ՏՏՀ/Հակինթ
ՀԱԿԻՆԹ, հիացինտ, շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր բույսերի ցեղ։ Օգտագործում են ծաղկային տարբեր ձևավորումներում (զարդերիզներ, ճանապարհների եզրաթմբեր և այլն), սիզամարգերում ծաղկային նախշեր ստեղծելու, կտրած ծաղիկներ ունենալու և այլ նպատակներով։
Պարտեզային Հ., բազմամյա խոտաբույս է, որի սոխուկը պահպանվում է ամեն տարի, իսկ վերգետնյա օրգաններն ու արմատները մահանում են։ Տերևները խմբված են արմատամերձ վարդակում։ Ծաղկակիր ցողունը ուղղաձիգ է 15-45 սմ բարձրությամբ, առանց տերևների, գագաթում ունի 12-75 ծաղիկներից կազմված զանգակաձև, տարբեր գունավորման ծաղկաբույլ։ Ծաղկում է ապրիլի վերջից (տևողությունը՝ մինչև 20 օր)։
Հայտնի է պարտեզային Հ-ի ավելի քան 400 սորտ։ Ըստ ծաղկման ժամկետի տարբերում են վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակներ։ Կան պարզ և լիաթերթ ծաղիկներով բույսեր, նախաճեցման համար օգտագործվող, բաց գրունտում աճեցվող սորտեր։ Ըստ ծաղիկների գունավորման Հ-ները բաժանվում են 6 խմբի. կապույտ, մանուշակագույն, վարդագույն, կարմիր, սպիտակ, դեղնանարնջագույն։
Տեղի ընտրությունը. Հ. անհրաժեշտ է աճեցնել հարթ, լավ ցամաքուրդված հողերում, քանի որ ջրի անգամ փոքր կանգը բացասաբար է ազդում բույսերի զարգացման վրա, իսկ սոխուկները փտում են։ Ջրի ավելցուկի դեպքում բույսերի մոտ պետք է փորել կողմնատար առվակներ։ Հ. լուսասեր է և ջերմասեր, գերադասում է արևոտ, սառը քամիներից պաշտպանված վայրեր։
Հողը. Հ-ի համար պիտանի են լավ մշակված, թեթև ավազակավային, հումուսով հարուստ, չեզոք ռեակցիայով հողերը։ Կավավազային հողերը պետք է պարարտացնել հումուսով՝ խառնելով ավազ։ Հողը նախապատրաստել տնկումից 1,5-2 ամիս առաջ։ Վերափորելուց առաջ 1 մ² հողին ավելացնել մեկ դույլ բուսահող, 80-100 գ կիր, մոտ 60 գ սուպերֆոսֆատ և 30 գ կալիումի սուլֆատ։ Աղքատ հողերում մեծացնել ֆոսֆորական պարարտանյութերի բաժնեչափը և օգտագործել նաև բորակ (30 գ)։ Կարելի է տալ համակցված պարարտանյութեր (25-30 գ) ևս։ Այնուհետև հողը վերափորել 30-40 սմ խորությամբ, փխրեցնել, հավասարեցնել, իսկ սոխուկների տնկումից 6-8 օր առաջ սարքել 15-20 սմ բարձրության և 1-1,2 մ լայնության մարգեր, որոնք անձրևների ժամանակ սոխուկները պահպանում են փտումից։
Տնկումը. Հ-ի սոխուկները բաց գրունտում պետք է տնկել հոկտեմբերի առաջին տասնօրյակին, որպեսզի մինչև սառնամանիքների սկսվելը հասցնեն արմատակալել։ Վերջինս առավել բարենպաստ է ընթանում հողի 6-8°C ջերմաստիճանի և բավարար խոնավության դեպքում։ Արմատներն առաջանում են տնկումից 15-20 օր հետո։
