Jump to content

ՏՏՀ/Շքանարգիզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՇՔԱՆԱՐԳԻԶ, ամարալիս , շքանարգիզների ընտանիքի բազմամյա սոխուկավոր բույս։ Որոշ տեսակների հայրենիքը Հվ. Ամերիկան է։ Տերևները երկշարք են, փայլուն, գծավոր։ Հաստ ծաղկասլաքի վրա առաջանում են ջրաշուշանի նմանվող միագույն կամ շերտավոր՝ սպիտակ-կարմիր նրբերանգներով 3-6 խոշոր ծաղիկներ։ Լուսասեր է, հատկապես լավ է աճում դեպի հարավ և հարավ-արևելք նայող պատուհանների գոգին դրված թաղարներում։ Բազմանում է սոխուկներով և սերմերով։ Սոխուկները տնկում են մեկական՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, սոխուկի բարձրության 2/3-ը հողի մեջ թաղելով։ Հողախառնուրդի համար պետք է վերցնել 1 մաս հումուս, 1 մաս ճիմ և 1 մաս ավազ: Անհրաժեշտ է նաև լավ ցամաքուրդ։ Բույսի ակտիվ աճման շրջանում խորհուրդ է տրվում առատ ջրել և սնուցել պարարտանյութերով։ Շ. ծաղկում է տնկելուց 2-3 տարի հետո։ Ծաղկասլաքն առաջանում է մինչև տերևների դուրս գալը։ Ծաղկաթափից հետո բույսը անցնում է հանգստի շրջան, այդ ժամանակ անհրաժեշտ է այն փոխադրել մութ զով տեղ (810 °C) և ավելի սակավ ջրել։ Դեկտեմբերին անհրաժեշտ է բույսը նորից տեղափոխել լուսավոր տեղ և ավելի հաճախակի ջրել։