ՏՏՀ/Կակտուսներ
ԿԱԿՏՈՒՍՆԵՐ, երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիք։ Թփեր են, լիաններ, հազվադեպ ծառեր.: Կ. չունեն իսկական տերևներ (բացառությամբ մի քանի տեսակների). դրանք վերափոխվել են փշերի և մազմզուկների։ Հյութալի բույսեր են, հյուսվածքներում պարունակում են մեծ քանակությամբ ջուր, որի աստիճանաբար գոլորշիացումը հնարավորության է տալիս դիմանալ երկարատև չորությանը։ Հայրենիքը Ամերիկան է, ուր աճում են Կանադայից մինչև Հրո Երկիր։
Ցողունների բազմաձևության (մոմաձև, ոզնիանման, գնդաձև, բլթանման, բազմակող, մտրակաձև ևն), տարբեր մեծության փշերի ու խոզանների, գունավորման, արտակարգ գեղեցիկ, երբեմն անուշաբույր, մետաղափայլ ծաղիկների շնորհիվ Կ. առանձնանում են մյուս բույսերից և տարաշխարհիկ ու հեքիաթային տեսք են տալիս բնակարանին։
Կ. Հայաստանի կլիմային ոչ բնորոշ բույսեր են և պահանջում են խնամքի յուրահատուկ պայմաններ ու ձևեր։ Կ-ի կանոնավոր և ճիշտ աճի համար կարևոր են. խնամքը, տեղը, տեսակի և թաղարի ընտրությունը, դասավորությունը, հողախառնուրդը, տնկելու և վերատնկելու (փոխադրելու) հմտությունը, ջրելու հաճախականությունը, ձմեռումը։
Կ. բնակարաններում կարելի է տեղադրել պատուհանագոգին, պատշգամբներում, պատուհանից և պատշգամբից դուրս կախված ապակեպատ արկղ-ջերմոցիկներում։ Մարտից հոկտեմբեր Կ. կարելի է աճեցնել այգում կամ պարտեզում։ Կ-ի զգալի մասը լավ է աճում հարավ-արևելք նայող պատուհանագոգերին կամ արտաքին ջերմոցիկներում, որտեղ լուսավորությունը երկարատև է։ Դրանցից են. արևասեր և չորադիմացկուն Կ. էխինոկակտուսը, ֆերոկակտուսը, աստրոֆիտումը, էխինոցերեուսը, էխինոֆոսուլոկակտուսը, մամիլլարիան, նոտոկակտուսը, պարոդիան, որոշ գիմնոկալիցիումներ, լոբիվիաները, խամեցերեուսները ևն։ Տեղադրության այլ դիրքերի դեպքում կարելի է խնամել արևասեր և արևի համեմատաբար քիչ լույսով բավարարվող, չորադիմացկուն որոշ գիմնոկալիցիումներ, էխինոփսիսներ, էրիոցերեուսներ, սելենիցերեուսներ, հիլոցերեուսներ, ապորոկակտուսներ ևն։ Ոչ արևոտ պատուհաններին կարելի է խնամել արևադարձային մշտադալար անտառների խոնավասեր Կ.՝ տերևանման էպիֆիլլում, զիգոկակտուս, շլյումբերգերա, էպիֆիլլոփսիս, ռիփսալիս։
Խորհուրդ է տրվում Կ. աճեցնել կավե կամ պլաստմասսայե թաղարներում։ Ծակոտկենության շնորհիվ կավե թաղարներում ջուրն արագ է գոլորշիանում, ուստի նպատակահարմար է դրանք տեղադրել սակավարև, իսկ պլաստմասսայե թաղարները (որտեղ ջուրն ավելի դանդաղ է գոլորշիանում)՝ լուսավոր պատուհանագոգերին, պատշգամբներում կամ արտաքին ջերմոցիկում։
Կ. պետք է այնպես դասավորել, որ բարձր կամ սյունանման բույսերը չստվերեն ցածր և գնդաձև Կ-ին։
Կ-ի հողախառնուրդը պետք է լինի ծակոտկեն, օդաջրանցիկ և սորուն։
Մեծ մասի հիմնական հողախառնուրդը պատրաստելու համար պահանջվում է 1 մաս սևահող կամ տերևահող, 1 մաս ճմահող, 1 մաս տուֆի, չեչաքարի կամ հրաբխային ծագման այլ ապարի փխրուն, մանր, լավ լվացած խիճ (կարելի է դրանց հետ կամ դրանց փոխարեն օգտագործել լավ լվացած սպիտակ, սև ավազ, պեռլիտ), 1/16 մաս մանրացրած փայտածուխ, 1/24 մաս կրանյութ (հանգած կիր, կավիճ, ձվի կճեպ, պատի հին ծեփ)։ Կարելի է ավելացնել նաև որոշ քանակությամբ տորֆահող։ Հողախառնուրդը լավ խառնելուց հետո պետք է մանր մաղով հեռացնել փոշին, 2-3 ժամ ախտահանել գոլորշու վրա։ Խոնավասեր Կ-ի հողախառնուրդում պետք է գերակշռի տերևահողը։
