ՏՏՀ/Ջրծաղիկ
ՋՐԾԱՂԻԿ, սուր վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը վիրուսն է։ Հիվանդանում են առավել հաճախ 1-10 տարեկան, հաճախ 10 տարեկանից բարձր երեխաները, հազվադեպ նաև մեծահասակները։ Հիվանդացածները ձեռք են բերում կայուն վարակամերժություն (իմունիտետ)։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով։ Գաղտնի շրջանը 11-21 օր է, միջինը՝ 14-15 օր։
Հիվանդությունն սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (38-39 °C), գրեթե միաժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում է բշտկացան, որն ուղեկցվում է քորով։ 35 օր անց նոր բշտիկների առաջացումն ընդհատվում է, ջերմաստիճանը կարգավորվում. բշտիկներն սկսում են չորանալ և վերածվել կեղևիկների, որոնք 1-3 շաբաթ անց ընկնում են։ Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին օրերին և ցանի առաջացման պահից սկսած մինչև 9-րդ օրը։
Սովորաբար Ջ. ընթանում է թեթև, սակայն երբեմն (հատկապես թուլացած երեխաների մոտ) կարող է առաջացնել բարդություններ (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ, ականջաբորբ, բերանի լորձաթաղանթի բորբոքում և այլն)։ Ջ-ով հիվանդ երեխան հատուկ խնամք է պահանջում։ Ցանավորման շրջանում, հատկապես, եթե այն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով, անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ և հաճախակի փոխել սպիտակեղենը։ Շատ կարևոր է մաշկի խնամքը։ Չնայած բշտիկների առկայությանը, երեխայի մարմինը հարկավոր է լվանալ (բամբակով և շատ զգույշ) եռացրած ջրով կամ կալիումի գերմանգանատի թույլ (բաց վարդագույն) լուծույթով, ձեռքերը օճառով։ Մաշկի քերծվածքներից խուսափելու նպատակով պետք է երեխայի եղունգները կարճ կտրել և հագցնել թանզիֆե ձեռնոցներ։ Քորը նվազեցնելու համար հարկավոր է բշտիկներին քսել կալիումի գերմանգանատի 1 %-անոց (բալագույն), կամ ադամանդականաչի 1-2 %-անոց լուծույթներ։ Խորհուրդ է տրվում երեխայի շրթունքներին քսել կարագ կամ արևածաղկի եռացրած ձեթ, տալ առատ հեղուկներ։ Երեխայի բերանը անընդհատ պետք է խոնավացնել սառը թեյով կամ եռացրած ջրով։ Անհրաժեշտ է հետևել քթի մաքրությանը։ Քթանցքներից կեղևիկները հարկավոր է հեռացնել վազելինով կամ արևածաղկի եռացրած ձեթով թրջած բամբակով։ Հիվանդ երեխային անհրաժեշտ են մաքուր օդ և լույս։ Պետք է զբոսնել փոշուց, ուժեղ քամուց, աղմուկից պաշտպանված և երեխաներից մեկուսացված վայրերում։ Զբոսանքը կարելի է սկսել մարմնի ջերմաստիճանի անկումից անմիջապես հետո, երբ նոր բշտիկներ արդեն չեն առաջանում, իսկ հների տեղում գոյացել են մուգ կեղևիկներ։ Զբոսանքի ռեժիմը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։
Երեխային անհրաժեշտ է ճիշտ սնել։ Մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում նա հաճախ հրաժարվում է սննդից, հիվանդության սուր շրջանում, հատկապես փոքր երեխաները, երբեմն փսխում են, լուծում։ Նման դեպքում երեխային չի կարելի հարկադրաբար կերակրել։ Հարկավոր է կերակրել 6-12 ժամյա ընդմիջումներով, առատ հեղուկներ տալ։ Եթե երեխան հրաժարվում է սննդից բերանի ցավերի պատճառով, ապա խորհուրդ է տրվում կերակրել տաք, հեղուկ կամ կիսահեղուկ և փափուկ (քերած բանջարեղենի ապուր, շիլա, բանջարեղենի խյուս, անուշապուր) սննդով, չի կարելի տալ թթու և սուր կերակուրներ։ Անհրաժեշտ է հետևել աղիքների գործունեությանը։ Փորկապության ժամանակ խորհուրդ է տրվում կատարել մաքրող հոգնա, լուծի դեպքում, մինչև բժշկի այցելելը, չկերակրել, բայց առատ հեղուկ (եռացրած ջուր կամ գոլ թեյ) տալ։
Ջ-ի ժամանակ վարակազերծում չեն կատարում, բավարար է բնակարանի օդափոխությունը և խոնավ մաքրումը։
Ջ-ով հիվանդների հետ շփված մինչև 7 տարեկան երեխաները, շփման պահից սկսած, 11-21 օր պարտադիր մեկուսացվում են։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ, Հակահամաճարակային միջոցառումներ: