Jump to content

ՏՏՀ/Ծխելը (ծխախոտ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծխելը (ծխախոտ)
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 285
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԾԽԵԼԸ (ծխախոտ), առավել տարածված վտանգավոր սովորույթներից է, հաճախ ձևավորվում է դեռահասների մոտ մեծերին նմանվելու և «անկախ» վարքագիծ ցուցադրելու համար։ Ծխելու սովորույթի ձևավորմանը նպաստում է ծխախոտի հիմնական ազդող նյութի՝ նիկոտինի թույլ գրգռող հատկությունը։ Այն ստեղծում է տպավորություն, որ Ծ. ունի տոնուսը բարձրացնող ազդեցություն, խթանում է մտավոր ակտիվությունը։ Այդպիսի խթանումը ոչ ֆիզիոլոգիական է և, վերջին հաշվով, հանգեցնում է նյարդային համակարգի հյուծման։ Խթանող արդյունքի հասնելու համար ծխողն աստիճանաբար ավելացնում է (առողջության հաշվին) ծխախոտի քանակությունը։ Հոգեկան լարվածություն պահանջող իրադրություններում ծխողը համարյա անընդհատ ծխում է, բայց սպասված գրգռող ազդեցության փոխարեն հաճախ առաջանում է նիկոտինային թունավորում (գլխացավ, բերանի չորություն, քնի խանգարում)։ Երկարատև ծխողների մոտ աստիճանաբար զարգանում է ֆիզիոլոգիական կախվածություն նիկոտինից, որն ուղեկցվում է ինքնազգացողության վատացմամբ, ծխելուց հրաժարվելու և նույնիսկ գլանակների քանակությունը պակասեցնելու դեպքում՝ տհաճ զգացողություններով։

Սակայն ծխելուց հրաժարվելն անհրաժեշտ է, քանի որ նիկոտինը և ծխախոտի այրման նյութերը կործանարար ազդեցություն ունեն առողջության վրա։ Ծխելու սկզբնական փուլում արդեն առաջանում են շնչառական և սիրտանոթային համակարգերի գործունեության խանգարումներ՝ օրգանների և հյուսվածքների թթվածնամատակարարման վատացմամբ (ծխախոտի այրման նյութերն անբարենպաստ ազդեցություն ունեն հեմոգլոբինի վրա, որը թթվածին է փոխադրում զարկերակային արյուն)։ Ծխողներն առավել հաճախ են հիվանդանում վարակիչ հիվանդություններով (օրինակ, չծխողներից 4 անգամ հաճախ են հիվանդանում շնչառական օրգանների հիվանդություններով, դիմացկուն չեն բնական և արտադրական անբարենպաստ գործոնների ազդեցությանը)։

Ծ. մեծացնում է սիրտանոթային համակարգի, շնչառության և մարսողության օրգանների հիվանդանալու, չարորակ ուռուցքներ առաջանալու հավանականությունը։ Ծ. հատկապես վտանգավոր է հիվանդ մարդկանց համար։ Օրինակ, թոքալայնանքի ժամանակ ծխողների մահացությունը բարձր է 21, սրտի իշեմիկ հիվանդության դեպքում՝ 3,5 անգամ։ Ծ. բավականին վատացնում է խոցային հիվանդությունով տառապողների վիճակը։ Ծխելուց հրաժարվելը սրտամկանի ինֆարկտի, խցանող էնդարտերիտի և այլ հիվանդությունների բուժման պարտադիր պայման է։ Հղիության շրջանում ծխելը մեծացնում է բարդությունների հաճախականությունը, բացասաբար է ազդում պտղի զարգացման վրա։ Ծ. վտանգավոր է ոչ միայն ծխողի, այլև նույն սենյակում գտնվող անձանց համար, որոնք ստիպված են շնչել ծխախոտի ծխով թունավորված օդը։ Այդ սենյակում հատկապես վտանգավոր է երեխաների մնալը։ Դրա համար ծխողները չպետք է ծխեն ընդհանուր սենյակում։

Մարդկանց առողջությանը ծխելու պատճառած վնասն այնքան մեծ է, որ բազմաթիվ երկրներում ծխելու դեմ անցկացվում են հատուկ միջոցառումներ (ծխախոտի գովազդի և հասարակական վայրերում ծխելու արգելում)։ Յուրաքանչյուր ծխող, որոշելով հրաժարվել ծխելուց, կարող է արդյունքի հասնել, եթե դրսևորի կամքի ուժ։ Հարկավոր է ծխելը թողնել միանգամից, քանի որ աստիճանաբար հետ սովորելը (գլանակների քանակությունն աստիճանաբար քչացնելով), որպես կանոն, արդյունքի չի հասցնում, այլ ավելի է խորացնում տհաճ զգացողությունները (լրիվ հրաժարվելու դեպքում դրանք սովորաբար պահպանվում են 3-5 օրից ոչ ավելի)։ Կան նաև դեղանյութեր, որոնք բավականին հեշտացնում են Ծ. թողնելը։ Մի շարք դեպքերում Ծ. դադարեցնելը ուղեկցվում է գիրացումով, որը բացատրվում է ախորժակի լավացմամբ։ Սակայն, որպես կանոն, մարմնի զանգվածը հետագայում կայունանում է։ Ավելորդ գիրանալուց խուսափելու համար ծխելը թողնելու շրջանում ավելի լավ է անցնել կաթնաբուսական սննդակարգի և աստիճանաբար բարձրացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։