Ծաղկող սոխուկները պետք է տնկել 15-20 սմ, սոխիկները՝ 6-10 սմ խորության վրա, սոխուկների միջև թողնել 8–10 սմ, սոխիկների միջև՝ 4-6 սմ, շարքերի միջև՝ 20-25 սմ տարածություն։ 1 մ²–ի վրա տեղավորվում է 36-48 ծաղկող սոխուկ, 66-100 սոխիկ։ Պետք է տնկել շարքերով, մարգերի լայնությամբ փորված ակոսներում՝ լցնելով ավազ (ցամաքուրդը լավացնելու և սոխուկների տակերը փտումից պահպանելու համար)։ Տնկելուց առաջ խորհուրդ է տրվում սոխուկներն ախտահանել կալիումի պերմանգանատի վառ վարդագույն լուծույթով։
Տնկելուց հետո մարգերը ծածկել տորֆակոմպոստով (10 սմ շերտով), իսկ հողի սառչելուց հետո՝ տերևներով։ Վաղ գարնանը ծածկույթը հանել։ Նախկին տեղում Հ. կարելի է տնկել 4-5 տարի հետո, ավելի շուտ տնկելիս հողը պետք է փոխել։
Խնամքը. Հ. պահանջկոտ բույս է։ Հողը պետք է պահել մաքուր վիճակում, տարին մի քանի անգամ փխրեցնել, չոր եղանակին պարտադիր ջրել (ջուրը պետք է հողը թրջի 15-20 սմ խորությամբ)։ Վեգետացիայի շրջանում 2-3 անգամ սնուցել։ Հեռացնել հիվանդ բույսերը (խոտանումը կատարել 2-3 անգամ)։ Ծաղկակիրը կտրել սուր դանակով, եթե ծաղկաբույլը չեն կտրում, ապա ծաղկման վերջում անհրաժեշտ է ծաղիկները պոկել։
Պարարտանյութերը կարելի է օգտագործել չոր կամ ջրում լուծված վիճակում։ Հեղուկ պարարտանյութերով սնուցելիս հողը պետք է նախապես լավ խոնավացնել։ Առաջին սնուցումը պետք է տալ բույսերի աճման սկզբում (1 մ²–ին 20-25 գ բորակ և 15-20 գ սուպերֆոսֆատ), 2-րդը կոկոնակալման շրջանում (30-35 գ սուպերֆոսֆատ և 15-20 գ կալիումի սուլֆատ), 3-րդը ծաղկման վերջում (30-35 գ սուպերֆոսֆատ և 30-35 գ կալիումի սուլֆատ)։ Կարելի է սնուցել միկրոպարարտանյութերով (նույն քանակությամբ, ինչ տրվում է վարդակակաչին)։ Պարարտացումից հետո հողը փխրեցնել՝ պարարտանյութերը թակուջակով խորացնելով հողի մեջ։
Սոխուկների հանումը և պահումը. Հ–ի սոխուկները պետք է ամեն տարի հողից հանել։ Եղանակի պայմաններից կախված՝ դրանք պետք է հանել հունիսի վերջին հուլիսի սկզբին, երբ տերևները դեռ ամբողջովին չեն չորացել։ Հանված սոխուկները մեկ շերտով դասավորել արկղերում, 1-2 օր չորացնել ծածկի տակ, այնուհետև մի քանի օր՝ լավ օդափոխվող շինության ձեղնահարկում։ Չորացված սոխուկներից հողը թափ տալ, զգուշորեն մաքրել արմատներից, տերևների մնացորդներից և ծաղկակիրներից, առանձնացնել հիվանդ ու մեխանիկական վնասվածքով սոխուկները, դասավորել մաքուր արկղերում և տեղափոխել օդափոխվող շինություն, 25°C ջերմաստիճանում։ Թողնել մոտ 8 շաբաթ, այնուհետև տեղափոխել 17°C ջերմաստիճան ունեցող տեղ և պահել մինչև տնկելը։ 2-3 շաբաթը մեկ ստուգել, հիվանդ սոխուկները հանել։
Բազմացումը. պարտեզային Հ. բազմացնում են վեգետատիվ (սոխուկներով-սոխիկներով) և արհեստական եղանակներով։
Սոխիկները ձևավորվում են մայրական սոխուկի ներքևի մասում (տակում) և մնում են 1-2 տարի, իսկ արտաքին թեփուկների մահացմանը զուգընթաց հայտնվում են սոխուկի ծայրում, ապա անջատվում դրանից։ Սոխիկները ձևավորվում են ոչ ամեն տարի և ոչ բոլոր սոխուկների մոտ։
