ՏՏՀ/Հարբուխ
ՀԱՐԲՈՒԽ, քթաբորբ, ռինիտ, քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում, բնորոշվում է առատ լորձարտադրությամբ, քթային շնչառության դժվարացմամբ։ Տարբերում են սուր և քրոնիկական Հ.։
Սուր Հ. կարող է լինել մանրէների հարուցած ինքնուրույն հիվանդություն կամ առանձին վարակիչ (գրիպ, կարմրուկ, քութեշ ևն) և ալերգիական հիվանդությունների ախտանշան։ Հ-ի առաջացմանը նպաստում է մրսածությունը։ Սուր Հ-ի ժամանակ սովորաբար երկու քթանցքերն ախտահարվում են միանգամից. հիվանդն սկսում է փռշտալ, կոկորդում և քիթըմպանում զգում է այրոց, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը (մինչև 37 °C)։ Հիվանդության սկզբից մի քանի ժամ (հաճախ՝ 1-2 օր) հետո նկատվում է քթից առատ լորձարտադրություն, հիվանդի ձայնը փոխվում է (լինում է ռնգախոսություն), հոտառությունը թուլանում։ Հաճախ ճակատի կամ ակնագնդերի շրջանում առաջանում է ցավ։
Հ. հատկապես ծանր են տանում կրծքի երեխաները։ Քթային շնչառության բացակայությունը վատ է անդրադառնում երեխայի ինքնազգացողության վրա, նա դառնում է դյուրագրգիռ, վատ է քնում։ Երեխաների Հ-ի ժամանակ բորբոքային պրոցեսը կարող է տարածվել ականջների, կոկորդի, բրոնխների, նույնիսկ թոքերի վրա։ Մեծահասակների Հ. նույնպես վտանգավոր հիվանդություն է։ Բժշկի նշանակումները չկատարելիս պրոցեսը կարող է դառնալ քրոնիկական։ Որպեսզի լորձաթաղանթի այտուցն իջնի և քթային շնչառությունը թեթևանա, կարելի է քթին կաթեցնել բժշկի նշանակած անոթալայնիչ կաթիլներ։ Հ-ի ժամանակ, վարակը միջին ականջ չթափանցելու համար, պետք է քիթը մաքրել զգույշ՝ քթանցքերն առանձին-առանձին։
Քրոնիկական Հ. կարող է առաջանալ հաճախ կրկնվող սուր Հ-ից, քթի լորձաթաղանթը փոշիով կամ գազերով մշտապես գրգռվելիս (այսպես կոչված մասնագիտական Հ.), գեղձանմանների, քթի կառուցվածքի փոփոխությունների (քթի միջնապատի ծռումներ), քթի հավելյալ ծոցերի թարախային բորբոքումների (հայմորիտ, ֆրոնտիտ) ժամանակ։ Քրոնիկական Հ-ի ախտանշանները նույնն են, ինչ սուր Հ-ինը, միայն ավելի թույլ արտահայտված։
Նյարդային հիվանդները, որոշ հոտերի նկատմամբ բարձր զգայունությամբ օժտված մարդիկ հաճախ հիվանդանում են ալերգիական կամ անոթաշարժական Հ-ով, որն արտահայտվում է քթից հանկարծակի առատ, մեծ մասամբ ջրային արտադրությամբ, աչքերի լորձաթաղանթի կարմրությամբ։
Բուժումը նշանակում է բժիշկը։ Հ-ի կանխարգելման նպատակով հարկավոր է կանոնավոր կոփել օրգանիզմը, զբաղվել սպորտով։