Jump to content

ՏՏՀ/Մաշկի սնկիկային հիվանդություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մաշկի սնկիկային հիվանդություններ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 318
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՄԱՇԿԻ ՍՆԿԻԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, դերմատոմիկոզներ, հարուցիչները ախտածին սնկիկներն են։ Առավել տարածված հիվանդություններն են թեփատու որքինը (պսորիազ), աճուկային էպիդերմոֆիտիան, ոտնաթաթերի և ձեռքերի միկոզները, միկրոսպորիան և տրիխոֆիտիան:

Թեփատու որքինի ժամանակ մաշկի վրա (սովորաբար մեջքի, կրծքի, պարանոցի) առաջանում են մանր թեփերով ծածկված վարդագույն-դարչնագույն ոչ բորբոքային բծեր։ Դրանց քանակն աստիճանաբար ավելանում է, դրանք միանում են՝ կազմելով անհավասար եզրերով ախտահարման միաձույլ օջախներ։ Հաճախ հիվանդները բժշկի են դիմում արևայրուկից հետո մարմնի վրա նկատելով բազմաթիվ սպիտակ բծեր, որոնք հետևանք են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից այդ հատվածներում մակաբուծվող սնկիկների ոչնչացման։ Թեփատու որքինի տարածմանը նպաստում են մաշկի քրտնոտությունը և անձնական հիգիենայի կանոնները չպահպանելը։

Աճուկային էպիդերմոֆիտիայի հակում ունեն քրտնոտությամբ, ճարպակալումով և շաքարախտով հիվանդ անձինք։ Բնորոշվում է աճուկաազդրային մաշկածալքերում բորբոքային կարմիր բծերի առաջացմամբ և քորով։

Թեփատու որքինով և աճուկային էպիդերմոֆիտիայով վարակվում են բաղնիքում, լողավազանում, ուր, խոնավ միջավայրում սնկիկները երկար պահպանվում են ուղեգորգերի, աթոռների վրա։ Բուժումը կատարվում է բժշկի նշանակմամբ։ Կարևոր են մաշկի հիգիենային խնամքը և քրտնոտության դեմ պայքարը։

Ոտնաթաթերի և ձեռքերի միկոզով վարակվում են հիվանդի հետ անմիջական շփումից, հաճախ նրա օգտագործած առարկաների (կոշիկ, գուլպա, կիսագուլպա, եղունգները կտրելու մկրատ և այլն) միջոցով, ինչպես նաև հասարակական բաղնիքներում, լողավազաններում և այլուր։ Հիվանդությանը նպաստում է ոտքերի քրտնոտությունը։ Մակաբուծելով մարդու մաշկի վրա՝ սնկիկներն առաջացնում են բորբոքում և հաճախ ախտահարում եղունգները։ Միջմատային տարածություններում (հաճախ 4-րդ և 5-րդ մատների միջև) առաջանում է թեփոտում, ճաքեր, մաշկաբորբ։ Ախտահարումն աստիճանաբար տարածվում է ոտնաթաթի մաշկի այլ հատվածների վրա և նրա սահմաններից դուրս։ Եղնգային թիթեղիկները պղտորվում են և դառնում փխրուն։ Առանձին դեպքերում մաշկի բորբոքումն այնքան ուժեղ է լինում, որ հիվանդը զրկվում է աշխատունակությունից։ Բուժումն անցկացվում է բժշկի նշանակմամբ։ Կարևոր է ոտնաթաթի մաշկի հիգիենային խնամքը (կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով), ամենօրյա տաք (37 °C) լոգանքները, յոդի թուրմով եղնգային թիթեղների մշակումը։ Հիվանդի գուլպաները, կիսագուլպաները հարկավոր է լավ լվանալ և արդուկել տաք արդուկով, կոշիկները վարակազերծել ֆորմալինով։ Հիվանդությունը կանխելու նպատակով բաղնիքներում և լողավազաններում խորհուրդ է տրվում օգտագործել անձնական ռետինե հողաթափեր։ Չի կարելի օգտագործել ուրիշի կոշիկ, գուլպա, կիսագուլպա և այլն։ Հարկավոր է բուժել քրտնոտությունը։