Քանի որ բնական վեգետատիվ բազմացման ժամանակ քիչ քանակությամբ սոխիկներ են ձևավորվում, ուստի դիմում են արհեստական բազմացման։ Դրա եղանակներից մեկը տակի կտրումն է, որի համար օգտագործում են ամուր, հասուն, առողջ, 5-6 սմ-ից ոչ պակաս տրամագծով սոխուկներ, որոնք պետք է հողից հանել ավելի վաղ, քան մյուսները։ Տակի կտրման լավագույն ժամկետը հուլիսի 1-20-ն է։ Սոխուկները չորացնելուց, արմատներից և հողից մաքրելուց հետո պետք է 20-30 րոպե ախտահանել կալիումի պերմանգանատի 1 %-ոց լուծույթով, այնուհետև 2-3 օր չորացնել 20-23 °C ջերմաստիճանում։ Սոխուկի տակը կարելի է կտրել նախապես ախտահանած հերձադանակով կամ շատ սուր դանակով։ Խորհուրդ չի տրվում ձեռքերով դիպչել կտրվածքների մակերևույթին։ Կտրման տեխնիկան հետևյալն է. սոխուկը բռնել ձախ ձեռքով, տակը դեպի վեր, իսկ աջով զգուշորեն կտրել տակը, սոխուկի հյուսվածքներն ամբողջովին հեռացնել, լայնությամբ մինչև թեփուկների հիմքը, խորությամբ մինչև գագաթային բողբոջը՝ վնասելով այն։ Արդյունքում սոխուկի հիմքում առաջանում է ձագարաձև փոսիկ։ Կտրված սոխուկները պետք է դասավորել ցանցավոր հատակ ունեցող արկղերում կտրվածքները վեր և տեղավորել այնպիսի տեղ, որտեղ կարելի է պահպանել 20-23 °C ջերմաստիճան, 70 %-ից ոչ բարձր օդի խոնավություն և կիսախավար։ Այդ պայմաններում սոխուկները պահել 1,5-2 ամիս, որի ընթացքում թեփուկների հիմքում նկատվում են սոխիկները։ Շինության ջերմաստիճանը պետք է բարձրացնել մինչև 30°C, խոնավությունը՝ մինչև 95 %: Սոխիկները սկսում են ձևավորվել տակի կտրումից մոտ 2,5 ամիս հետո։ Մեկ սոխուկի վրա կարող են գոյանալ 20-40 սոխիկ։ Մայրական սոխուկները նոր առաջացած սոխիկների հետ պետք է տնկել բաց գրունտում։ Դա լավ կլինի կատարել մինչև հոկտեմբեր, որպեսզի սոխիկները մինչև ցրտերն ընկնելը հասցնեն լավ արմատակալել։ Պետք է տնկել 5-6 սմ խորությամբ (մակերևույթից մինչև սոխիկը), կտրվածքը վեր։ Աճման առաջին տարում սոխիկը կարելի է հողից չհանել։ Այդ ընթացքում դրանից աճում է ոչ մեծ սոխիկ, զարգանում է սոսկ մեկ տերև։ Երկրորդ տարում, երբ մայրական սոխուկը լրիվ ծախսում է սննդանյութերի պաշարները և չորանում, սոխուկները զարգանում են ինքնուրույն։ Այդ շրջանում պետք է լավ խնամել, սնուցել։ Հունիսի վերջին, դրանք հողից հանել և պահել։
Տակի ճեղքումը, առավել հաճախ կատարում են խաչաձև ճեղքում։ Վերջինս պետք է լինի խոր, հասնի գագաթային բողբոջին և վնասի այն։ Այս եղանակի դեպքում գոյանում են քիչ, սակայն ավելի խոշոր սոխիկներ, որոնք 2 տարի հետո առաջացնում են ծաղկաբույլեր։