Ժամանակի ընթացքում թաղարի հողում սպառվում են սննդանյութերը, այդ պատճառով 1-4 տարին մեկ անգամ (ելնելով թաղարի մեծությունից) Կ. անհրաժեշտ է վերատնկել։ Դրա համար պետք է թաղարը շրջած պահել սեղանի վրա և կողերին թեթևակի հարվածելով բույսը հանել՝ չվնասելով արմատները։ Այնուհետև կակտուսի արմատի շրջագծից մի քիչ մեծ (ցամաքուրդային անցքեր ունեցող) նոր թաղարի հատակին լցնել խոշոր խիճ, փայտածուխ, տուֆի կտորտանք, իսկ բույսը պահելով թաղարի կենտրոնում (արմատավզիկը թաղարի եզրից մի փոքր բարձր) շուրջը լցնել նոր հողախառնուրդ, թեթևակի հարվածել թաղարի կողերին, որպեսզի հողը նստի (նույն ձևով տնկում են նաև նոր ձեռք բերված Կ.)։ Այնուհետև բույսը պետք է դնել զով տեղում և 7-10 օր չջրել, որպեսզի վնասված արմատների վերքերը սպիանան և ջրի հետ շփումից չփտեն։ Դրանից հետո բույսը անհրաժեշտ է ջրել, իսկ մի քանի օրից կարելի է տեղադրել նախատեսված տեղում։
Կ-ի ջրելու հաճախականությունը պայմանավորված է Կ-ի տեսակով (չորադիմացկուն կամ խոնավասեր), տարվա եղանակով, միջավայրով (չոր, խոնավ, ջերմոցիկ, ջերմոց, պատուհան ևն), թաղարով (պլաստմասսայե, կավե), հողախառնուրդով ևն։ Կ. լավ է ջրել հողի վերին շերտը չորանալուց մի քանի օր հետո, խոնավասերները՝ ավելի հաճախակի։ Կ. ջրելու եղանակներից ամենագործնականը թաղարի վերևից ջրելն է։ Ջուրը պետք է լցնել այնքան, մինչև ցամաքուրդային անցքերից դուրս գա ավելորդ ջուրը։
Ցանկալի և օգտակար է աճման շրջանում ջրցողել առավոտյան կամ երեկոյան գոլ ջրով։
Խնամքի կարևորագույն գործոններից մեկը ճիշտ ձմեռումն է, այլապես Կ. հյուծվում են և չեն ծաղկում։ Ուշ աշնանը, եղանակների ցրտելուն զուգընթաց, Կ. պետք է ուշ-ուշ ջրել, իսկ առաջին ցրտերի հետ լրիվ դադարեցնել։ Կ. պետք է դնել զով տեղում +6... +12°C ջերմաստիճանի պայմաններում (չտաքացվող կամ վատ տաքացվող պատշգամբ, սենյակի տաք օդից պոլիէթիլենային թաղանթով մեկուսացված պատուհանագոգ ևն)։ Հայաստանում Կ-ի ձմեռումը տևում է շուրջ 5 ամիս (նոյեմբեր-մարտ)։ Պարտեզի կամ այգու բնահողում աճող Կ. եղանակի ցրտելուն պես պետք է հանել հողից և դնել ձմեռելու համապատասխան տեղում։ Գարնանը, օդի տաքանալուն զուգընթաց, Կ. սկսում են արթնանալ և աճել։ Այդ ընթացքում անհրաժեշտ է բույսերը թեթևակի ջրցողել, թրջել հողը, իսկ կայուն տաք եղանակներին պետք է սկսել ջրել։ Կ. հարկավոր է աստիճանաբար վարժեցնել արևին, որպեսզի այրվածքներ չստանան։ Խոնավասեր Կ. ձմռանը պետք է գտնվեն +14...+17 °C ջերմաստիճանի պայմաններում, չափավոր խոնավ հողում։
Կ. բազմացվում են երեք եղանակով՝ սերմերով, պատվաստմամբ և կտրոններով։ Սերմերով և պատվաստմամբ բազմացնելը բարդ է։ Կ. հեշտ են բազմացվում կտրոններով։ Որոշ տեսակներ, բնականոն աճմանը և ծաղկելուն զուգընթաց, տալիս են նաև նոր շիվեր «ձագուկներ», որոնք կարելի է սուր նշտարով անջատել մայր բույսից, ստորին մասում հատած կոնի ձևով կտրվածք անել, վրան փայտածխի կամ ծծմբի փոշի ցանել և դնել զով տեղում, որպեսզի կտրվածքը կեղևակալի (դա կարող է տևել մի քանի օրից մինչև մեկ շաբաթ և ավելի)։ Այնուհետև կտրոնը պետք է դնել լավ լվացած և պարբերաբար խոնավացվող ավազի մեջ արմատակալելու։ Արմատակալումը արագանում է, երբ ավազով ամանը տակից թեթևակի տաքացվում է լամպով կամ այլ եղանակով։ Արմատակալելուց (մի քանի շաբաթից) հետո պետք է տեղափոխել թաղարի մեջ։
Կ. ոչ ճիշտ խնամքի դեպքում կարող են հիվանդանալ կամ վարակվել տարբեր վնասատուներով։