Առավել վարակիչ են միկրոսպորիան և տրիխոֆիտիան։ Միկրոսպորիայով (խուզող որքին) վարակվում են հիվանդ կատուներից, շներից, ինչպես նաև մարդկանցից։ Հաճախ հիվանդանում են երեխաները։ Ախտահարվում են մաշկը և մազերը։ Գլխի մազածածկ մասի վրա հայտնվում են մանր, սպիտակավուն թեփերով ծածկված կլոր բծեր, որոնց շրջանում մազերը փշրվում են մաշկի մակերևույթից 5-8 մմ բարձրությամբ, ստեղծվում է ճաղատության տպավորություն։ Այդ օջախների քանակությունը և չափերն աստիճանաբար մեծանում են։ Հարթ մաշկի վրա նույնպես առաջանում են աստիճանաբար մեծացող թեփոտվող բորբոքային կլոր բծեր։ Բուժումն անցկացվում է բժշկի նշանակմամբ (գւխի մազածածկ մասի ախտահարման դեպքում՝ հիվանդանոցում)։ Մեծ նշանակություն ունի լիարժեք, սպիտակուցներով և վիտամիններով հարուստ սնունդը։ Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է երեխաներին արգելել թափառող կենդանիների (շներ, կատուներ) հետ խաղալը։ Տնային կենդանիների վրա մազաթափման օջախի ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել անասնաբույժի։

Երեխայի վրա միկրոսպորիայի ախտանշաններ երևալիս անհրաժեշտ է նրան մեկուսացնել մյուս երեխաներից և անմիջապես դիմել բժիշկ-մաշկաբանի։ Վարակի տարածումը կանխելու նպատակով հարկավոր է հիվանդի թափած մազերն այրել։ Ներքնազգեստները և անկողնու սպիտակեղենը, սրբիչը հարկավոր է եռացնել 2 %-անոց օճառասոդային լուծույթում կամ ցանկացած լվացամիջոցներով՝ 15 րոպե տևողությամբ։ Իրերը, անկողնային պարագաները, գլխարկները, փափուկ խաղալիքները 3 օրը մեկ հարկավոր է մաքրել վարակազերծող լուծույթով (միաքլորամինի, լիզոլի) թրջած խոզանակով։ Միկրոսպորիայի օջախներում անցկացվում է վարակազերծում։

Տրիխոֆիտիան ախտահարում է մաշկը, մազերը, եղունգները։ Կա հիվանդության մի քանի ձև։ Մակերեսային տրիխոֆիտիայի ախտանշանները հիշեցնում են միկրոսպորիան։ Վարակը փոխանցվում է հիվանդ մարդուց կամ ընդհանուր օգտագործման առարկաներից։ Հիվանդի մաշկի վրա (հաճախ նստատեղի, ծնկների, ազդրերի) առաջանում են հազիվ նկատվող վարդագույն բծեր, որոնք ծածկված են մանր թեփերով։ Գլխի մազածածկ մասերում (հաճախ ծոծրակի, քունքերի) ախտահարման մանր օջախների (0,5 սմ) վրա կոտրտված մազերը երևում են սև կետերի տեսքով։ Մակերեսային խուզող որքինի քրոնիկական ձևի ժամանակ ախտանշանները թույլ են արտահայտված, չեն անհանգստացնում հիվանդներին, նրանք հազվադեպ են դիմում բժշկի, ուստի ուրիշների (հատկապես երեխաների) համար շարունակում են մնալ վարակի աղբյուր։

Խուզող որքինի ինֆիլտրատիվ-թարախային ձևը բնորոշվում է մաշկի թարախային բուռն բորբոքումով և գլխի մազածածկ մասերի, բեղերի, մորուքի շրջանում, հարթ մաշկի վրա զանգվածային դեղին կեղևների առաջացմամբ։ Վարակվում են խոշոր եղջերավոր անասուններից։ Հաճախ հիվանդանում են գյուղատնտեսության բնագավառի աշխատողները (կենդանիներին խնամողները)։ Բուժման և կանխարգելման միջոցառումները նույնն են, ինչ որ միկրոսպորիայինը։ Մեծ նշանակություն ունի անասունների խնամքի սանիտարահիգիենային կանոնների պահպանումը։