Սոխուկային թեփուկներով բազմացման դեպքում սոխուկից պետք է առանձնացնել մի քանի հյութալի, պահեստային թեփուկներ պարտադիր կերպով պահպանելով թեփուկի հիմքը, 2-3 օր չորացնել և տնկել թեթևակի խոնավ ավազի մեջ (լցնելով կալիումի պերմանգանատի վառ կարմիր լուծույթ) ու պահել 25 °C ջերմաստիճանի պայմաններում՝ պարբերաբար խոնավացնելով ավազը։ Ձմռանը սածիլները կարելի է պահել սենյակում (չափավոր խոնավացնելով ավազը), իսկ գարնանը արմատակալած սոխիկները տնկել գրունտում։ Առաջին տարում դրանք հողից չհանել, երկրորդ տարվա գարնանից սկսել խնամել, իսկ ամռանը, երբ տերևները թառամեն, հոդից հանել և պահել մինչև տնկելը։
Հիվանդությունները. առավել վտանգավոր բակտերիային հիվանդություններից է թաց փտումը (դեղին և սպիտակ)։ Դեղին փտումն անվանում են նաև «դեղին խլնախտ», «հրե հիվանդություն»։ Բույսերի վերգետնյա մասերի վրա առաջանում են ջրոտ, մուգ բծեր, որոնք հետագայում դառնում են դեղին, ապա շագանակագույն և դասավորվում են տերևի ջղերի երկարությամբ։ Վերգետնյա օրգանների հյուսվածքներից հարուցիչը թափանցում է սոխուկների մեջ։ Հիվանդությունը զարգանալիս ուժեղ ախտահարված սոխուկները դառնում են փափուկ, սեղմելիս դուրս է հոսում լորձային, տհաճ հոտով, դեղնավուն զանգված։
Պայքարի միջոցները. ախտահարված բույսերն անհապաղ ու լրիվ ոչնչացնել (այրել)։ Վարակված հողում մի քանի տարի Հ. չտնկել։
Սպիտակ փտման առաջին նշանները հայտնվում են ծաղկման շրջանում. տերևները գագաթից դեղնում են, ոլորվում և չորանում, իսկ հետո չորանում են նաև ծաղկաբույլերը։ Բակտերիաները, թափանցելով սոխուկի մեջ, ախտահարում են տակը և թեփուկները, որոնք փափկում են և փոխարկվում տհաճ հոտով, սպիտակ լորձային զանգվածի։
Պայքարի միջոցները նույնն են, ինչ դեղին փտման դեպքում։ Խիստ վարակիչ բակտերիային հիվանդություն է փափուկ փտումը։ Ախտահարված բույսերի տերևների և ծաղկասլաքների աճը դանդաղում է, սոխուկները շատ կարճ ժամանակում փոխարկվում են տհաճ հոտով, գորշ սպիտակավուն զանգվածի։ Հիվանդության տարածմանը նպաստում է հողի ավելորդ խոնավությունը և ազոտական պարարտանյութերի չափից ավելի օգտագործումը։
Պայքարի միջոցները. հիվանդ բույսերը հողից հանել ու այրել։
Սնկային հիվանդություններից է արմատային փտումը։ Առաջին հերթին ախտահարվում են արմատները, որոնք պատվում են գորշ փառով, ապա դեղնում են տերևների գագաթները, բույսերի աճը դանդաղում է, այնուհետև բույսերն ամբողջովին չորանում են։
Պայքարի միջոցները. թույլ ախտահարման դեպքում հիվանդ բույսերը հողից հանել, տերևները, ծաղկակիրը կտրել, սոխուկները լավ մաքրել արմատներից և մշակել ֆենտիուրամի (1,5 %-անոց), ֆունդազոլի, էուպարենի (0,2 %-անոց) լուծույթներով։ Ուժեղ ախտահարման դեպքում սոխուկներն այրել։
Մոխրագույն փտում. տերևների վրա առաջանում են մանր, դեղնավուն բծեր, որոնք հետագայում գորշանում են, խոշորանում, փտումն անցնում է սոխուկներին, որոնք ի վերջո նեխում են։
Պայքարի միջոցները, սոխուկների նախացանքային մշակում ֆունդազոլի, էապարենի (0,2 %-անոց), ֆենտիուրամի (1,5 %-անոց), ֆորմալինի (0,5 %-անոց) լուծույթներով։ Վեգետացիայի շրջանում բույսերը ցողել նշված պատրաստուկներով, ուժեղ ախտահարման դեպքում սոխուկները հողից հանել և ոչնչացնել։
