Jump to content

ՏՏՀ/Հալվա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԼՎԱ, ալյուրով, յուղով և շաքարով (կամ մեղրով, դոշաբով) պատրաստվող քաղցրավենիք։

Մեղրով Հ.։ Ալյուրը մաղել, լցնել տապակի մեջ, ավելացնել հալած յուղ և խառնելով բովել՝ մինչև ստացվի համասեռ դեղնավուն փխրուն զանգված, ավելացնել մեղր և բովել ևս 5 րոպե։ Տաք Հ. լցնել ափսեի մեջ, տափակեցնել և սուր դանակով քառակուսի կտորների բաժանել։

6 բաժակ ալյուրին՝ 1 1/2 բաժակ հալած յուղ, 1 բաժակ մեղր։

Տնական Հ. կարելի է պատրաստել 2 եղանակով։

I եղանակ։ Ալյուրը լցնել խոր տապակի մեջ, հալած յուղ ավելացնել և անընդհատ խառնելով բովել մինչև ստացվի փխրուն զանգված, ավելացնել շաքարաջուր և խառնել այնքան, մինչև գնդիկները վերանան։ Հ. լցնել ափսեի մեջ, տափակեցնել և սուր դանակով քառակուսի կտորների բաժանել։

II եղանակ։ Ալյուրը բովել մինչև մուգ վարդագույն դառնալը, անընդհատ խառնելով ավելացնել հալած յուղ, տաքացնել ևս 5-8 րոպե, լցնել ափսեի մեջ, տափակեցնել և կտրտել սուր դանակով։ Շաքարաջուրը կարելի է փոխարինել շաքարավազով՝ զանգվածը խառնելով այնքան ժամանակ, մինչև շաքարի բյուրեղները հալվեն։

6 բաժակ ալյուրին՝ 3/4 բաժակ հալած յուղ, 1/2 բաժակ շաքարավազ, 50 գ տաք ջուր։

Ընկույզով Հ.։ Շաքարավազը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել սառը կաթով բացած եգիպտացորենի օսլա (1:5 հարաբերությամբ) և խառնելով եռման հասցնել։ Ընկույզի կիսած միջուկը յուղով բովել մինչև մուգ դարչնագույն դառնալը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել պատրաստած խառնուրդը, կաթսան ծածկել սրբիչով փաթաթած կափարիչով և տաքացնել 20-30 րոպե, որից հետո Հ. լավ խառնել, լցնել ափսեի մեջ, տափակեցնել, վրան ծեծած դարչին ցանել և սուր դանակով կտրտել։

150 գ ընկույզի միջուկին՝ 100 գ կարագ, 1 բաժակ շաքարավազ, 1 1/2 բաժակ կաթ, 15 գ եգիպտացորենի օսլա։

Արիշտա-հալվայի մասին տես Խմոր հոդվածում։