Jump to content

ՏՏՀ/Սոդա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍՈԴԱ, ալկալիական հատկություններով օժտված մի քանի քիմիական նյութերի ընդհանուր անվանում։ Տարբերում են հիդրոածխաթթվական (խմելու), կալցինացված (ածխաթթվական) և կաուստիկ Ս-ներ։

Հիդրոածխաթթվական Ս. (նատրիումի հիդրոկարբոնատ) ջրում լավ լուծվող աղահամ սպիտակ բյուրեղափոշի է։ Այն մտնում է մի շարք լվացամիջոցների բաղադրության մեջ և կարող է օգտագործվել արծնապատ ամանեղեն լվանալու համար։ Ունի մաշկաճարպը, քրտնահոտը և մաշկի եղջրացածությունը վերացնելու հատկություն։ Խմելու Ս. կիրառվում է խոհարարության, բժշկության մեջ (օրինակ, այրոցի դեպքում)։

Կալցինացված Ս. (նատրիումի կարբոնատ) սպիտակ բյուրեղափոշի է, որի ջրային լուծույթներն ունեն ուժեղ ալկալիական ռեակցիա։ Կալցինացված Ս. մտնում է համարյա բոլոր սինթետիկ լվացամիջոցների (բամբակե և վուշե գործվածքների) և ամանեղենի մաքրման բազմաթիվ միջոցների բաղադրության մեջ։ Սպիտակեղենը թրջելու և, հատկապես, եռացնելու (առավելապես օճառով) դեպքում այն կարող է օգտագործվել որպես ջուրը փափկացնող միջոց։ Կալցինացված Ս. կարող է առաջացնել մաշկի ուժեղ գրգռվածություն։ Այն հատկապես վտանգավոր է աչքերի համար։ Ս-ից գրգռված աչքը պետք է լվանալ ջրով կամ բորաթթվի թույլ լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ)։ Ալկալիների նման Ս. քայքայում է ալյումինե ամանեղենը, ուստի չի կարելի դրանք օգտագործել Ս-ի լուծույթ պատրաստելու և սպիտակեղեն եռացնելու համար։ Կալցինացված Ս. պետք է պահել փակ ամանում, քանի որ օդի ազդեցությամբ այն պնդանամ է։

Կաուստիկ Ս. (կծու նատրոն, կաուստիկ) բյուրեղանման կամ թեփականման սպիտակ նյութ է, որն օդից արագորեն խոնավություն է կլանում և լուծվելիս մեծ քանակության ջերմություն անջատում։ Կաուստիկը խորհուրդ չի տրվում գործածել կենցաղում, քանի որ այն վնասակար է առողջության համար։