Ոչ վարակիչ հիվանդություններից է ծաղկաբույլերի թափվելը (նստադիր ծաղկաբույլերի)։ Կոկոնակալման շրջանում ծաղկաբույլերի հիմքում առաջանում է լայնակի ճաք, որի հետևանքով ծաղկաբույլերը թափվում են։ Այդ երևույթը նկատվում է անձրևային տարիներին, երբ խախտվում է արմատների կողմից խոնավության կլանման և բույսի կողմից դրա գոլորշիացման միջև եղած հավասարակշռությունը։ Հիվանդությանը նպաստում է ազոտի ավելցուկը հողում, լավ չհասունացած սոխուկների տնկումը, վերջիններիս պահումը ցածր ջերմաստիճանում։ Առավել հաճախ դիտվում է նախաճեցման շրջանում, երբ բույսերը շուտ են տեղափոխում տաք շինություն։ Ծիլերի աճը դադարում է թուլացած, չհասունացած սոխուկների մոտ, ինչպես նաև ջերմաստիճանի ու խոնավության կտրուկ տատանումների դեպքում։
Վնասատուները. ամենատարածվածը արմատային սոխային տիզն է։ Հասուն տզերը և դրանց թրթուրները անցքեր են բացում սոխուկի տակ, բողբոջներում վնասելով ծաղկաբույլերը։ Հյուծված սոխուկը փտում է։
Պայքարի միջոցները. ուժեղ ախտահարված սոխուկներն այրել, իսկ թեթևակի վնասվածները մշակել ռոգորով (0,1 %-անոց) կամ կարբոֆոսով (0,3 %-անոց) 30 րոպեի ընթացքում։ Կանխարգելման նպատակով Հ-ից (նաև սոխուկավոր այլ բույսերից) հետո հողամասում խորհուրդ է տրվում աճեցնել թավշածաղիկ, երիցուկ, լոլիկ, ոջլախոտ և այլ բույսեր։ Տնկելուց առաջ սոխուկները կարելի է մշակել վերը նշված պատրաստուկներով։ Լավ արդյունք է տալիս ջերմային մշակումը, տնկանյութը 5 րոպե պահում են 35-40 °C ջերմաստիճանի ջրի մեջ։
Սոխային ճանճ. վնասում են այն ճանճի թրթուրները, որոնք սոխուկ են թափանցում տակից և այնտեղ անցքեր բացում։ Ախտահարված սոխուկը մահանում է։
Պայքարի միջոցները, տես Վաղենակ հոդվածում։
Լարաորդերը (շրխկանների թրթուրները) կրծոտում են սոխուկներն ու ցողունները։ Ուժեղ ախտահարված սոխուկները մահանում են։
Պայքարի միջոցները. հողի աշնանային խոր վերափոր, կրացում, տնկելուց առաջ սոխուկները փոշեպատել հեքսաքլորանի 12 %-անոց փոշիով, հողը մշակել հեքսաքլորանի 25 %-անոց փոշիով։
Ցողունային նեմատոդը մակաբուծում է բույսի բոլոր մասերում՝ առաջացնելով առանձին օրգանների ձևափոխություններ (տերևների կնճռոտվածություն, ծաղկակիրի ծռվածություն)։ Բույսերի զարգացումը կասեցվում է, դրանք վատ են ծաղկում, ուժեղ ախտահարվելիս՝ մահանում են։
Պայքարի միջոցները. հիվանդ սոխուկները հեռացնել, բույսերի հաջորդափոխում, աճեցնել թավշածաղիկ, սոխուկները հանելուց 2 շաբաթ հետո շոգեհարել տաք ջրում (43 °C), 2-3 ժամվա ընթացքում։
ՀՀ-ամ մշակում են արևելյան Հ-ի հիմնականում վաղ ծաղկող սորտերը։ Դրանցից են հոլանդական (ունեն մեկ ծաղկակոթուն) և հռոմեական (2-4 ծաղկակոթուն) Հ-ները։ Առավել շատ մշակվում են Մորենո, Հերտրուդ, Գարիբալդի և այլ սորտերը։