աստղածաղիկը, վաղենակը, շանբերանը, զինածաղիկը։
Ծաղիկները կտրում են վաղ առավոտյան կամ երեկոյան՝ մայրամուտից հետո։ Անհրաժեշտ է հեռացնել ցողունի ստորին և ավելորդ տերևները։ Ցողունի ծայրը ընկղմում են ջրի մեջ և սուր դանակով (բայց ոչ մկրատով) թեքությամբ կտրում։ Ամուր ցողունով ծաղիկների (վարդ, աստղածաղիկ ևն) ցողունի ծայրը հատում են երկար թեք կտրվածքով։ Ծաղկի (օրինակ, եղրևանու, ոսկեզանգի) փայտացած ցողունների ծայրը (5-10 սմ) պետք է կեղևահանել կամ տափակացնել։ Կաթնահյութ արտադրող ծաղիկների (կակաչ, իշակաթնուկ) ցողուններն անհրաժեշտ է կրկին կտրել և ծայրերն անմիջապես դնել տաք ջրի մեջ (մինչև +95 °C) կամ 3-5 վայրկյան պահել կրակի վրա, և մակարդված կաթնահյութը դանակով քերել։
Ծաղիկները պետք է դնել ոչ շատ սառը ջրով լիքը ծաղկամանի մեջ։ Պատկառուկը կարելի է դնել տաք ջրի մեջ, ծաղկաբույլը ցողելով սառը ջրով։ Գրեթե բոլոր ծաղիկների ջուրն անհրաժեշտ է ամեն օր փոխել։ Հավելանյութեր օգտագործելու դեպքում ջուրը փոխում են 2-3 օրը մեկ։
Կտրած ծաղիկներն զգայուն են արևի ճառագայթների և միջանցիկ քամու նկատմամբ։ Դրանք պետք է պահել կիսախավար զով տեղում։ Բույսերից ջրի գոլորշիացումը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում տերևներն ու ծաղիկները հաճախ ջրցողել։
Ծաղկամանը չի կարելի դնել հասած մրգով սկահակի մոտ, քանի որ մրգի արտադրած էթիլենը բացասաբար է ազդում ծաղիկների վրա։
Թոշնող ծաղիկները կարելի է թարմացնել. թղթով կիպ փաթաթելուց հետո ծաղիկները դնել ջրով դույլի մեջ և պահել զով տեղում։ Քրիզանթեմը, գեորգենին, շանբերանը և կակաչը թարմացնելու համար ցողունի ծայրը նորից կտրել և մի քանի վայրկյան պահել տաք ջրի մեջ (60-95 °C), հետևելով, որ տերևներն ու ծաղիկները չգոլորշահարվեն։ Այնուհետև բույսերը թղթով փաթաթել և ընկղմել +20 °C ջերմաստիճանի ջրի մեջ։
Կտրած ծաղիկները երկար պահպանելու նպատակով ջրի մեջ ավելացնում են սննդարար նյութեր։ Առավել արդյունավետ է 2-5 %-անոց շաքարաջուրը, որի մեջ լավ են պահպանվում վարդը, վարդակակաչը, մեխակը, եղրևանին, ֆրեզիան։ Այդ լուծույթը պիտանի չէ ալպիական մանուշակի, շքանարգիզի, երիցուկի և մարմրիչի համար։ Մանրէների զարգացումը կանխելու նպատակով ջրի մեջ կարելի է ավելացնել մանրէազերծիչ նյութեր՝ կալիումի գերմանգանատ (մի քանի բյուրեղ), ասպիրին (1 հաբ 1 լ ջրին), կիտրոնաթթու (2-3 գ 1 լ ջրին), սպիրտ (10 մլ 1 լ ջրին)։
Որոշ ծաղիկներ անհամատեղելի են նույն ծաղկամանի մեջ, քանի որ մի ծաղկի նյութափոխանակության արգասիքները կարող են թունավոր լինել մյուսների համար։ Վարդերն արագացնում են նույն ծաղկամանի մեջ գտնվող մյուս ծաղիկների թոշնումը, անգամ վարդի տարբեր տեսակները (օրինակ, մուգ կարմիր վարդը և թեյավարդը) անհամատեղելի են նույն ծաղկամանի մեջ։ Շուշանը, մեխակը, նարգեսը նույնպես անհամատեղելի են այլ ծաղիկների հետ։ Հափրուկը, դեղին գնարբուկը արագացնում են մյուս ծաղիկների թոշնումը։ Վարդակակաչը և անմոռուկը թոշնում են հովտաշուշանի հարևանությամբ, դեղին գնարբուկը կործանարար է ազդում գնարբուկի այլ տեսակների վրա. նույն ազդեցությունն է գործում շուշանը մարգարտածաղկի և կակաչի վրա։
Կան միանգամայն համատեղելի և միմյանց կյանքը երկարացնող ծաղիկներ։ Այսպես, գետնանոճու ճյուղը նպաստում է վարդակակաչի երկարակեցությանը և նույնիսկ մգացնում վերջինիս գույնը։
Ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել ծաղիկների ձևավորման ճապոնական ավանդական արվեստը՝ իկեբանան՝ իր որոշակի գեղարվեստական և գեղագիտական սկզբունքներով։ Յուրաքանչյուր ծաղիկ և ճյուղ, ըստ ճապոնացիների, որոշակի իմաստ է կրում. բարձր ճյուղը խորհրդանշում է երկնակամարը, միջինը՝ մարդուն, ամենացածրը՝ երկիրը։ Մեծ հմտություն է պահանջում ծաղիկների, ճյուղերի, ծաղկամանի ճիշտ ընտրությունը։ Հաճախ ծաղկամանի մեջ դնում են մեկ կամ երկու ծաղիկ, օգտագործելով նաև ճյուղեր, խոտաբույսեր ևն։
Իկեբանայում առավել հաճախ օգտագործվող բույսերն են քրիզանթեմը և ճապոնական բալենու՝ սակուրայի ծաղկած ճյուղը։ Որպես ծաղկաման օգտագործում են բրոնզե թաս, հյուսած կողով, բամբուկե սնամեջ ճյուղ։ Հաճախ ծաղիկները զուգակցում են հնաոճ և նրբագեղ իրերի, արվեստի գործերի, գեղագիր գալարակների հետ։ Իկեբանայում նախապատվությունը տրվում է ծռմռված, կորացած, տձև ճյուղերին, որով արտահայտվում է ճապոնացիների հակումը բնությանը հատուկ անկանոնության և անհամաչափության նկատմամբ։